Միզամուղ դեղամիջոցներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միզամուղ դեղամիջոցներ
Ֆուրոսեմիդ՝ ներերակային ներարկման համար
ՏեսակԴեղախումբ
ՀոմանիշներԴիուրետիկներ
ԿիրառումՍրտային անբավարարություն,լյարդի ցիռոզ, զարկերակային գերճնշում
Ազդեցության մեխանիզմԽթանում են միզարտադրությունը և շատացնում դուրս բերվող մեզի քանակը
Կենսաբանական թիրախNa+-K+-2Cl- 2-րդ տիպի կոտրանսպորտեր,Na+-Cl--ական կոտրանսպորտեր, ալդոստերոնային ընկալիչներ

Միզամուղ դեղամիջոցներ, միզամուղներ (դիուրետիկներ, հուն․՝ διούρησις՝ (թարգմ․՝ միզարձակություն, միզամուղ միջոց)), քիմիական միացություններ են, որոնք խթանում են միզարտադրությունը (դիուրեզ) և շատացնում դուրս բերվող մեզի քանակը։ Մեզի խթանված արտադրության ու դուրս բերման շնորհիվ օրգանիզմի հյուսվածքներում ու շճային խոռոչներում նվազում է հեղուկի պարունակությունը։ Գոյություն ունեն միզամուղ դեղամիջոցների մի շարք դեղախմբեր։ Բոլոր միզամուղները նպաստում են օրգանիզմից հեղուկի դուրս բերմանը, սակայն յուրաքանչյուր դեղախումբ աշխատում է իրեն բնորոշ յուրահատուկ մեխանիզմով։ Հակառակ վերջիններիս՝ հակամիզամուղ միջոցները (անտիդիուրետիկներ), մասնավորապես՝ հակամիզամուղ հորմոնը (վազոպրեսին), ընկճում են միզարտադրությունը և պակասեցնում մեզի ու, հետևաբար, արտազատվող ջրի քանակը։

Բժշկական կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]

Միզամուղները կիրառվում են սրտային անբավարարության, լյարդի ցիռոզի, զարկերակային գերճնշման, ջրով թունավորման (հիպերհիդրատացիա) և որոշ երիկամային պաթոլոգիաների բուժման համար։ Որոշ միզամուղներ, մասնավորապես՝ ացետազոլամիդը, մեզը դարձնում են ավելի հիմնային, ինչը նպաստում է թթվային միացությունների դուրս բերմանը, սա կիրառելի է, օրինակ, ասպիրինով (սալիցիլատներով) գերդոզավորման կամ թունավորման դեպքում։ Միզամուղների չարաշահում երբեմն դիտվում է սնման խանգարմամբ անձանց շրջանում, մասնավորապես՝ նյարդային բուլիմիայով մարդկանց մոտ, ովքեր ամեն կերպ փորձում են նվազեցնել իրենց քաշը։

Որոշ դիուրետիկների հակագերճնշումային ազդեցությունը (թիազիդներ) անկախ է իրենց միզամուղ էֆեկտից[1]։ Այսինքն, այս պրեպարատների կողմից արյան ճնշման իջեցումը կապված չէ ուժեղացած միզարտադրությամբ պայմանավորված արյան ծավալի նվազման հետ, այն միջնորդված է այլ մեխանիզմներով և ի հայտ է գալիս ավելի փոքր դոզաների պարագայում, քան պետք է դիուրեզի հասնելու համար։ Մասնավորապես, հենց այս նպատակով էր սինթեզվել ինդապամիդը, որը գերճնշման պարագայում ունի ավելի լայն թերապևտիկ պատուհան (առանց արտահայտված դիուրեզի), քան մնացած միզամուղները։ Վերջինս օժտված է լրացուցիչ՝ ուղղակի անոթալայնիչ ազդեցությամբ, պայմանավորված դեպի անոթի հարթ մկան կալցիումական իոնների ներթափանցման ընկճմամբ։

Դեղախմբեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Միզամուղների տարբեր դեղախմբերը և երիկամներում դրանց ազդեցության թիրախները։

