Jump to content

Դաշտան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դաշտան
ֆիզիոլոգիական գործընթաց Խմբագրել Wikidata
Ենթակատեգորիաmenstruation Խմբագրել Wikidata
Թեմայով վերաբերում էhuman reproduction, կանանց առողջություն Խմբագրել Wikidata
Found in taxonբանական մարդ Խմբագրել Wikidata

Դաշտան, կանանց սեռական ուղիներից արյունային արտադրություն, որը պարբերաբար ի հայտ է գալիս դաշտանային ցիկլի վերջում արգանդի լորձաթաղանթի ֆունկցիոնալ շերտի շերտազատման արդյունքում։ Դաշտանային ցիկլը կանանց օրգանիզմում տեղի ունեցող բարդ ֆիզիոլոգիական գործընթացներից մեկն է, որը սիրտ-անոթային, նյարդային, էնդոկրին համակարգերում և հատկապես սեռական համակարգում դրսևորվում է ցիկլիկ փոփոխություններով։ Դաշտանը դաշտանային ցիկլի կլինիկական արտահայտությունն է[1]։

Դաշտանային ցիկլի տևողությունը հաշվարկվում է տվյալ դաշտանի 1-ին օրից մինչև հաջորդ դաշտանի 1-ին օրը, երիտասարդ կանանց մոտ այն տևում է 21-45 օր, իսկ մեծահասակների մոտ՝ 21-31 (միջինը 28 օր)[2][3]։ Դաշտանը սովորաբար տևում է 2-7 օր[2] և ուղեկցվում է 50-150մլ արյան կորստով։ Դաշտանային ցիկլը դադարում է մենոպաուզայից (դաշտանադադարից) հետո՝ 45-55 տարեկանից հետո[4]։ Այն դադարում է նաև հղիության ժամանակ և հիմնականում չի վերսկսվում կրծքով կերակրման առաջին ամիսներին[2]։

Կանանց 80%-ը մինչև դաշտանը նշում են որոշ ախտանշանների առկայություն[5]։ Հիմնական նշաններն են ակնեն, կոշտացած կրծքագեղձերը, հոգնածության զգացումը, դառնում են ավելի դյուրագրգիռ և ունենում են տրամադրության փոփոխություններ[6]։ Դրանք կարող են խանգարել կյանքի բնականոն հունին, դրա համար էլ դասակարգվել են որպես նախադաշտանային համախտանիշ կանանց մոտ 20-30%-ի մոտ[5]։ 3-8% կանանց շրջանում ախտանշաններն ավելի ծանր են ընթանում։

Դաշտանային ցիկլի բացակայությունը կոչվում է ամենորեա, երբ այն չի սկսվել մինչև 15 տարեկանը կամ 90 օրվա ընթացքում կինը չի ունեցել դաշտան[2]։ Դաշտանային ցիկլի հետ կապված այլ խնդիրները ներառում են ցավոտ դաշտանային ցիկլը, ոչ սովորական արյունային արտադրությունը՝ արյունային արտադրություն ցիկլերի միջև կամ շատ առատ արյունային արտադրություն[2]։ Դաշտանային ցիկլը կենդանիներից հանդիպում է պրիմատների շրջանում[7][8]։ Դաշտանային ցիկլը տեղի է ունենում հորմոնների աճի և նվազման հետևանքով[2]։ Դաշտանային ցիկլի արդյունքում տեղի է ունենում արգանդի լորձաթաղանթի հաստացում և ձվաբջջի հասունացում (ինչն անհրաժեշտ է հղիության համար[2]Ձվազատումը(օվուլյացիա) տեղի է ունենում ցիկլի 14-րդ օրը (համապատասխանում է 28 օր տևողությամբ դաշտանային ցիկլի կեսին)․ արգանդի հաստացած լորձաթաղանթը ապահովում է էմբրիոնին սննդարար նյութերով իմպլանտացիայից հետո[2]։ Հղիության բացակայության ժամանակ արգանդի լորձաթաղանթը շերտազատվում է, որն էլ հայտնի է որպես դաշտան[2]։

Սկիզբ և հաճախականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Դաշտանային ցիկլ

Առաջին դաշտանային ցիկլը սկսվում է սեռական հասունացումից հետո և կոչվում է մենարխե։ Մենարխեի միջին տարիքը կազմում է 12-15 տարեկանը[9][10]։ Բայց այն կարող է սկսվել ավելի վաղ սկսած 8 տարեկանից[2]։ Առաջին դաշտանային ցիկլը ավելի ուշ է սկսվում զարգացող երկրերում, և ավելի վաղ՝ զարգացած երկրներում[3]։ Մենարխեի միջին տարիքը ԱՄՆ-ում 1950-ականներից ի վեր քիչ է փոխվել[3]։

Դաշտանային ցիկլի առավել տեսանելի փուլ է դաշտանը, որն օգտագործվում է որպես մարկեր ցիկլերի միջև։ Դաշտանի 1-ին օրը օգտագործում են որպես վերջին դաշտանային ցիկլի համար ամսաթվի տվյալ։ Դաշտանային ցիկլի տևողությունը կազմում է 21-45 օր երիտասարդ և 21-31 օր մեծահասակ կանանց շրջանում (միջինում 28 օր[2][3]

Պերիմենոպաուզայի ժամանակ կնոջ պտղաբերությունը նվազում է, դաշտանը լինում է ավելի քիչ տարվա ընթացքում մինչև վերջին դաշտանը, երբ ամբողջությամբ դադարում է դաշտանային ցիկլը և կինը այլևս պտղաբեր չի համարվում։ Ըստ բժշկական սահմանման մենոպաուզայի ժամանակ դաշտանը բացակայում է 1 տարվա ընթացքում, Արևմտյան երկրներում այն սկսվում է 45-55 տարեկանում[4][11]։

Հղիության ընթացքում և հետծննդաբերական որոշակի շրջանում դաշտանը ևս բացակայում է։ Կրծքով կերակրման դեպքում հետծննդաբերական ամենորեան տևում է ավելի երկար և կոչվում է լակտացիոն ամենորեա։

Ազդեցությունն առողջության վրա

[խմբագրել | խմբագրել կոդը]
Դաշտանային ցիկլի ժամանակ արգանդի լորձաթաղանթում տեղի ունեցող փոփոխությունները ցուցադրող դիագրամ

