Ստամոքսաղիքային համակարգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարսողական համակարգ 1 ստամոքս 2 բարակ աղիք 3 հաստ աղիք 4 կույր աղիք 5 որդանման ելուն 6 ուղիղ աղիք 7 հետանցք

Ստամոքսաղիքային տրակտ (ՍԱ տրակտ, ՍԱՏ, մարսողական տրակտ, մարսողական խողովակ), բերանի խոռոչից մինչև հետանցք ընկած ուղի, որը ներառում է մարդու և այլ կենդանիների մարսողական համակարգի բոլոր օրգանները։ Բերանի միջոցով ընդունված սնունդը հանդիսանում է սննդանյութերի և էներգիայի աղբյուր, իսկ չմարսված մնացորդները դուրս են մղվում որպես կղանք։ Բերանը, կերակրափողը, ստամոքսը և աղիները ստամոքս-աղիքային տրակտի մի մասն են։ Գաստրոինտեստինալ ածականը ներառում է ստամոքսը և աղիները։ Տրակտը հարակից անատոմիական կառուցվածքները և մի շարք միմյանց հետ կապված օրգանները միավորող համակարգ է։

Ողնաշարավոր ու անողնաշարավոր կենդանիների մեծ մասն ունեն մարսողական համակարգ։ Սպունգները և կնիդարիաները անողնաշարավորներ են, որոնց մարսողական համակարգը թերի է՝ ունեն ոչ թե երկու, այլ մեկ բացվածք, որտեղով սնունդը և՛ ընդունվում է, և՛ չմարսված մնացորդներն արտազատվում[1][2]։

ՍԱ համակարգը ներառում է բերանի և հետանցքի միջև եղած բոլոր կառույցները, կազմում է շարունակական անցուղի։ Մարդու ստամոքս-աղիքային համակարգը բաղկացած է կերակրափողից, ստամոքսից և աղիքներից, բաժանված է վերին և ստորին հատվածների։ Այնուամենայնիվ, մարդու ամբողջական մարսողական համակարգը բաղկացած է ստամոքս-աղիքային տրակտից, ինչպես նաև մարսողության օժանդակ օրգաններից (լեզու, թքագեղձեր, ենթաստամոքսային գեղձ, լյարդ և լեղապարկ)։ Տրակտը կարող է նաև բաժանվել առաջային, միջին և հետին աղիքների ՝ արտացոլելով յուրաքանչյուր հատվածի սաղմնաբանական ծագումը։ Մարդու ամբողջ ՍԱ տրակտը դիահերձման ժամանակ ունի մոտ ինը մետր (30 ոտնաչափ) երկարություն։ Կենդանի մարմնում այն բավականին կարճ է, քանի որ աղիները, որոնք հարթ մկանային հյուսվածքի խողովակներ են, կիսալարված վիճակում պահպանում են մկանների տոնուսը, բայց կարող են կծկվել`ապահովելով աղիների պերիստալտիկան[3][4]։

Ստամոքս-աղիքային տրակտը պարունակում է միլիոնավոր մանրէներ, որոնցից շուրջ 4000-ը ունեն տարբեր դերեր իմունային առողջության և նյութափոխանակության պահպանման գործում[5][6][7]։ ՍԱ տրակտի բջիջները հորմոններ են սինթեզում, որոնք օգնում են կարգավորել մարսողական գործընթացը։ Այդ մարսողական հորմոնները, ներառյալ գաստրինը, սեկրետինը, խոլեցիստոկինինը և գրելինը, միջնորդվում են կամ պարակրին կամ աուտոկրին մեխանիզմների միջոցով, ինչը ցույց է տալիս, որ այդ հորմոններն սինթեզող բջիջները պահպանված կառուցվածքներ են ամբողջ էվոլյուցիայի ընթացքում։

Մարդու աղեստամոքսային համակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդու ստամոքս 1 կերակրափող 2 կարդիա 3 հատակ 4 լորձաթաղանթ 5 մկանային շերտ 6 լորձաթաղանթային ծալքեր 7 շճաթաղանթ 8 ստամոքսաելքի խողովակ 9 ստամոքսաելքի սեղման 10 տասներկումատնյա աիք

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառուցվածքը և ֆունկցիան կարող են նկարագրել ինչպես ընդհանուր անատոմիան և միկրոսկոպիկ ամատոմիան, այնպես էլ հյուսվածաբանությունը։ Աղեստամոքսային ուղին բաժանվում է վերին և ստորին ուղիների[8]։

Վերին աղեստամոքսային ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական մասերն են՝ կերակրափողը, ստամոքսը, տասներկումատնյա աղին։ Վերին ստամոքսաղիքային ուղին բաղկացած է բերանից, ըմպանից, կերակրափողից, ստամոքսից, տասներկումատնյա աղիքից։ Ճշգրիտ սահմանազատող գիծը որը բաժանում է վերին և ստորին ուղիները ՝ 12-մատնյա աղու կախակալ մկանն է։ Սաղմնային սահմանների տարբերակումը առաջային աղիքի և միջին աղիքի հանդիսանում է բաժանում, որը հաճախ օգտագործում են կլինիցիստները վերին և ստորին ծագման աղեստամոքսային արյունահոսությունները նկարագրելու համար։ Հատվածավորումից հետո տասներկումատնյա աղիքը կարող է դիտվել ինքնուրույն օրգան, բայց կախված ֆունկցիայից, տեղագրությունից և ներքին ամատոմիայից այն բաժանվում է 4 հատվածի։ 12-մատնյա աղիքի 4 սեգմենտները (սկսված ստամոքսից և ուղղված դեպի բարակ աղիք) հետևյալն են՝ կոճղեզ, վայրէջ, հորիզոնական և վերել։ Կախակալ մկանը կապում է վերել աղու վերին եզրը ստոծանուն։ Կախակալ մկանը կարևոր անատոմիական ուղենիշ է, որը ցույց է տալիս պաշտոնական բաժանում տասներկումատնյա և բարակ աղիների միջև, համապատասխանաբար նաև բարակ աղու առաջին և երկրորդ մասերի միջև[9]։ Այն բարակ մկան է, որը ծագել է սաղմնային մեզոդերմից։