Կանթային միզամուղներ /«բարձրառաստաղային»[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարձրառաստաղային միզամուղները օժտված են ուժեղ դիուրետիկ հատկությամբ՝ դուրս են բերում ֆիլտրված NaCl-ի և ջրի մինչև 20%-ը[2]։ Համեմատության համար, երիկամի նորմալ ֆիզիոլոգիական հետներծծման ժամանակ ֆիլտրված նատրիումի միայն 0,4%-ն է անցնում երկրորդային մեզ։ Պայմանավորված շատ ուժեղ միզամուղ ազդեցությամբ, այս խումբը ստացել է «բարձրառաստաղային» բնորոշումը։ Կանթային միզամուղները, ինչիպիսին է, օրինակ, ֆուրոսեմիդը, Հենլեյի կանթի վերել հատվածում ընկճում են նատրիումի և քլորի ակտիվ հետներծծումը, ինչը բերում է ջրի հեռացմանը մեզով, քանի որ նորմայում ջուրը հետևում է նատրիումի իոններին։ Միաժամանակ, օրգանիզմում կատարվում է կալիումի և մագնեզիումի իոնների հեռացման ուժգնացում։ Բարձրառաստաղային այլ միզամուղներ են էտակրինաթթուն և տորասեմիդը։

Թիազիդային միզամուղներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիազիդային միզամուղները, ինչպիսին է, օրինակ, հիդրոքլորթիազիդը, ազդում են հեռակա ոլորուն խողովակների վրա՝ ընկճելով Na+-Cl սիմպորտերը, հանգեցնելով ջրի պահմանը մեզում, քանի որ ջուրը որպես կանոն հետևում է լուծելի իոններին։ Օրգանիզմի կողմից ջրի կորստի աճը հանգեցնում է հաճախակի միզարձակման։ Կարճատև հակագերճնշումային ազդեցությունը պայմանավորված է թիազիդների կողմից սրտի նախաբեռնվածության իջեցմամբ, ինչը իր հերթին բերում է ճնշման իջեցման։ Մյուս կողմից, երկարատև կիրառման պարագայում, զարգանում է անհայտ ծագման անոթալայնիչ ազդեցություն, որը իջեցնում է զարկերակային ճնշումը անոթային դիմադրության նվազման հաշվին[3]։

Մոտակա ոլորուն խողովակ, ներկայացված է կարբոանհիդրազ ֆերմենտի աշխատանքը։

Կարբոանհիդրազ ֆերմենտի ընկճողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարբոանհիդրազ ֆերմենտի ընկճողները ընկճում են նշված ֆերմենտի աշխատանքը մոտակա ոլորուն խողովակում։ Սա հանգեցնում է մեզում բիկարբոնատների կուտակման ու նատրիումի հետներծծման ընկճման։ Այս շարքի դեղերից են ացետազոլամիդը և մեթազոլամիդը։

Կալիումապահպան միզամուղներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս դեղամիջոցները չեն նպաստում կալիումի դուրս բերմանը մեզով, արդյունքում կալիումը պահպանվում է արյան մեջ և, ի համեմատ այլ դիուրետիկների, չի հեռացվում այլ իոնների հետ։ «Կալիումապահպան» տերմինը ավելի շատ բնութագրում է ազդեցությունը, քան դրա մեխանիզմը կամ թիրախը․ այնուամենայնիվ այս տերմինով բնութագրվում են երկու խմբի միզամուղներ, որոնք ունեն նմանատիպ ազդեցություն ու թիրախներ.

  • Ալդոստերոնի անտագոնիստներ․ սպիրոնոլակտոն , այն ալդոստերոնի մրցակցային անտագոնիստ է։ Ալդոստերոնը նորմայում կապվելով հիմնային բջիջներում տեղակայված ընկալիչների հետ շատացնում է նատրիումական անցուղիների քանակը նեֆրոնի հեռակա ոլորուն ու հավաքող խողովակներում։ Սպիրոնոլակտոնը պաշարում է ալդոստերոնային ընկալիչները՝ ընկճելով նատրիումի հետներծծումը։ Այս շարքից են նաև էպլերենոնը և կալիումի կանրեոնատը։
  • Էպիթելիալ նատրումական անցուղիների պաշարիչներ․ ամիլորիդ և տրիամտերեն, իրենցից ներկայացնում են ալդոստերոնի անուղղակի անտագոնիստներ։

