Հակոբ Աղաբաբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Աղաբաբ (Աղաբաբյան) Հակոբ Բեժանի
Ծնվել է1875 թվականի նոյեմբերի 14(26)
ԾննդավայրԿողբ, Տավուշի մարզ, Հայաստան
Վախճանվել է1926
Վախճանի վայրԹիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունգրող և ուսուցիչ
Լեզուհայերեն
Ազգությունհայ
ԿրթությունՆերսիսեան դպրոց
ԱշխատավայրԿարմիր ծիլեր
Հակոբ Աղաբաբ Վիքիդարանում

Հակոբ Բեժանի Աղաբաբ (Աղաբաբյան) (նոյեմբերի 14, 1875(1875-11-14), Կողբ, Տավուշի մարզ, Հայաստան - 1926, Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ գրող և մանկավարժ[1]։

Ռուբեն Աղաբաբյանի հայրը:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1875 թվականի նոյեմբերի 14 (26)–ին, Ղազախի գավառի Սևքար գյուղում (այժմ՝ ՀՀ Տավուշի մարզում)։ Մինչև ութ տարեկան դառնալը՝ ապրել է հոր ծննդավայրում՝ Կողբ գյուղում: 1884 թվականին ընդունվել է Թիֆլիսի Կուկիոնորաշենի ծխական ուսումնարանը, կրթությունը շարունակելով նույն թաղամասի քաղաքային դպրոցում: Ավելի ուշ դառնում է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի սան, որն ավարտում է 1898 թվականին, այնուհետև «Հայկազյան եղբայրություն» ընկերության կողմից հրավեր է ստանում որպես ուսուցիչ աշխատելու այդ ընկերության Հավլաբարի «Կիրակնօրյա գրագիտություն» դպրոցում: Այնուհետև, շուրջ երեք տասնամյակ, մինչև իր կյանքի վերջը մանկավարժական աշխատանք է կատարում՝ ծառայում մանուկ սերնդի կրթության ու դաստիարակության գործին: Դեռևս Ներսիսյան դպրոցում ուսանելիս՝ նա ակտիվորեն մասնակցում է գրական խմբակի ցերեկույթներին, «Աստղ առավոտ» աշակերտական ամսագրի աշխատանքներին, ապա հրատարակում է «Ծիածան» և «Բողբոջ» թերթերը, որտեղ և տպագրվում են նրա առաջին բանաստեղծական փորձերը: 1895 թվականին Աղաբաբի երկու ոտանավորները տպագրվում են «Աղբյուր» հանդեսում: 1905 թվականից, երբ լույս է տեսնում «Հասկեր» ամսագիրը, Աղաբաբը հրավիրվում է աշխատելու «Հասկեր», իսկ 1923 թվականից «Կարմիր ծիլեր» պարբերականներում[2]։ Մահացել է նոյեմբերի 28-ին, Թիֆլիսում։ Թաղված է Խոջիվանքի գերեզմանատանը[3][4]:

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աթաբեկ Խնկոյանի և Հ. Ապրեսյանի հետ կազմել է «Մեր դպրոցը», «Հայրենի աշխարհ» և «Հայրենագիտություն» դասագրքերը։ Առաջին բանաստեղծությունը տպագրել է 1895 թվականին, «Աղբյուր» ամսագրում։ Աղաբաբի բանաստեղծությունները տպագրվել են «Մանկական ալբոմ» (2 փունջ, 1907, 1908), «Ծաղիկներ», (2 փունջ, 1911, 1920) ժողովածուներում։ Գրել է նաև լեգենդներ, հեքիաթներ, պոեմներ՝ մանուկների համար («Թուխսը», 1914, «Պախրախոտ», 1935 և այլն)։ Աղաբաբը հեղինակ է «Հաղթված բազեն» հայկական առաջին մանկական օպերայի լիբրետոյի (երաժշտությունը՝ Դ. Ղազարյանի)։ Աղաբաբը իր գործերը տպագրել է նաև Նեկտար և Ալմազ կեղծանուններով։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գիսակի ալմասը, 1908:
  • Մանկական ալբոմ (բանաստեղծությունների ժողովածու), 2 փունջ, 1907, 1908:
  • Ծաղիկներ (բանաստեղծությունների ժողովածու), 2 փունջ, 1911, 1920:
  • Թուխսը: Մանկական հեքիաթ: Թիֆլիս, տպ. Ն. Աղանեանի, 1914, 16 էջ[5]:
  • Հորթարած Մուսին: Թիֆլիս, տպ. Ն. Աղանեանի, 1915, 48 էջ[6]:
  • Մեր դպրոցը (դասագիրք, Խնկո Ապոր և Հ. Ապրեսյանի հետ):
  • Հայրենի աշխարհ (դասագիրք, Խնկո Ապոր և Հ. Ապրեսյանի հետ):
  • Հայրենագիտություն (դասագիրք, Խնկո Ապոր և Հ. Ապրեսյանի հետ):
  • Մուրճ ու մանգաղ (Չափածո պատմվածքներ), 1926:
  • Ծաղկեփունջ, 1976:
  • Ձախորդ փիսոն: Բանաստեղծություններ: Արևիկ, 1991, 26 էջ[7]:
  • Նանա: ՀԲՀ հրատ., 1992, 30 էջ[8]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ՀՀ ԳԱԱ Հիմնարար Գիտական Գրադարան քարտարան › Հեղինակավորի որոնում › Աղաբաբ, Հակոբ Բեժանի, 1875-1926 (Personal Name)»։ opac1.flib.sci.am։ Վերցված է 2019-03-07 
  2. «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007:
  3. «The memorial of Hakob Aghabab (Հակոբ Աղաբաբ ) buried at Tbilisi's Armenian Pantheon cemetery»։ hush.am (անգլերեն)։ Վերցված է 2019-03-07 
  4. Հովակիմյան Բ. Մ. Հայոց ծածկանունների բառարան, 2005: էջ 553:
  5. Աղաբաբ Հակոբ Բեժանի (1914)։ Թուխսը: Մանկական հեքիաթ։ Նւէր մանուկներին։ Թիֆլիս: տպ. Ն. Աղանեանի 
  6. Աղաբաբ Հակոբ Բեժանի (1915)։ Հորթարած Մուսին: Պօէմա մանուկների համար։ Նւէր մանուկներին։ Թիֆլիզ: տպ. Ն. Աղանեանի 
  7. Աղաբաբ Հակոբ Բեժանի (1991)։ Ձախորդ փիսոն: Բանաստեղծություններ (հայերեն)։ Արեւիկ։ ISBN 9785807703828 
  8. Աղաբաբ Հակոբ Բեժանի (1992)։ Նանա (հայերեն)։ ՀԲՀ հրատ։ ISBN 9785807905437 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png