Անկախների սալոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անկախների սալոն (ֆր.՝ Société des Artistes Indépendants), ստեղծվել է Փարիզում, 1884 թվականի հուլիսի 29-ին։ Նախաձեռնությունը սկսվել է Փարիզում մի շարք ցուցադրությունների կազմակերպմամբ, որոնք ընտրել էին առանց ժյուրի, առանց պարգև (ֆր.՝ sans jury ni récompense) կարգախոսը։ Ալբերտ Դուբո-Պիլեն, Օդիլոն Ռեդոնը, Ժորժ Սյորան և Պոլ Սինյակը հիմնադիրների թվում էին։ Հաջորդ երեք տասնամյակների ընթացքում սալոնում կազմակերպված ամենամյա ցուցահանդեսների ժամանակ, ինչպես Աշնանային սալոնում, որոշվում էին 20-րդ դարի վաղ շրջանի արվեստի միտումները։ Սալոնը դարձել էր այն վայրը, որտեղ առաջին անգամ ներկայացվում էին արվեստի գործերն ու քննարկվում։ Առաջին համաշխարհային պատերազմը պատճառ է դառնում սալոնի փակման, սակայն մասնակից նկարիչները շարունակում էին իրենց ակտիվ գործունեությունը։ 1920 թվականից սկսած, գլխամասը տեղակայված է Մեծ պալատում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոլ Սինյակ, 1890, Ֆելիքս Ֆենեոնի դիմանկարը: Յուղանկար, 73.5 x 92.5 սմ, Ժամանակակից արվեստի թանգարան (Նյու Յորք)

Անկախների սալոնն արվեստի ամենամյա անկախ ցուցադրություն է, որն ուղղված է մեծ լսարանի և տեղի է ունենում Փարիզում։ Այն հիմնադրվել է ի պատասխան պաշտոնապես հովանավորվող խիստ ավանդական Սալոնի։ 1884 թվականից` առաջին ցուցադրությունից հետո, Անկախների սալոնի կազմակերպիչները խոստացել են մեկ վայրում հավաքել իրենց արվեստում անկախության ձգտող արվեստագետներին։ Իրադարձությունը նշանակալի է պարգևների և ժյուրիի բացակայությամբ։ Ի հակադրություն Աշնանային Սալոնի, որը տեղի է ունենում Փարիզում աշնանային ամիսներին, Անկախների սալոնը տեղի է ունենում գարնանային ամիսներին` այդպիսով խթանելով նկարիչների ձմեռային ժանանակաշրջանում աշխատելն ու սալոնին պատրաստվելը։ Սալոնի պատմության մեջ կան մի քանի նշանակալի տարեթվեր։ Ֆրանսիական Երկրորդ կայսրության ժամանակ այն արվեստագետները, ովքեր չունեին Նկարչության ու քանդակագործության ակադեմիայի աջակցությունը, առաջընթացի շատ փոքր հնարավորություն ունեին։ Ամեն տարի աճում էր պաշտոնական Փարիզյան սալոնին դիմած նկարիչների ու սալոնի կողմից մերժված աշխատանքների թիվը, սակայն ո՛չ Երկրորդ կայսրությունը, ո՛չ Ֆրանսիայի երրորդ հանրապետությունը չեն կարողացել այդ խնդրի լուծումը գտնել։ Տարիներով արվեստագետները հույս են դրել պաշտոնական օժանդակության վրա։ 1884 թվականին վերջապես արվեստագետներն սկսել են ինքնակազմակերպվել և «Մի խումբ անկախ արվեստագետներ» Գեղարվեստի նախարարության կողմից արտոնվել են ցուցահանդես կազմակերպել, իսկ Քաղաքային խորհուրդը համաձայնել է ցուցադրության համար տարածք տրամադրել։ Այսպիսով, մայիսի 15-հուլիսի 15-ը ժամանակակից արվեստի առաջին «ազատ» ցուցադրությունը ներկայացրել է 400 արվեստագետի ավելի քան 5000 աշխատանք։ Չնայած սալոնը հովանավորվում էր ժամանակի մի շարք պաշտոնյաների կողմից, այն համարվում էր հեղափոխության բույն, և սկզբից սալոնի հիմնադիրների համար դժվար էր։