Կալցիումապահպան միզամուղներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Կալցիումապահպան» տերմինը մատնանշում է, որ միզամուղը առաջացնում է կալցիում իոնի հարաբերականորեն ցածր աստիճանի էքսկրեցիա[4]։

Մեզում կալցիումի պարունակության իջեցումը կարող է հանգեցնել պլազմայում վերջինիս մակարդակի աճին։ Կալցիումապահպան ազդեցությունը կարող է կարևոր լինել հատկապես հիպոկալցեմիայի ժամանակ կամ անցանկալի լինել հիպերկալցեմիայի ռիսկի պարագայում։

Թիազիդները և կալիումապահպան միզամուղները համարվում են կալցիումապահպան միջոցներ[5]։

  • Թիազիդները նպաստում են մեզում կալցիումի բացարձակ քանակի նվազմանը[6]։
  • Չնայած, որ կալիումապահպան միջոցների դեպքում մեզում կալցիումի բացարձակ պարունակությունը աճում է, այդ աճը ի տարբերություն այլ շարքի միզամուղների չնչին է[6]։

Համեմատության համար, կանթային միզամուղները հանգեցնում են մեզով կալցիումի զգալի կորստի[7]։ Սա հատկապես ռիսկային է ոսկրերի ապահանքայնացման ու ոսկրանյութի նոսրացման պարագայում[8]։

Օսմոտիկ միզամուղներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օսմոտիկ միզամուղները (օր՝ մանիտոլ) նյութեր են, որոնք մեծացնում են օսմոլյառությունը՝ շատացնում են արյան պլազմայում և խողովակային հեղուկում օսմոտիկ ակտիվ նյութերի խտությունը, սակայն օժտված են սահմանափակ թափանցելիությամբ խողովակային էպիթելով․ նրանք թափանցելի են երիկամի կծիկային պատնեշի համար, բայց անթափանց են երիկամային խողովակների համար։ Նրանց աշխատանքի հիմքում ընկած է նաև արտաբջջային հեղուկի և պլազմայի ծավալի մեծացումը, ինչը իր հերթին մեծացնում է երիկամային արյունահոսքը՝ հատկապես դեպի հարխողովակային մազանոթներ։ Օսմոտիկ դիուրետիկների հիմնական ազդեցության շրջանը մոտակա ոլորուն խողովակներն են ու Հենլեի կանթի վայրէջ հատվածը։ Այս շրջանը ազատ թափանցելի է ջրի համար։ Օսմոտիկ էֆեկտի շնորհիվ նրանք նաև ընկճում են հակամիզամուղ հորմոնի աշխատանքը հավաքող խողովակում։ Հետ չներրծվող նյութերի առկայությունը, ինչպիսին է մանիտոլը, մեծացնում է մեզի օսմոլյառությունը և խանգարում ջրի հետներծծմանը, որի հետևանքով մեզի ծավալը աճում է։

Մեզի հոսքի արագացումը նվազեցնում է հեղուկի և խողովակային էպիթելի միջև շփման տևողությունը, ինչը նվազեցնում է նաև նատրիումի հետներծծումը։ Սակայն առաջացող նատրիուրեզը ավելի թույլ է, քան ջրի կորուստը, ինչի հետևանքով առաջանում է մասիվ ջրի կորուստ և հիպերնատրեմիա։

Գլյուկոզը, ինչպես և մանիտոլը, պարզ շաքար է և օսմոտիկ ակտիվ նյութ։ Ի տարբերություն մանիտոլի, այն նորմայում առկա է արյան մեջ։ Այնուամենայնիվ, որոշ վիճակներում, ինչպիսին է, օրինակ, շաքարային դիաբետը, արյան մեջ գլյուկոզի կոնցենտրացիան սկսում է գերազանցել (հիպերգլիկեմիա) երիկամների առավելագույն հետներծծման թողունակությանը։ Այդ ժամանակ գլյուկոզը կուտակվում է առաջնային մեզում՝ կծիկային ֆիլտրատում, նպաստելով մեզում ջրի օսմոտիկ պահմանը։ Գլյուկոզուրիան (շաքարամիզություն) բերում է առավելապես հիպոտոնիկ հեղուկի և նատրիումի կորստի, ինչը հանգեցնում է ջրազրկման, որն արտահայտվում է լորձաթաղանթների չորությամբ, ցածր ճնշումով (հիպոտենզիա), հաճախասրտությամբ և մաշկի տուրգորի իջեցմամբ։ Որոշ դեղերի օգտագործումը, մասնավորապես՝ խթանիչների, նույնպես կարող է բարձրացնել արյան գլյուկոզի մակարդակը և նպաստել մեզով վերջինիս դուրսբերմանը։

