Եղինջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Եղինջ (այլ կիրառումներ)
Եղինջ
Եղինջ երկտուն
Այրող եղինջ (Urtica dioica)
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Տիպ Ծածկասերմեր
Դաս Երկշաքիլավորներ
Կարգ Վարդածաղկավորներ
Ընտանիք Եղինջակազգիներ
Ցեղ Եղինջ
Լատիներեն անվանում
Urtica
L., 1753
Հոմանիշներ
Տիպիկ ներկայացուցիչներ

Urtica dioica L. Եղինջ երկտուն

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում





Եղինջ (լատ.՝ Urtica), կծան խոտ, կճան մրմռուկ, աղինջ, դաղդղան, դարդահան, եղինջազգիների (Urticaceae) ընտանիքի միամյա և բազմամյա, եղինջ երկտուն (Urtica dioica L.), հազվադեպ՝ եղինջ այրող (Urtica urens L.) միատուն բույսերի ցեղ։

Աշխարհագրական տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում։ Աճում է լեռնային, տափաստանային, անտառային գոտիներում, գետահովիտներում, խոնավ վայրերում, աղբոտում խոտհարքները և այլն։

Կենսաբանակն նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղինջ

Ցողունն ուղղաձիգ է, քառանիստ, բարձրությունը՝ 1,5-2 մ։ Տերևները հակադիր են, սրտաձև, ձվանշտարաձև, սղոցաեզր։ Ծաղկաբույլը հուրանաձև է, ծաղիկները՝ երկտուն (կամ միատուն), մանր, կանաչավուն՝ խմբված տերևանութներում։ Ամբողջ բույսը ծածկված է կոշտ և այրող գեղձամազիկներով։ Բազմանում է սերմերով։ Եղինջազգիների ընտանիքին պատկանող, 60-170 սմ երկարության բազմամյա խոտաբույս է։ Ունի ձվանշտարաձև, ատամնաեզր հակադիր տերևներ, որոնք, ինչպես և ցողունը, ծածկած են գեղձային այրող մազիկներով։ Վերջիններս՝ շփվելով մաշկի հետ, մխրճվում են նրա մեջ ու բեկվում, դրանով իսկ իրենց պարունակած թույնը (ուրտիցին, հիստամին, մրջնաթթուն) լցնում այնտեղ, առաջ բերելով ուժեղ այրոցի զգացում։ Ծաղիկները մանր են, միասեռ, կանաչ։ Պտուղը փոքր ընկուզիկ է, արմատը` սողացող ու ճյուղավոր։ Ծաղկում է հունիսից մինչև աշուն, պտղակալում` հուլիսից։ Մեր հանրապետությունում հանդիպում է բոլոր գոտիներում, իր երկու տեսակներով՝ երկտուն և այրող, որոնք դեղորայքային առումով ունեն գրեթե նույն նշանակությունը։ Բույսը աճում է ստվերոտ տեղերում, խոնավ անտառներում, թփուտներում, բացատներում, տնամերձ հողամասերում, ցանկապատի մոտ և այլուր, հաճախ տալով հոծ, անանցանելի բուսուտներ։ Եղինջը բազմանում է սերմերով և վեգետատիվ եղանակներով։ Վատ է տանում երաշտը, քիչ զգայուն է ցրտի նկատմամբ։

եղինջի խայթող մազիկները

Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քիմիական բաղադրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերևներում հայտնաբերված են վիտամիններ՝ K, C (մինչև 269 մգ %), B խումբ, կարոտին, կարոտինոիդներ, պանտոտենաթթու, ինչպես նաև մրջնաթթու, քլորոֆիլ (մինչև 5%), դաբաղանյութեր (2 %-ից ավելի), խեժ, պրոտոպորֆիրին, կոպրոպորֆիրին, սիտոստերին, գլիկոզիդ, ուրտիցին, ֆիտոնցիդներ, կվերցետին, կոֆեինաթթու, ֆերուլաթթու, սիլիցիումաթթու, ացետիլխոլին, հիստամին, քիմիական տարրերից՝ կալիում, կալցիում, երկաթ, սիլիցիում, քրոմ, պղինձ, մանգան, ալյումին, վանադիում և այլն։ Պտուղները պարունակում են մինչև 32,5% ճարպայուղ։ Բույսի մատղաշ տերևները 2 անգամ ավելի շատ վիտամին են պարունակում, քան հաղարջի պտուղները, իսկ կարոտինի պարունակությամբ եղինջը գերազանցում է գազարին, թրթնջուկին և չիչխանի պտուղներին։