Կանանց շրջանում ի հայտ եկող մի շարք ֆիզիկական փոփոխություններ պայմանավորված են դաշտանային ցիկլի ժամանակ տեղի ունեցող հորմոնալ տատանումներով։ Դրանցից են արգանդի կծկումները (մենստրուալ սպազմը), որոնք կարող են նախորդել կամ ուղեկցել դաշտանին։ Ոմանք կարող են նկատել սեռական վարքի փոփոխություններ, հոգնածություն, կրծքագեղձերի կոշտություն և սրտխառնոց[12]։ Սովորաբար նման զգացողությունները թույլ են արտահատված լինում, և մարդկանց մի մասը նկատում են շատ քիչ փոփոխություններ դաշտանային ցիկլի հետ կապված։ Առողջ սննդակարգը, աղի, կոֆեինի և ալկոհոլի օգտագործման սահմանափակումը, ինչպես նաև պարբերական ֆիզիկական վարժանքները կարող են լինել արդյունավետ որոշ ախտանշանների վերահսկման համար[13]։ Նշված ախտանշանների ծանր ընթացքի դեպքում, երբ խանգարվում է օրվա բնականոն գործունեությունը, ախտորոշվում է մինչդաշտանային դիսֆորիկ խանգարում։

Դաշտանային ցավեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատ կանայք դաշտանի ժամանակ ունենում են ցավային կծկումներ, որը հայտնի է որպես դիսմենորեա[14]։ Ցավն առաջանում է իշեմիայի և մկանային կծկման հետևանքով։ Էնդոմետրիումի պարույրաձև զարկերակները կծկվում են, որն էլ բերում է սեկրետոր էնդոմետրիումի իշեմիայի։ Սրանից հետո հնարավոր է արգանդի լորձաթաղանթի շերտազատումը։ Արգանդի սպազմատիկ կծկումների արդյունքում դաշտանային հեղուկը արտամղվում է արգանդի վզիկի և հեշտոցի միջով։ Կծկումները պայմանավորված են պրոստագլանդինների արտազատումով։

Ցավոտ դաշտանային կծկումները, որոնք պրոստագլանդինների նորմայից ավել արտազատման հետևանք են, անվանում են առաջնային դիսմենորեա։ Առաջնային դիսմենորեան սովորաբար սկսվում է մենարխեից հետո 1-2 տարվա ընթացքում օվուլյացիոն ցիկլերի սկսման հետ[15]։ Ցավի դեմ ուղղված բուժումն իր մեջ ներառում է ոչ ստերոիդ հակաբորբոքային դեղամիջոցներ (ՈՍՀԴ) և հորմոնալ հակաբեղմնավորիչներ։ ՈՍՀԲԴ-ները ընկճում են պրոստագլանդինների արտադրությունը։ Երկարատև բուժումը հանգեցնում է արգանդից արտազատվող արգանդային հեղուկ/հյուսվածք քանակի նվազմանը։ Սա բերում է ավելի կարճ և նվազ ցավոտ դաշտանի[16]։ Այս դեղամիջոցները ավելի արդյունավետ են, քան բուժման այն միջոցները, որոնք ուղղված չեն ցավի աղբյուրի դեմ (օր․ ացետամինոֆենը)[17]։ Առաջնային դիսմենորեայի ռիսկի գործոններն են վաղ տարիքում մենարխիան, երկար կամ ծանր դաշտանային ցիկլերը, ծխելը և դիսմենորեայի ընտանեկան պատմությունը[15]։ Պարբերաբար ֆիզիկական ակտիվությունը կարող է սահմանափակել արգանդի ցավոտ կծկումները[15]։

Առաջնային դիսմենորեայի ախտանշանները կարող են աստիճանաբար նվազել տարիքին զուգահեռ։ Հղիությունը ևս նվազեցնում է դիսմենորեայի ախտանշանները, երբ դաշտանը վերսկսվում է։ Դիսմենորեան կարող է շարունակվել անգամ մինչև մենոպաուզան։ Դիսմենորեա ունեցող կանանց 5–15%-ն ունենում է բավականին ծանր ախտանշաններ, որոնք խանգարում են առօրյա գործունեությունը[15]։

Երկրորդային դիսմենորեա ախտորոշումը դրվում է, երբ դաշտանային ցավը հանդիսանում է մեկ ուրիշ հիվանդության դրսևորում։ Երկրորդային դիսմենորեայի պատճառ կարող են հանդիսանալ էնդոմետրիոզը, արգանդի միոման և արգանդի ադենոմիոզը։ Հազվադեպ երկրորդային դիսմենորեաայի պատճառ են հանդիսանում բնածին զարգացման արատները, ներարգանդային պարույրները, քաղցկեղի որոշ տեսակները և կոնքի ինֆեկցիաները[15]։ Ախտանշանները ներառում են ցավ, որը տարածվում է դեպի գոտկատեղ, կոնք, սրտխառնոց և հաճախակի փորլուծություն և փորկապություն[18]։ Եթե ցավն առաջանում է դաշտանային ցիկլերի միջև, կամ տևում է ավելի երկար, քան 1-ին մի քանի օրը, կամ համարժեք կերպով չի նվազում ՈՍՀԴ-երի կամ հորմոնալ հակաբեղմնավորիչների օգտագործումից հետո, կանայք պետք է ստուգվեն երկրորդային դիսմենորեայի ժխտման համար[11]։

Երբ դաշտանային ցիկլի ընթացքում հանկարծակի սկսվում կամ ուժեղանում են ցավերը կոնքի շրջանում, ապա մարդը պետք է ստուգվի արտարգանդային հղիության և ինքնաբեր վիժման համար։ Ստուգումը սկսվում է հղիության թեստից, այն պետք է անել, երբ սկսվում է անսովոր ցավը, քանի որ արտաարգանդայի հղիության դեպքում մարդու կյանքին կարող է վտանգ սպառնալ[19]։