«Ցածրառաստաղային» միզամուղներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ցածրառաստաղային» տերմինը կիրառվում է այն պարագայում, երբ միզամուղի դոզա կախյալ էֆեկտի կորը արագ հարթվող է (ի տարբերություն «բարձրառաստաղային» դեղամիջոցների, որոնց դեպքում կորը մոտ է գծայինին)։ Այս խմբին կարելի է դասել, օրինակ, թիազիդներին[9]։

Ազդեցության մեխանիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միզամուղները ունեն կարևոր թերապևտիկ նշանակություն։ Նախևառաջ, նրանք արդյունավետ իջեցնում են զարկերակային ճնշումը։ Կանթային ու թիազիդային միազամուղները սեկրեցվում են մոտակա ոլորուն խողովակում օրգանական անիոնային փոխադրիչ-1-ի միջոցով, ապա, կանթայինները Հենլեի կանթի վերել հաստ հատվածում կապվելով Na+-K+-2Cl- 2-րդ տիպի կոտրանսպորտերի հետ, իսկ թիազիդները հեռակա ոլորուն խողովակիկներում՝ Na+-Cl--ական կոտրանսպորտերի հետ, ընկճում են դրանց ու ցուցաբերում միզամուղ ազդեցություն[10]։ Ստորև աղյուսակում ներկայացված է տարածված միզամուղների դաակարգումն ու ազդեցության մեխանիզմը։

Խումբ Ներկայացուցիչներ Ազդեցության մեխանիզմ Ազդեցության տեղակայում, նեֆրոնի թիրախային օջախ
էթանոլ, ջուր Ընկճում են հակամիզամուղային հորմոնի (վազոպրեսին) արտադրությունը։
Թթվայնացնող աղեր կալցիումի քլորիդ, ամոնիումի քլորիդ 1.խողովակներ
Արգինին-վազոպրեսինային ընկալիչ 2-ի անտագոնիստներ ամֆոտերիցին B, լիթիում [11][12] Ընկճում են հակամիզամուղային հորմոնի (վազոպրեսին) ազդեցությունը։ 5. հավաքող խողովակ
Վազոպրեսինային V2 ընկալիչների ընտրողական անտագոնիստներ (աքվարետիկներ) տոլվապտան[13], կոնիվապտան Վազոպրեսինի հետ մրցակցային անտագոնիզմը հանգեցնում է երիկամների հավաքող խողովակների ապիկալ մեմբրանին ազատ աքվապորինային անցուղիների քանակի նվազմանը, ինչը բերում է ջրի հետներծծման թուլացմանը։ Արդյունքում ազատ ջրի հեռացումը մեծանում է (աքվարեզ), արյան պլազմայում բարձրանում է նատրիումի կոնցենտրացիան, նվազում է մեզի օսմոլյառությունը և աճում մեզի դուրս բերվող քանակը[14]։ 5. հավաքող խողովակ
Նատրիում-պրոտոնային փոխանակչի (անտիպորտերի) անտագոնիստներ դոֆամին[15] Նպաստում են Na+-ի դուրս բերմանը։ 2. մոտակա ոլորուն խողովակ[15]
Կարբոանհիդրազ ֆերմենտի ընկճողներ ացետազոլամիդ[15], դորզոլամիդ Ընկճում են H+-ի սեկրեցիան և այդպիսով նպաստում Na+-ի և K+-ի էքսկրեցիային։ 2. մոտակա ոլորուն խողովակ
Կանթային միզամուղներ բումետանիդ[15], էտակրինաթթու[15], ֆուրոսեմիդ[15], տորասեմիդ Ընկճում են Na+-K+-2Cl- սիմպորտերը (NKCC կոտրանսպորտերը)։ 3. միջուկային հաստ վերել հատված
Օսմոտիկ միզամուղներ գլյուկոզ (մասնավորապես անկառավարելի դիաբետի դեպքում), մանիտոլ Խթանում են օսմոտիկ դիուրեզը։ 2.մոտակա խողովակներ, վայրէջ հատված
Կալիումապահպան միզամուղներ ամիլորիդ, սպիրոնոլակտոն, էպլերենոն, տրիամտերեն, կալիումի կանրեոնատ Սպիրոնոլակտոնը ընկճում է ալդոստերոնի աշխատանքը, ամիլորիդը պաշարում է էպիթելիալ նատրիումական անցուղիները[15]։ 5. կեղևային հավաքող խողովակներ
Թիազիդներ բենդրոֆլումեթիազիդ, հիդրոքլորթիազիդ Ընկճում են հետներծծումը՝ պաշարելով Na+/Cl սիմպորտերը։ 4. հեռակա ոլորուն խողովակներ
Քսանտիններ կոֆեին, թեոֆիլին, թեոբրոմին Ընկճում են Na+-ի հետներծծումը, բարձրացնում կծիկային ֆիլտրացիայի արագությունը։ 1. խողովակներ

