Հղիություն (մարդ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Հղիություն (այլ կիրառումներ)
26 շաբաթական հղի կին

Հղիություն մարդու, ֆիզիոլոգիական պրոցես (կամ վիճակ), որի դեպքում կնոջ օրգանիզմում բեղմնավորված ձվաբջջից զարգանում է պտուղը և ավարտվում երեխայի ծնվելով։ Հղիությունը սկսվում է բեղմնավորման (ձվաբջիջը սպերմատոզոիդի հետ միաձուլվելու) պահից, որը տեղի է ունենում արգանդափողում։ Բեղմնավորված ձվաբջիջը (պտղաձու) արգանդափողի մկանային կծկումների և թարթիչավոր էպիթելի թավիկների շարժումների շնորհիվ սկսում է առաջ շարժվել և, 7-8 օրում հասնելով արգանդի խոռոչ, պատվաստվում է լորձաթաղանթի վրա։ Երբեմն պաղաձուն պատվաստվում է արգանդից դուրս՝ փողում, ձվարաններում, որովայնի խոռոչում, որի դեպքում անհրաժեշտ է կատարել վիրահատություն։

պտղի շարժումների 3D ուլտրաձայնային պատկերը 12 շաբաթական և 3 օրական հղիության ժամանակ

Նախանշաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղիության սկզբում կարող են լինել սրտխառնոց, փսխում, համի զգացողության փոփոխություն (տհաճություն որոշ սննդամթերքների նկատմամբ), հղին հաճախ զգում է սուր և թթու սննդի կարիք։ Երբեմն առաջանում է ուտելու համար ոչ պիտանի նյութերի (կավիճ, կավ, ավազ) օգտագործման պահանջ, որը կապված է ստամոքսի հյութազատիչ գործունեության և նյութափոխանակության փոփոխության հետ։ Հղիության առաջին ամիսներին փոփոխվում է նաև կնոջ հոգեկան աշխարհը, դառնում է զգայուն, բարձրանում է գրգռողականությունը, նկատվում է քնի խանգարում։ Հղիության նշանները կարող են լինել սուբյեկտիվ՝ սրտխառնոց, փսխում, համի զգացության փոփոխություններ, գրգռվածություն։ Հավանական նշաններն են՝ սեռական օրգաններում (արգանդի չափերի մեծացում, կոնսիստենցիայի փոփոխություն, դաշտանի դադարում) և կաթնագեղձերում տեղի ունեցող փոփոխությունները, իսկ ստույգ կամ անկասկած նշաններն են՝ պտղի շարժումը, սրտի բաբախումների լսումը կամ գրառումը հատուկ սարքավորումների օգնությամբ, պտղի մասերի (գլուխ, իրան, ոտքեր) շոշափումը, կմախքի ռենտգենյան հետազոտումը։

Ընթացքը[խմբագրել | խմբագրել կոդը]