Որոշ դեպքերում ուժեղ ֆիզիկական, էմոցիոնալ կամ հոգեբանական սթրեսները կարող են բերել դաշտանային ցավի դիսմենորեա), միգրենային գլխացավի և դեպրեսիայի։ Դիսմենորեան կամ արգանդի ուժեղ ցավերը հիմնականում հանդիպում են երիտասարդ կանանց շրջանում (կատարվել է հետազոտություն,որը ցույց է տվել, որ 13-19 տարեկան աղջիկների 67,2%-ը ունենում են ցավեր)[20]։

ՈՍՀԴ-ները հիմնականում օգտագործվում են դաշտանային ցավերի դեպքում։ Որոշ դեղաբույսեր ևս կարող են լինել օգտակար[21]։

Տրամադրություն և վարքագիծ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ կանայք դաշտանի սկսվելուց 1 կամ 2 շաբաթ առաջ ունենում են էմոցիոնալ խանգարումներ, որոնք ավարտվում են դաշտանը սկսվելուց հետո[6]։ Կարող են դիտվել լարվածություն, զայրույթ, տրամադրության փոփոխություններ, հիշողության վատացում և կենտրոնացման խանգարում[6]։

Սա մինչդաշտանային համախտանիշի մի մասն է կազմում և հանդիպում է կանանց 20-30%-ի մոտ։ 3-8%-ի մոտ ավելի ծանր ընթացք ունի[5]։

Դեպրեսիայի և անհանգստության ավելի ծանր ընթացքը կարող է լինել նախադաշտանային դիսֆորիկ խանգարման նշան։ Գերզգայուն կանանց շրջանում հազվադեպ դաշտանային ցիկլը կարող է լինել դաշտանային պսիխոզի տրիգերային գործոն։

Ծանր հոգեբանական սթրեսը կարող է բերել դաշտանի բացակայության[22]։

Արյունային արտադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դաշտանային հեղուկի միջին քանակությունը կազմում է 35մլ (2.4 ճաշի գդալ դաշտանային հեղուկ), նորմա է համարվում 10-80մլ (1-6 ճաշի գդալ դաշտանային հեղուկ)։ Դաշտանային հեղուկը ճիշտ անվանումն է, չնայած շատերը նախընտրում են ասել դաշտանային արյուն։ Դաշտանային հեղուկը պարունակում է որոշ քանակությամբ արյուն, ինչպես նաև ցեռվիկալ լորձ, վագինալ սեկրետ և էնդոմետրիալ հյուսվածք։ Դաշտանային հեղուկը կարմրաշագանակագույն է, մի քիչ ավելի մուգ, քան երակային արյունը[11]։

Դաշտանային հեղուկի մոտավորապես կեսն արյուն է։ Այս արյունը պարունակում է նատրիում, կալցիում, ֆոսֆատ, երկաթ և քլորիդ, որոնց քանակությունը կախված է մարդու օրգանիզմից։ Ինչպես արյունը, հեղուկը նույնպես կազմված է ցեռվիկալ լորձից, հեշտոցային սեկրետից և էնդոմետրիալ հյուսվածքից։ Հեշտոցային սեկրետը դաշտանի ժամանակ կազմված է հիմնականում ջրից, հիմնական էլեկտրոլիտներից և առնվազն 14 սպիտակուցներից՝ ներառյալ գլիկոպրոտեինները[23]։

Շատ կանայք դաշտանի ժամանակ նկատում են արյան մակարդուկներ, դրանք կարող են նմանվել հյուսվածքի կտորների։ Եթե կան հարցեր, օրինակ արդյո՞ք եղել է վիժում, ապա միկրոսկոպիկ հետազոտությունը կարող է հաստատել, դա եղել է էնդոմետրիալ հյուսվածք թե էմբրիոնալ հյուսվածք[24]։Պլազմին ֆերմենտը, որը պարունակվում է էնդոմետրիումում, ընկճում է արյան մակարդումը։

Կանանց մեծամասնության համար երկաթի քանակությունը, որ կորցնում են դաշտանի հետ, համեմատաբար փոքր է[25]։ Նախադաշտանադադարային (պրեմենոպաուզալ) շրջանում կանանց մի հետազոտության ժամանակ, ովքեր ունեին երկաթի դեֆիցիտի նշաններ, արել են էնդոսկոպիկ հետազոտություն և 86%-ի մոտ հայտնաբերվել է գաստրոինտեստինալ հիվանդություններ․բայց նրանք ունեին սխալ ախտորոշման ռիսկ, քանի որ նրանց մոտ դեռ կար դաշտանային ցիկլը[26]։ Շատ առատ արտադրությամբ ամենամսյա դաշտանը կարող է հանգեցնել անեմիայի։

Դաշտանային ցիկլի խանգարումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կա տարբերությունների լայն սպեկտր, թե ինչպես է կանանց մոտ ընթանում դաշտանային ցիկլը։ Տարբեր ձևերով այն կարող է տարբերվել նորմայից, ու ցանկացած դեպքում պետք է խորհրդակցել բժշկի հետ, որպեսզի հայտնաբերվի տարբերությունների հիմքում ընկած պատճառը։

Ախտանշան Տես հոդված
Հազվադեպ դաշտանային ցիկլեր Օլիգոմենորեա
Կարճ կամ չափազանց թեթև դաշտան Հիպոմենորեա
Հաճախակի դաշտանային ցիկլեր (ավելի հաճախ, քան 21 օրը մեկ) Պոլիմենորեա
Ծայրահեղ ծանր կամ երկար դաշտան (ուղեցույցներից մեկը նշում է, որ այս դեպքում միջադիրները կամ տամպոնները փոխում են ժամը մեկ, կամ դաշտանը տևում է 7 օրից ավելի երկար) Հիպերմենորեա
Ծայրահեղ ցավոտ դաշտան Դիսմենորեա
Ցիկլերի միջև առատ արյունային արտադրություն Մետրոռագիա
Դաշտանի բացակայություն Ամենորեա

Գինեկոլոգների շրջանում կա միտում հրաժարվելու վերոնշյալ տերմիններից, որոնք չնայած լայնորեն օգտագործվում են, չունեն հստակ սահմանումներ։ Շատերն այժմ նկարագրում են դաշտանային ցիկլը պարզ տերմիբանությամբ, որը ներառում է․