Քանի որ միզամուղ միջոց կարող է համարվել ցանկացած միացություն, որը խթանում է միզարտադրությունը, աքվարետիկները, որոնք առաջացնում են ազատ ջրի կորուստ, կարող են դիտարկվել որպես միզամուղների ենթախումբ։ Այս շարքին կարող են դասվել բոլոր հիպոտոնիկ ջրային լուծույթները, ներառյալ մաքուր ջուրը, սև և կանաչ թեյերը, ինչպես նաև բուսական բաղադրիչներով թեյը։

Կողմնակի ազդեցություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միզամուղների հիմնական կողմնակի ազդեցություններից են հիպովոլեմիան, հիպոկալեմիան, հիպերկալեմիան, հիպոնատրեմիան, մետաբոլիկ ալկալոզը, մետաբոլիկ ացիդոզը և հիպերուրիկեմիան[15]։

Կողմնակի ազդեցություն Միզամուղներ Ախտանիշներ
հիպովոլեմիա
  • կանթային միզամուղներ[15]
  • թիազիդներ[15]
հիպոկալեմիա
  • ացետազոլամիդ[15]
  • կանթային միզամուղներ[15]
  • թիազիդներ[15]
հիպերկալեմիա
հիպոնատրեմիա
  • թիազիդներ[15]
  • ֆուրոսեմիդ[15]
մետաբոլիկ ալկալոզ
  • կանթային միզամուղներ[15]
  • թիազիդներ[15]
մետաբոլիկ ացիդոզ
  • ացետազոլամիդ[15]
  • ամիլորիդ[15]
  • տրիամտերեն[15]
  • Կուսմաուլի շնչառություն[15]
  • մկանային թուլություն
  • նյարդաբանական նշաններ[15]
    • լեթարգիա
    • կոմա
    • ցնցումներ
    • ստուպոր
հիպերկալցեմիա
  • թիազիդներ[15]
հիպերուրիկեմիա
  • թիազիդներ[15]
  • կանթային միզամուղներ[15]