William Hunter, Anatomia uteri humani gravidi tabulis illustrata, 1774

Հղիությունը ֆիզիոլոգիական պրոցես է, որը կնոջ օրգանիզմի վրա ունենում է բարերար ազդեցություն։ Սակայն զարգացող պտղի պահանջների հետևանքով կնոջ բոլոր օրգաններն ու հյուսվածք ները գտնվում են բարձր ծանրաբեռնվածության տակ։ հղիության առաջին օրերից ձվարանում գործում է ձվազատման ժամանակ առաջացած դեղին մարմինը (ներքին սեկրեցիայի գեղձ, որն արտադրում է պրոգեստերոն)։ Ձվարաններում արտադրվող հորմոնների (պրոգեստերոն և ֆոլիկուլին) ազդեցության տակ տեղի են ունենում մի շարք փոփոխություններ։ Ձվարաններում դադարում են հասունանալ գրաֆյան բշտերը։ Հիպոֆիզը մեծանում է 3 անգամ, հատկապես նրա առջևի բիլթը, որը պայմանավորված է գեղձի ֆունկցիայի բարձրացմամբ։ Հիպոֆիզի ազդեցության ներքո կաթնագեղձերը ծավալով մեծանում են, դառնում ավելի առաձգական, կրծքապտուկներից կարող է արտադրվել խեժ։ Արգանդի լորձաթաղանթը ենթարկվում է հիպերտրոֆիայի։ Այն վերափոխվում է, այսպես կոչված, ընկնող թաղանթի (ծննդաբերությունից հետո անջատվում և արտամղվում է արգանդից)։ Արգանդի մկաններում զարգանում են նոր մկանաթելեր։ Յուրաքանչյուր մկանաթել մեծանում է երկարությամբ 10 անգամ, լայնությամբ՝ 4։ Բարձրանում է մկանների կծկողական հատկությունը։ Արգանդի ծավալը մեծանում է 500, կշիռը՝ 25 անգամ։ Արգանդի անոթները մեծանում են ըստ երկարության ն լայնության, առաջանում են նոր անոթներ, դեպի արգանդ հոսող արյան քանակությունը միավոր ժամանակամիջոցում մեծանում է 5-6 անգամ։ Հղիության ընթացքում ինտենսիվանում է սիրտ-անոթային համակարգի գործունեությունը։ Հիպոֆիզի հորմոնների ազդեցության տակ կարող է բարձրանալ արյան ճնշումը (զարկերակային)։ Արտի գերծանրաբեռնվածության հետևանքով զարգանում է ձախ փորոքի հիպերտրոֆիա։ Երակների պատերի փոփոխության հետևանքով կարող է առաջանալ երակների հանգուցավոր լայնացում՝ հաճախ ստորին վերջույթների։ Արյան քանակությունն ավելանում է 400—500 Աչ-ոՎ։ Խթանվում է արյունաստեղծ օրգանների ֆունկցիան, ավելանում է լեյկոցիտների, էրիթրոցիտների, հեմոգլոբինի քանակությունը։ Զգալի փոփոխությունների է ենթարկվում նյութափոխանակությունը. ֆերմենտային պրոցեսներն արագանում են, օքսիդացմանը՝ դանդաղում։ Սպիտակուցային և ճարպային փոխանակությունն իջնում, իսկ ածխաջրատային և ջրաաղային փոխանակությունը բարձրանում է։ Ավելանում է ջրի պահանջը, ուժեղանում հանքային աղերի փոխանակությունը։ Պտղի զարգացման համար անհրաժեշտ վիտամինները (A, B, C, D, E) անցնում են մոր արյան միջոցով։ Հղիության ընթացքում կնոջ մարմնի կշիռը ավելանում է 10—11 կգ

Առաջին եռամսյակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին ամսում տեղի է ունենում բեղմնավորումը, երբ սերմնաբջիջը միաձուլվում է ձվաբջջին։ Այն հիմնականում տեղի է ունենում արգանդափողերում։ Ապա բեղմնավորված ձվաբջիջը անցնում է արգանդի փողով դեպի արգանդ և ամրանում է պատին։ Առաջին 36 ժամերին այն բաժանվում է 2 բջջի, որոնք իրենց հերթին բաժանվում են 24 ժամ հետո։7-րդ օրը բջիջների թիվը հասնում է 16-ի։ Երբ այս բջջի կույտը ամրանում է արգանդի պատին, այն սկսվում է ավելի արագ բաժանվել և չափերով մեծանալ։ Երկրորդ շաբաթում բեղմնավորված ձվի շուրջը գոյանում է պտղապարկ, որը լցված է հեղուկով։ Պտղապարկը բարձիկի նման պաշտպանում է զարգացող պտուղը։ Առաջանում է նաև ընկերքը, որը կլորավուն, տափակ օրգան է։ Ընկերքի միջոցով տեղի է ունենում թթվածնի և սննդանյութերի տեղափոխումը մորից պտղին և արգասիքների դուրս բերումը պտղից։ Ձևավորվում է նաև դեմքը, բերանը, սկսվում է արյան շրջանառությունը։ Առաջին ամսվա վերջին փոքրիկի երկարությունը 4.5 մմ է, ավելի փոքր՝ քան բրնձի հատիկը։

Երկրորդ ամսում սկսում է գծագրել մաշկի ծալքերը գլխի կողմերում, որոնցից հետագայում առաջանում են ձեռքերը և ոտքերը։ Աճառին սկսում է փոխարինել ոսկրային հյուսվածքը։Սաղմը սկսում է շարժվել, սակայն այդ ժամանակ կինը շարժումները չի զգում։ Դեմքը գնալով ավելի է նմանվում մարդու դեմքի։ Երկրորդ ամսվա վերջում մանկիկը կշռում է 10 գրամ, երկարությունը կազմում է մոտ 2.5 սմ։