Ստորին աղեստամոքսային ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն ներառում է բարակ աղիքների մեծ մասը և հաստ աղիքն ամբողջությամբ։ Մարդու անատոմիայում աղիքները աղեստամոքսային ուղու այն հատվածն են որոնք սկսվում են ստամոքսի սեղմանից մինչև անալ բացվածք, և ինչպես մնացած կաթնասունների մոտ կազմված է երկու հատվածից՝ բարակ աղի և հաստ աղի։ Մարդկանց մոտ բարակ աղիները բաժանվում են՝ տասներկումատնյա աղի, աղիճ աղիք և զստաղիք, մինչդեռ հաստ աղիքն բաժանվում է կույր, վերել, լայնական, վայրէջ, սիգմայաձև աղիների, ուղիղ աղիքի և հետանցքի[10][11]։

Բարակ աղիքները սկսվում են տասներկումատնյա աղուց, ունի խողովակաձև կառուցվածք և, սովորաբար, 6-7 մ երկարություն։ Նրա լորձաթաղանթը չափահաս մարդկանց մոտ կազմում է մոտ 30 մ²[12]։ Շրջանաձև ծալքավորումները, թավիկները և միկրոթավիկները մեծացնում են լորձաթաղանթի ներծծման մակերեսը մոտ 600 անգամ, ընդհանուր մակերեսը դարձնելով մոտ 250 մ² ամբողջ բարակ աղիքների համար։ Նյութերի ներծծումը դեպի արյուն մարսողության (ներառյալ կարբոհիդրատներ, սպիտակուցներ, լիպիդներ և վիտամիններ) գլխավոր ֆունկցիան է։

Կա 3 մեծ բաժանում.

  1. Տասներկումատնյա աղիք. կարճ հատված է (մոտ 20-25 սմ), որտեղ ստամոքսից բերվում է սննդախյուսը, ենթաստամոքսային հյութի հետ միասին, վերջինս պարունակում է ստամոքսային ֆերմենտներ և լեղապարկից լեղին։ Մարսողական ֆերմենտները քայքայում են սպիտակուցները, իսկ լեղին էմուլգացնում է միցելներում գտնվող ճարպերը։ Այն պարունակում է Բրուների գեղձեր, որոնք առաջացնում են ալկալիներով հարուստ լորձային արտազատուկ, որը պարունակում է բիկարբոնատներ։ Այս արտազատուկը ենթաստամոքսային գեղձի բիկարբոնատների հետ միասին չեզոքացնում են սննդախյուսի մեջ պարունակող թթուները։
  2. Աղիճ աղիք. հանդիսանում է բարակ աղու միջին հատվածը, որը կապում է տասներկումատնյա աղիքն զստաղիքին։ Այն ունի 2,5 մ երկարություն և կազմված է շրջանաձև ծալքերից, որոնք հայտնի են Կերկրինգի ծալքեր անվանմամբ, և թավիկներ որոնք մեծացնում են մակերեսը։ Մարսողական նյութերը (գլյուկոզ, ամինաթթու, ճարպ) այստեղից են ներծծվում դեպի արյուն։
  3. Զստաղիք. բարակ աղու վերջին հատվածն է, ունի 3 մետր երկարություն, թավիկներ, այստեղ ներծծվում են հիմնականում վիտամին B12 և լեղաթթուներ, ինչպես նաև այլ սննդանյութեր։

Հաստ աղիք

Կազմված է կույր աղիքից, վերել, լայնական, վայրէջ, սիգմայաձև, ուղիղ աղիքից և հետանցքից։ Այն իր մեջ ներառում է նաև կույր աղիքի որդանման ելունը։

Հաստ աղիքի մասերն են.

  1. կույր աղիք (հաստ աղու սկզբնահատված) և որդանման ելուն
  2. վերել հաստ աղիք (բարձրանում է որովայնի հետին պատ)
  3. աջ հաստաղիքային ծունկ (ծալված հատված, վերել և լայնական հատվածների միջև, լյարդային ծունկ)
  4. լայնական աղի (անցնում է ստոծանու ստորին հատվածով)
  5. ձախ հաստաղիքային ծունկ (ծալված հատված, լայնական և վայրէջ աղիների միջև, փայծաղային ծունլ)
  6. վայրէջ հաստ աղիք՝ անցնում է որովայնի ձախ մասով
  7. սիգմայաձև հաստ աղիք
  8. ուղիղ աղիք
  9. հետանցք

Հաստ աղու գլխավոր ֆունկցիան ջրի ներծծումն է։ Չափահաս մարդու Լորձաթաղանթի մակերեսը կազմում է մոտ 2 մետր քառակուսի։

Զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղիները զարգանում են էնտոդերմից։ Մարդու զարգացման մոտավորապես 16֊րդ օրը, սաղմը սկսում է ծալվել փորային կողմով (փորային կողմը՝ գոգավոր) 2 ուղղություններով. սաղմի կողմերը ծալվում են միմյանց վրա, իսկ գլուխը և հետին մասը միմյանց վրա։ Արդյունքում, դեղնուցապարկի մի հատվածը, սաղմի փորային հատվածը, որը կապված է էնտոդերմի հետ, սկսում է սեղմվել դառնալով պարզ աղիք (աղիքային խողովակ)։ Դեղնուցապարկը մնում է կապված աղիքային խողովակի հետ լեղածորանի միջոցով։ Սովորաբար այդ կառուցվածքը հետ է զարգանում զարգացման ընթացքում, իսկ հետ չզարգանալու դեպքում անվանվում է որպես Մեկկելի դիվերտիկուլ։ Սաղմնային զարգացման ընթացքում պարզ աղիքը բաժանվում է 3 հատվածների. առաջային, միջին և հետին։ Չնայած այս տերմինները հաճախ օգտագործում են պարզ աղիքի հատվածները նկարագրելու համար, այն նաև օգտագործում են վերջնական աղիքի հատվածները նկարագրելու ժամանակ։