  • Ցիկլի կանոնավորություն (անկանոն, կանոնավոր կամ բացակայում է)
  • Ցիկլի հաճախականություն (հաճախակի, սովորական կամ հազվադեպ)
  • Դաշտանային ցիկլի տևողությունը (երկար, սովորական կամ կարճ)
  • Դաշտանային ցիկլի ծավալը ( ծանր, սովորական կամ թեթև)[27]

Դիսֆունկցիոնալ արգանդային արյունահոսությունը հորմոնալ խանգարումներով պայմանավորված արյունահոսություն է։ Դիսֆունկցիոնալ արգանդային արյունահոսությունը հանդիպում է մինչմենոպաուզալ մարդկանց մոտ, նրանց օվուլյացիան բնականոն չի ընթանում։ Բոլոր այս արյունահոսություններն ունեն բժշկական ուշադրության կարիք, քանի որ կարող են լինել հորմոնալ դիսբալանսի, արգանդի միոմայի և այլ խնդիրների նշաններ։ Քանի որ հղի կանայք ևս կարող են արյունահոսել , հղիության թեստը կազմում է նման արյունահոսությունների գնահատման մի մասը։

Աֆրիկայի որոշ մասերում մարդկանց ենթարկում են ինֆիբուլյացիայի (միջամտություն սեռական օրգանների վրա, որը կատարվում է ըստ իրենց ավանդույթների համաձայն), դրանից հետո նրանք ունենում են մենստրուալ խնդիրներ, դանդաղ ու ցավոտ դաշտան, քանի որ հեշտոցը գրեթե ամբողջությամբ կարված է լինում[28]։

Վաղաժամ և ուշացած մենարխեները կարիք ունեն հետազոտման, եթե մենարխեն սկսվել է 9 տարեկանից շուտ կամ 15 տարեկանից ուշ, եթե չկա կրծքագեղձերի զարգացում 13-ում, կամ եթե չի սկսել դաշտանային ցիկլը կրծքագեղձերի հասունացումից 3 տարի հետո[3]։

Սեռական ակտիվություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներթափանցող սեռական հարաբերությունը դաշտանի ժամանակ ինքն իրենով վնաս չի ներկայացնում, ուղղակի մարդու օրգանիզմն այդ ժամանակ ավելի խոցելի է։ Հեշտոցային pH-ը ավելի բարձր է, հետևաբար թթվայնությունն ավելի ցածր է, քան նորմայում[29], արգանդի վզիկը իր դիրքից ավելի ցածր է տեղակայված,արգանդի վզիկի բացվածքը ավելի լայնացած է և արգանդի էնդոմետրիալ թաղանթը բացակայում է, այսպիսով հեշտանում միկրոօրգանիզմների մուտքը դեպի արյան շրջանառություն արգանդը սնուցող բազմաթիվ արյունատար անոթներով։ Այս բոլոր պայմանները բարձրացնում են ինֆեկցման հնարավորությունը դաշտանի ժամանակ[30]։

Ձվազատման ընկճում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հակաբեղմնավորիչներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հորմոնալ հակաբեղմնավորումը ազդում է դաշտանային ցիկլի և դաշտանային ախտանշանների հաճախականության, տևողության, ծավալի և կանոնավորության վրա։

Կոմբինացված օրալ հակաբեղմնավորիչների բլիստեր․ սպիտակ հաբերը պլացեբոներն են, որոնց հիմնական նպատակը մարդկանց հիշեցնելն է, որպեսզի շարունակեն ընդունել հաբերը

Հորմոնալ հակաբեղմնավորիչների ամենատարածված ձևը կոմբինացված հակաբեղմնավորիչ հաբերն են, որոնք պարունակում են և էստրոգեն և պրոգեստորեն։ Այն սովորաբար ընդունվում է 28-օրյա ցիկլով, 21 հորմոնալ դեղահաբ 7-օրյա ընդմիջումով կամ 7 պլացեբո դեղահաբով՝ դաշտանի ժամանակ։ Չնայած այս դեղահաբերի առաջնային ֆունկցիան հղիությունը կանխելն է, այն օգտագործում են նաև որոշ մենստրուալ ախտանշանների և համախտանիշների վրա, որոնք ազդում են մենստրուալ ցիկլի վրա, դրանք են պոլիկիստոզային ձվարանների համախտանիշը, էնդոմետրիոզը, ադենոմիոզը, ամենորեան, մենստրուալ կծկումները, մենստրուալ միգրենը, մենոռագիան (չափազանց առատ մենստրուալ արյունոհոսություն), մենստրուալ կամ ֆիբրոիդ անեմիան և դիսմենորեան[31][32]։ Օգտագործելով կոմբինացված հակաբեղմնավորիչներ, կանայք կարող են հետաձգել կամ ամբողջությամբ խուսափել դաշտանային ցիկլից, այս պրակտիկան կոչվում է դաշտանային ցիկլի ընկճում[33]։ Որոշ կանայք նախընտրում են սա անել կարճաժամկետ հարմարավետության համար[34], իսկ մնացածը նախընտրում են հնարավորության դեպքում ամբողջությամբ վերացնել և չունենալ դաշտանային ցիկլեր երկար ժամանակ։ Սա կարող է արվել կամ չխմելով պլացեբո հաբերը կամ օգտագործելով ավելի ընդլայնված ցիկլով կոմբինացված օրալ հակաբեղմնավորիչներ, որանք առաջին անգամ հայտնաբերվել են ԱՄՆ-ում 2000-ականների սկզբին։

Դեպո-պրովերայի ներարկումները հասանելի դարձան 1960-ականներին։ Պրոգեստոգենի իմպլանտների օգտագործումը բերում է դաշտանային ցիկլի կրճատմանը, տարեկան լինում է 3-4 դաշտանային ցիկլը տարվա մեջ։

Միայն պրոգեստերոն պարունակող հակաբեղմնավորիչները (հայտնի են որպես մինի հաբեր) օգտագործվում են առանց 7-օրյա ընդմիջման կամ առանց պլացեբո հաբերի և հետևաբար դաշտանային ցիկլերը լինում են ավելի հազվադեպ, քան կոմբինացված դեղահաբերի ու պլացեբոյի կիրառման դեպքում։ Սակայն դաշտանային ցիկլի ամենաշատ խանգարումները լինում են հենց մինի հաբերի կիրառման դեպքում, մարդկանց 1/3-1/2-ի մոտ լինում են երկարատև ցիկլեր և մինչև 70%-ի մոտ լինում է առատ արյունահոսություն (մետրոռագիա)։ Անկանոն և երկարատև արյունահոսությունների պատճառով է, որ կանայք հիմանականում դադարեցնևմ են մինի հաբերի կիրառումը[35]։

