Արտավազդ Թումանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Թումանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արտավազդ Թումանյան
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 23, 1894(1894-11-23)
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն
Մահացել էնոյեմբերի 23, 1918(1918-11-23) (24 տարեկան)
Մահվան վայրՎան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Ազգությունհայ
ԿրթությունՆերսիսյան դպրոց
Մասնագիտություննկարիչ, դերասան, գրող և արվեստագետ
Ծնողներհայր՝ Հովհաննես Թումանյան[1], մայր՝ Օլգա Թումանյան
Հարազատներեղբայրներ՝ Մուշեղ Թումանյան, Համլիկ Թումանյան, Արեգ Թումանյան, քույրեր՝ Աշխեն Թումանյան, Նվարդ Թումանյան, Անուշ Թումանյան, Արփենիկ Թումանյան, Սեդա Թումանյան, Թամար Թումանյան։

Արտավազդ Հովհաննեսի Թումանյան (նոյեմբերի 23, 1894(1894-11-23), Թիֆլիս, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 23, 1918(1918-11-23), Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[2][3]), հայ արվեստագետ, նկարիչ, դերասան, գրող։

Բանաստեղծ Հովհաննես Թումանյանի որդին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թումանյանների ընտանիքը

Արտավազդ Թումանյանը ծնվել է 1894 թվականի նոյեմբերի 23-ին Թիֆլիսում[2]։ Սովորել է Լիսիցյան մասնավոր վարժարանում, ապա Ներսիսյան դպրոցում, որն այդպես էլ չի ավարտել, այնուհետև ուսանել է նկարչության և քանդակագործության ուսումնարանում։ Կերպարվեստի առաջին դասերն առել է նկարիչ Եղիշե Թադևոսյանից։ Արվեստի նկատմամբ սերը Արտավազդին հասցնում է Մոսկվա` Պ. Ի. Կելինի նկարչական ստուդիայում սովորելու[2]։ Նվարդ Թումանյանն իր «Հուշեր և զրույցներ գրքում» եղբոր մասին ասում է․

Արտիկը, որ յոթ-ութ տարեկան էր, նկարչական շնորհք ուներ... ստվարաթղթի վրա կիպարիսների շարք էր նկարել, հայրիկի անվանակոչության օրը՝ հունվարի 14-ին նվիրեց նրան։ Հայրիկը հուզված էր։
- Նվարդ Թումանյան, «Հուշեր և զրույցներ» գրքից

Գրական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանուկ հասակում հակում ուներ գրականության հանդեպ. գրել է փոքրածավալ բանաստեղծություններ, երգիծական պատմություններ, ապա դրանք զետեղել ինքնուրույն ստեղծած գրքերում։ Թարգմանությունների և փոխադրությունների հեղինակ է, 13 տարեկանում կատարել է Դ. Մամին-Սիբիրյակի «Քաջ նապաստակը» հեքիաթի թարգմանությունը, որը 1907 թվականին տպագրվել է «Հասկեր» ամսագրում։ Արտիկի գեղանկարչական մի քանի աշխատանքներ, չափածո, արձակ գործեր, արվեստաբանական վերլուծություններ և հոդվածներ, նաև պիեսներ Լեոնարդո դա Վինչիի, Վան Դեյքի, Տիցիանի, Ռուբենսի և այլնի մասին պահպանվել են։ «Վան Դեյք» պիեսը 1911 թվականին տպագրվել է «Հասկերում», իսկ «Ռուբենսը»՝ «Պատանի» ալմանախում։ Պիեսներից մի քանիսը բեմադրվել են։ Դսեղում բեմադրվել է նաև Արտավազդի կողմից պիեսի վերածված «Գիքորը» պատմվածքը, որի ժամանակ խաղացել է իր եղբոր՝ Համլիկի հետ։ Բեմադրությանը ներկա է եղել Հովհաննես Թումանյանը[4]։