Ուշ փուլերում աղիքի յուրաքանչյուր հատված հետագայում տարբերակվում է և սկիզբ է տալիս յուրահատուկ կառուցվածքով աղու, որը կապված է աղիների հետ։ Աղիքից ստացված հատվածները, այնպիսիք ինչպիսիք են ստամոքսը և աղիները, զարգանում են որպես ուռուցքներ կամ լայնացումներ պարզ աղիքի բջիջներից։ Ի տարբերություն դրա, աղիքի ածանցյալները, այսինքն այն կառուցվածքները, որոնք բխում են պարզ աղիքից,բայց աղիքի լիարժեք մաս չեն կազմում, զարգանում են պարզ աղիքի արտափքումից։ Այս կառուցվածքները մատակարարող արյունատար անոթները կայուն են մնում զարգացման ողջ ընթացքում։

Մաս Մաս մեծահասակների մոտ Սկիզբ է տալիս զարկերակային մատակարարում
Առաջային կերակրափողից տասներկումատնյա աղիքի առաջին 2 հատվածներ Կերակրափող, ստամոքս, տասներկումատնյա աղի (1-ին և 2-րդ մասեր); լյարդ, լեղապարկ, ենթաստամոքսային գեղձ, ենթաստամոքսային գեղձի վերին հատված խոռոչային զարկերակացողուն
Միջին վայրէջ տասներկումատնյա աղի,լայնական հաստ աղիքի 1/3 Վայրէջ 12-մատնյա աղի, զստաղի, աղիճ աղի, կույր աղի, որդանման ելուն, վերել հաստ աղի և լայնական հաստ աղու 1/3-ը վերին միջընդերային զարկերակի ճյուղերը
Հետին Լայնական հաստ աղու վերջին երկու երրորդը անալի խողովակի վերին մասին Լայնական հաստ աղիքի ստորին երրորդական; վայրէջ հաստ աղ; ուղիղ աղի և անալ խողովակի վերին մաս ստորին միջընդերային զարկերակի ճյուղերը

Հյուսվածաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր աղիք պատի կառուցվածքը1.լորձաթաղանթ․էպիթել 2․լորձաթաղանթ․սեփական թիթեղ 3․լորձաթաղանթ․մկանային շերտ 4․լուսանցք 5․ավշային հյուսվածք 6․գեղձի արտատար ծորան 7․գեղձ լորձաթաղանթում 8․ենթալորձաթաղանթ 9․գեղձեր ենթալորձաթաղանթում 10․Մեյսների ենթալորձային հյուսակ 11․Երակ 12․Մկանային շերտ․շրջանաձև մկան 13․Մկանային շերտ․երկայնաձիգ մկան 14․Շճային․շարակցական հյուսվածք 15․Շճային․էպիթել 16․Աուերբախի հյուսակ 17․Նյարդ 18․Զարկերակ 19․Միջընդերք

Ստամոքսաղիքային համակարգն ունի հյուսվածաբանության ընդհանուր գծերը, բացառությամբ մի քանի տարբերությունների, որոնք էլ ազդում են ֆունկցիոնալ տարբերակման վրա[13]։ Աղեստամոքսային պատը կարելի է բաժանել 4 շերտերի հետևյալ հաջորդականությամբ.

  • Լորձաթաղանթ
  • Ենթալորձային շերտ
  • Մկանային շերտ
  • Ադվենտիցիա կամ սերոզ թաղանթ

Լորձաթաղանթ

  • Էպիթել. պաստախանատու է մարսողական,ներծծման և արտազատիչ պրոցեսների համար
  • Սեփական թիթեղ (լամինա պրոպրիա). շարակացական հյուսվածք է։ Անսովոր բջջային կառուցվածք է, ի տարբերություն մնացած շարակցական հյուսվածքների
  • Մկանային լորձաթաղանթ. մկանային բարակ շերտ,որը թույլ է տալիս սննդանյութերին անցնելու և ուժեղացնում է շփումը էպիթելային շերտի հետ ,գրգռվածության և պերիստալտիկայի (գալարակծկանք) միջոցով։

Լորձաթաղանթը բարձր մասնագիտացված է ստամոքսաղիքային համակարգի յուրաքանչյուր օրգանում՝ տարբեր պայմաններին դիմակայելու համար։ Ամենաշատ փոփոխությունները դիտվում են էպիթելային շերտում։

Ենթալորձային շերտ. կազմված է շարակացական հյուսվածքի անկանոն շերտից, որում կան արյունատար անոթներ, ավշային և նյարդային ցողուններ, որոնք ճյուղավորվում են լորձաթաղանթի և արտաքին մկանային շերտի մեջ։

Մկանային շերտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մկանային շերտը բաղկացած է ներքին շրջանաձև և արտաքին երկայնաձիգ շերտերից։ Շրջանաձև շերտը խանգարում է սննդի հետ տեղաշարժին, իսկ երկայնաձիգ շերտը կարճացնում է ուղին։ Շերտերը իրականում երկայնաձիգ կամ շրջանաձև չեն, այլ պարույրաձև են՝ տարբեր քայլերով։ Չնայած արտաքին մկանը նույնն է ամբողջ աղեստամոքսային տրակտում, սակայն ստամոքսում այն ունի լրացուցիչ ներքին թեք մկանային շերտ, որը օգնում է սննդախյուսը հղկելուն և խառնելուն։ Ստամոքսի արտաքին մկանը կազմում են ներքին թեք, միջին շրջանաձև և արտաքին երկայնաձիգ շերտերը։

