Վիտամին B12

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Cobalamin.png

Վիտամին B12ը (ցիանոկոբալամին), C63H88CoN14O14P քիմիական բանաձևով, կոբալտ–կորինային կոմպլեքս, որում Со-ի ատոմը միացած է ցիան խմբի, նուկլեոտիդային մնացորդի և 4 վերականգնված պիրոլային օղակների հետ։

Ֆիզիկաքիմիական հատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոլային զանգվածը՝ 1355,4։ Մուգ կարմիր բյուրեղներ են, լուծվում են ջրում և բևեռային օրգանական լուծիչներում։ Մտնում է մի շարք ֆերմենտների բաղադրության մեջ։ Ակտիվացնում է սպիտակուցային փոխանակությունը։ Ցիանոկոբալամինի մոլեկուլում CN խումբը կարող է փոխարինվել OH, ONO, SՕ3 խմբերով, Cl, Br և այլ ատոմներով։ Ստացված ածանցյալները՝ կոբալամինները, իրենց բուժիչ ակտիվությամբ չեն տարբերվում ցիանոկոբալամինից։ Բնական աղբյուրներում հանդիպում են ցիանակոբալամինին մոտ միացություններ՝ կեղծ B12 վիտամիններ, որոնք միկրօրգանիզմների համար ակտիվ են, մարդու և կենդանիների համար ոչ ակտիվ։

Ընդհանուր տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիտամին B12-ն անջատվել է 1948 թվականին լյարդից բյուրեղային վիճակում։ Դորոտի Հոջքինը 1955 թվականին ռենտգենա-կառուցվածքային անալիզով հայտնաբերեց վիտամին B12-ի կառուցվածքը։ Այս աշխատանքի համար 1964 թվականին նրան պարգեւատրեցին Նոբելյան մրցանակով։ Վիտամին B12-ը միակ վիտամինն է, որն իր կառուցվածքում պարունակում է կոբալտ մետաղը։ Վիտամինի կառուցվածքը պարունակում է կորինի օղակ, դիմեթիլբենզիմիդազոլ, ռիբոզ եւ ֆոսֆորական թթու։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ո՛չ կենդանական եւ ո՛չ էլ բուսական օրգանիզմներն ընդունակ չեն սինթեզելու վիտամին B12: Սա միակ վիտամինն է, որ բացառապես սինթեզվում է միայն միկրոօրգանիզմներով՝ բակտերիաներով, ակտինոմիցետներով եւ կապտականաչավուն ջրիմուռներով։ Կենդանական օրգանիզմներում վիտամին B12-ով հարուստ են լյարդը եւ երիկամները, միսը, ձուկը։

Օրվա պահանջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիտամին B12-ի օրվա պահանջը չնչին քանակություն է, այն ընդամենը 1-2 մկգ է։ Վիտամին B12-ի նշանակալից քանակություն են պարունակում լյարդը, երիկամները, ձկնեղենը հատկապես լյարդում և խավիարում։ Ավելի քիչ քանակություն պարունակում են միսը, կաթը, կաթնաշոռը, պանիրը, ձվի դեղնուցը։

Վիտամինակոֆերմենտային ձևեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիտամին B12-ը երկու կոֆերմենտների ձեւով է հանդես գալիս՝

  1. ցիտոպլազմայում մեթիլկոբալամինի,
  2. միտոքոնդրիումներում՝ 5՛- դեզօքսիադենոզիլկոբալամինի։

Վիտամինի ակտիվություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիտամին B12-ը մուգ կարմիր գույնով բյուրեղներ են, լուծվում են ջրում եւ սպիրտում։ Վիտամին B12 - ը՝

  1. ջերմության նկատմամբ կայուն է,
  2. լուսազգայուն է,
  3. էնտերիտների ժամանակ կորցնում է ակտիվությունը,
  4. ստամոքսի եւ աղիքների ռեզեկցիաները (խանգարում են նորմալ ներծծումը),
  5. նեոմիցինը, պարաամինասալիցիլաթթուն, կոլխիցինը ազդում են ակտիվության վրա,
  6. ազոտի երկօքսիդի գերքանակություններն ազդում են ակտիվության վրա։

Վիտամինի կենսաբանական դեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնակցում է՝