Հիմնում[խմբագրել | խմբագրել կոդը]

1884 թվականի հունիսի 11-ին Անկախների սալոնի հիմնումը հաստատվել է։ Կազմակերպության հռչակագրի առաջին հոդվածն ասում է. «...«Անկախների սալոն»-ի նպատակն է թույլատրել արվեստագետներին միանգամայն ազատորեն ներկայացնելու իրենց աշխատանքը հանրային քննադատությանը»։

Վաղ ցուցադրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժորժ Սյորա 1884, Une baignade à Asnières (Bathers in Asnières), յուղանկար, 201 x 300 սմ, Լոնդոնի ազգային պատկերասրահ
Անրի Կրոսս, 1896, La Plage de Saint-Clair, յուղանկար, 54.5-65.4 սմ

Անկախների սալոնի գործունեությունը զարգանում էր արվեստագետների` իրենց աշխատանքները պաշտոնական «Սալոնից» անկախ ցուցադրելու պահանջի վրա[1]։ Նորարար արվեստագետների մի փոքրիկ խումբ, որի մեջ էին մտնում Պոլ Սեզանը, Պոլ Գոգենը, Անրի դը Տուլուզ-Լոտրեկը, Կամիլ Պիսսարոն Ալբեր Դուբո-Պիլեի, Օդիլոն Ռեդոնի, Ժորժ Սյորայի և Պոլ Սինյակի հետ հիմնել են Անկախների սալոնը։ Նրանց միակ պայմանն էր ունենալ իրենց արվեստը հանրությանն առանց որևէ սահմանափակման ներկայացնելու իրավունք։ Կազմակերպության հռչակագրի առաջին հոդվածն ասում է. «...«Անկախների սալոն»-ի նպատակն է թույլատրել արվեստագետներին միանգամայն ազատորեն ներկայացնելու իրենց աշխատանքը հանրային քննադատությանը»[1]։ 1884 թվականի դեկտեմբերի 1-ին Փարիզի քաղաքային խորհրդի նախագահ Լուսիեն Բոուն բացել է առաջին Անկախների սալոնը։ Անկախների սալոնն ապաստան է դառնում ավանդական Սալոնի կողմից մերժված արվեստագետների համար։ Ցուցադրող աշխատանքների մեջ էին մտնում Սյորայի La baignade à Asnières-ը, Սիյնակի "Le Pont d'Austerlitz"-ը և Անրի Կրոսսի, Օդիլոն Ռեդոնի, Ալբեր Դուբո-Պիլեի, Լոուիս Վալտայի, Արման Գիյոմենի, Շառլ Անգրանի, Պոլ Սեզանի, Պոլ Գոգենի, Անրի դը Տուլուզ-Լոտրեկի և Վինսենթ վան Գոգի ստեղծագործությունները[1][2]։ Առաջին ցուցադրության շահույթը տրամադրվում է խոլերայի զոհերին։ Երկրորդ ցուցահանդեսը կազմակերպվում է 1886 թվականին, Տյուիլրի այգում գտնվող ժամանակավոր շենքում։ Այս ժամանակ ցուցադրվում է 200 կտավ։ Մինչև 1905 թվականը նկարիչներ Անրի Ռուսոն, Պիեռ Բոնարը, Ժան Մետցենժեն ցուցադրել էին իրենց աշխատանքներն այստեղ[2]։ 1890-1914 թվականներին, որը հայտնի է Հիասքանչ դարաշրջան անվանումով, մոդեռնիզմի և ավանգարդիզմի հետ կապված բոլոր արվեստագետները ցուցադրվել են Անկախների սալոնում։ Ցուցադրվող աշխատանքները տարբերվում էին ռեալիզմից մինչև պոստիմպրեսիոնիզմ, նաբիզմից մինչև սիմվոլիզմ, նեոիմպրեսիոնիզմ, ֆովիզմ, էքսպրեսիոնիզմ, կուբիզմ և աբստրակտ արվեստ։ Ներկայացվելու վճարը կազմում էր 10 ֆրանկ` չորս աշխատանքի համար։ 1906 թվականին 10 աշխատանքը կարելի էր ներկայացնել 25 ֆրանկով, իսկ 1909 թվականից` միայն երկու։ 1901 թվականին Սալոնում ցուցադրվել է ավելի քան 1000 աշխատանք։ 1904 թվականին ներկայացվել է 2395 աշխատանք, իսկ 1905-ին` 4269 աշխատանք 669 արվեստագետի կողմից։ 1908 թվականին Անկախների սալոնում ներկայացվել է 6.000 աշխատանք։ 1910 թվականին մասնակցող արվետսագետների թիվը հասել է 1182-ի, իսկ 1930 թվականին՝ 2175-ի։ 1926 թվականին քննադատ Լուի Վոքսելը նշել է, որ 3726 արվեստի գործերից միայն 100-ն են արժեքավոր[3]։ 1895 և 1897 թվականներին Անկախների սալոնն անց է կացվել Palais des Beaux-Arts et des Arts libéraux-ում։ 1901-1907 թվականներին ցուցահանդեսը կազմակերպվել է Փարիզի Grandes Serres de la Ville-ում, որը կառուցվել էր Համաշխարհային ցուցահանդեսի համար։ 1920 թվականից սկսած ցուցադրություններն անց էին կացվում Փարիզի Մեծ պալատում[3]։ 1902 թվականին Անկախների սալոնը կազմակերպել է Տուլուզ-Լոտրեկի աշխատանքների հետահայաց ցուցադրություն։ Ժան Մետցինժերը երեք նկար է ուղարկել Անկախների սալոն 1903 թվականին և հետագայում տեղափոխվել է Փարիզ` դրանց վաճառքից ստացած շահույթով։ Նա 1904 թվականին նորից ցուցադրել է մի քանի աշխատանքներ Սալոնում, այս անգամ` Ռոբեր Դելոնեի հետ, որտեղ Կրոսսը ներկայացնում էր իր` վենետիկյան շրջանի գործերը։ 1905 թվականին Սալոնը կազմակերպել է Սյորայի և վան Գոգի աշխատանքների հետահայաց ցուցադրությունը[3]։