Շրջանաձև և երկայնաձիգ մկանների միջև գտնվում է Աուերբախի հյուսակը, այն կառավարում է գալարակծկումները, իսկ ակտիվությունը խթանվում է պեյսմեյկերների միջոցով։ Աղիները օժտված են ներքին գալարակծկումային ակտիվությամբ, (հիմնային, էլեկտրական ռիթմ) որը կատարվում է ավտոնոմ՝ նյարդային համակարգի միջոցով։ Տեմպը կարող է նաև մոդուլացվել վեգետատիվ նյարդային համակարգի մնացած մասերով։

Այս շերտերի համակարգված կծկումները կոչվում են գալարակծկանք (պերիստալտիկա) և մասնակցում են սննդի մղմանը։ Սնունդը ստամոքսից հետո մասամբ մարսվում, դառնում է կիսահեղուկ, և կոչվում խյուս։ Հաստ աղիքի մեջ մնացած մասը ձևափոխվում է կղանքի։

Շճաթաղանթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստամոքսաղիքային ուղու պատերի ստորին շերտը բաղակացած է շարակցական հյուսվածքի մի քանի շերտերից։

Ստամոքաղիքային ուղու ներորովայնամզային մասը պատված է շճաթաղաթով։ Այն պատում է ստամոքսի մեծ մասը,12-մատնյա աղու սկզբնահատվածը, բարակ աղիները ամբողջությամբ, կույր աղին և որդանման ելունը, լայնական սիգմայաձև և ուղիղ աղիները։ Աղիքի այս հատվածներում հստակ սահման կա աղիքի և հարակից հյուսվածքների միջև։ Ուղու այս հատվածը ունի միջընդերք։

Հետորովայնամզային պատը պատված է ադվենտիցիայով։ Այն խառնվում է շրջապատող հյուսվածքի մեջ և ունի ֆիքսված դիրք։ Օրինակ 12-մատնյա աղու հետորովայնամզային հատվածը սովորաբար անցնում է տրանսպիլորիկ հարթության միջով։ Այն ներառում է կերակրափողը,ստամոքսի պիլորիկ հատվածը, 12-մատնյա աղու դիստալ հատվածը, վերել և վայրէջ հաստ աղիները և հետանցքը։ Բացի այդ բերանի խոռոչը նույնպես ունի ադվենտիցիա։

Գեների և սպիտակուցների էքսպրեսիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպիտակուցների սինթեզը կոդավորող գեներից մոտավորապես 20 հազարը էքսպրեսվում են մարդու բջիջներում, դրա 75% -ը էքսպրեսվում եմ մարսողական համակարգի օրգաններից առնվազն մեկում[14][15]։ Այս գեներից ավելի քան 600-ի էքսպրեսիան ավելի շատ արտահայտված են ստամոքսաղիքային համակարգի մեկ կամ ավելի հատվածներում և համապատասխան սպիտակուցները կատարում են ֆունկցիաներ որոնք կապված են սննդանյութերի կլանման և մարսողության հետ։ Նմանատիպ ֆունկցիաներով հատուկ սպիտակուցների օրինակներ են պեպսինոգենի PGC և լիպազի LIPF-ն,սրանք էքսպրեսում են գլխավոր բջիջները և ստամոքսային ATPase4A-ն և ստամոքսային ներքին գործոն GIF-ը,ինչպես նաև ստամոքսի լորձաթաղանթի պարիետալ բջիջները։ Պաշտպանության մեջ ներգրավված են 12-մատնյա աղիում էքսպրեսված հատուկ սպիտակուցները՝ լորձի սպիտակուցներ, ինչպիսիք են մուցին 6-ը և ինտերլեկտին-1[16]։

Ծախսված ժամանակը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակը, որն անհրաժեշտ է սննդի անցման համար ստամոքսաղիքային ուղիով կախված է բազմաթիվ գործոններից, ներառյալ տարիքը, էթնիկական պատկանելիությունը և սեռը։ Սննդի անցման ժամանակը չափելու համար օգտագործում ենք մի քանի մեթոդներ, ներառյալ ռենտգենոգրաֆիան սննդից հետո նշակիր բարիումով, ջրածնային շնչառական թեստ և ռադիոակտիվ նշակրով սցինտիգրաֆիկ հետազոտությունը սննդից հետո։ Պարունակության 50%ը հեռանում է ստամոքսից 2,5-3 ժամ անց։ Մարսողության տեմպը կախված է նաև սննդի տեսակից, երբեմն նույն բաղադրությամբ սնունդը կարող է ստամոքսից դուրս բերվել տարբեր արագությամբ, ամբողջական ստամոքսի դատարկումը կարող է տևել 4-5 ժամ և տեղափոխումը դեպի հաստ աղի՝ 30-50 ժամ[17]։

Իմունային ֆունկցիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Իմունային պատնեշ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղեստամոքսային համակարգը կազմում է իմունային համակարգի կարևոր մասը։ Նրա մակերեսը գնահատվում է մոտավորապես 32 մ² կամ, մոտավորապես, բատմինտոնի խաղադաշտի մոտ կեսը։ Այն ունի ավելի մեծ ազդեցություն քան մաշկի դեպքում, քանի որ ավելի քան 3 անգամ մեծ է մաշկի մակերեսից։ Այս իմունային համալիրների ֆունկցիան է կանխարգելել հարուցիչների մուտքը արյուն և ավշային համակարգ։ Պաշտպանության հիմնական բաղադրիչներն ապահովվում են աղիքային լորձաթաղանթի պատնեշով, որը կազմված է աղիքային լորձաթաղանթով մշակված ֆիզիկական,կենսաքիմիական և իմունային տարրերից[18]։ Միկրոօրգանիմզները նույնպես հեռու են պահվում իմունային համակարգի միջոցով, որը բաղկացած է աղիքների հետ ասոցացված լիմֆոիդ հյուսվածքից (GALT)։