Երբ առաջին հակաբեղմնավորիչ հաբերն ի հայտ եկան, հետազոտողները գիտակցում էին, որ դրանք կարելի էր օգտագործել ցիկլերի մինչև 90 օր ինտերվալով, բայց նրանք նախընտրեցին 28-օրյա ցիկլը, որը ավելի մոտ էր բնականոն դաշտանային ցիկլին, և այս դեպքում կանայք կունենային ամենամսյա դաշտան։ Այս որոշումով Ջոն Ռոքը հույս ուներ ստանալ Հռոմի կաթոլիկ եկեղեցու թուլտվությունը իր գյուտի համար։ Այս փորձը ձախողվեց, սակայն 28-օրյա ցիկլը դարձավ ստանդարտ, երբ հաբերը արդեն դարձան հասանելի հանրության համար[36]։

Բժշկական հետազոտողները վիճում են այն հարցի շուրջ, որ այս մեթոդների երկարատև օգտագործումը կարող է լինել վնասակար մարդու առողջության համար ։ Որոշ հետազոտողներ պնդում են, որ կանայք հնում ունեցել են շատ ավելի քիչ դաշտանային ցիկլեր իրենց կյանքի ընթացքում, ինչը պայմանավորված է եղել կյանքի ավելի կարճ տևողությամբ, ավելի շատ հղիություններով և կրծքով ավելի երկար ժամանակ կերակրմամբ[37]։ Այս հետազոտողները գտնում են, որ ժամանակակից հասարակությունում դաշտանային ցիկլերի մեծ քանակությունը կարող է բացասական անդրադառնալ մարդկանց առողջության վրա. Իսկ մյուս կողմից որոշ հետազոտողներ գտնում են, որ վերարտադրողական տարիներին պարբերաբար ցածր դոզաներով սինթետիկ հորմոնների անհարկի ընդունումը ունի բացասական ազդեցության մեծ հավանականություն[38]։

Կրծքով կերակրում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրծքով կերակրումը հետադարձ բացասական կապով ազդում է գոնադոտրոպին ռելիզինգ հորմոնի(ԳՌՀ) և լյուտեինացնող հորմոնի(ԼՀ) սեկրեցիայի վրա։ Կախված հետադարձ բացասական կապի ուժից կրծքով կերակրող մարդկանց մոտ կարող է դիտվել ֆոլիկուլների զարգացման ընդհանուր ընկճում, ֆոլիկուլների զարգացում առանց ձվազատման, կամ կարող են վերսկսվել բնականոն դաշտանային ցիկլերը[39]։ Ձվազատման ընկճումը ավելի հավանական է, եթե կրծքով ավելի հաճախ են կերակրում[40]։ Կրծքով կերակրմանը ի պատասխան արտադրվում է պրոլակտին, ինչն անհրաժեշտ է լակտացիոն ամենորեայի պահպանման համար[41]։ Միջինում, այն կանայք, ովքեր իրենց երեխաներին կերակրում են բացառապես կրծքի կաթով և հաճախակի, նրանց մոտ դաշտանային ցիկլերը վերսկսվում են ծննդաբերությունից 14,5 ամիս անց։ Իսկ այն կանայք, ովքեր բացառապես կրծքով չեն կերակրում, նրանց մոտ կարող է լինել պատասխան ռեակցիայի լայն սպեկտոր, որովհետև ոմանց մոտ վերսկսվում են 2 ամսից, իսկ ոմանց մոտ հնարավոր է մինչև 42 ամիս ամենորեա[42]։

Դաշտանային ցիկլի վարում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դաշտանի ժամանակ վարումը մարդու կողմից իրականացվում է, որպեսզի խուսափեն հագուստը կեղտոտելուց կամ համապատասախանեն հասարակական կյանքի նորմերին։ Դաշտանային ցիկլի վարումը տատանվում է լայն սահմաններում, դաշտանային ցիկլի բժշկական ընկճումից մինչև հատուկ հագուստի և հարմարանքների կրում, լվացումներ և այլն։

Մենստրուալ ապրանքները (անվանում են նաև կանացի հիգիենայի ապրանքներ) նախատաեսված են մենստրուալ արյունը ներծծելու համար։Այդ ապրանքների տեսականին լայն է և տարբեր, որոշները մեկանգամյա օգտագործման համար են, որոշները՝ բազմակի։

Menstrual cup Cloth menstrual pad
Մենստրուալ բաժակ
Կտորից միջադիր
Մեկանգամյա օգտագործման միջադիրներ Tampon in plastic applicator
Մեկանգամյա օգտագործման միջադիր
Տամպոն

Կան մեկանգամյա օգտագործման ապրանքներ․

  • Սանիտարական միջադիրներ- Ուղղանկյունաձև են, ամրացվում են ներքնաշորին մենստրուալ հեղուկի ներծծման համար, հաճախ ունենում են ադհեզիվ (սոսնձային) թևիկներ, որպեսզի միջադիրը մնա իր տեղում։
  • Տամպոններ – մեկանգամյա օգտագործման բալոններ, որոնք պատրաստաված են բամբակյա խառնուրդներից կամ հենց ամբողջությամբ բամբակից, սովորաբար սպիտակեցված են, մտցվում է հեշտոցի մեջ մենստրուալ հեղուկի ներծծման համար։
  • Մեկանգամյա մենստրուալ բաժակներ պատրաստված փափուկ պլաստմասից- Ամուր, ճկուն, բաժակաձև հարմարանք, որը մտցվում է հեշտոցի մեջ՝ մենստրուալ հեղուկի կուտակման համար։

