Հասկեր (ամսագիր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

«Հասկեր», հայկական մանկական պատկերազարդ ամսագիր։ Լույս է տեսել 1905-17, 1922-ին, Թիֆլիսում։ Խմբագիր-հրատարակողներ՝ Կ. Լիսիցյան, Ս. Լիսիցյան։ Խմբագրության աշխատանքներին մասնակցել են Հակոբ Աղաբաբը, Դերենիկ Դեմիրճյանը, Ս. Սահակյանը, Ս. Քափանակյանը, Ա. Գուլոյանը (Սեյրին) և ուրիշներ։

«Հասկերի» շապիկը.jpg

Տպագրել է հեքիաթներ, լեգենդներ, առակներ, բնության երևույթները բացատրող գիտահանրամատչելի ակնարկներ ու զրույցներ։ Մանկավարժական բաժինը, որին աշխատակցել են Հ. Տեր-Միրաքյանը, Տ. Ռաշմաճյանը, Ի. Հարությունյանը, լուսաբանել է երեխաների գեղագիտական, ֆիզիկական դաստիարակության հարցեր։ Գրակա-գեղագիտական բաժնում տեղ են գտել Հովհաննես Թումանյանի, Աթաբեկ Խնկոյանի, Հ. Հայրապետյանի, Հ. Աղաբաբի մանկական ստեղծագործությունները։ Նախադպրոցական տարիքի երեխաներին հասցեագրված «Մարիամ տատի տոպրակից», «Մարիամ տատի հեքիաթները» խորագրերով հրատարակել է պատմությունների և զրույցների շարքը։ Թարգմանաբար ներկայացրել է ռուսական մանկական գրականություն։ «Մանկավարժական գրադարան» խորագրով, որպես հավելված, լույս է ընծայել մասնագիտական գրականություն։ «Հասկեր» կարևոր տեղ է գրավում հայկական մանկական պարբերականների շարքում։

Հանդեսը մանուկներին ծանոթացրել է նշանավոր մարդկանց կյանքին ու գործունեությանը, հայ ժողովրդի ծագման և ձևավորման պատմությանը, երեխաների մեջ սերմանել է մարդկային բարձր արժեքներ՝ սեր հայրենիքի ու հայրենի բնաշխարհի նկատմամբ, քաջություն, ազնվություն, բարություն։ «Հասկերում» նախադպրոցական տարիքի երեխաների համար տպագրվել են «Մարիամ տատի տոպրակից», «Մարիամ տատի հեքիաթները» խորագրերով պատմությունների ու զրույցների շարքեր։ «Զվարճալիք», «Այլ և այլք», «Դեսից դենից» բաժիններում զետեղվել են հանելուկներ, մանկական խաղեր, շուտասելուկներ, խմբերգերի տեքստեր, որոնք պատրաստել են մշակութային և հասարակական գործիչ Մարիամ Թումանյանը, գրող և մանկավարժ Հ. Աղաբաբը։ Հանդեսի նյութերի պատրաստմանը մասնակցել են նաև երեխաներ։ Նրանց հեղինակած նյութերը տեղ են գտել «Իմ հասկերը» բաժնում, որը վարել է գեղանկարիչ Գևորգ Բաշինջաղյանը: Առանձին բաժնում տպագրվել են մանկավարժությանը, մատաղ սերնդի բարոյական և գեղագիտական դաստիարակությանը, ֆիզիկական զարգացմանը վերաբերող հոդվածներ։ Որպես հավելված՝ ամսագիրը հրատարակել է «Մանկավարժական գրադարան» մատենաշարով գրքեր՝ նվիրված մանկական հոգեբանությանը և դաստիարակությանը

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png