Կան լրացուցիչ գործոններ որոնք պաշտպանում են ախտածինների ներթափանցումից։ Օրինակ ստամոքսի ցածր pH-ը մահացու է միկրոօրգանիզմներից շատերի համար։ Նույն կերպով լորձը (որը պարունակում է իմունոգլոբուլին A) չեզոքացնում է բազմաթիվ ախտածին միկրոօրգանիզմների։ Աղեստամոքսային համակարգի այլ գործոններ, որոնք ազդում են իմուն համակարգի վրա ֆերմենտներն են որոնք գտնվում են թքի և լեղու մեջ։

Իմուն համակարգի հոմեոստազ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղեստամոքսային իմունային համակարգի հոմեոստազի վրա ազդեցություն ունեն օգտակար մանրէները։ Օրինակ կլոստրիդիաները կազմում են աղեստամոքսային համակարգի գերակշռող բակտերիալ խումբը, որն ունի կարևոր դեր աղիների իմունային հոմեոստազի դինամիկայի վրա։ Ապացուցված է, որ բարձր քանակությամբ մանրաթելային դիետան կարող է պատասխանատու լինել T կարգավորող բջիջների ինդուկցիայի համար[19]։ Դա կապված է կարճ ճյուղավորված ճարպաթթուների գոյացմամբ բուսական սննդանյութերի ֆերմենտացիայի ժամանակ, այնպիսիք ինչպիսին են կարագաթթուն և պրոպիոնաթթուն։ Ըստ էության կարագաթթուն դրդում է T ռեգուլյատորների տարբերակմանը, հիստոնների պրոմոտորի ուժեղացված ացետիլացմանը և FOXP3-ի չկոդավորվող հատվածների պահպանման միջոցով, այսպիսով կարգավորելով T բջիջներին, որն էլ հանգեցնում է բորբոքային և ալերգիկ ռեակցիաների նվազմանը։

Աղիքային միկրոֆլորա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաստ աղիում առկա են մի շարք բակտերիաներ, որոնք կարող են կապվել որոշ մոլեկուլների հետ, որոնք մարդու օրգանիզմին վնաս չեն հասցնում։ Դա սիմբիոզի օրինակ է։ Այս բակտերիաները նաև ներառվում են որոշ գազերի արտադրության մեջ, որոնք հանդիսանում են սահման տեր-ախտածին սիմբիոզի համար (այդ գազերը դուրս են բերվում հետանցքից մետեորիզմի ձևով)։ Այնուամենայնիվ հաստ աղու ֆունկցիան հիմնականում կապված է ջրի ներծծման և նատրիումի հետներծծման հետ (որը կարգավորվում է հիպոթալամուսով), ինչպես նաև ցանկացած այլ սննդանյութերի մշակման, որոնք խուսափել են զստաղում առաջնային մարսումից։

Օգտակար բակտերիաները աղիքային միկրոֆլորայում վնասակար բակտերիաների աճի կանխարգելմանն են մասնակցում։ Այս երկու տեսակի բակտերիաները պայքարում են տեղի և սննդի համար, քանի որ աղիներում առկա է սահմանափակ ռեսուրսներ։ 80-85% օգտակար և 15-20% պոտենցիալ վնասակար բակտերիաների հարաբերությունն ընդհանուր առմամբ նորմա է համարվում։

Դետոքսիկացիա և դեղամիջոցների նյութափոխանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆերմենտները, ինչպիսիք են CYP3A4 -ը՝ հակապորտալ գործունեության հետ մեկտեղ կարևոր են դեղերի նյութափոխանակության մեջ, անտիգենների և քսենոբիոտիկների դետոքսիկացիայի գործում[20]։

Կլինիկական Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիվանդություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կան բազմաթիվ հիվանդություններ և պայմաններ, որոնք կարող են ազդել ստամոքս-աղիքային համակարգի վրա, ներառյալ վարակները, բորբոքումները և քաղցկեղը։ Տարբեր պաթոգեններ, ինչպիսիք են բակտերիաները, առաջացնում են սննդային հիվանդություններ, կարող են հարուցել գաստրոէնտերիտ, որն առաջանում է ստամոքսի և բարակ աղիքի բորբոքումից։ Նման մանրէային վարակների բուժման համար կիրառվող հակաբիոտիկները կարող են նվազեցնել ստամոքս-աղիքային տրակտի միկրոֆլորայի բազմազանությունը և հետագայում խթանել բորբոքային միջնորդների արտազատումը։ Գաստրոէնտերիտը ՍԱ տրակտի ամենատարածված հիվանդությունն է։

Ստամոքս-աղիքային համակարգի քաղցկեղը կարող է առաջանալ տրակտի ցանկացած հատվածում և ներառում է բերանի խոռոչի, լեզվի, կերակրափողի, ստամոքսի և աղիների քաղցկեղը։

Բորբոքային պայմաններ. Իլեիտիսը բարակ աղիների բորբոքումն է, կոլիտը՝ հաստ աղիքինը։

Ապենդիցիտը կույր աղիքի բորբոքումն է, որը գտնվում է հաստ աղիքի սկզբնական հատվածում։ Բուժման բացակայության դեպքում կարող է ունենալ մահացու ելք։ Կույր աղիքի բորբոքման դեպքերի մեծ մասը պահանջում է վիրաբուժական միջամտություն։

Դիվերտիկուլյար հիվանդությունը նախադրյալ է, որը շատ տարածված է արդյունաբերական երկրներում ապրող տարեց մարդկանց մոտ։ Այն սովորաբար ախտահարում է հաստ աղիքը, սակայն բարակ աղիների ներգրավվածությունը նույնպես ապացուցված է։ Դիվերտիկուլյոզը պայմանավորված է աղիների պատերին պարկերի առաջացմամբ։ Պարկերի բորբոքումը հայտնի է որպես դիվերտիկուլիտ։