Ֆովիզմ, 1905[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշնանային սալոնի 1905 թվականի ցուցադրությունից առաջ, որը պատմականորեն նշվում է որպես ֆովիզմի ծնունդ, մարտի 24-ից ապրիլի 30-ը ֆովիզմի կտրուկ տարածումը նկատելի է դառնում Անկախների սալոնում։ Քննադատ Լուի Վոքսելը ցուցադրությունը նկարագրում է Դոնաթելայի` «Դոնաթելան գազանների մեջ» հայտնի խոսքով[4], հակադրելով կտավները նույն սենյակում գտնվող վերածննդյանոճի քանդակի հետ[5]։ 1905 թվականի Անրի Մատիսը ցուցադրություն է կազմակերպել Անկախների սալոնում Ալբեր Մարքեի, Ժան Պուի, Անրի Մանգենի, Օտոն Ֆրիեզի, Ռաուլ Դյուֆիի, Կես վան Դոնգենի, Անդրե Դերենի, Մորիս դը Վլամինկի, Շառլ Կամուանի և Ժան Մետցինժերի հետ[6]։ Այս ցուցադրությունը Վոքսելի կողմից մեկնաբանվել է 1905 թվականի մարտի 4-ին, 18-ին և 23-ին ֆրանսիական Ժիլ Բլասում[7]։ Մատիսը ցուցադրել է նախաֆովիստական Luxe, Calme et Volupté կտավը։ Կտավը պատկերվել է 1904 թվականին, դիվիզիոնիզմի մեթոդով և վառ գույներով[8]։ Նկարը Մատիսի ամենակարևոր աշխատանքն է, որտեղ նա օգտագործել է Սիյնակի նախընտրած դիվիզիոնիզմի մեթոդը[9]։ Սիյնակը գնել է աշխատանքը 1905 թվականի Անկախների սալոնի ցուցահանդեսից հետո։

