Ստամոքս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարդու ստամոքսը

Ստամոքսը (venttriculus, gaster) մարսողական ուղու պարկաձև լայնացումն է։ Կերակրափողով անցած ուտելիքը հավաքվում է ստամոքսի մեջ, որտեղ տեղի են ունենում մարսողության պրոցեսի առաջին փուլերը, երբ կերակրանյութի կոշտ մասերը վերածնվում են հեղուկ կամ շիլայանման խառնուրդի: Ստամոքսն ունի առաջային(paries anterior) և հետին(paries posterior) պատեր: Ստամոքսի գոգավոր, վեր ու աջ դարձած եզրը կոչվում է փոքր կորություն(curvatura minor), իսկ ցած ու ձախ դարձած կոր եզրը` մեծ կորություն(curvatura major)։ Փոքր կորության վրա, ավելի մոտ ստամոքսի ելքին, քան մուտքին, նկատվում է մի կտրուճ` incisura angularis, որտեղ փոքր կորության երկու հատվածները միանում են` կազմելով սուր անկյուն(angulus ventriculi)։

Ստամոքսը բաժանում են հետևյալ մասերի` որկորի բացվելու տեղը կոչվում է ստամոքսամուտք (ostium candiaca), նրան հարակից շրջանը` pars cardiaca, տասներկումատնյա աղիքի սկսման տեղը` ստամոքսաելք(pilorus), իսկ հարակից շրջանը` pars pilorica : Ստամոքսամուտքից ձախ ընկած գմբեթաձև մասը կոչվում է հատակ (fundus) կամ թաղ (fornix)։ Կենդանի մարդկանց ստամոքսի հատակից մինչև ֆիզիոլոգիական սեղմիչն ընկած տարածությունը կոչվում է ստամոքսի մարմին (corpus ventriculi)։

Ստամոքսը տեղավորված է ստոծանու տակ. նրա մեծ մասը (5/6) գտնվում է միջին գծից ձախ։ Իր երկար առանցքով ստամոքսն ուղղված է վերից վար, ձախից աջ և հետևից առաջ։ Ընդ որում ստամոքսամուտքը գտնվում է ողնաշարից ձախ` կրծքային IX կամ X ողնի մակարդակին, իսկ ստամոքսաելքը` կրծքային XII կամ գոտկային I մակարդակին։ Լցված վիճակում ստամոքսը վերևից հպվում է լյարդի ձախ բլթի ստորին երեսին և ստոծանու ձախ գմբեթին, հետևից` ձախ երիկամի վերին բևեռին, մակերիկամին, փայծաղին, ենթաստամոքսային գեղձի առաջային երեսին, ներքևից` բարակ և հաստ աղիներին , առջևից` աջ կողմից լյարդի ու ձախ կողմից` կողերի միջև ընկած որովայնի այտին։ Երբ ստամոքսը դատարկ է պատերի կծկման հետևանքով գնում է խոր և ազատված տարածությունը գրավում է հորիզոնական հաստ աղիքը, այնպես որ նա կարող է պառկել ստամոքսի առջևում անմիջապես ստոծանու տակ։ Ստամոքսի մեծությունը խիստ ձևափոխվում է ինչպես անհատականորեն, այնպես էլ նրա լցվածությամ աստիճանից կախված։ Միջին աստիճանի ձգվածության դեպքում նրա երկարությունը մոտ 20-25 սմ է։ Նրա տարողությունը զգալիորեն կախված է անհատի սննդակարգից և կարող է տատանվել մեկից մինչև մի քանի լիտրի սահմաններում։ Նորածնի ստամոքսի չափերը շատ մեծ չեն(երկարությունը 5 սմ)։

Ստամոքսի կառուցվածքը[խմբագրել]

Ստամոքսի պատը կազմված է 4 շերտից`

  1. լորձաթաղանթային (tunica mucosa)
  2. ենթալորձային հյուսվածք (tela submicosa)
  3. մկանային թաղանթ (tinica muscularis)
  4. շարակցական հյուսվածք (tunica serosa)։

Լորձաթաղանթը կազմված է ստամոքսի հիմնական ֆունկցիային համապատասխան (սննդանյութի քիմիական մշակումը թթվային միջավայրում)։ Դրա հետ կապված լորձաթաղանթում կան հատուկ գեղձեր, որոնք արտադրում են աղաթթու պարունակող ստամոքսային հյութ(succus gastricus)։ Լինում են երկու տեսակի գեղձեր`

  1. ստամոքսի հատակի գեղձեր(glandulae gastricae propriae), որոնք բազմաթիվ են (մեկ քառակուսի միլիմետր մակերեսի վրա մոտ 100 գեղձ), գտնվում են ստամոքսի հատակի և մարմնի շրջանում և պարունակում են երեք տեսակի բջիջներ` գլխավոր (արտադրում են պեպսինոգեն), լրացուցիչ(արտադրում են լորձ), և շրջադիր (արտադրում են աղաթթու):
  2. Ստամոքսաելքի գեղձերը (glandulae pyloricae) կազմված են միայն գլխավոր բջիջներից: Տեղ-տեղ լորձաթաղանթի մեջ ցրված են միայնակ ավշային հանգույցներ(folliculi lymphatici gastrici):