Աղիքային բորբոքային հիվանդությունը ներառում է Կրոնի հիվանդության և խոցային կոլիտի ենթատիպերը։ Եթե Կրոնի հիվանդությունը կարող է ազդել ամբողջ աղեստամոքսային համակարգի վրա, ապա խոցային կոլիտը սահմանափակվում է միայն հաստ աղիքներով։ Կրոնի հիվանդությունը համարվում է աուտոիմուն հիվանդություն։ Չնայած խոցային կոլիտը հաճախ բուժվում է որպես աուտոիմուն հիվանդություն, սակայն բուժման վերաբերյալ կարծիքները հակասական են։ Ստամոքս-աղիքային համակարգի հիվանդություններին է պատկանում գրգռված աղիքի համախտանիշը։ Ֆունկցիոնալ փորկապությունն ու որովայնի քրոնիկ ցավը՝ աղիքի այլ ֆունկցիոնալ խանգարումներ են, որոնք ունեն ֆիզիոլոգիական պատճառներ, բայց չունեն նույնականացվող կառուցվածքային, քիմիական կամ վարակիչ պաթոլոգիաներ։

Ախտանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կան մի քանի ախտանիշներ, որոնք օգտագործվում են ստամոքս-աղիքային համակարգի հետ կապված խնդիրները բնութագրելու համար.

  • Փսխում՝ սննդի հետհոսք կամ փսխում արյան տեսքով
  • Դիարեա՝ ավելի հաճախակի հեղուկ կղանքի արտազատում
  • Փորկապություն, որը վերաբերում է ավելի քիչ ու կարծրացած կղանքի դուրս բերմանը
  • Արյուն կղանքի մեջ, որը ներառում է թարմ կարմիր, շագանակագույն և խեժի գույնի արյուն։

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղեստամոքսային տրակտի վիրահատությունը հաճախ իրականացվում է ամբուլատոր պայմաններում։ ԱՄՆ-ում 2012 թ.-ին մարսողական համակարգի վիրահատությունները կազմում էին ամբուլատոր վիրաբուժության 25-ից 3-ը կամ 9.1%-ը[20]։

Ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստամոքսաղիքային տրակտի վերին և ստորին բաժինների ուսումնասիրման համար կիրառվում են տարբեր մեթոդներ։

  • Ռադիոպատկերներ ստանալու համար կիրառվում է բարիումի սուլֆատի կախույթ։
  • Տեսախցիկով կարելի է տեսնել ուղու տարբեր հատվածներ։ Եթե ուսումնասիրվում է աղեստամոքսային համակարգի վերին բաժինը,ապա մեթոդը կոչվում է էնդոսկոպիա, եթե ստորին բաժինը,ապա կոլոնոսկոպիա կամ սիգմոիդոսկոպիա։ Պարկուճով էնդոսկոպիայի ժամանակ կուլ են տալիս խցիկ պարունակող պարկուճ ՝ տրակտը հետազոտելու համար։ Բիոպսիան կարող է կատարվել նաև հետազոտելիս։
  • Ստամոքս-աղիքային համակարգի ստորին հատվածը հետազոտելու համար կարող է օգտագործվել որովայնի ռենտգեն։

Հարակից այլ հիվանդություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Խոլերա
  • Աղիների դուպլիկացիոն ցիստ
  • Լյամբլյոզ
  • Պանկրեատիտ
  • Խոցային հիվանդություն
  • Դեղին տենդ
  • Հելիկոբակտեր պիլորի՝ գրամ-բացասական պարույրաձև մանրէ է։ Երկրագնդի բնակչության կեսից ավելին վարակվում է դրանով, հիմնականում մանկական տարիքում. հիվանդության փոխանցման ուղին հաստատված չէ։ Այն գաղութացնում է ստամոքս-աղիքային համակարգը, գերազանցապես ստամոքսը։ Բակտերիան ունի ստամոքսային միջավայրում գոյատևման հատուկ պայմաններ։ Այն և՛ կապնոֆիլ է, և՛ միկրոաերոֆիլ։ Helicobacter-ը նաև ցուցաբերում է տրոպիզմ ստամոքսային էպիթելի լորձաթաղանթի նկատմամբ։ Այս մանրէի ստամոքսում գաղութացումը հարուցում է ուժեղ իմունային պատասխան՝ հանգեցնելով միջինից ծանր բորբոքման, որը հայտնի է որպես գաստրիտ։ Վարակման նշաններն ու ախտանիշներն են գաստրիտը, որովայնի այրող ցավը, քաշի կորուստը, ախորժակի բացակայությունը, փքվածությունը, ծակծկոցը, սրտխառնոցը, արյունային փսխումը և սև խեժանման կղանքը։ Ախտորոշումը կատարվում է մի շարք եղանակներով. ռենտգենյան ճառագայթներ, էնդոսկոպիա, հակահելիկոբակտեր հակամարմինների արյան թեստեր, կղանքի հետազոտություն։ Վաղ ախտորոշման դեպքում այն կարելի է բուժել պրոտոնային պոմպի տարբեր ինհիբիտորներով, ինչպես նաև հակաբիոտիկներով։ Ուշ ախտորոշման դեպքում ցուցված է վիրահատական միջամտություն։
  • Աղիքային կեղծ անանցանելիությունը սինդրոմ է, որն առաջանում է մարսողական գործընթացի խանգարմամբ և բնութագրվում է աղիքների պերիստալտիկայի խիստ խանգարումով։ Ախտանշանները ներառում են որովայնի և ստամոքսի ամենօրյա ցավը, սրտխառնոցը, փսխումը, այրոցը, դիսֆագիան, լուծը, փորկապությունը, ջրազրկումը և թերսնուցումը։ Աղիքային կեղծ անանցանելիությանը բուժում չկա։ Կարող են անհրաժեշտ լինել տարբեր վիրահատություններ և բուժման մեթոդներ, որոնք կանխարգելում են կյանքին սպառնացող բարդությունները, ինչպիսին է աղեբորբը, որը հանգեցնում է բակտերիաների գերաճի, և աղիքի տուժած կամ մահացած մասերի մասնահատման։ Շատ հիվանդներն անհրաժեշտ է պարենտերալ սնուցում։
  • Ileus-ը աղիների խցանում է։
  • Ցելակիա հիվանդությունը մալաբսորբցիայի տարածված ձև է, որով հիվանդանում են Եվրոպայի հյուսիսում ապրող մարդկանց մինչև 1% -ը։ Գլյուտեինային սպիտակուցների մարսման հետևանքով բջիջներում ձևավորվում է աուտոիմուն պատասխան։ Ցորենի, գարիի և տարեկանի մեջ պարունակվող սպիտակուցների ընդունումը բարակ աղիներում առաջացնում է բշտիկների ատրոֆիա։ Տվյալ սննդամթերքից ցմահ խուսափելը հանդիսանում է միակ բուժում։
  • Էնտերովիրուսներ
  • Էնդոմետրիոզը կարող է ազդել աղիների վրա, գրգռված աղու համախտանիշի նման։
  • Աղիքի ոլորումը համեմատաբար հազվագյուտ հանդիպող երևույթ է (սովորաբար զարգանում է աղիքի խոշոր վիրահատությունից հետո)։ Այնուամենայնիվ, դժվար է ճիշտ ախտորոշել, և եթե այն չուղղվի, կարող է հանգեցնել աղիքի ինֆարկտի և մահվան։ (Հայտնի երգչուհի Մորիս Գիբը մահացել է դրանից:)
  • Հաստ աղիքի անգիոդիսպլազիա
  • Փորկապություն
  • Դիարեա
  • Հիշպրուգի հիվանդություն (ագանգլիոնոզ)
  • Պոլիպ
  • Կեղծ թաղանթային կոլիտ

