Մորուս Հասրաթյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մորուս Հասրաթյան
Ծնվել էսեպտեմբերի 10, 1903(1903-09-10)[1][2]
Ախլաթյան, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն[1][2]
Մահացել էփետրվարի 25, 1979(1979-02-25)[1][2] (75 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունպատմաբան և բանասեր
Հաստատություն(ներ)Մատենադարան[1], Հայաստանի Պատմության Թանգարան[1], Երևանի պետական համալսարան[1], Հայկական պետական մանկավարժական համալսարան[1] և Հայկազյան համալսարան[1]
ԱնդամակցությունՀՀ ԳԱԱ[1]
Ալմա մատերԵՊՀ պատմության ֆակուլտետ[1] և Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Կոչումթղթակից անդամ[1][2]
Տիրապետում է լեզուներինհայերեն
Պարգևներ
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
Երեխա(ներ)Մուրադ Հասրաթյան

Մորուս (Մարգար) Ստեփանի Հասրաթյան (սեպտեմբերի 10, 1903(1903-09-10)[1][2], Ախլաթյան, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն[1][2] - փետրվարի 25, 1979(1979-02-25)[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]), հայ պատմաբան-բանասեր։ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ (1963)։ ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1961)։ Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն (1964-1975)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մորուս Հասրաթյանը ծնվել է 1902 թվականին Սյունիքի Ախլաթյան գյուղում։ Նախնական կրթությունը ստացել է Ախլաթյան և Լոր գյուղերի ծխական դպրոցներում, այնուհետև ուսումը շարունակել է Բաքվի առևտրական ուսումնարանում։ Ուսանողական տարիներին ունկնդրել է Ստեփան Շահումյանին, Սերգո Օրջոնիկիձեին և այլ հեղափոխականների։ 1918-1920 թվականներին մասնակցել է Բաքվի կոմունային, Հյուսիսային Կովկասի հեղափոխական և ազգամիջյան շարժումներին։ Ծննդավայր վերադառնալուց հետո 1920 թվականին ակտիվ մասնակցություն է ունեցել զանգեզուրյան հեղափոխական շարժումներին։ Բազմիցս հետապնդվել է դաշնակցականների կողմից։

1922-1924 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի պատմա-բանասիրական բաժնում, որտեղ ունկնդրել է հայ Մանուկ Աբեղյանին, Հրաչյա Աճառյանին, Հակոբ Մանանդյանին, Լեոյին և ուրիշների։ 1925-1927 թվականներին Խորհրդային Հայաստանի կոմունիստական կուսակցության առաջադրանքով զբաղվել է Սիսիանի, Գորիսի, Դիլիջանի շրջանների կոմերիտական կազմակերպությունների ստեղծման աշխատանքներով 1930 թվականին էքստերն կարգով ավարտել է համալսարանը և գործուղվել Լենինգրադ՝ կրթությունն ասպիրանտուրայում շարունակելու։ Այդ տարիներին Նիկողայոս Մառի և Հովսեփ Օրբելու ղեկավարությամբ խորացել է հայագիտության մեջ, ուսումնասիրել ռուսական գիտության և մշակույթի նվաճումները։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1932 թվականին ասպիրանտուրան ավարտելուց հետո վերադարձել է Երևան։ 1933-1935 թվականներին եղել է պատմության ու նյութական կուլտուրայի ինստիտուտի տնօրենի տեղակալ, 1934-1936 թվականներին՝ հեղափոխության թանգարանի տնօրեն։ Կազմել և հրատարակել է Սուրեն Սպանդարյանի մասին փաստաթղթերի և հուշագրությունների ժողովածուն, մայիսյան ապստամբության վերաբերյալ հուշագրությունների միհատորյակը։ 1937 թվականին նշանակվել է Երևանի Մատենադարանի տնօրեն, 1964-1975 թվականներին՝ Հայաստանի պատմության պետական թանգարանի տնօրեն։ Դասախոսել է Երևանի բուհերում, 1965-1966 թվականներին՝ Բեյրութի Հայկազյան համալսարանում։