Երրորդ ամսվա վերջին մանկիկը ամբողջովին ձևավորված է։ Այժմ նա ունի ձեռքեր, մատներ, կարող է բացել և փակել բերանը և մատներով բռունցք անել։ Սկսվում են ձևավորվել եղունգները, ատամները, սեռական օրգանները։Լյարդը սկսում է արտադրել լեղի։ Երրորդ ամսվա վերջին պտուղը սովորաբար լինում է մոտ 10 սմ երկարության և կշռում է մոտ 40 գրամ։

Երկրորդ եռամսյակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չորրորդ ամսին ձևավորվում են կոպերը, ունքերը, եղունգները, մազերը։ Ոսկրերը դառնում են էլ ավելի ամուր։ Գերձայնային հետազոտության սարքով հնարավոր է տարբերակել երեխայի սեռը։ Հնարավոր է նաև լսել երեխայի սրտի զարկերը։ Աչքերը դառնում են զգայուն լույսի նկատմամբ։4-րդ ամսվա վերջին երեխայի հասակը արդեն 16 սմ է, և կշռում է 120 գրամ։

Հինգերորդ ամսին պտղի գլխին, ուսերին և մեջքին աճում են մազեր։ Մայրը արդեն կարող է զգալ պտղի խաղը, քանի որ երեխայի մկանները բավականաչափ զարգացած են։Երիկամները սկսում են մեզ արտադրել, որը գուրս է գալիս պտղաջրերի մեջ։ Պտուղը կշռում է 450-500 գրամ, իսկ հասակը կազմում է 25 սմ։

Վեցերորդ ամսում կոպերը բացվում են։ Երեխան կարող է արձագանքել ձայնին՝ շարժվելով և սրտի զարկերի արագացմամբ։ Մայրը նույնիսկ կարող է զգալ երեխայի զկռտոցը, կանոնավոր կերպով քնելն ու զարթնելը։ Երեխան սկսում է շնչառական շարժումների փորձեր կատարել։ Երեխայի առաջին զվարճանքն է թաթիկով արգանդի ներսում «ուսումնասիրելը»:6-րդ ամսում երեխայի հասակը հասնում է 30 սմ երկարության, քաշը՝ մոտ 1 կգ-ի։

Երրորդ եռամսյակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Յոթերորդ ամսում ավարտվում է կենսական կարևոր օրգանների ձևավորումը։Լսողությունն այնքան լավ է զարգանում, որ երեխան կարող է շարժվել երաժշտության ռիթմի տակ։Կոորդինացիան նույնպես լավ զարգացած է, այնպես, որ կարող է բութ մատը տանել բերանը և ծծել։ Փոքրիկը կարող է այժմ լաց լինել։ Աչքերը բաց են։ Քաշը 7-րդ ամսվա վերջին 1700-1800 գրամ է, հասակը՝ 40 սմ։

Ութերորդ ամսում արդեն երեխայի լսողությունը զարգանում է այնպես, որ զանազանում է ծանոթ ձայները։ Մաշկի տակ կուտակվում է ճարպ:Երեխան փորձում է շնչական շարժումներ կատարել։ Սկսում է ավելի քիչ շարժվել, քանի որ մեծանալով, սկսում է նեղվածք զգալ։ Բոլոր օրգանները լավ զարգացած են, բացի թոքերից։

Իններորդ ամսում երեխան շարունակում է աճել և հասունանալ։ Թոքերը լիովին զարգացած են։ Շարժումները լավ համակարգված են, փոքրիկը կարող է թարթել, աչքերը փակել, գլուխը շրջել։ Մաշկը ձեռք է բերում վարդագույն երանգ, անհետանում է մաշկի կնճռոտությունը։ Երեխան գրավում է ավելի ցածր դիրք և պատրաստվում է ծննդաբերության։

Պտղի գլխուղեղի զարգացումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հենց մեր ուղեղն է տարբերակում և գերակայում մեզ կենդանիներից։ Յուրաքանչյուր հղիի համար ամենակարևորը հանդիսանում է պտղի գլխուղեղի տրավմաների \վնասվածքների\ կանխարգելում, զարգացման համապատասխան ապահովումը։ Բնականոն ծննդաբերության սկզբունքը հանդիսանում է գործոններից մեկը, որն իջեցնում է գլխուղեղի ծննդաբերական տրավմատիզմը։ Սակայն լինում են իրավիճակներ, երբ բժշկական միջամտությունները լինում են անհրաժեշտ և անխուսափելի։ Պտղի գլխուղեղի զարգացումը տեղի է ունենում ոչ կմախքի զարգացմանը զուգահեռ։ Հղիության հենց առաջին շաբաթից սկսած արդեն պտղում գոյություն ունեն ուղեղային նյութեր։ Գլխուղեղի շարունակական աճը ընդգրկում է բեղմնավորման պահից մինչև ինքնուրույն կյանքի 9 ամիսը։