Բազմակի օգտագործման ապրանքներ․

  • Մենստրուալ բաժակներ – Ամուր, ճկուն, բաժակաձև հարմարանք, որը մտցվում է հեշտոցի մեջ մենստրուալ հեղուկի հավաքման համար։ Մենստրուալ բաժակաները հիմնականում պատրաստված են սիլիկոնից և կարող են օգտագործվել 5 տարի և ավել։
  • Բազմակի օգտագործման կտորից միջադիրներ- Հիմնականում լինում են բամբակից (հաճախ օրգանական), կարող են լինել ձեռքով պատրաստված (որպես նյութ օգտագործում են հին հագուստ կամ սրբիչ) կամ խանութից ձեռք բերված։
  • Ծովային սպունգներ – Բնական սպունգներ, որոնք կիրառվում են տամպոնի նման։
  • Սրբիչ, սավան– բազմակի օգտագործման երկար կտորներ, օգտագործում են հիմնականում գիշերը։

Զարգացող երկրներում շատ կանայք աղքատ են և չեն կարող գնել կանացի հիգիենայի համար նախատեսված իրեր[43], դրա փոխարեն նրանք օգտագործում են շրջակա միջավայրում գտնվող տարբեր իրեր և առարկաներ[44]։ Որպես ներծծող նյութ նրանք օգտագործում են ավազ, մոխիր, ամբողջական տերև, թաղանթանյութ, թուղթ (զուգարանի թուղթ, թերթ)[45], կենդանու կաշի[46],ներքնաշորի կրկնակի շերտ։

Հասարակություն և մշակույթ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամռա Պադատիկ, ՀնդկաստանՄենստրուալ հիգիենայի օրվանը նվիրված տոնակատարություն

Ավանդույթներ, տաբուներ և կրթություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դաշտանի տաբուն դրա ընկալվումն է որպես անմաքուր կամ ամոթ մի բան, որի դեպքում չի ընդունվում նույնիսկ դրա մասին խոսելը՝ լինի դա հանրային վայրերում (սոցցանցեր), թե մասնավոր շփումներում (տանը, ընկերների շրջանում)։ Բազմաթիվ ավանդական մշակույթների հիմքը այն համոզմունքն է, որ դաշտանը պետք է մնա թաքնված։ Իրենց պարբերականի մեջ գտնվող մարդկանց ավանդաբար խորհուրդ է տրվում չմտնել տաճար, չաշխատել խոհանոցում, սեռական հարաբերություններ չունենալ այդ օրերին, չկպնել այլ մարդկանց, ինչպես նաև նրանց կարող են արգելվել որոշակի գործողություններ՝ դպրոց գնալ, նորածնին մոտենալ... Դաշտանի խարանը (ստիգմա) հաստատում և շարունակական է դարձնում դաշտան ունեցողների նկատմամբ տարբերակված մոտեցման անընդունելի ավանդույթները։ Նման խարանը տեղի է ունենում այն ժամանակ, երբ դաշտանային արյունը դիտվում է որպես մարմնի «գարշանք»՝ ամրապնդելով բացասական վերաբերմունքը մարդու մարմնի այդ առողջ, բնականոն գործառույթի նկատմամբ, ինչը համատեղելի չէ դաշտան ունեցողի հոգեբանական և սեռական առողջության հետ։ Դաշտանային ակտիվիզմը անդրադառնում է դաշտանային տաբուին։ Շարժման հիմքում ընկած հիմնական փաստարկն այն է, որ եթե դաշտանը բնականոն է, պատճառ չկա դրա մասին բարձրաձայնելուց խուսափելու։

Շատ կրոններ ունեն դաշտանային ցիկլի հետ կապված բազմաթիվ ավանդույթներ, օրինակ Իսլամը արգելում է ունենալ սեռական հարաբերություն դաշտանի ժամանակ, այդպես է գրված Ղուրանի երկրորդ գլխում։ Որոշ կրոններ գտնում են, որ կանայք դաշտանի ժամանակ չեն կարող հետևել վուդուի կանոններին, դրա համար էլ իրենց արգելվում է այդ օրերին դիպչել Ղուրանի արաբական տարբերակին։ Ըստ այդ կանոնների վուդուի վրա ազդում են փսխումը, արյունահոսությունը, սեռական հարաբերությունը և անգամ լոգարան հաճախելը[47]։ Հուդայականության մեջ մարդու դաշտանի ժամանակ անվանում են Նիդա և նրան կարող են արգելված լինել որոոշակի գործողություններ։ Հրեական Տոռան արգելում է ունենալ սեռական հարաբերություն դաշտանի ժամանակ[48]։ Հինդուիզմում դաշտանի ժամանակ մարդկանց համարում են ոչ մաքուր և նրանք պարտավոր են հետևել որոշակի կանոնների։ Դաշտանի ժամանակ մարդկանց չի թուլատրվում մտնել խոհանոց կամ տաճար, կրել ծաղիկներ, ունենալ սեռական հարաբերություն, դիպչել այլ տղամարկանց ու մարդկանց[49]։

Արևմտյան քաղաքակրթությունը, որը հիմնականում եղել է քրիստոնեական, ունի մենստրուալ տաբուների պատմություն։ Արևմտյան երկրներում դաշտանային ցիկլի մասին ուսուցանում են դպրոցներում սեռական դաստիարակության հետ միասին, սակայն աղջիկները կնախընտրեին, որպեսզի դաշտանային ցիկլի և սեռական հասունացման մասին առաջինը իմանային իրենց մայրիկներից[50]։ Աղջիկները հաճախ են կիսվում դաշտանային ցիկլի մասին գիտելիքներով իրենց ընկերների և հասակակիցների հետ, ինչը կարող է նպաստել ավելի դրական վերաբերմունքին սեռական հասունացման նկատմամբ[51]։ Հասարակության շրջանում դաշտանային ցիկլի մասին կրթության որակը կախված է, թե որքանով են մարդիկ հասկանում պրոցեսը[52]։ Արևմտյան շատ երկրներում, որտեղ դաշտանային ցիկլը արգելված թեմա է (տաբու), աղջիկները ամեն կերպ փորձում են թաքցնել, որ իրենց մոտ սկսվել է դաշտանային ցիկլը[52]։ Արդյունավետ կրթական ծրագրերը կարևոր են երեխաներին և դեռահասներին դաշտանային ցիկլի մասին ճիշտ ու հստակ ինֆորմացիա տրամադրելու գործում։ Դպրոցները կարող են լինել այդ մասին կրթություն ստանալու համապատասխան վայրը[53]։