  1. տրանսմեթիլացման ռեակցիաներին (մեթիլկոբալամին)՝
    1. հոմոցիստեինից մեթիոնինի առաջացմանը,
    2. խոլինի սինթեզին,
    3. ֆոսֆոլիպիդների փոխանակությանը,
    4. լիպոպրոտեինների փոխանակությանը,
    5. ֆոլաթթվի ածացանյալների փոխարկման ռեակցիաներին, որոնք՝որպես ԴՆԹ-ի եւ ՌՆԹ-ի նախորդներ, անհրաժեշտ են նուկլեոտիդների սինթեզի համար (մեթիլխմբերիմիջանկյալ փոխադրիչ՝ տրանսմեթիլազաների ակտիվատոր)։
  2. իզոմերացման ռեակցիաներին (5’-դեզօքսիադենոզիլկոբալամին)՝
    1. կենտ թվով ճարպաթթուների փոխանակությանը. Կենդանական հյուսվածքներում վիտամինի անբավարարությունը կապված է կոբալամինի ներծծման խանգարման հետ, որը պայմանավորված է Կասլի ներքին գործոնի սինթեզի խանգարմամբ։ Կասլի ներքին գործոնը սինթեզվում է ստամոքսի շրջադիր բջիջներում։ Այն գլիկոպրոտեին (մուկոպրոտեիդ) է 93.000Դ զանգվածով։ Միանում է վիտամին B12-ին Ca2+-ի մասնակցությամբ։ Կասլի արտաքին գործոնը վիտամինի ալիմենտար ընդունման ձեւն է (կենդանական սննդի մեջ սպիտակուցների հետ միացած)։ Ստամոքսում պրոտեազաները քայքայում են վիտամինին միացած սպիտակուցները։ Վիտամին B 12-ը, միանալով Կասլի ներքին գործոնին (մուկոպրոտեիդին), ներծծվում է արյան մեջ։ Արյան մեջ վիտամինը շրջանառում է սպիտակուց ներին միացած վիճակում՝ հիմնականում գլոբուլիններիհետ։ Վիտամին B 12-ը կարող է պահեստավորվել լյարդում (1մկգ-ը 1գ լյարդի հաշվին)։

Վիտամինային անբավարարության կլինիկական արտահայտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիտամին B12 - ի հիպովիտամինոզի պատճառ կարող են լինել ստամոքսահյութի ցածր թթվայնությունը, որը կարող է առաջանալ լորձաթաղանթի վնասման արդյունքում։

  1. ԱՍՏ-ի էպիթելի ռեէպիթելիզացիայի խանգարումը՝
    1. բերանախոռոչի, կերակրափողի, ստամոքսի եւ մասնավորապես աղիքների լորձաթաղանթի խոցանեկրոտիկ փոփոխությունները։
  2. Ստամոքսի տոտալ հեռացման վիրահատությունը։
  3. Վիտամին B12-ի անբավարարության հիմնական նշաններից են պերնիցիոզ (չարորակ) անեմիան։
  4. Թրոմբոցիտոպենիան, լեյկոպենիան։
  5. Նեւրոլոգիական խանգարումները, նյարդային բջիջների ճարպային դիստրոֆիան, դեմիելինիզացիան, հաղորդակցման խանգարումները։
  6. Խախտվում է արյունաստեղծման պրոցեսը, որն առաջին հերթին կապված է նուկլեինաթթուների փոխանակության, մասնավորապես, արյունաստեղծման համակարգում արագ կիսվող բջիջներում՝ ԴՆԹ-ի սինթեզի խանգարման հետ։
  7. Արյունաստեղծման ֆունկցիայի խանգարման հետևանքով վիտամին B12-ի ավիտամինոզին բնորոշ ախտանիշներից է նաև ԿՆՀ-ի ընկճումը, որը բացատրվում է մեթիօլմալոնատի տոքսիկ հատկությամբ։ Այն կուտակվում է օրգանիզմում կենտ թվով ճարպաթթուների փոխանակության, ինչպես նաև որոշ ածխածնային ճյուղավորված շղթա ունեցող ամինաթթուների քայքայման խանգարման հետեւանքով (մեթիլմալոնիլային ացիդոզ)։ Ախտորոշիչ նշանակություն ունի մեզում մեթիլմալոնաթթվի եւ պրոպիոնաթթվի որոշումը։ Վիտամին B12-ը՝ որպես դեղամիջոց, կիրառվում է սուր սակավարյունությունը բուժելու, պոլինեւրիտների, երիկամների հիվանդությունների ժամանակ։