20 շաբաթական հղիության ժամանակ գլխուղեղի հյուսվածքները մոտավորապես կազմում են 60սմ2, 36 շաբաթում գլխուղեղը համարյա լրիվ ձևավորված է, ծնվելու պահին (40 շաբաթ) այն մոտավորապես 360 սմ2, իսկ 9 ամսական երեխայի մոտ այն արդեն 850 սմ2 է, որն էլ հանդիսանում է կազմավորված գլխուղեղի մոտ 90%: Նեյրոանատոմները գտնում են, որ ուղեղային հյուսվածքի զարգացումը տրվում է մնացած ողջ կյանքի ընթացքի համար։ Եթե գլխուղեղի աճն ու զարգացումը համապատասխանում են գենետիկական և բնազդական պահանջներին, ապա կուտակվում են բարենպաստ հիմք հետագա զարգացման համար։ Եթե գլխուղեղը վնասվում է կամ ախտահարվում, կամ դրա հիմքը լիարժեք չի զարգանում, ապա այդ հետևանքով արտացոլվում են հետագա ողջ կյանքի վրա և պետք է բավականին ջանք թափել օգնելու փոքրիկին։ Գլխուղեղի աճին և զարգացմանը նպաստում են.

  1. Ժառանգականությունը
  2. Ինֆեկցիաները (շատ վտանգավոր են սեռավարակները), կարմրախտը (ախտահարում է ուղեղային հյուսվածքները)
  3. Թմրանյութերը (գենի արատներ)
  4. Դեղանյութերը (նիկոտինը վնասում է շնչառական համակարգը, սերմնաբջիջները)
  5. Ալկոհոլի օգտագործումը
  6. Ոչ լիարժեք սնունդը

Ծխելը:Ծխող հղի կնոջ մոտ խիստ մեծ է ցածր քաշով նորածինների ծննդաբերության վտանգը։ Ծխելը կարող է հանգեցնել նաև վաղաժամ ծննդաբերության, մեռելածնության կամ վիժումների։ Ծխող մայրերի երեխաներն ավելի հաճախ են տառապում ասթմայով։ Ընտանիքի մյուս անդամները պետք է խուսափեն հղի կնոջ ներկայությամբ ծխելուց, քանի որ այսպես կոչված «պասիվ» ծխելը՝ ծխող անձի արտաշնչած օդը շնչելը, նույնպես խիստ վտանգավոր է։

Ալկոհոլի գործածումը:Խուսափեք հղիության ընթացքում ալկոհոլային խմիչք գործածելուց։ Ալկոհոլը կարող է անցնել ընկերքով և զարգացող երեխայի մոտ կարող է առաջացնել ֆիզիկական և մտավոր խնդիրներ։ Շատ կարևոր է ոգելիչ խմիչք չօգտագործել հատկապես բեղմնավորման շրջանում և հղիության առաջին երեք ամիսներին, քանի որ այս ընթացքում զարգացող պտուղը շատ ավելի զգայուն է ալկոհոլի նկատմամբ։

Ոչ լիարժեք սնունդը սպանիչ ազդեցությունն է թողնում գլխուղեղի զարգացման վրա։ Ծնողները պետք է սննդի հետ ստանան բոլոր անհրաժեշտ սննդանյութերը սկսած գոնե հղիությունից 1 ամիս առաջ, իսկ ավելի լավ՝ ողջ կյանքում։ Ապագա մայրիկի համար ճիշտ սնուցումը ոչ թե ցանկալի է, այլ անհրաժեշտ։ Հղիության ֆիզիոլոգիական ընթացքի համար անժխտելի է սննդակարգի և նրա ռեժիմի պահպանումը։ Սնունդը պետք է լինի ոչ միայն բազմազան, այլև անհատական, հաշվի առնելով կլիմայական պայմանները, ֆիզիկական զարգացվածությունը, հոգեբանական առանձնահատկությունները, ընտանեկան և կենցաղային պայմանները, համային սովորույթները։ Կարևոր է հաճույք ստանալ օգտագործած սննդից։ Հղիության առաջին կեսում անհրաժեշտ է սնունդ ընդունել օրը 4-5 անգամ, երկրորդ կեսում՝ օրը 5-6 անգամ։ Ցանկալի է սնունդը ընդունել նույն ժամերին, որը բացում է ախորժակը։ Ախորժակը դա առաջին և ամենաուժեղ գործոնն է, որով պայմանավորված է ստամոքսահյութի արտադրությունը։ Սննդի ընդունման պահաժամը (ինտերվալը) պետք է լինի 4-5 ժամ։ Սննդի նկատմամբ պահանջն ավելանում է միայն հղիության 3-րդ ամսից սկսած և շատ աննշան, ընդամենը օրական 200 կալորիայով, ինչը պարունակում է 2-3 կտոր հացի կամ մեկ բաժին կաթի մեջ։