Շատ էգ կաթնասուններ ունեն կտղուցային (էստրալ ցիկլ), բայց միայն պրիմատների 10 տեսակի, չղջիկների 4 տեսակի, ցատկամկների մոտ է հանդիպում դաշտանային ցիկլը։ Ենթադրվում է, որ այս խմբերի էվոլյուցիոն պրոցեսներն են բերել դաշտանային ցիկլի առաջացմանը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Բեգլարյան, Գագիկ (2010). Մանկաբարձություն. Երևան: ԵՊԲՀ հրատակչություն. էջ 11.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 «Menstruation and the menstrual cycle fact sheet». Office of Women's Health. 2014 թ․ դեկտեմբերի 23. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 25-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Diaz A, Laufer MR, Breech LL, American Academy of Pediatrics Committee on Adolescence, American College of Obstetricians and Gynecologists Committee on Adolescent Health (2006 թ․ նոյեմբեր). «Menstruation in girls and adolescents: using the menstrual cycle as a vital sign». Pediatrics. 118 (5): 2245–50. doi:10.1542/peds.2006-2481. PMID 17079600.
  4. 4,0 4,1 «Menopause: Overview». nichd.nih.gov. 2013 թ․ հունիսի 28. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 8-ին.
  5. 5,0 5,1 5,2 Biggs WS, Demuth RH (2011 թ․ հոկտեմբեր). «Premenstrual syndrome and premenstrual dysphoric disorder». American Family Physician. 84 (8): 918–24. PMID 22010771.
  6. 6,0 6,1 6,2 «Premenstrual syndrome (PMS) fact sheet». Office on Women's Health. 2014 թ․ դեկտեմբերի 23. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 23-ին.
  7. Kristin H. Lopez (2013). Human Reproductive Biology. Academic Press. էջ 53. ISBN 9780123821850. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունիսի 21-ին.
  8. Martin RD (2007). «The evolution of human reproduction: a primatological perspective». American Journal of Physical Anthropology. Suppl 45: 59–84. doi:10.1002/ajpa.20734. PMID 18046752.
  9. Women's Gynecologic Health. Jones & Bartlett Publishers. 2011. էջ 94. ISBN 9780763756376. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունիսի 26-ին.
  10. Karapanou O, Papadimitriou A (2010 թ․ սեպտեմբեր). «Determinants of menarche». Reproductive Biology and Endocrinology. 8: 115. doi:10.1186/1477-7827-8-115. PMC 2958977. PMID 20920296.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  11. 11,0 11,1 11,2 Carlson KJ, Eisenstat SA, Ziporyn TD (2004)։ The new Harvard guide to women's health։ Cambridge, Massachusetts: Harvard University Press։ ISBN 0-674-01343-3 
  12. Price WA, Giannini AJ (1983 թ․ նոյեմբեր). «Binge eating during menstruation». The Journal of Clinical Psychiatry. 44 (11): 431. PMID 6580290.
  13. «Water retention: Relieve this premenstrual symptom». Mayo Clinic. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 20-ին.
  14. Ju H, Jones M, Mishra G (2014 թ․ հունվարի 1). «The prevalence and risk factors of dysmenorrhea». Epidemiologic Reviews. 36 (1): 104–13. doi:10.1093/epirev/mxt009. PMID 24284871.
  15. 15,0 15,1 15,2 15,3 15,4 «Dysmenorrhea - Gynecology and Obstetrics». Merck Manuals Professional Edition. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 10-ին.
  16. Miller L, Notter KM (2001 թ․ նոյեմբեր). «Menstrual reduction with extended use of combination oral contraceptive pills: randomized controlled trial». Obstetrics and Gynecology. LWW Journals. 98 (5 Pt 1): 771–8. PMID 11704167. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 9-ին.
  17. Marjoribanks J, Ayeleke RO, Farquhar C, Proctor M (2015 թ․ հուլիս). «Nonsteroidal anti-inflammatory drugs for dysmenorrhoea». The Cochrane Database of Systematic Reviews (7): CD001751. doi:10.1002/14651858.CD001751.pub3. PMID 26224322.
  18. «Period makeovers: Fixes for heavy bleeding, cramps, PMS - CNN.com». CNN. 2007 թ․ սեպտեմբերի 25. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունիսի 26-ին.
  19. «Ectopic Pregnancy Clinical Presentation: History, Physical Examination». emedicine.medscape.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 29-ին.
  20. Sharma P, Malhotra C, Taneja DK, Saha R (2008 թ․ փետրվար). «Problems related to menstruation amongst adolescent girls». Indian Journal of Pediatrics. 75 (2): 125–9. doi:10.1007/s12098-008-0018-5. PMID 18334791.
  21. Gayle AA. «Herbal Remedies for Menstruation». howstuffworks. Վերցված է 2018 թ․ ապրիլի 9-ին.
  22. Meczekalski B, Katulski K, Czyzyk A, Podfigurna-Stopa A, Maciejewska-Jeske M (2014 թ․ նոյեմբեր). «Functional hypothalamic amenorrhea and its influence on women's health». Journal of Endocrinological Investigation. 37 (11): 1049–56. doi:10.1007/s40618-014-0169-3. PMC 4207953. PMID 25201001.
  23. Farage M (2013 թ․ մարտի 22). The Vulva: Anatomy, Physiology, and Pathology. CRC Press. էջեր 155–158.
  24. «Menstrual blood problems: Clots, color and thickness». WebMD. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 20-ին.
  25. Clancy, Kate (2011 թ․ հուլիսի 27). «Iron-deficiency is not something you get just for being a lady». SciAm. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 17-ին. {{cite web}}: External link in |author= (օգնություն)
  26. Kepczyk T, Cremins JE, Long BD, Bachinski MB, Smith LR, McNally PR (1999 թ․ հունվար). «A prospective, multidisciplinary evaluation of premenopausal women with iron-deficiency anemia». The American Journal of Gastroenterology. 94 (1): 109–15. doi:10.1111/j.1572-0241.1999.00780.x. PMID 9934740.
  27. Fraser IS, Critchley HO, Munro MG, Broder M (2007 թ․ մարտ). «Can we achieve international agreement on terminologies and definitions used to describe abnormalities of menstrual bleeding?». Human Reproduction. 22 (3): 635–43. doi:10.1093/humrep/del478. PMID 17204526.
