Պրոլակտին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պրոլակտին

Պրոլակտին (լակտոտրոպ հորմոն, լյուտեոտրոպ հորմոն, մամոտրոպին), առաջնային մակուղեղի (հիպոֆիզ) կողմից արտադրվող ամինաթթուների 198 մնացորդներից կազմված պեպտիդային բնույթի հորմոն, որը հիմնականում խթանում է կաթնագեղձերի աճն ու կաթնարտադրությունը[1]։ Պրոլակտինի ընկալիչներ կան նաև սրտում, թոքերում, ուրցագեղձում, փայծաղում, մակերիկամներում և այլ օրգաններում[2]։

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոլակտինն արտադրվում է առաջնային մակուղեղի (առաջնային հիպոֆիզ, ադենոհիպոֆիզ) թթվասեր լակտոտրոֆ բջիջներում, որոնց քանակը կազմում է ադենոհիպոֆիզի ներզատական բջիջների մեկ երրորդից ավելին։ Պրոլակտինի պարունակությունը պլազմայում զգալիորեն բարձրանում է հղիության և նախաձվազատման շրջանում։ Էվոլյուցիոն տեսակետից պրոլակտինը համարվում է ամենահին հորմոններից մեկը, որը սկզբում կատարել է բազմազան ֆունկցիաներ։ Կաթնասունների զարգացմանը զուգահեռ այս հորմոնի ֆունկցիաները դարձել են առավել յուրահատուկ (կաթի արտադրման տեսակետից), բայց որոշ չափով պահպանվել են նաև մյուս ֆունկցիաները։

Ազդեցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական թիրախ օրգանները կաթնագեղձերն են, որտեղ խթանում է վերջիններիս աճը, զարգացումը և կաթի արտադրությունը։ Կաթնագեղձի բջիջներում պրոլակտինը խթանում է գլյուկոզի կլանումն ու լիպոգենեզը, ակտիվացնում կաթի սպիտակուցների սինթեզը, շատացնում կաթ սինթեզող բջիջների քանակը։

Կաթնասունների որոշ տեսակների (օրինակ՝ առնետների) պրոլակտինը ձվազատումից հետո խթանում է դեղին մարմնի գոյացումը ձվարաններում, որի պատճառով էլ կոչվում է նաև լյուտեոտրոպ հորմոն։ Հղիության վերջին փուլում այն մասնակցում է նաև պտղի թոքերի մակերեսը պատող սուրֆակտանտի սինթեզին, ինչպես նաև ազդում է ճարպային փոխանակության վրա։

Պրոլակտինը խթանում է անդրոգենների արտադրությունը, սեռական օրգանների աճը, շարժուն սպերմատոզոիդների արտադրությունը, լյուտեինացնող հորմոնի ընկալիչների առաջացումը սերմնարաններում, անդրոգենների ընկալիչների առաջացումը շագանակագեղձում և սերմնաբշտերում։ Մեծ քանակների դեպքում այն արգելակում է ֆոլիկուլախթանիչ հորմոնի, գոնադոլիբերինի, արական և իգական սեռական հորմոնների արտադրությունը, կասեցնում ձվազատումը և նոր հղիության առաջացումը։

Որոշ ձկների համար պրոլակտինն անհրաժեշտ է քաղցրահամ ջրերում բնականոն կենսագործելու համար, քանի որ կարգավորում է նրանց օրգանիզմի ջրաաղային փոխանակությունը և օսմոսային ճնշումը։

Բոլոր ողնաշարավորների օրգանիզմում՝ սկսած ձկներից, պրոլակտինն ազդում է վերնամաշկի բջիջների բազմացման և հյութազատման վրա։ Որոշ տեսակի թռչունների (պինգվիններ, աղավնիներ) օրգանիզմում այն նպաստում է «կտնառքային կաթի» արտադրմանն ու փետուրների աճին։

Պրոլակտինն ազդում է վերարտադրողական վարքի վրա, նպաստում է սերնդի խնամքի վարքագծի ու մայրական բնազդի ձևավորմանը, որի համար էլ անվանվում է «մայրական սիրո հորմոն»։ Որոշ երկկենցաղների բազմացման համար ջրային միջավայրին անցնելը նույնպես կարգավորվում է պրոլակտինով։

Պրոլակտինը մեղմացնում է ցավային զգացողությունը։

Լիմֆոցիտների և մյուս լեյկոցիտների կողմից պրոլակտինի հյութազատությունը մեծանում է իմունիտետի ակտիվացման, բորբոքային գործընթացների և վարակների ժամանակ[3][4]։

Պրոլակտինի արտադրությունը ենթարկվում է օրական ռիթմերին։ Բնականոն պայմաններում նրա քանակը հատկապես առավելագույնի է հասնում արագ քնի շրջանում կամ վաղ առավոտյան (աճի հորմոնի նման)։

Կարգավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոլակտինի սինթեզը հիմնականում կարգավորվում է ենթատեսաթմբում արտադրվող պրոլակտին-ընկճող գործոնով, որը մշտապես ճնշում է պրոլակտինի արտադրությունը։ Ներկայումս պրոլակտին-ընկճող հիմնական գործոն է համարվում դոֆամինը, որի սինթեզի թուլացման դեպքում պրոլակտինի քանակը կտրուկ ավելանում է։ Էստրոգենները, պրոլակտոլիբերինը, սերոտոնինը, մի շարք հոգեմետ պատրաստուկներ խթանում, իսկ պրոլակտոստատինը, վահանագեղձի հորմոններն ու գլյուկոկորտիկոիդներն, ընդհակառակն, արգելակում են պրոլակտինի արտադրությունը։ Պրոլակտինի արտադրությունը նշանակալիորեն մեծանում է սթրեսների, ընկճախտի, ուժեղ ցավերի դեպքում և, հատկապես, հղիության ու կաթնարտադրության շրջաններում։ Պրոլակտինի սինթեզը խթանվում է նաև ռեֆլեքսային ճանապարհով, որի ընկալչական դաշտը գտնվում է կրծի պտուկների շրջանում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Bole-Feysot C, Goffin V, Edery M, Binart N, Kelly PA (June 1998). "Prolactin (PRL) and its receptor: actions, signal transduction pathways and phenotypes observed in PRL receptor knockout mice". Endocr. Rev. 19 (3): 225–68. doi:10.1210/er.19.3.225 . PMID 9626554
  2. Mancini, T.; Casanueva, FF; Giustina, A (2008). "Hyperprolactinemia and Prolactinomas". Endocrinology & Metabolism Clinics of North America 37 (1): 67–99, viii. doi:10.1016/j.ecl.2007.10.013 . PMID 18226731
  3. Ben-Jonathan N, Mershon JL, Allen DL, Steinmetz RW (December 1996). "Extrapituitary prolactin: distribution, regulation, functions, and clinical aspects". Endocr. Rev. 17 (6): 639–69. doi:10.1210/edrv-17-6-639 . PMID 8969972
  4. Gerlo S, Davis JR, Mager DL, Kooijman R (October 2006). "Prolactin in man: a tale of two promoters" . BioEssays 28 (10): 1051–5. doi:10.1002/bies.20468 . PMC 1891148 . PMID 16998840

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]