Սեռական կյանքը հղիության ժամանակ:Մանկաբարձ-գինեկոլոգների տեսակետից խորհուրդ չի տրվում սեռական հարաբերություն ունենալ 1-12 շաբաթական հղիության (վիժման սպառնալիք) և 37-40 շաբաթական հղիության ժամկետներում (վաղաժամ ծննդաբերություն)։Մնացած ժամկետներում, բժշկական հակացուցումներ (արգանդի մկանների տոնուս, արյունային արտադրություն, պտղաջրերի վաղաժամ արտահոսք) չլինելու դեպքում, սեռական հարաբերությունները թույլատրելի են։

Առողջ սնունդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առողջ սնունդը կազմված է հիմնականում բուսական սննդամթերքներից։ Հնարավորինս շատ պետք է օգտագործել տեղական արտադրության միրգ և բանջարեղեն:Այն պարունակում է ավելի մեծ քանակությամբ սննդանյութեր։ Առողջ սննդակարգը պարունակում է շատ քիչ քանակությամբ յուղ և քաղցրավենիք:Հիմնական սննդատեսակները կարելի է բաժանել 5 խմբի՝

1-ին խումբ.Հաց, ձավարեղեն, մակարոնեղեն և կարտոֆիլ. «6-11 բաժին՝ 500 գրամ»:Այս խմբի սննդամթերքները կնոջ էներգիայի հիմնական աղբյուրն է։ Դրանք պարունակում են շատ այլ կարևոր նյութեր, ինչպիսիք են կալցիումը, երկաթը, ցինկը և «B» խմբի վիտամինները։

2-րդ խումբ .''Բանջարեղեն և միրգ.պետք է օգտագործել օրական ամենաքիչը 5 բաժին (մոտ 400 գրամ)։Մրգերը և բանջարեղենը շատ վիտամինների և հանքային նյութերի հիմնական աղբյուրն են, ներառյալ ֆոլաթթուն և երկաթը, ինչն անհրաժեշտ է հղիության ընթացքում սակավարյունությունը կանխելու համար։ Վիտամին «C» չի պահեստավորվում օրգանիզմում, հետևաբար խիստ կարևոր է առատորեն ուտել միրգ և բանջարեղեն։ Բանջարեղենը պարունակում է մեծ քանակությամբ բջջանյութ:Բջջանքը շատ կարևոր է նորմալ մարսողության համար։

3-րդ խումբ.Կաթ և կաթնամթերք.ընդունեք օրական 3 բաժին՝ «300-400 գրամ»:Կաթնամթերքը կալցիումի հիմնական աղբյուրն է։ Այն անհրաժեշտ է մանկիկի ոսկրերի և ատամների ձևավորման համար։ Եթե հղին չստանա բավականաչափ կալցիում պարունակող սնունդ, ապա այդ կալցիումը դուրս կգա կնոջ օրգանիզմում կուտակված պաշարներից։ Կաթնամթերքը նաև սպիտակուցների և այլ հանքային նյութերի և վիտամինների աղբյուր է, ինչպիսիք են վիտամին «B» «A»;

4-րդ խումբ.Ձկնեղեն, թռչնամիս, միս և լոբազգիներ.ընդունեք օրական 2 բաժին «200-300 գրամ»:Այս ամենը շատ հարուստ է սպիտակուցով։ Միսը հարուստ է նաև երկաթով։ Մսի մեջ պարունակվող երկաթը շատ ավելի լավ է յուրացվում, քան բուսական ծագման երկաթը։ Սահմանափակել է պետք ապխտած մսամթերքի, աղի, յուղալի երշիկեղենի օգտագործումը։

