Հակամիզամուղային հորմոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արգինին-վազոպրեսին
Հորմոնի կառուցվածք

Հակամիզամուղային հորմոն (ՀՄՀ, վազոպրեսին), հիպոթալամուսի առջևի կորիզներում սինթեզվող և նեյրոհիպոֆիզից արտադրվող հորմոն։ Մասնակցում է ջրաաղային փոխանակությանը։ Կաթնասունների ու թռչունների մոտ արգինին-վազոպրեսինն է, իսկ խոզերի և վարազների մոտ՝ լիզին-վազոպրեսինը։ ՀՄՀ-ի հիմնական թիրախ-օրգանները երիկամներն են ու արյունատար անոթները։ ՀՄՀ-ի ազդեցությամբ նվազում է արտադրվող մեզի քանակը, մեծանում է դրա խտությունը, բարձրանում արյան ճնշումը։ Կիսատրոհման պարբերությունը 16-24 րոպե է։[1]

Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՄՀ-ի հիմնական ընկալիչները գտնվում են նեֆրոնների հեռադիր ոլորուն և հավաքող խողովակներում, որտեղ հորմոնը մեծացնում է ջրի հետներծծումը։[1][2]

ՀՄՀ-ի պարունակությունն ավելի մեծ է չոր բնակլիմայական տարածքներում ապրող կենդանիների՝ օրինակ՝ ուղտերի մոտ, և հակառակը, քիչ է բարձր խոնավության պայմաններում ապրող կենդանիների մոտ։ ՀՄՀ-ն մեծացնում է նաև ներքին օրգանների հարթ մկանների լարվածությունը։ Այն մեծ քանակներով նեղացնում է նախամազանոթային զարկերակիկները, որի հետևանքով բարձրանում է ծայրամասային անոթային դիմադրությունն ու արյան ճնշումը։ Այստեղից էլ առաջացել է դրա երկրորդ անունը՝ վազոպրեսին։ Ոչ կաթնասուն ողնաշարավորների նեյրոհիպոֆիզից արտադրվում և այդ նույն ֆունկցիաները կատարում է վազոտոցին հորմոնը։

ՀՄՀ-ն մասնակցում է նաև արյան մակարդմանը, քանի որ լյարդում խթանում է արյան մակարդման որոշ գործոնների, հատկապես՝ VIII գործոնի արտադրությունն ու թրոմբոցիտների միացքավորումը (ագրեգացիան)։

ՀՄՀ-ի ընկալիչներ կան նաև ուղեղում։ ՀՄՀ-ն մասնակցում է հիշողության մեխանիզմներին, ակտիվացնում է ծարավի կենտրոնը և մասնակցում է ջուր խմելու վարքի ձևավորմանը, սոցիալական և սեքսուալ վարքին։

Այս հորմոնը բարձրացնում է ագրեսիվությունը, մասնակցում է կենդանիների հայրական բնազդի և տղամարդկանց «հայրական սիրո» ձևավորմանը։[3][4] ՀՄՀ-ն քիմիական կազմով նման է օքսիտոցինին, ուստի մեծ քանակների դեպքում կարող է կապվել վերջինիս ընկալիչներին և մեծացնել արգանդի լարվածությունը, խթանել կծկումներն ու նեղացնել անոթները։[5]

Ընկալիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՄՀ-ի նկատմամբ կան 2 տեսակի ընկալիչներ՝ V1 և V2։ V1 ընկալիչները տեղակայված են արյունատար անոթների հարթ մկաններում։ Արդյուքնում բարձրանում է ներբջջային Ca-ի խտաստիճանը, առաջանում է մկանների կծկում և անոթների նեղացում։[6]

V2 ընկալիչները տեղակայված են նեֆրոնների հեռադիր և հավաքող խողովակներում։ Սրանց և հորմոնի փոխազդման շնորհիվ ուժեղանում է թաղանթային սպիտակուց ակվապորին-2-ի սինթեզն ու դրա տեղակայումը խողովակների թաղանթի ապիկալ մասում՝ ձևավորելով ջրի անցուղիներ։ V2 ընկալիչներն ավելի զգայուն են ՀՄՀ-ի նկատմամբ, այդ պատճառով V1 ընկալիչներով հարուցված անոթասեղմիչ ազդեցություններն ի հայտ են գալիս ՀՄՀ-ի բարձր խտաստիճանների դեպքում միայն։[7]

ՀՄՀ-ի անբավարար արտադրությունը նպաստում է ոչ շաքարային շատամիզության առաջացմանը, որն ուղեկցվում է անհագ ծարավով և շատախմությամբ։ Հիվանդ մարդն այս դեպքում օրական կարող է կորցնել 10-15 լ մեզ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Babar SM (October 2013). "SIADH associated with ciprofloxacin". Ann Pharmacother 47 (10): 1359–63. doi:10.1177/1060028013502457. PMID 24259701
  2. Caldwell HK, Young WS III (2006). "Oxytocin and Vasopressin: Genetics and Behavioral Implications". In Lajtha A, Lim R. Handbook of Neurochemistry and Molecular Neurobiology: Neuroactive Proteins and Peptides (3rd ed.). Berlin: Springer. pp. 573–607. ISBN 0-387-30348-0.
  3. Young LJ (October 2009). "The neuroendocrinology of the social brain". Front Neuroendocrinol 30 (4): 425–8. doi:10.1016/j.yfrne.2009.06.002. PMID 19596026.
  4. Lolait SJ, Stewart LQ, Jessop DS, Young WS, O'Carroll AM (February 2007). "The hypothalamic-pituitary-adrenal axis response to stress in mice lacking functional vasopressin V1b receptors". Endocrinology 148 (2): 849–56. doi:10.1210/en.2006-1309. PMC 2040022. PMID 17122081
  5. Acher R, Chauvet J (July 1995). "The neurohypophysial endocrine regulatory cascade: precursors, mediators, receptors, and effectors". Front Neuroendocrinol 16 (3): 237–89. doi:10.1006/frne.1995.1009. PMID 7556852
  6. Kaufmann JE, Oksche A, Wollheim CB, Günther G, Rosenthal W, Vischer UM (July 2000). "Vasopressin-induced von Willebrand factor secretion from endothelial cells involves V2 receptors and cAMP". J. Clin. Invest. 106 (1): 107–16. doi:10.1172/JCI9516. PMC 314363. PMID 10880054
  7. Knepper MA, Kim GH, Fernández-Llama P, Ecelbarger CA (1999). "Regulation of thick ascending limb transport by vasopressin". J. Am. Soc. Nephrol. 10 (3): 628–34. PMID 10073614