Կենդանիների աղիքների օգտագործում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենդանիների աղիքներն օգտագործվում են մի շարք եղանակներով.

  • Եգիպտոսում երաժիշտների կողմից կենդանիների աղիքները օգտագործվում էին լարեր ստանալու համար։ Ոչ վաղ անցյալում լարերը պատրաստում էին գառան աղիքից։ Ժամանակակից դարաշրջանում, երաժիշտները հակված էին օգտագործել մետաքսից պատրաստված լարեր կամ սինթետիկ նյութեր, ինչպիսիք են՝ նեյլոնը կամ պողպատը։ Որոշ գործիքավորողներ, այնուամենայնիվ, դեռ օգտագործում են աղիքային տողեր ՝ հնչերանգի ավելի հին որակը ստանալու համար։ Չնայած այդպիսի լարերը սովորաբար անվանում էին«կետգուտ» լարեր, կատուները երբեք չեն օգտագործվել որպես աղիքային լարերի աղբյուր[21]։
  • Ոչխարի աղիքից պատրաստվող լարերը օգտագործվում էին թենիսում։ Այսօր սինթետիկլարերը շատ ավելի տարածված են, այն ինչ աղիքային լարերն այժմ պատրաստվում են կովի աղիքից։
  • Աղիքային լարերը նաև օգտագործվել են որոգայթներ արտադրելու համար։ Օգտագործվումեն ավելի շատ մետաղալարեր, քան աղիքային լարեր, սակայն հյուսիսային Աֆրիկայում դեռ օգտագործում են գերազանցապես աղիքային լարեր։ Երշիկի կեղևները կամ պատյաններըպատրաստվում են կենդանիների աղիքներից, հատկապես խոզից, տավարից և գառից։
  • Կենդանիների աղիքներն օգտագործվել են ժամացույցներում լարի գծերը պատրաստելու համար, բայց դրանք կարող են փոխարինվել մետաղալարերով։
  • Հայտնի ամենահին պահպանակները, մ.թ. 1640 թվականից, պատրաստվում էին կենդանիների աղիքներից[22]։

Այլ կենդանիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատ թռչուններ և այլ կենդանիներ աղեստամոքսային համակարգում ունեն հատուկ ստամոքս՝ քարաճիկ, որը նախատեսված է սննդի մանրացման համար։

Այլ առանձնահատկություն, որը չի հայտնաբերվել մարդկանց մոտ, բայց հայտնաբերվել է մի շարք այլ կենդանիների մոտ կոչվում է կտնառք։ Թռչունների մոտ այն գտնվում է կերակրափողի կողքին՝ պարկի տեսքով։

Կան կենդանիներ, այդ թվում՝ երկկենցաղներ, թռչուններ, սողուններ և ձվադրող կաթնասուններ, որոնց ստամոքսաղիքային համակարգում ունեն մի մեծ տարբերություն, այն է որ նրանց մոտ կոյանոց է, այլ ոչ թե հետանցք։