Ըստ «Հիշատակարանի»՝ Արտավազդը սկսնակ գրողների առաջին համագումարի նախաձեռնողն էր[5]։ 1914 թվականին՝ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ վերադարձել է Թիֆլիս և զորակոչվել բանակ, որից հետո կամավոր աշխատել է «Միջազգային Կարմիր խաչի Համառուսական քաղաքների միություն» կովկասյան կոմիտեում։ Արտավազդը 1915 թվականի ապրիլի 23-ին կայացած առաջին խորհրդակցական ժողովի քարտուղարն է եղել, որի ժամանակ անդրադարձել են Արևմտյան Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին[6]։ «Միջազգային Կարմիր խաչի Համառուսական քաղաքների միություն» կովկասյան կոմիտեում աշխատելու առաջին տարիներին գործունեություն է ծավալել Իգդիրում, Ջուղայում, հիմնադրել է «սննդատու կայաններ», ժամանակավոր իջևանատներ, բուժսանիտարական կետեր, ապա 1916 թվականին նշանակվել է լիազոր ներկայացուցիչ Վանի շրջանում[7]։ 1917 թվականին՝ Վանում եղած ժամանակ, Արտիկը մասնակցել է գիտնականներ Նիկողայոս Ադոնցի և Ա․ Քալանթարյանի հնագիտական արշավախմբի աշխատանքներին։ Ուսումնասիրելով Աղթամարի ձեռագրերը՝ հայտնաբերել է Գրիգորիս Գեղեցիկի տաղերը[8], արտագրել՝ փրկելով դրանք ոչնչացումից։

Նա մտերիմ հարաբերություններ է ունեցել անգլուհի Էլիզաբեթ Արմսթրոնգի հետ, որը «Միջազգային Կարմիր Խաչի» գթության քույր էր։ Վերջինս Արտավազդին սովորեցնում էր անգլերեն։ Նրանց նամակագրությունը ընդհատվել է Արտավազդի մահով[9]։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտավազդ Թումանյանը մահացել է 1918 թվականի նոյեմբերի 23-ին՝ Վանի երկրորդ նահանջի ժամանակ վերջնապահ փոքրաթիվ խմբի կազմում։ Մահվան լուրը Թումանյանն իմացել է 1918 թվականի դեկտեմբերի 3-ի առավոտյան[10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://go.gale.com/ps/i.do?id=GALE%7CA656656858&sid=googleScholar&v=2.1&it=r&linkaccess=abs&issn=00042366&p=AONE&sw=w&userGroupName=anon%7Eb817f11
  2. 2,0 2,1 2,2 Թումանյանի զավակները:Արտավազդ Թումանյան. նամականի.- Եր.: «Մուղնի», Հովհաննես Թումանյանի թանգարան, 2013.-7 էջ.- (Արևելք-Արևմուտք մատենաշար)։.
  3. Թումանյանի զավակները:Արտավազդ Թումանյան. նամականի.- Եր.: «Մուղնի», Հովհաննես Թումանյանի թանգարան, 2013.- 15 էջ.- (Արևելք-Արևմուտք մատենաշար)։.
  4. Թումանյանի զավակները:Արտավազդ Թումանյան. նամականի.- Եր.: «Մուղնի», Հովհաննես Թումանյանի թանգարան, 2013.-7-8 էջ.- (Արևելք-Արևմուտք մատենաշար)։.
  5. Թումանյանի զավակները:Արտավազդ Թումանյան. նամականի.- Եր.: «Մուղնի», Հովհաննես Թումանյանի թանգարան, 2013.-10 էջ.- (Արևելք-Արևմուտք մատենաշար)։.
  6. Թումանյանի զավակները:Արտավազդ Թումանյան. նամականի.- Եր.: «Մուղնի», Հովհաննես Թումանյանի թանգարան, 2013.-12 էջ.- (Արևելք-Արևմուտք մատենաշար)։.
  7. Թումանյանի զավակները:Արտավազդ Թումանյան. նամականի.- Եր.: «Մուղնի», Հովհաննես Թումանյանի թանգարան, 2013.-13 էջ.- (Արևելք-Արևմուտք մատենաշար)։.
  8. «Տազ ազնիւ (Գեղեցիկ Գրիգորիսի)». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 16-ին.
  9. Թումանյանի զավակները:Արտավազդ Թումանյան. նամականի.- Եր.: «Մուղնի», Հովհաննես Թումանյանի թանգարան, 2013.-14 էջ.- (Արևելք-Արևմուտք մատենաշար)։.
  10. Թումանյանի զավակները:Արտավազդ Թումանյան. նամականի.- Եր.: «Մուղնի», Հովհաննես Թումանյանի թանգարան, 2013.-15 էջ.- (Արևելք-Արևմուտք մատենաշար)։.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արտավազդ Թումանյան» հոդվածին։