  28. «Health risks of female genital mutilation (FGM)». World Health Organization. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 29-ին.
  29. Wagner G, Ottesen B (1982 թ․ հունիս). «Vaginal physiology during menstruation». Annals of Internal Medicine. 96 (6 Pt 2): 921–3. PMID 6807162.
  30. Oettel M, Schillinger E (2012 թ․ դեկտեմբերի 6). Estrogens and Antiestrogens II: Pharmacology and Clinical Application of Estrogens and Antiestrogen (անգլերեն). Springer Science & Business Media. էջ 355. ISBN 9783642601071. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 16-ին.
  31. CYWH Staff (2011 թ․ հոկտեմբերի 18). «Medical Uses of the Birth Control Pill». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 1-ին.
  32. Curtis, Kathryn M.; Tepper, Naomi K.; Jatlaoui, Tara C.; Berry-Bibee, Erin; Horton, Leah G.; Zapata, Lauren B.; Simmons, Katharine B.; Pagano, H. Pamela; Jamieson, Denise J. (2016). «U.S. Medical Eligibility Criteria for Contraceptive Use, 2016». MMWR. Recommendations and Reports (ամերիկյան անգլերեն). 65 (3): 1–103. doi:10.15585/mmwr.rr6503a1. ISSN 1057-5987. PMID 27467196.
  33. «Delaying your period with birth control pills». Mayo Clinic. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 20-ին.
  34. «How can I delay my period while on holiday?». National Health Service, United Kingdom. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 20-ին.
  35. Kovacs, G. (1996 թ․ հոկտեմբեր). «Progestogen-only pills and bleeding disturbances». Human Reproduction (Oxford, England). 11 Suppl 2: 20–23. ISSN 0268-1161. PMID 8982741.
  36. «Do you really need to have a period every month?». Discovery Health. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 20-ին.
  37. Lind A, Brzuzy S (2007). Battleground: Women, Gender, and Sexuality: Volume 2: M–Z. Greenwood. էջ 348. ISBN 978-0-313-34039-0.
  38. Kam K. «Eliminate periods with birth control?». WebMD. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 20-ին.
  39. McNeilly AS (2001). «Lactational control of reproduction». Reproduction, Fertility, and Development. 13 (7–8): 583–90. doi:10.1071/RD01056. PMID 11999309. Արխիվացված օրիգինալից 2003 թ․ մայիսի 29-ին.
  40. Kippley J, Kippley S (1996). The Art of Natural Family Planning (4th ed.). Cincinnati, OH: The Couple to Couple League. էջ 347. ISBN 0-926412-13-2.
  41. Stallings JF, Worthman CM, Panter-Brick C, Coates RJ (1996 թ․ փետրվար). «Prolactin response to suckling and maintenance of postpartum amenorrhea among intensively breastfeeding Nepali women». Endocrine Research. 22 (1): 1–28. doi:10.3109/07435809609030495. PMID 8690004.
  42. «Breastfeeding: Does It Really Space Babies?». The Couple to Couple League International. Internet Archive. 2008 թ․ հունվարի 17. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 21-ին.
  43. Kaur, Rajanbir; Kaur, Kanwaljit; Kaur, Rajinder (2018). «Menstrual Hygiene, Management, and Waste Disposal: Practices and Challenges Faced by Girls/Women of Developing Countries». Journal of Environmental and Public Health (անգլերեն). 2018: 1–9. doi:10.1155/2018/1730964. ISSN 1687-9805. PMC 5838436. PMID 29675047.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  44. Chin, L. (2014) Period of shame - The Effects of Menstrual Hygiene Management on Rural Women and Girls' Quality of Life in Savannakhet, Laos [Master's thesis] LUMID International Master programme in applied International Development and Management http://lup.lub.lu.se/student-papers/record/4442938 [accessed 10 August 2015]
  45. House, S., Mahon, T., Cavill, S. (2012). Menstrual hygiene matters - A resource for improving menstrual hygiene around the world Արխիվացված 24 Սեպտեմբեր 2015 Wayback Machine. WaterAid, UK
  46. Tamiru, S., Mamo, K., Acidria, P., Mushi, R., Satya Ali, C., Ndebele, L. (2015) Towards a sustainable solution for school menstrual hygiene management: cases of Ethiopia, Uganda, South-Sudan, Tanzania, and Zimbabwe Արխիվացված 2020-02-18 Wayback Machine. Waterlines, Vol. 34, No.1
  47. «Sahih Bukhari, Chapter: 6, Menstrual Periods».
  48. Leviticus 15:19-30, 18:19, 20:18
  49. Bhartiya A (2013 թ․ նոյեմբեր). «Menstruation, Religion and Society». International Journal of Social Science and Humanity.
  50. Sooki Z, Shariati M, Chaman R, Khosravi A, Effatpanah M, Keramat A (2016 թ․ մարտ). «The Role of Mother in Informing Girls About Puberty: A Meta-Analysis Study». Nursing and Midwifery Studies. 5 (1): e30360. doi:10.17795/nmsjournal30360. PMC 4915208. PMID 27331056.
  51. Hatami M, Kazemi A, Mehrabi T (2015 թ․ դեկտեմբերի 30). «Effect of peer education in school on sexual health knowledge and attitude in girl adolescents». Journal of Education and Health Promotion. 4: 78. doi:10.4103/2277-9531.171791. PMC 4944604. PMID 27462620.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  52. 52,0 52,1 Allen KR, Kaestle CE, Goldberg AE (2011 թ․ փետրվար). «More than just a punctuation mark: How boys and young men learn about menstruation». Journal of Family Issues. 32 (2): 129–56. doi:10.1177/0192513x10371609.
  53. Kirby D (2002 թ․ փետրվար). «The impact of schools and school programs upon adolescent sexual behavior». Journal of Sex Research. 39 (1): 27–33. doi:10.1080/00224490209552116. PMID 12476253.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Դաշտան հոդվածին
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դաշտան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 286