Ֆովիզմի ընդհանուր ցուցադրություն, 1906[խմբագրել | խմբագրել կոդը]

1906 թվականի Անկախների սալոնի ընտրական հանձնաժողովում ընտրվել էին Մատիսը, Սիյնակը և Մետցինժերը։

1905 թվականի Աշնանային սալոնից հետո, որը նշանավորում էր ֆովիզմ ուղղության սկիզբը, Անկախների սալոնը 1906 թվականին կազմակերպում է ցուցադրություն, որտեղ հանդես էին գալիս բոլոր ֆովիստները միասին։ Ցուցադրության կենտրոնական ցուցանմուշը Մատիսի մոնումենտալ Le Bonheur de Vivre-ն էր («Կյանքի ուրախություն»)[7]։ Եռանկյուն համադրությունը մեծապես կապված է Սեզանի «Լողացողներ»-ին, մի շարք, որը շուտով ներշնչքանի աղբյուր էր դառնալու Պաբլո Պիկասոյի Ավինյոնի աղջիկները կտավի համար։ Քննադատները սարսափած էին «Կյանքի ուրախությունը» կտավի հարթությունից, վառ գույներից, էկլեկտիկ ոճից և մեթոդների միախառնումից։ Ըստ Մետցինժերի հիշողությունների, 1906 թվականի Անկախների սալոնի ժամանակ նա հանդիպում է Ալբերտ Գլեիզեսին և այցելում է նրա ստուդիան մի քանի օր անց։ 1907 թվականին Մաքս Յակոբսի տանը Մետցինժերը հանդիպում է Գիյոմ Կրոտովսկուն, ով արդեն իր աշխատանքներն ստորագրում էր որպես Գիյոմ Ապոլիներ[10]։ 1906 թվականին Մետցինժերը բավականաչափ հեղինակություն ուներ` Անկախների սալոնի խորհրդի կազմում ընտրվելու համար։ Այս ժամանակ նա մտերիմ ընկերություն է անում Ռոբեր Դելոնեի հետ, ում հետ հետագայում, 1907 թվականին, համատեղ ցուցադրություն պիտի բացեր։ Երկու նկարիչների աշխատանքում հատկանշական էր դիվիզիոնիզմի օգտագործումը[11]։

1907 թվական, մեծաքանակ վաճառք[խմբագրել | խմբագրել կոդը]

1906 թվականի գարնանն Նակախների սալոնում իր աշխատանքներն առաջին անգամ ներկայացրել է Ժորժ Բրաքը։ 1907 թվականի մարտի 20-ապրիլի 30-ը անցկացված ցուցահանդեսին ներկայացվել են Բրաքի 6 աշխատանքներ, որոնցից հինգ վաճառվել են հենց տեղում, արվեստի գործակալ Վիլհելմ Ուդեի կողմից, ընդհանուր 505 ֆրանկ արժողությամբ։ Վեցերերդ աշխատանքը հավանաբար գնվել է արվեստի գործակալ Քյոնվեյլերի կողմից[3]։ Այստեղ է Բրաքն առաջին անգամ հանդիպել Քյոնվեյլերին և Գիյոմ Ապոլիների կողմից ներկայացվել է Պիկասոյին։ Բրաքի գործերն իրականում ֆովիզմի ոճով էին։ 1907 թվականից հետո նա սկսել է փոխարինել իր վառ գույներն ավելի մռայլ գույներով, ինչը, հնարավոր է Աշնանային սալոնում 1907 թվականին Սեզանի հիշատակին կազմակերպված ցուցահանդեսի արդյունք էր[12]։ Անդրե Դերենը ցուցադրել է իր Լե Ռաթ Մորթի պարողը կտավը, որը նկարել էր 1906 թվականի ձմռանը, և իր մեծ «Լողացողները» կտավը (Ժամանակակից արվեստի թանգարան (Նյու Յորք))։ Այս աշխատանքն արդեն ամբողջովին ֆովիզմի ոճով չէ և ավելի մոտ է Սեզանի պատկերման ոճին իր ձևով ու գույների ընտրությամբ։ Մատիսի «Կապույտ մերկությունը» ցուցադրվել է նաև 1907 թվականի Անկախների սալոնում։ Քննադատ Վոքսելն այս կտավի առթիվ գրել է.

