Պրոստագլանդիններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պրոստագլանդին E1

Պրոստագլանդիններ, մարդու և կաթնասուն կենդանիների հորմոններ։ Չհագեցած ճարպային օքսիթթուներ են, որոնց մոլեկուլների կմախքը բաղկացած է ածխածնի 20 ատոմից։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնաբերել է շվեդ գիտնական Ու․ Էյլերը (1936), մարդու ոերմնահեղուկում։ Պրոստագլանդիններ մաքուր վիճակում անջատել են Շվեդիայի և ԱՄՆ-ի գիտնականները՝ 1956-1965 թվականներին։ Սկզբնական շրջանում պրոստագլանդիններ համարվում էին շագանակագեղձի արտազատուկ։ Փոքր կոնցենտրացիաներով պրոստագլանդինները գտնվում են բարձրակարգ կենդանիների համարյա բոլոր օրգաններում, հյուսվածքներում և կենսահեղուկներում։

Կենսաքիմիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի են մոտ 20 բնական պրոստագլանդիններ, որոնք թանձր հեղուկներ են կամ դյուրահալ բյուրեղներ։ Ըստ քիմիական կառուցվածքի տարբերում են А, В, E և F պրոստագլանդիններ որոնցից առավել կարևոր են վերջին երկուսը։ Պրոստագլանդիններ օրգանիզմում առաջացնում են հարթ մկանների՝ հատկապես արգանդի և ֆալոպյան փողերի կծկում։

Ծննդաբերության պահին և դաշտանի ընթացքում պրոստագլանդինների պարունակությունն արգանդային հյուսվածքներում խիստ աճում է։ պրոստագլանդիններ ունեն նաև կարդիատոնիկ և բրոնխալայնիչ հատկություն։ A և E խմբի պրոստագլանդինները իջեցնում են, իսկ F խմբինը՝ բարձրացնում արյան զարկերակային ճնշումը, բարելավում արյան պսակային և երիկամային շրջանառությունը, ընկճում ստամոքսի հյութազատիչ ֆունկցիան, ազդում ներզատիչ գեղձերի գործունեության, ջրաաղային փոխանակության վրա։

Օրգանիզմում պրոստագլանդիններ սինթեզվում են հյուսվածքային տարբեր բջիջներում։ Պրոստագլանդինների կենսական ֆունկցիաների բազմազանության և օրգանիզմում պրոստագլանդիններ սինթեզող հատուկ օրգանի բացակայության պատճառով, դրանց դասում են «տեղային» կամ բջջային հորմոնների շարքը։

Ազդեցության մեխանիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոստագլանդինների ազդեցության մեխանիզմը պարզված չէ։ Հայտնի է, որ նրանք ազդում են ադենիլցիկլազ ֆերմենտի ակտիվության վրա։ Պրոստագլանդիններ օգտագործվում են մանկաբարձության մեջ և գինեկոլոգիայում ծննդաբերությունը հեշտացնելու և հղիությունը վաղ շրջանում արհեստականորեն ընդհատելու նպատակով։

Կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռանկարային է պրոստագլանդինների օգտագործումը քիթմպանի բորբոքումների, ստամոքսի խոցի, կրծքահեղձուկի, հիպերտոնիայի, թրոմբոզների և հոդաբորբերի բուժման համար։ Պրոստագլանդինները ստանում են ֆերմենտային սինթեզով բնական բարձրմոլեկուլային չհագեցած ճարպաթթուներից, զուտ քիմիական սինթեզով՝ ցիկլապենտադիենից։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 445 CC-BY-SA-icon-80x15.png