Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան (Երևան)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան (այլ կիրառումներ)
Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան | |
---|---|
Տեսակ | հուշային թանգարան |
Երկիր | Հայաստան[1] |
Տեղագրություն | Երևան և Կենտրոն վարչական շրջան |
Հասցե | Զարոբյան 20, Երևան, Հայաստան |
Հիմնադրվել է | 1963 |
Կայք | isahakyanmuseum.am |
Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան, բացվել է 1963 թվականի հոկտեմբերի 31-ին, գտնվում է Բաղրամյան պողոտային զուգահեռ Զարոբյան փողոցում։ Այս տանն Ավետիք Իսահակյանն ապրել է իր կյանքի վերջին տասը տարին։
Ընդգրկված է Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1945 թվականին մեծ բանաստեղծի ծննդյան 70-ամյակի առթիվ Հայաստանի կառավարությունը Իսահակյանին առանձնատուն նվիրելու որոշում է ընդունել։ Շենքը կառուցվել է ճարտարապետ Պերճանուշ Մսրյանի նախագծով, Իսահակյանի ցանկությամբ՝ սրբատաշ սև տուֆ քարով։ Այն երկհարկանի է, արտաքին տեսքով նման է հայկական մատուռի՝ եռանկյունի գմբեթով, մուտք-գավիթով։ Գլխավոր մուտքի կողմից՝ երկրորդ հարկում՝ կամարաձև քարե տանիքի տակ, գտնվում է փոքրիկ պատշգամբը։ Քարե վեց աստիճանները տանում են դեպի շքամուտք։ Տան հետևի մասում ամառային ընդարձակ պատշգամբն է, որի դիմաց և աջ կողմում տարածվում է այգին։ Գլխավոր մուտքի աջ և ձախ կողմերում ծաղկանոցներ են։
1946 թվականից Իսահակյանն ընտանիքով բնակություն է հաստատել այդ տանը։ Այս տանը հյուր են եղել անվանի մարդիկ՝ Պաբլո Ներուդան[2], Ժորժի Ամադուն, Անտանաս Վենցլովան, Ամենայն հայոց կաթողիկոսները, Արամ Խաչատրյանը, Մարտիրոս Սարյանը, Դերենիկ Դեմիրճյանը, Հակոբ Կոջոյանը, Դերենիկ Դեմիրճյանը, Հովհաննես Շիրազը, Սիլվա Կապուտիկյանը և այլք։ Իսահակյանի մահից հետո՝ 1958 թվականին, ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի մարտի 1-ի թիվ 67-Պ որոշմամբ հայ մեծ բանաստեղծ Ավետիք Իսահակյանի հիշատակը հավերժացնելու նպատակով առանձնատունը վերածվել է տուն-թանգարանի։ Շենքը մասնակի փոփոխվել է. երկրորդ հարկի հետին մասում կառուցվել են մեծ սրահ և աշխատասենյակներ, տան փայտե պատշգամբը և սանդուղքը քարապատվել են։
Ցուցադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանի ամենանվիրական հատվածը բանաստեղծի աշխատասենյակն է, որտեղ տեղադրված է Իսահակյանի հնօրյա գրասեղանը, Վարպետի համար հատուկ պատրաստված բազմոցը։ Գրասեղանին բանաստեղծի ձեռագրերն են, նրա կարդացած վերջին գրքերը, հարազատների լուսանկարները և անձնական իրերը՝ գրիչը, ակնոցը, թազբեհը և այլն։ Տուն-թանգարանի հպարտությունն է բանաստեղծի անձնական գրադարանը։ Հուշասենյակներից է Վարպետի հյուրասենյակը, որտեղ գտնվող գեղանկարները հայ նկարիչների նվերներն են Իսահակյանին։ Դրանց թվում են Մարտիրոս Սարյանի՝ Վարպետի դիմանկարը (արված ածուխով), Գևորգ Բաշինջաղյանի «Էջմիածնի վանքի լճակը» կտավը, Փանոս Թերլեմեզյանի «Հայ աղջնակի դիմանկարը» և այլն։ Թանգարանի հուշային մասը եզրափակում է ննջարանը՝ պարզ ու համեստ կահավորանքով։ Թանգարանի շարունակությունն է գողտրիկ այգին, ուր կանգուն են Վարպետի ձեռքով տնկած ծառերը։ 3 ցուցասրահներ հատկացված են Իսահակյանի կյանքի ու ստեղծագործության լուսաբանմանը. ցուցադրվում են նմուշներ ձեռագրերից, մի շարք անձնական իրեր, կարևոր վավերագրեր, լուսանկարներ և այլն[3]։
Միջոցառումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի նպատակն է պահպանել և նոր սերունդներին փոխանցել այն սուրբ մասունքները և իրեղեն վկայությունները, որոնք կապված են մեծ բանաստեղծի անվան հետ։ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի գործունեության ուղղություններն են՝ թանգարանի հավաքածուի պահպանումը, հաշվառումը, ուսումնասիրումը, ինչպես նաև մշտական ցուցադրության և ցուցահանդեսների, տարաբնույթ միջոցառումների, դասախոսությունների միջոցով հանրությանը Իսահակյանի գրական ժառանգությանը հաղորդակից դարձնելը։
Թանգարանում կազմակերպվում են բազմազան միջոցառումներ՝ գիտական ընթերցումներ, գրական-երաժշտական ցերեկույթներ, բանավեճեր, գրքերի շնորհանդեսներ, բաց դասեր, համերգներ, ժամանակավոր ցուցահանդեսներ, հանդիպումներ գիտության և մշակույթի անվանի մարդկանց հետ և այլն։
Ավանդույթ է դարձել Վարպետի հարկի տակ Ավետիք Իսահակյանի անվան դպրոցի առաջին դասարանցիների «իսահակյանցի» օծվելու խորհրդանշական արարողությունը, իսկ ուսումնական տարվա վերջին ավարտական դասարանների աշակերտներն այստեղ են ստանում իրենց հասունության վկայականները։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Վարպետի աշխատասենյակը
-
Վարպետի կիսանդրին թանգարանի բակում
-
Քարե բազմոց այգում, ճարտարապետ՝ Ռաֆայել Իսրայելյան
-
Վարպետի աշխատասենյակը
-
Ավետիք Իսահակյանի անձնական իրերից
-
Հյուրասենյակ
-
Հյուրասենյակ
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ Նոր Դար հանդես, #3 2000, էջ 119
- ↑ «Եղեգնյա գրչով. գրական Երևան | Ավետիք Իսահակյան». Журнал ЖАМ. Վերցված է 2018 թ․ հունվարի 27-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձան, օբյեկտ № 1.6/171 |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան (Երևան) կատեգորիայում։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 393)։ |