Փոքր կորության երկայքով դասավորված ծալքերն ունեն երկայնաձիգ ուղղություն և կազմում են Վալդեերի ստամոքսային ճանապարհը, որը ստամոքսի մկանների կծկման ժամանակ կարող է դառնալ խողովակ, որի միջով հեղուկ կերակրամասերը (ջուր, աղային լուծույթներ) կարող են որկորից անմիջապես անցնել ստամոքսաելքի մեջ` շրջանցելով ստամոքսի կարդիալ մասը։ Բացի ծալքերից, լորձաթաղանթը ծածկված է կլորավուն բարձիկներով(1-6մմ տրամագծով), որոնք կոչվում են ստամոքսային դաշտեր(areae gastricase). վերջիններիս մակերեսին երևում են ստամոքսային փոսիկների(foveolae gastricae) բազմաթիվ անցքերը(0.2մմ տրամագծով)։ Այդ փոսիկներում էլ բացվում են ստամոքսի գեղձերը։ Ստամոքսի լորձաթաղանթը կարմրա-մոխրավուն է, ընդ որում որկորի մուտքի շրջանում նույնիսկ չզինված աչքով նկատվում է որկորի տափակ էպիթելի (մաշկային տիպի էպիթել) և ստամոքսի գլանաձև էպիթելի(աղիքային տիպի էպիթել) որոշակի սահմանագիծը։

Մկանային պատյանը(tunica muscularis) կազմված է հարթ մկանաթելերից, որոնք նպաստում են կերակրանյութի շաղախմանը և առաջ մղմանը։ Ստամոքսի ձևին համապատասխան պարկի տեսքով նրանք դասավորված են ոչ թե երկու շերտով, ինչպես որկորում, այլ 3 շերտով. արտաքին` երկայնաձիգ(stratum longitudinale), միջին` շրջանաձև(stratum circulare) և ներքին` թեք(fibrae obliquae)։ Երկայնաձիգ մկանաթելերը որկորի նույնանման մկանաթելերի շարունակությունն են։ Մոտենալով ստամոքսաելքին, օղաձև թելերը հաստանում են և ստամոքսաելքի ու տասներկումատնյա աղիքի սահմանում գոյացնում մի մկանային օղ` ստամոքսաելքի սեղմիչի մկանը (m. sphincher pylori), որին համապատասխան գոյանում է լորձաթաղանթի շրջանակաձև ծալքը` ստամոքսամուտքի փականը (valva pylorica), որը ստամոքսաելքի սեղմիչի կծկման ժամանակ ստամոքսի խոռոչը լրիվ բաժանում է տասներկումատնյա աղիքի խոռոչից։ Ստամոքսաելքի սեղմիչը և փականը (sphincter pylori et valvnia pyorica) կազմում են հատուկ հարմարանք, որը կարգավորւմ է կերակրանյութի անցումը աղիքի մեջ և կանխում է նրա հետհոսքը դեպի ստամոքս, այլապես կառաջանար ստամոքսի նորմալ թթվային միջավայրի չեզոքացում։

Թեք մկանաթելերը(fibrae obliquae) կազմում են խրձեր, որոնք օղակաձև կիսագրկում են ստամոքսամուտքը ձախից` կազմելով հենման օղակ, որը թեք խրձերի համար ծառայում է որպես ամրացման կետ(punctum fixum)։

Ստամոքսի պատի արտաքին շերտը շճաթաղանթն է(tunica serosa), որն իրենից ներկայացնում է որովայնամզի համապատասխան մասը։ Շճաթաղանթը սերտորեն ձուլվում է ստամոքսին ամբողջությամբ, բացառությամբ երկու կորությունների, որոնց վրա շճազմի երկու թերթիկների միջով անցնում են խոշոր արյունատար անոթներ:

Մարդկանց մոտ նորմայում կարելի է հանդիպել ստամոքսի ձևի և դիրքի հիմնական 3 տարբերակներ`

  1. Եղջյուրաձև ստամոքս, ստամոքսային ծոցը ընկած է համարյա լայնությամբ` աստիճանաբար նեղանալով դեպի ելքային մասը։
  2. Կարթաձև ստամոքստամոքսի վայրէջ մասը թեքորեն կամ համարյան կախված իջնում է ցած, իսկ վերևի մասը տեղակալված թեքորեն` վարից վեր և աջ։
  3. Գուլպայաձև կամ երկարացած ստամոքս, ստորին մասը ավելի լայնացած է։ Նման է նախորդին(կարթաձև), բայց ունի որոշ տարբերություններ։