Jump to content

Ալդոստերոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ալդոստերոն, մակերիկամների կեղևային գոտու կծիկային շերտում սինթեզվող հորմոն, որը մասնակցում է ջրաաղային փոխանակությանը։ Հանքակորտիկոիդային հորմոններից ամենաակտիվն է[1][2][3]։ Ալդոստերոնն առաջին անգամ ստացվել է Սիլվիա Ագնես Սոֆիա Թաիթի (Sylvia Agnes Sophia Tait) և Ջեյմս Ֆրանցիս Թաիթի (James Francis Tait) կողմից 1953 թվականին[4]։

Կարտիկոստերոն

Ֆիզիոլոգիական նշանակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ստերոիդային հորմոնների սինթեզի գծապատկեր
Ռենին-անգիոթենզին-ալդոստերոնային համակարգ

Հանքակորտիկոիդների հիմնական ֆունկցիան օրգանիզմում ջրի և հանքային աղերի հավասարակշռության պահպանումն ու դրանց փոխանակության կարգավորումն է։ Հանքակորտիկոիդները նատրիումը և ջուրը պահող և կալիումամուղ հորմոններ են[3][5]։ Ալդոստերոնն իր ֆունկցիաներով նատրիումամուղ հորմոնի անտագոնիստն է[5][6][7]։

Ալդոստերոնի հիմնական թիրախը նեֆրոնի Հենլեի կանթի վերընթաց ծունկն է և հեռադիր խողովակիկները, որտեղ հորմոնն ուժեղացնում է նատրիումի հետներծծումն առաջնային մեզից և նպաստում կալիումի, ջրածնի իոնների և ամոնիակի արտահանմանն օրգանիզմից[8][9]։ Նատրիումի իոնների ակտիվ փոխադրումն ուղեկցվում է քլորի իոնների և ջրի պասիվ հետներծծմամբ, որի հետևանքով արյան ծավալը մեծանում է, ռեակցիան տեղաշարժվում է հիմնայինի կողմը, իսկ արյան ճնշումը՝ մեծանում։

Ալդոստերոնի ազդեցությամբ նատրիումի իոնների հետներծծման խթանումը տեղի է ունենում ոչ միայն նեֆրոնում, այլև միզապարկի պատի, քրտնագեղձերի, ճարպագեղձերի, ստամոքսաաղիքային ուղու գեղձերի արտատար ծորանների էպիթելային բջիջներում։ Արյունատար անոթների պատի բջիջներում, հեպատոցիտներում, կմախքային մկանի և սրտամկանի միոցիտներում հորմոնը նպաստում է նատրիումի ու ջրի փոխադրմանը բջջի ներս և կալիումի արտահանմանը։

Ալդոստերոնի և կորիզում ու ցիտոպլազմայում տեղակայված համապատասխան ընկալիչների փոխազդման արդյունքում ակտիվանում են բջջային ԴՆԹ-ի այն հատվածները, որոնք պատասխանատու են նեֆրոնի խողովակներում հետևյալ սպիտակուցների սինթեզի համար.

  • խողովակի միջից դեպի խողովակի էպիթելային բջիջ նատրիում տեղափոխող[10],
  • Na-K-ԱԵՖ-ազ, որը Na-ի իոնները տեղափոխում է խողովակների էպիթելից դեպի միջհյուսվածքային տարածություն,
  • խողովակների բջիջներից դեպի խողովակների լուսանցք K-ի իոններ տեղափոխող[11],
  • ֆերմենտներ, որոնք խթանում են ԱԵՖ-ի սինթեզը։

Հանքակորտիկոիդների գերարտադրությունն ուժեղացնում է բորբոքային և իմունային ռեակցիաները, որի պատճառով դրանց անվանում են նաև նախաբորբոքային հորմոններ: Նատրիումի և ջրի պահումն օրգանիզմում, ջրածնի և կալիումի կորուստն ուղեկցվում են հյուսվածքների այտուցով, արյան ճնշման բարձրացմամբ, նյարդային համակարգի, կմախքային մկանների և սրտամկանի դրդունակության բարձրացմամբ։ Նախաբորբոքային ազդեցությունը պայմանավորված է նաև անոթների թափանցելիության բարձրացմամբ, որը նպաստում է արյունից հյուսվածքներ լեյկոցիտների գաղթին։