5-րդ խումբ.Ճարպ, կարագ, մարգարին, ձեթ, շաքար, քաղցրավենիք և աղ.պետք է օգտագործել խիստ սահմանափակ։ Դրանք խիտ են իրենց կալորիականությամբ, սակայն սննդանյութերով շատ աղքատ։ Այդ պատճառով շատ ավելի ճիշտ է հրաժարվել դրանցից։ Անհրաժեշտ է շատ օգտագործել բուսական ձեթ։ Սակայն եթե նախընտրում եք կենդանական յուղը, ապա հնարավորինս նվազեցրեք ընդունած յուղի ընդհանուր քանակը։ Սնունդ պատրաստելիս մթերքը թավայի վրա տապակելու փոխարեն եփեք ջեռոցում կամ շոգեխաշեք։ Մսի վրայից հեռացրեք տեսանելի ճարպը։ Առատ քաղցրավենիքը և յուղալի սնունդը հղիների մոտ կարող են հանգեցնել պտղի քաշի ավելացմանը, ինչը կարող է դժվարեցնել ծննդաբերության ընթացքը։ Աղ օգտագործեք չափավոր (օրական մինչև 6 գրամ)։

Պտղի զարգացման հետ հղին աստիճանաբար դառնում է հավասարակշռված։ Հատկապես մեծ փոփոխություններ են լինում հղիության երկրորդ կեսում։ Արգանդի աճի հետ միաժամանակ, կնոջ ողնաշարը և ուսերը մի փոքր ետ են թեքվում, որը նրան տալիս է ավելի կայուն դիրք։ Փոխվում է քայլվածքը («հպարտ» քայլվածք)։ Ստոծանու բարձր դիրքի հետևանքով կրծ֊քի վանդակը լայնանում է։ Որովայնի պատը լարվում է։ Որոշ կանանց մոտ, հատկապես առաջնածինների և բազմապտուղ հղիության ժամանակ, որովայնի մաշկի և ազդրերի վրա ի հայտ են գալիս կարմրավարդագույն զոլեր(հղազոլեր), որոնք ծննդաբերությունից հետո դառնում են ավելի բաց գույնի։ Որովայնի սպիտակ գիծը, արտաքին սեռական օրգանները, շուրջպտկային շրջանակները դառնում են ավելի մուգ, դեմքի վրա հաճախ ի հայտ են գալիս մուգ բծեր։ Հղիության 4-րդ ամսից ավելանում է սեռական հորմոնների արտադրումը, հատկապես ընկերքում արտադրվող՝ էստրիոլ, պրոգեստերոն։ Մի շարք գործոնների ազդեցության տակ հղիությունը կարող է բարդանալ (հղիության թունավորումներ, որոշ հիվանդությունների բարդացում), ուստի կինը պետք է գտնվի կանանց կոնսուլտացիայի հսկողության տակ։ Արգանդում պտուղը տեղավորված է պտղապարկի խոռոչում, որը կազմված է պտղաթաղանթներից։ Ներքին, ջրային թաղանթը լցված է շուրջպտղային հեղուկով, որն ապահովում է պտղի ազատ շարժումը, նրան պահպանում արտաքին ցնցումներից, պորտալարի սեղմումից, պտղի մաշկի և ջրային թաղանթների միջև կպումներից են։ Հղիության վերջում, ծննդաբերությունից մոտավորապես 1-2 ամիս առաջ, պտուղն արգանդում ընդունում է երկարաձիգ դրություն, ըստ որում (96%) նա լինում է գլխային առաջադրությամբ (գլուխը ցած), 3, 5% կոնքային առաջադրությամբ (կոնքը ցած) և 0, 5% ախտաբանական՝ միջաձիգ կամ թեք դրությամբ, որի ժամանակ ծննդաբերությունն ավարտելու համար պահանջվում է մանկաբարձական օգնություն կամ վիրահատություն։ Հղիության տևողությունը հաշվվում է վերջին դաշտանի առաջին օրից։ Տարբերում են հասուն՝ ժամկետային հղիություն (հասուն պտղով), որը տևում է 37 լրիվ շաբաթից մինչև 42 շաբաթից պակաս (259—293 օր), անավարտ հղիություն (անհաս պտղով)՝ 28 լրիվ շաբաթից մինչե 37 շաբաթից պակաս (196—258 օր), ժամկետանց հղիություն (գերհասուն պտղով)՝ 42 լրիվ շաբաթից ավելի։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 435 CC-BY-SA-icon-80x15.png