Շնչառական օրգաններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Iconographic Encyclopedia of Science, Literature and Art 152.jpg

Շնչառական օրգաններ, օրգանիզմին արտաքին միջավայրի միջև գազափոխանակությունն ապահովող մասնագիտացված օրգաններ։ Հատուկ են միայն աերոբներին, որոնք ազատ թթվածինն ստանում են մթնոլորտային օդից (օդային շնչառություն) կամ ջրում լուծված օդից (ջրային շնչառություն)։ Անաերոբները, ինչպես նաև ցածրակարգ աերոբների բազմաթիվ խմբեր՝ նախակենդանիները, սպունգները, աղեխորշավորները և որոշ որդեր, զուրկ են շնչառական օրգաններից։ Բարակ և նուրբ ծածկույթով պատված կենդանիների օրգանիզմ թթվածինը կարող է թափանցել դիֆուզիայի միջոցով մարմնի ամբողջ մակերևույթից՝ շնչառության մաշկային տիպ, որին հաճախ միանում է աղիքային շնչառությունը, երբ թթվածինն օրգանիզմ է թափանցում աղիքի պատի միջով (օրինակ՝ աղեխորշավորներինը)։ Ավելի բարդ կառուցվածք ունեցող կենդանիներն ունեն շնչառական օրգանների տարբեր համակարգեր, որոնք սերտորեն կապված են շրջապատող միջավայրի առանձնահատկությունների և օրգանիզմի կենսակերպի հետ։ Այսպես, ջրային կենդանիների մեծամասնությունը շնչում է խռիկների (խռիկային շնչառություն), միջատները՝ հատուկ օդատար խողովակների՝ տրարխեաների, իսկ երկկենցաղները՝ սողունները և կաթնասունները՝ թոքերի (թոքային շնչառություն) միջոցով։ Ոսկրոտ ձկների մի մասի, երկկենցաղների և այլնի համար մաշկային շնչառությունը դեռևս կարևոր նշանակություն ունի։ Թոքային շնչառության նշանակությունն ավելի մեծ է սողունների համար։ Որոշ մողեսների թոքերն օժտված են հավելյալ պարկերով, որոնք օդով լցվելիս ուռչում են և ծառայում գիշատիչներին վախեցնելու համար։ Թռչունների համապատասխան պարկերը տարածված են ամբողջ մարմնում։ Դրանք ապահովում են գազափոխանակությունը նույնիսկ շնչառական շարժումների բացակայության դեպքում և ծանրության կենտրոնի տեղաշարժման միջոցով մասնակցում թռիչքի ընթացքում թռչունի բնականոն դիրքի պահպանմանը։ Թոքերը ամենակատարյալ զարգացման են հասել կաթնասունների և մարդու օրգանիզմում։ Բազմաթիվ կենդանիների անհատական զարգացման պրոցեսում տեղի է ունենում շնչառական օրգանների հերթափոխություն, օրինակ, մինչև ձկների թրթուրների խռիկների վերջնական զարգացումը շնչառական ֆունկցիան կատարում են դեղնուցապարկը, ապա լողակների անոթները կամ ժամանակավոր (թրթուրային) արտաքին խռիկները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 534 CC-BY-SA-icon-80x15.png