Էպիթելային հյուսվածք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էպիթելային հյուսվածք տեսակները

Էպիթելային հյուսվածք (լատ.՝ epithelium, հունարեն՝ ἐπι--ից - վերեև- և θηλή - կրծքագեղձիբշտիկներ), հաճախ ուղղակի կոչվում է էպիթել։ Էպիթելի բջիջները դասավորված են շարքերով՝ մեկը մյուսի կողքին։ Դրանք հոծ շերտերով ծածկում են մարմնի մակերեսը և պատում մարմնի խոռոչներն ու խողովակներն իրենց փոսերով։ Այս բջջային հյուսվածքը ֆիլոգենետիկորեն պատկանում է բջիջների զարգացման ամենահին (նախնական) ձևին։

Էպիթելը բարդ օրգանիզմում շատ է տարածված։ Այն ամենուրեք սահմանազատում է մյուս հյուսվածքներն արտաքին միջավայրից, որի հետևանքով դեպի ներքին օրգանները (բացառությամբ նյարդային հյուսվածքի ճյուղավորումներից) կարելի է թափանցել միայն այդ պատնեշի խախտումից հետո։

Էպիթելային հյուսվածքի լայն տարածումն՝ ըստ իրենց ֆիզիոլոգիական դերի, տարբեր օրգաններում ցույց է տալիս, որ դրա գործառույթային նշանակությունը նույնպես բազմազան է, որին և համապատասխանում է դրա բջիջների շարքերի ձևերի և կառուցվածքի բազմակերպությունը։

Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Էպիթելը որոշ տեղերում դասավորված է մեկ շարքով, որտեղից էլ կոչվում է միաշերտ էպիթել։ Մյուս տեղերում, որտեղ պարզ երևում է մի շարքի շերտավորումը մյուսի վրա, այդ դեպքում գործ ունենք բազմաշերտ էպիթելի հետ։

Ձևաբանական դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Dogsquamos100x.jpg
  • Միաշերտ էպիթել՝ խողովակաձև օրգանների տարեր հատվածներում էականորեն տարբերվում է թե՛ ըստ ձևի, և թե՛ ըստ կառուցվածքի։

Մի շարք տեղերում (աղիք, շնչառական օրգաններ, ազմաթիվ գեղձեր) միաշերտ էպիթելն ունի բարձր բրգի տեսք. դա բարձր բրգաձև կամ գլանաձև էպիթելն է։

Ըստ կառուցվածքի մանրամասնությունների՝ գլանաձև էպիթելը կարող է լինել՝

  • թարթիչավոր,
  • երիզավոր կամ աղիքային
  • գեղձային։
    • Թարթիչավոր էպիթել՝ հիմնականում գտնվում է շնչառական ուղիներում և ձվափողերում և նորոշ է նրանով, որ բջիջների ազատ, այսինքն՝ դեպի խոռոչի լուսանցքն ուղղված եզրերի վրա ձևավորված է բարակ, շարժուն թելերի խրձիկ, այդ թելերը կոչվում են թարթիչներ կամ թարթիչավոր թելիկներ։ Վերջինների նշանակությունը կայանում է նրանում, որ թելիկներն իրենց մշտական շարժմամ մի որոշակի ուղղությամբ թարթելու միջոցով էպիթելային պատի դաշտով խողովակից դեպի դուրս են մղում պինդ և հեղուկ մասնիկները։

Այդ գործողությամ խողովակի լուսանցքը մաքրվում է կեղտոտություններից և խցանումներից (շնչառական ուղիներ) կամ մազիկների շարժման շնորհիվ խողովակի պարունակությունը տեղափոխում է դեպի հարևան օրգանը (ձվաջիջը ձվափողով դեպի արգանդ

    • Երիզավոր կամ աղիքային էպիթել՝ բնորոշվում է գլխավորապես բջջի ազատ ծայրում գոյություն ունեցող յուրահատուկ հարմարանքով՝ երիզի (վերնածածկի) կամ կուտիկուլայի ձևով։ Այն բաղկացած է մի շարք կարճ սյունիկներից, որոնք ուղղաձիգ դասավորված են էպիթելի ազատ մակերեսի վրա։ Այդ երիզը ներծծում է տարալուծված սննդանյութերը, որոնք գտնվում են աղիքային խողովակի լուսանցքում, որը պատում է երիզավոր էպիթելը։ Էպիթելի այդ տեսակը կոչվում է ներծծող։
    • Գեղձային էպիթել՝ շատ է տարածված օրգանիզմում (բազմաթիվ գեղձերում)։ Դրա կառուցվածքը հարմարված է արտազատուկի (սեկրետի) արտադրման հետ։

Հյութազատության գործընթացն իրականանում է բջջի մարմնում՝ դրա կպման (հիմքի) մասից դեպի ազատ ծայրը, և արտադրված արտազատուկը բջջի գրգռման դեպքում թափվում է այն խողովակի լուսանցքի մեջ, որը պատված է բջիջներով։ Գեղձային էպիթելի բջիջների ձևն ու ներքին կառուցվածքը լրիվ տարբեր են, ինչպես տարեր են նաև դրանց արտադրած արտազատուկները։ Մի շարք գեղձերում կարելի հանդիպել ցածր պրիզմայաձև կամ խորանարդաձև էպիթելի։ Նույնպիսի էպիթել լինում է նաև գեղձի մի շարք արտազատիչ ծորանների հատվածներում։

Cheekcells stained.jpg
  • Բազմաշերտ էպիթել՝ բնորոշ է նրանով, որ վերջինիս բջիջները դասավորված են մեկը մյուսի վրա մի քանի շերտերով։ Շարքերի քանակը և շերտավորման ձևը լինում են տարբեր։

Բազմաշերտ տափակ էպիթել, որը տափակ է կոչվում այն պատճառով, որ դրա մակերեսային շարքի բջիջներն ուժեղ տափակած են։ Սա սահմանային հյուսվածքի ամենաշատ տարածված ձևն է։ Դրանով արտաքինից պատած է ամբողջ մաշկը և բերանի խոռոչի, կերակրափողի, որոշ կենդանիների ստամոքսի մի մասի լորձաթաղանթը։ Գործունեության տեսակետից բազմաշերտ տափակ էպիթելը կարելի է կոչել պաշտպանական, ծածկող էպիթել։ Էպիթելի պաշտպանական նշանակությունը պայմանավորված է վերջինիս մակերեսի վրա գտնվող ուժեղ զարգացած եղջրային շերտով, որը դիմադրում է արտաքին անբարենպաստ (վնասակար) ազդակների ներգործություններին, դրանով իսկ պաշտպանելով իրենից ավելի խորն ընկած հյուսվածքները։

Գոյություն ունի բազմաշերտ տափակ էպիթելին մի ձև, որը կոչվում է անցողիկ էպիթել։ Վերջինս աչքի է ընկնում նրանով, որ թույլ է տալիս դրա մեջ ընդգրկվող բջիջներին առանց ամբողջականությունը խախտելու ձգվել այն օրգանի մակերեսով, որի խոռոչում դրանք սփռված են, ինչպես միզապարկի խոռոչում։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մխիթարյան Ռ.Ս. և ուրիշն.- Ընտանի կենդանիների անատոմիա..Մաս I Մարմնական.(սոմատիկ) համակարգեր.
  • Билич Г. Л., Крыжановский В. А. Биология. Полный курс։ В 4 т. — издание 5-е, дополненное и переработанное. — М.։ Издательство Оникс, 2009. — Т. 1. — 864 с. — ISBN 978-5-488-02311-6