Մորուս Հասրաթյանի գիտահետազոտական աշխատանքները 1940 թվականին ընթացել են ճարտարապետության, հնագիտության, բանասիրության և հայ ժողովրդի հին և միջին դարերի պատմության ուսումնասիրության գծով[3]։ 1940-1941թվականներին նա աշխատել է պատմական հուշարձանների պահպանության կոմիտեում և մասնակցել Ավանի VI դարի նշանավոր տաճարի ճարտարապետական և հնագիտական հետազոտությանը և վերականգնման աշխատանքներին։ 1942-1946 թվականներին աշխատել է գրականության ինստիտուտում, զբաղվել բանասիրության հարցերով, միաժամանակ վարել Հայաստանի նորաստեղծ գիտությունների ակադեմիայի հասարակագիտական բաժանմունքի գիտական քարտուղարի պաշտոնը։ 1947 թվականից տասը տարի անընդմեջ Մորուս Հասրաթյանը եղել է ԳԱ պատմության ինստիտուտի աշխատակից։ թվականին նա մասնակցել է Գառնիի հնագիտական արշավախմբի աշխատանքներին, միաժամանակ գլխավորել Զանգեզուրի հնագիտական պեղումները։ Մորուս Հասրաթյանը 1947 թվականին ուսումնասիրել է Հայաստանի հնագույն հուշարձաններից մեկը՝ Ծիծեռնավանքի եռանավ բազիլիկան, բացահայտել դրա առանցքային նշանակություն ունեցող դերը հայ ճարտարապետության ձևաստեղծման ընթացքում։ Հայ ճարտարապետության պատմության բնագավառում նրա երկարամյա աշխատանքների արդյունքները ամփոփվել են Վ. Հարությունյանի հեղինակակցությամբ 1975 թվականին Բեյ­րութում լույս տեսած «Հայկական հուշարձանները նախապատմական շրջանից մինչև 17-րդ դարը» մեծածավալ հատորում (հայերեն, ֆրանսերեն և անգլերեն լեզուներով)։

1964-1975 թվականներին ղեկավարել է Հայաստանի պատմության թանգարանը։ Հասրաթյանի ղեկավարությամբ թանգարանը միջազգային ճանաչում է ստացել։ Հայկական մշակույթը ցուցահանդեսներով ներկայացվել է Փարիզում, Կրակովում, Բուդապեշտում, Տալլինում։ Կապեր են հաստատվել Սփյուռքի հայկական կենտրոնների հետ։ Սփյուռքահայերի նվիրատվություններով թանգարանի հավաքածուները համալրվել են Հայաստանի պատմա-ազգագրական տարբեր տարածաշրջանների կիրառական արվեստի եզակի նմուշներով։

Հասրաթյանը «Հայ ժողովրդի պատմության» դպրոցական առաջին դասագրքի հեղինակներից է։ Նրա գրչին են պատկանում Հայաստանի պատմության, հնագիտության, ճարտարապետության ու բանասիրության վերաբերյալ բազմաթիվ արժեքավոր ուսումնասիրություններ։ Մասնակցել է պատմագիտական կոլեկտիվ աշխատությունների ստեղծմանը։ Հայերեն է թարգմանել Սայաթ-Նովայի ոչ հայերեն խաղերը, կազմել, խմբագրել և ծանոթագրություններով հրատարակել է Սայաթ-Նովայի ստեղծագործությունների ժողովածուն (1963)[4]։

«Սյունյաց երկիր» ամսագիրը հատուկ համար է նվիրել Մորուս Հասրաթյանի գործունեությանը[5][6]։

2019 թ-ի մարտին կայացավ ամսագրի շնորհանդեսը։

Թարգմանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • Սայաթ-Նովա։ Խաղերի ժողովածու։ Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն խաղեր.- Երևան։ Հայպետհրատ, 1945.- 220 էջ։
  • Սայաթ-Նովա։ Հայերեն, վրացերեն, ադրբեջաներեն խաղերի ժողովածու.- Երևան։ Հայպետհրատ, 1959.- 316 էջ։ Վերատպությունը տե՛ս Հայերեն, վրացերեն, ադրբեջաներեն խաղերի ժողովածու.- Երևան։ Հայպետհրատ, 1963.- 347 էջ։
  • Վրաց գրականության ընտիր էջեր.- Երևան։ Հայպետհրատ, 1961.- 648 էջ.- Բովանդ-ից՝ Սայաթ-Նովա. Վրացերեն խաղերից։
  • Վրացական պոեզիա.- Երևան։ ԵՊՀ հրատ., 1983.- 438 էջ.- (Ուսանողի գրադարան).- Բովանդ-ից՝ Սայաթ-Նովա։

Մեջբերումներ Մորուս Հասրաթյանի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Քայլող հանրագիտարան, այսպիսին էր բազմակողմանի գիտելիքներ ամբարած, միշտ արթուն, պրպտող ու խորաթափանց մտքի տեր, համեստ ու ազնիվ, ամենքից սիրված ու հարգված մեր անզուգական Մորուսը։
- Վարդան Պարսամյան, պրոֆեսոր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 1,20 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 3.
  3. «Մորուս Հասրաթյան․ նշանավոր սյունեցին, ականավոր պատմաբանն ու բանասաերը».
  4. Նվիրվում է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Մորուս Հասրաթյանի ծննդյան 110-ամյակին
  5. ««ՍՅՈՒՆՅԱՑ ԵՐԿՐԻ» ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԵՑԻԿ ՏՈՒՐՔՆ ԱՌ ՄՈՐՈՒՍ ՀԱՍՐԱԹՅԱՆ ՀԱՅԱԳԵՏԸ | Syunacerkir.am». syuniacyerkir.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 4-ին.
  6. ««Սյունյաց երկիր» թերթի՝ Մորուս Հասրաթյանին նվիրված բացառիկ համարի շնորհանդեսը Երեւանում | Syunacerkir.am». syuniacyerkir.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 4-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մորուս Հասրաթյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 257
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։