Ես ընդունում եմ, որ չեմ հասկանում։ Տգեղ մերկ կինը պատկերված է խոտի վրա, արմավենու տակ... Սա արվեստագետի համար մեթոդ է` աբստրակտի տպավորություն ստեղծելու համար, որն, իմ կարծիքով, վրիպում է[7]։

«Կապույտ մերկությունը» հետագայում պետք է սենսացիա առաջացներ Նյու Յորքում կայացած «Սպառազինության ցուցադրություն» ժամանակակից արվեստի ցուցահանդեսում[13]։ Կտավը, որն արդեն բավականին հեռու էր ֆովիզմից, այնքան տգեղ է համարվել, որ ուսանողներն այրել են այն 1913 թվականի ցոցւադրության ժամանակ Չիկագոյում, որտեղ այն հայտնվել էր` տեղափոխվելով Նյու Յորքից[14]։ Բացի Մատիսի, Դերենի ու Բրաքի աշխատանքները, 1907 թվականի Անկախների սալոնը ներառում էր նաև վեցական աշխատանք Վլամինկից, Դյուֆիից, Մետցինժերից, Դելոնեից, Հերբինից, Պուից, Վալտատից, ինչպես նաև` երեք աշխատանք Մարկեից։ Մատիսն ու Դերենը փաստացի հրաժարվել են ֆովիզմից 1907 թվականի գարնանը տեղի ունեցած Անկախների սալոնի ժամանակ։ Իսկ 1907 թվականի Աշնանային սալոնից հետո ֆովիզմից հրաժարվել են շատ այլ նկարիչներ ևս։ Պայծառ ու մաքուր գույներն իրենց տեղը կտավի վրա զիջում էին հաշվարկված երկրաչափական պատկերներին։ Պարզեցված ձևերն սկսում են գերակայել ներկայացվող աշխատանքներում։ Այս մեթոդը կտավներում նոր կառուցվածքների սկիզբ է դառնում։

Սեզանի աշխատանքների մեջ մասը ներկայացվում են 1904, 1905 և 1906 թվականների Աշնանային սալոնում։ 1906 թվականին Սեզանի մահից հետո նրա աշխատանքները ներկայացվում են Փարիզում, Աշնանային սալոնի ժամանակ` հետահայաց ցուցադրության տեսքով` մեծ հետաքրքրություն առաջացնելով և ազդելով փարիզյան շատ արվեստագետների հետագա ստեղծագործությունների վրա։ Սեզանի պարզեցված երկրաչափական պատկերները ոգևորել են ոչ միայն Մատիսին, Դերենին, Բրաքին ու Մետզինժերին, այլ նաև ֆովիստների հետ ցուցադրված մի շարք այլ արվեստագետների։