2020 թվականին հայտնաբերվեց հայտնի անհետացած որդանման օրգանիզմի (Cloudinidae) աղիքային մնացորդը, այն ապրել է Էդիակարանային շրջանում 550 միլիոն տարի առաջ[23]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Welcome to CK-12 Foundation | CK-12 Foundation». www.ck12.org. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 5-ին.
  2. Ruppert, Edward E.; Fox, Richard S.; Barnes, Robert D. (2004). Invertebrate zoology : a functional evolutionary approach. Internet Archive. Belmont, CA : Thomson-Brooks/Cole. ISBN 978-0-03-025982-1.
  3. Hounnou, G.; Destrieux, C.; Desmé, J.; Bertrand, P.; Velut, S. (2002 թ․ դեկտեմբերի 1). «Anatomical study of the length of the human intestine». Surgical and Radiologic Anatomy (անգլերեն). 24 (5): 290–294. doi:10.1007/s00276-002-0057-y. ISSN 1279-8517.
  4. Raines, Daniel; Arbour, Adrienne; Thompson, Hilary W.; Figueroa‐Bodine, Jazmin; Joseph, Saju (2015). «Variation in small bowel length: Factor in achieving total enteroscopy?». Digestive Endoscopy (անգլերեն). 27 (1): 67–72. doi:10.1111/den.12309. ISSN 1443-1661.
  5. Lin, Lan; Zhang, Jianqiong (2017 թ․ հունվարի 6). «Role of intestinal microbiota and metabolites on gut homeostasis and human diseases». BMC Immunology. 18. doi:10.1186/s12865-016-0187-3. ISSN 1471-2172. PMC 5219689. PMID 28061847.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  6. Marchesi, Julian R; Adams, David H; Fava, Francesca; Hermes, Gerben D A; Hirschfield, Gideon M; Hold, Georgina; Quraishi, Mohammed Nabil; Kinross, James; Smidt, Hauke (2016-2). «The gut microbiota and host health: a new clinical frontier». Gut. 65 (2): 330–339. doi:10.1136/gutjnl-2015-309990. ISSN 0017-5749. PMC 4752653. PMID 26338727.
  7. Clarke, Gerard; Stilling, Roman M.; Kennedy, Paul J.; Stanton, Catherine; Cryan, John F.; Dinan, Timothy G. (2014-8). «Minireview: Gut Microbiota: The Neglected Endocrine Organ». Molecular Endocrinology. 28 (8): 1221–1238. doi:10.1210/me.2014-1108. ISSN 0888-8809. PMC 5414803. PMID 24892638.
  8. «Length of a Human Intestine - The Physics Factbook». hypertextbook.com. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 5-ին.
  9. Warrell, D. A.; Cox, Timothy M.; Firth, John D.; Benz, Edward J. (2005). Oxford Textbook of Medicine (անգլերեն). Oxford University Press. ISBN 978-0-19-856978-7.
  10. «Large Intestine Anatomy: Gross Anatomy, Histology, Natural Variants». 2020 թ․ հունիսի 11. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  11. «Gray, Henry. 1918. Anatomy of the Human Body». www.bartleby.com. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 5-ին.
  12. Helander, Herbert F.; Fändriks, Lars (2014 թ․ հունիսի 1). «Surface area of the digestive tract – revisited». Scandinavian Journal of Gastroenterology. 49 (6): 681–689. doi:10.3109/00365521.2014.898326. ISSN 0036-5521. PMID 24694282.
  13. «Histology and cell biology: an introduction to pathology | Abraham L. Kierszenbaum | download». b-ok.org. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 5-ին.(չաշխատող հղում)
  14. «The human proteome in intestine - The Human Protein Atlas». www.proteinatlas.org. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 5-ին.
  15. Uhlén, Mathias; Fagerberg, Linn; Hallström, Björn M.; Lindskog, Cecilia; Oksvold, Per; Mardinoglu, Adil; Sivertsson, Åsa; Kampf, Caroline; Sjöstedt, Evelina (2015 թ․ հունվարի 23). «Tissue-based map of the human proteome». Science (անգլերեն). 347 (6220). doi:10.1126/science.1260419. ISSN 0036-8075. PMID 25613900.
  16. Gremel, Gabriela; Wanders, Alkwin; Cedernaes, Jonathan; Fagerberg, Linn; Hallström, Björn; Edlund, Karolina; Sjöstedt, Evelina; Uhlén, Mathias; Pontén, Fredrik (2015 թ․ հունվարի 1). «The human gastrointestinal tract-specific transcriptome and proteome as defined by RNA sequencing and antibody-based profiling». Journal of Gastroenterology (անգլերեն). 50 (1): 46–57. doi:10.1007/s00535-014-0958-7. ISSN 1435-5922.
  17. Ghoshal, Uday C; Sengar, Vikas; Srivastava, Deepakshi (2012-4). «Colonic Transit Study Technique and Interpretation: Can These Be Uniform Globally in Different Populations With Non-uniform Colon Transit Time?». Journal of Neurogastroenterology and Motility. 18 (2): 227–228. doi:10.5056/jnm.2012.18.2.227. ISSN 2093-0879. PMC 3325313. PMID 22523737.
  18. Sánchez de Medina, Fermín; Romero-Calvo, Isabel; Mascaraque, Cristina; Martínez-Augustin, Olga (2014 թ․ դեկտեմբերի 1). «Intestinal Inflammation and Mucosal Barrier Function». Inflammatory Bowel Diseases (անգլերեն). 20 (12): 2394–2404. doi:10.1097/MIB.0000000000000204. ISSN 1078-0998.
  19. Furusawa, Yukihiro; Obata, Yuuki; Fukuda, Shinji; Endo, Takaho A.; Nakato, Gaku; Takahashi, Daisuke; Nakanishi, Yumiko; Uetake, Chikako; Kato, Keiko (2013-12). «Commensal microbe-derived butyrate induces the differentiation of colonic regulatory T cells». Nature (անգլերեն). 504 (7480): 446–450. doi:10.1038/nature12721. ISSN 1476-4687.
  20. 20,0 20,1 Jakoby, W. B.; Ziegler, D. M. (1990 թ․ դեկտեմբերի 5). «The enzymes of detoxication». The Journal of Biological Chemistry. 265 (34): 20715–20718. ISSN 0021-9258. PMID 2249981.
  21. «Violin Strings Were Never Made Out of Actual Cat Guts». Today I Found Out (ամերիկյան անգլերեն). 2010 թ․ նոյեմբերի 12. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 5-ին.
  22. «unlimited or multiple domain hosting». Ananova (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ հոկտեմբերի 31. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 5-ին.
  23. Schiffbauer, James D.; Selly, Tara; Jacquet, Sarah M.; Merz, Rachel A.; Nelson, Lyle L.; Strange, Michael A.; Cai, Yaoping; Smith, Emily F. (2020 թ․ հունվարի 10). «Discovery of bilaterian-type through-guts in cloudinomorphs from the terminal Ediacaran Period». Nature Communications. 11. doi:10.1038/s41467-019-13882-z. ISSN 2041-1723. PMC 6954273. PMID 31924764.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]