Կորտիկոստերոիդների կենսասինթեզի ուղին

Ալդոստերոնի սինթեզի կարգավորումը հիմնականում կատարվում է ռենին-անգիոթենզին-ալդոստերոնային համակարգով, որն օրգանիզմի ջրաաղային հաշվեկշռի և հեմոդինամիկայի պահպանման հիմնական համակարգն է[12][13][14]։ Ռենինի ազդեցությամբ առաջացող անգիոթենզին-2-ը խթանում է ալդոստերոնի արտադրությունը։ Ալդոստերոնի սինթեզը կարգավորվում է նաև ինքնակարգավորման հետադարձ բացասական կապի սկզբունքով։ Արյան մեջ Na-ի անբավարարությունն ու K-ի ավելցուկն ազդում են մակերիկամների կծիկային գոտու բջիջների վրա և ակտիվացնում հորմոնի արտադրությունը։ Ալդոստերոնի արտադրությունը մասամբ խթանվում է նաև ԱԿՏՀ-ի ազդեցությամբ։ Ալդոստերոնի սոկրեցիան ենթարկվում է օրական ռիթմերին[15]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Jaisser F, Farman N (2016 թ․ հունվար). «Emerging Roles of the Mineralocorticoid Receptor in Pathology». Pharmacological Reviews. 68: 49–75. doi:10.1124/pr.115.011106.
  2. Marieb, Elaine Nicpon; Hoehn, Katja (2013). «Chapter 16». Human anatomy & physiology (9th ed.). Boston: Pearson. էջեր 629, Question 14. OCLC 777127809.
  3. 1 2 Hu C, Rusin CG, Tan Z, Guagliardo NA, Barrett PQ (2012 թ․ հունիս). «Zona glomerulosa cells of the mouse adrenal cortex are intrinsic electricaloscillators». J Clin Invest. 122 (6): 2046–2053. doi:10.1172/JCI61996. PMID 22546854.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  4. Williams JS, Williams GH (2003 թ․ հունիս). «50th anniversary of aldosterone». J Clin Endocrinol Metab. 88 (6): 2364–72. doi:10.1210/jc.2003-030490. PMID 12788829. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 17-ին.
  5. 1 2 Marieb Human Anatomy & Physiology 9th edition, chapter:16, page:629, question number:14
  6. Bauer JH, Gauntner WC (1979 թ․ մարտ). «Effect of potassium chloride on plasma renin activity and plasma aldosterone during sodium restriction in normal man». Kidney Int. 15 (3): 286–93. doi:10.1038/ki.1979.37. PMID 513492.
  7. Linas SL, Peterson LN, Anderson RJ, Aisenbrey GA, Simon FR, Berl T (1979 թ․ հունիս). «Mechanism of renal potassium conservation in the rat». Kidney Int. 15 (6): 601–11. doi:10.1038/ki.1979.79. PMID 222934.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  8. Rector, Floyd C.; Brenner, Barry M. (2004). Brenner & Rector's the kidney. Philadelphia: Saunders. ISBN 0-7216-0164-2. OCLC 51838812.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  9. Sherwood, Lauralee (2001). Human physiology: from cells to systems. Pacific Grove, CA: Brooks/Cole. ISBN 0-534-56826-2. OCLC 43702042.
  10. Ko, Benjamin; Mistry, Abinash C.; Hanson, Lauren; Mallick, Rickta; Wynne, Brandi M.; Thai, Tiffany L.; Bailey, James L.; Klein, Janet D.; Hoover, Robert S. (2013 թ․ սեպտեմբերի 1). «Aldosterone acutely stimulates NCC activity via a SPAK-mediated pathway». American Journal of Physiology. Renal Physiology. 305 (5): F645-652. doi:10.1152/ajprenal.00053.2013. ISSN 1522-1466. PMC 3761211. PMID 23739593.
  11. Palmer, LG; Frindt, G (2000). «Aldosterone and potassium secretion by the cortical collecting duct». Kidney international. 57 (4): 1324–8. doi:10.1046/j.1523-1755.2000.00970.x. PMID 10760062.
  12. Page 866-867 (Integration of Salt and Water Balance) and 1059 (The Adrenal Gland) in: Walter F., PhD. Boron (2003). Medical Physiology: A Cellular And Molecular Approaoch. Elsevier/Saunders. էջ 1300. ISBN 1-4160-2328-3.
  13. Williams GH, Dluhy RG (1972 թ․ նոյեմբեր). «Aldosterone biosynthesis. Interrelationship of regulatory factors». Am J Med. 53 (5): 595–605. doi:10.1016/0002-9343(72)90156-8. PMID 4342886.
  14. Pratt JH (1982 թ․ սեպտեմբեր). «Role of angiotensin II in potassium-mediated stimulation of aldosterone secretion in the dog». J Clin Invest. 70 (3): 667–72. doi:10.1172/JCI110661. PMC 370270. PMID 6286729.
  15. Hurwitz S, Cohen RJ, Williams GH (2004 թ․ ապրիլ). «Diurnal variation of aldosterone and plasma renin activity: timing relation to melatonin and cortisol and consistency after prolonged bed rest». J App Physiol. 96 (4): 1406–14. doi:10.1152/japplphysiol.00611.2003. PMID 14660513. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 17-ին.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)