Չարաշահումները սպորտում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաճախ միզամուղները կիրառվում են սպորտում խթանիչների (դոպինգի) ու թմրամիջոցների օգտագործման փաստը քողարկելու համար[16]։ Միզամուղները խթանում են միզարտադրությունը, շատացնում մեզի ծավալը և նոսրացնում, լուծում դոպինգային պրեպարատներն ու դրանց արգասիքները։ Միզամուղները կիրառվում են նաև քաշը արագ նվազեցնելու նպատակով՝ համապատասխան քաշային կարգին հասնելու համար այնպիսի սպորտաձևեևորում, ինչպիսիք են բոքսն ու ըմբշամարտը[17][18]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Characterization of the antihypertensive effect of a thiazide diuretic in angiotensin II-induced hypertension»։ Journal of Hypertension 19 (9): 1601–6։ September 2001։ PMID 11564980։ doi:10.1097/00004872-200109000-00012 
  2. Drug Monitor – Diuretics Archived January 17, 2008, at the Wayback Machine.
  3. Julio D. Duarte, Rhonda M. Cooper-DeHoff (April 1, 2011)։ «Mechanisms for blood pressure lowering and metabolic effects of thiazide and thiazide-like diuretics»։ Expert Review of Cardiovascular Therapy 8 (6): 793–802։ PMC 2904515։ PMID 20528637։ doi:10.1586/erc.10.27 
  4. «Mineral excretion following furosemide compared with bumetanide therapy in premature infants»։ Pediatr. Nephrol. 9 (2): 159–62։ April 1995։ PMID 7794709։ doi:10.1007/BF00860731 
  5. «Modifiable predictors of bone loss in older men: a prospective study»։ Am J Prev Med 26 (5): 436–42։ June 2004։ PMID 15165661։ doi:10.1016/j.amepre.2004.02.013 
  6. 6,0 6,1 Champe, Pamela C., Richard Hubbard Howland, Mary Julia Mycek, Harvey, Richard P. (2006)։ Pharmacology։ Philadelphia: Lippincott William & Wilkins։ էջեր 269։ ISBN 978-0-7817-4118-7 
  7. «Dose-effect relations of loop- and thiazide-diuretics on calcium homeostasis: a randomized, double-blinded Latin-square multiple cross-over study in postmenopausal osteopenic women»։ Eur. J. Clin. Invest. 33 (1): 41–50։ January 2003։ PMID 12492451։ doi:10.1046/j.1365-2362.2003.01103.x 
  8. «Loop diuretics increase bone turnover and decrease BMD in osteopenic postmenopausal women: results from a randomized controlled study with bumetanide»։ J. Bone Miner. Res. 21 (1): 163–70։ January 2006։ PMID 16355285։ doi:10.1359/JBMR.051003 
  9. Mutschler, Ernst (1995)։ Drug actions: basic principles and therapeutic aspects։ Stuttgart, German: Medpharm Scientific Pub։ էջ 460։ ISBN 978-0-8493-7774-7 
  10. «The target-specific transporter and current status of diuretics as antihypertensive»։ Fundam Clin Pharmacol 26 (2): 175–9։ Apr 2012։ PMID 22145583։ doi:10.1111/j.1472-8206.2011.01012.x 
  11. Ajay K. Singh, Gordon H. Williams (12 January 2009)։ Textbook of Nephro-Endocrinology։ Academic Press։ էջեր 250–251։ ISBN 978-0-08-092046-7 
  12. L. Kovács, B. Lichardus (6 December 2012)։ Vasopressin: Disturbed Secretion and Its Effects։ Springer Science & Business Media։ էջեր 179–180։ ISBN 978-94-009-0449-1 
  13. Schrier Robert W., Gross Peter, Gheorghiade Mihai, Berl Tomas, Verbalis Joseph G., Czerwiec Frank S., Orlandi Cesare (2006-11-16)։ «Tolvaptan, a Selective Oral Vasopressin V2-Receptor Antagonist, for Hyponatremia»։ New England Journal of Medicine 355 (20): 2099–2112։ ISSN 0028-4793։ PMID 17105757։ doi:10.1056/NEJMoa065181 
  14. Reilly Timothy, Chavez Benjamin (2009-10-01)։ «Tolvaptan (samsca) for hyponatremia: is it worth its salt?»։ Pharmacy and Therapeutics 34 (10): 543–547։ PMC 2799145 
  15. 15,00 15,01 15,02 15,03 15,04 15,05 15,06 15,07 15,08 15,09 15,10 15,11 15,12 15,13 15,14 15,15 15,16 15,17 15,18 15,19 15,20 15,21 15,22 15,23 15,24 15,25 15,26 15,27 15,28 15,29 15,30 15,31 15,32 15,33 15,34 15,35 15,36 15,37 15,38 15,39 15,40 15,41 15,42 15,43 Boron Walter F. (2004)։ Medical Physiology: A Cellular And Molecular Approach։ Elsevier/Saunders։ էջ 875։ ISBN 978-1-4160-2328-9 
  16. Bahrke Michael (2002)։ Performance-Enhancing Substances in Sport and Exercise 
  17. Agence France Presse (2012-07-17)։ «UCI announces adverse analytical finding for Frank Schleck»։ VeloNews։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-19-ին։ Վերցված է 2012-07-18 
  18. «The abuse of diuretics as performance-enhancing drugs and masking agents in sport doping: pharmacology, toxicology and analysis»։ British Journal of Pharmacology 161 (1): 1–16։ September 2010։ PMC 2962812։ PMID 20718736։ doi:10.1111/j.1476-5381.2010.00789.x 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]