Բուժական նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձեռքի օճառ պատրաստված այրող եղինջից

Դեղաբույս է։ Պատրաստուկներն օգտագործում են որպես միզամուղ, խորխաբեր, հակաբորբոքային, արյունահոսությունը դադարեցնող, վերքերն ապաքինող միջոց։ Երիտասարդ ընձյուղներն օգտագործում են սննդի մեջ։ Տերևներից ստանում են կանաչ ներկ, ցողուններից՝ թել, որից պատրաստում են կոպիտ գործվածք, պարան և այլն։ Բուժման նպատակով օգտագործում են բույսի տերևները, ծաղիկներն ու արմատը։ Տերևները մթերում են բույսի ծաղկման ժամանակ, հնձում գերանդիով, թողնում, որ թառամի, որից խայթը հիմնականում կորչում է, այնուհետև չորացնում բացօթյա, լավ քամահարվող տեղում։ Չոր հումքը մուգ կանաչ գույնի է, ունի թույլ հոտ, դառը համ։ Այն պահում են տուփերի մեջ, 2 տարի տևողությամբ։ Արմատը հանում են աշնանը, չորացնում արևի տակ և պահում պարկի մեջ։ 10 կգ թարմ տերևներից ստացվում է 2-3 կգ չոր հումք։

Եղինջից պատրաստված ուտեստ

Եղինջը որպես դեղաբույս հնուց ի վեր հայտնի է մարդկությանը։ Դեռևս Դիոսկորիդը և Պլինիոսը նշել են նրա արյունահոսությունը դադարեցնող հատկության մասին։ Ավիցեննան բույսի տերևներն ու սերմերը օգտագործել է գլխուղեղի ախտահարումների, քթային արյունահոսության, ատամների հիվանդության, բրոնխիալ ասթմայի, պլևրիտների և շնչուղիների բորբոքումների ժամանակ, հաճախ եղինջը զուգակցելով մեղրի և որոշ դեղաբույսերի հետ։ Հունդը անճիրա անվան տակ օգտագործել է արյունախխման վերացման, խուխը ջրիկացնելու, բարակ աղիները մաքրելու, երիկամային քարային հիվանդության և միզապարկի ցավերի բուժման նպատակով։ Նշել է նաև եղինջի օգտակարությունը ջրգողության և մաշկային խոցերի դեպքում։ Առնոլդ Վիլլանովցու տվյալներով, մեղրի հետ խառնած եղինջի սերմերը քնաբեր են, դադարեցնում են փսխումը, վերացնում աղեխիթը, հազը, բուժում խոցերը, հոդաբորբը և շնչական օրգանների ցրտառական հիվանդությունները։ Բժիշկ Ռեստին Պետրոսյանի տվյալներով եղինջի տերևը դեղ է համարվում կարկամյալ անդամի, հոդացավության, կաթվածի ժամանակ, զարթնեցնում է ջղերն ու թմրած երակը և միանգամայն հեղաշրջում է արյունը, տրվում է նաև փսխման և շնչարգելության ժամանակ։ Բույսից ստացվող քլորոֆիլն օգտագործվում է դեղագործության մեջ, սննդի և պարֆյումերիայի բնագավառում[1][2][3]։ Ցողուններից պատրաստում են բարձրորակ թել, թուղթ և պարան, տերևներից՝ կանաչ, իսկ կոճղարմատից՝ դեղին ներկ։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի է մոտ 50[4] в(այլ տվյալներով՝ 40) տեսակ, Հայաստանի Հանրապետությունում՝ 2 տեսակ՝ եղինջ երկտուն (Ս. dioica) և եղինջ այրող (լատ.՝ Ս. urens

Եղինջը մացառուտներում (Տավրիկյան այգի Սանկտ Պետերբուրգ)
Եղինջ

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png
Wiktionary-logo-hy.png Ընթերցե՛ք «եղինջ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։