1909, պարզեցված ձևեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ կուբիզմի վերաբերյալ Ջոն Գոլդինգի 1959 թվականին հրատարակված բավականին նշանակալի աշխատանքի, 1909 թվականի մարտի 25-մայիսի 2-ն անցկացված Անկախների սալոնում առաջին անգամ հանրությանն է ներկայացվել կուբիզմի ոճով նկարված առաջին աշխատանքը, Փոքրիկ նավահանգիստ Նորմանդիայում, հեղինակ` Ժորժ Բրաք (Չիկագոյի արվեստի ինստիտուտ)։ 16 համարի սենյակում կախված էին Դերենի, Դյուֆիի, Ֆրիցի, Լապրադի, Մատիսի, Պուի և Վլամինկի աշխատանքները[3]։ Առավել պարզեցված ոճի էվոլյուցիան շարունակվել է ոչ միայն Բրաքի, այլև` Մետցինժերի, Դելոնեի աշխատանքներում (Պիկասոն չէր մասնակցում սալոններին[10][15]։

1921, նոր դարաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

1921 թվականի հունվարին անցկացված Անկախների սալոնում նախորդ տարվա հետ համեմատած ավելի քիչ կուբիստական նկարներ կային։ Բրաքն ու Մետցինժերը ներկայացված չէին։ Ցուցադրվում էին Գլեիզեսը, Ֆերատը, Հայդենը, Մակոսիսը, Հելեսենը և Սուրվաժը։ Կուբիստների հետ ցուցադրվում էին նաև Հելենա Փորդրեյթը, Մարթա Լոուրենսը, Իրեն Լագուն, Ալիս Հալիկան և Սոնյա Լևիտսկան։ 1920 թվականից սկսած Անկախների սալոնն իր ցուցադրություններն անց է կացնում Փարիզի Մեծ պալատում։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Անկախների սալոնը համալրվել է նոր մասնակիցներով։

Հայտնի մասնակիցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Société des Artistes Indépendants, History». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 19-ին.
  2. 2,0 2,1 Salon des Indépendants, Merriam-Webster(չաշխատող հղում)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Kubisme.info, Salon des Indépendants
  4. Louis Vauxcelles, Le Salon d'Automne, Gil Blas, 17 October 1905. Screen 5 and 6. Gallica, Bibliothèque nationale de France, ISSN 1149-9397
  5. Chilver, Ian (Ed.). "Fauvism" Արխիվացված 2011-11-09 Wayback Machine, The Oxford Dictionary of Art, Oxford University Press, 2004. Retrieved from enotes.com, 26 December 2007.
  6. Société des artistes indépendants: catalogue de la 21ème exposition, 1905, Digital collection: Rare Books in the Thomas J. Watson Library, Metropolitan Museum of Art (New York, N.Y.)
  7. 7,0 7,1 7,2 Russell T. Clement, Les Fauves: A Sourcebook, Greenwood Publishing Group, 1994 0-313-28333-8
  8. UCLA Art Council et al. 1966, p. 11
  9. Oxford Art Online, "Henri Matisse"
  10. 10,0 10,1 Daniel Robbins, Jean Metzinger: At the Center of Cubism, 1985, Jean Metzinger in Retrospect, The University of Iowa Museum of Art, J. Paul Getty Trust, University of Washington Press, pp. 9-23
  11. «Art of the 20th Century». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 19-ին.
  12. Lewis Kachur, Georges Braque, MoMA, Oxford University Press
  13. Matisse, Henri." Encyclopædia Britannica. 2007. Encyclopædia Britannica Online. Retrieved 30 July 2007.
  14. Tyler Green, Modern Art Notes, The Response to Matisse's Blue Nude
  15. Peter Brooke, Albert Gleizes, Chronology of his life, 1881-1953

Հետագա ընթերցանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Monneret, Jean: "Catalogue raisonné des artistes Indépendants" Paris,1999, ed. Eric Koehler *
  • Monneret, Sophie: L'Impressionisme et son époque, dictionnaire international, Paris 1980 2-221-05222-6
  • Socièté des artistes indépendants, 76e exposition: Le Premiers Indépendants: Rétrospective 1884-1894, Grand Palais des Champs-Élysées, April 23 - May 16, 1965
  • Dominique Lobstein, Dictionnaire des Indépendants, préface de Serge Lemoyne, L'Echelle de Jacob, 2003.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]