Ազդվել է Վինսենթ վան Գոգից, Պոլ Սեզանից։ Լարված-հակադիր, աչք ծակող վառ գույներով վաղ շրջանի Վլամինկի բնանկարները («Կարմիր ծառեր», 1906, ժամանակակից արվեստի ազգ․ թանգարան, Փարիզ, «Բեռնատար նավերը Սենի վրա», 1907, Պուշկինի անվան Կերպարվեստի թանգարան (Մոսկվա)), ինչպես և դրամատիկ արաահայտչականությամբ, մռայլ ծանր կոլորիտով աչքի ընկնող ուշ շրջանի գործերը («Ռյուեյ-լա Գադելիեր», 1930-ական թթ․ սկիզբ, մասնավոր հավաքածու) կոմպոզիցիայով դինամիկ են։ Վլամինկը ստեղծել է նաև դիմանկարներ, նատյուրմորտներ, հաստոցային և գրքի գրաֆիկական աշխատանքներ։
Մորիս դը Վլամինկը ծնվել է 1876 թվականի ապրիլի 4-ին Պարիզում՝ երաժիշտների ընտանիքում։ Նվագել է ջութակ, զբաղվել հեծանվասպորտով։ 1878 թվականին տեղափոխվել է Վեզին։ 1894 թվականին Վլամինկն ամուսնացել է Սուզանա Բեռլիի հետ (ամուսնալուծվել են 1905 թվականին, երկրորդ անգամ ամուսնացել է Բերտ Կոմբեի հետ)։ 1901 թվականին այցելել է Վան Գոգի ցուցահանդեսը։ 1906 թվականին Վլամինկի նկարները գնում է նկարիչ Վոլարը, իսկ 1907 թվականին Վոլարի պատկերասրահում Վլամինկը կազմակերպում է իր առաջին ցուցահանդեսը։ 1936 թվականին Քարնեգիի ինստիտուտը Նյու Յորքում կազմակերպում Վլամինկի նկարների ցուցահանդես։ Գերմանական զորքերի կողմից Ֆրանսիայի գրավումից հետո (1940) նկարիչը տեղափոխվել է Նորմանդիա, սակայն շուտով վերադարձել է գյուղում գտնվող իր տունը։ 1941 թվականին Վլամինկը միացել է Հակաֆաշիստական լիգային։ 1954 թվականին ներկայացրել է իր երկիրը Վենետիկում տեղի ունեցած ցուցահանդեսին։
Մորիս դը Վլամինկը մահացել է 1958 թվականի հոկտեմբերի 11-ին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։