Կալցիտոնին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարդու կալցիտոնինի պեպտիդը (սև) կապված կալցիտոնինի ընկալիչի հետ

Կալցիտոնին (անգլ.՝ Calcitonin), օրգանիզմի կալցիում-կարգավորիչ հորմոններից մեկը։

Այն պեպտիդային հորմոն է, կազմված է 32 ամինաթթվային մնացորդներից, հարաբերական մոլեկուլային զանգվածը 3400 է։ Կալցիտոնինի հիմնական թիրախ օրգաններն են ոսկրերը, երիկամները և աղիները։ Այն հիպոկալցիեմիա առաջացնող հորմոն է, քանի որ արյան պլազմայում նվազեցնում է իոնային կալցիումի քանակը։

Ֆունկցիաները[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ճնշում է ոսկրանյութը քայքայող օստեոկլաստների ակտիվությունն ու միաժամանակ ակտիվացնում ոսկրանյութի աճն ապահովող օստեոբլաստները։ Արդյունքում արյան պլազմայից կալցիումն անցնում է ոսկրեր։
  2. Աղիներում ընկճում է կալցիումի ներծծումը, իսկ երիկամներում՝ հետներծծումը։ Այս մեխանիզմները ևս հանգեցնում են արյան կալցիումի նվազեցմանը։
  3. Խթանում է ոսկրերի օրգանական հիմքի՝ կոլագենի սինթեզը և այն պաշտպանում քայքայումից։
  4. Արգելակում է ֆոսֆատների հետներծծումը երիկամներում և ներծծումը աղիներում, որը հանգեցնում է արյան անօրգանական ֆոսֆորի նվազեցմանը։
  5. Ունի թույլ արտահայտված նատրիում-միզամուղային ազդեցություն. նպաստում է Na+ իոնների՝ երիկամներով կորստին։
  6. Ընկճում է գաստրինի և աղաթթվի արտադրությունը ստամոքսում՝ հանգեցնելով ստամոքսահյութի թթվայնության նվազման։

Կարգավորումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի տարբերություն յոդ պարունակող հորմոնների՝ կալցիտոնինն ուղղակիորեն չի ենթարկվում հիպոթալամուս-հիպոֆիզային համալիրի ազդեցությանը։ Նրա սինթեզի կարգավորման հիմնական գործոնը արյան պլազմայի իոնացված կալցիումի(Ca2+) քանակն է, որի մեծացումը հետադարձ կապի սկզբունքով խթանում է հորմոնի սինթեզը։ Կալցիտոնինի արտադրությունը խթանվում է նաև ստամոքսում առաջացող գաստրին հորմոնով։ Կալցիտոնինը, ընդհակառակը, ընկճում է գաստրինի սինթեզը։ Կալցիտոնինը, երկարատև ճնշելով օստեոկլաստների ակտիվությունը, հանգեցնում է նաև օստեոբլաստների ապաակտիվացմանը։ Այսինքն՝ այս հորմոնը երկարատև ազդելիս սկսում է կորցնել իր ուժը։ Փոխարենը նրա անտագոնիստի՝ պարաթիրեոիդ հորմոնի դերը Ca2+ իոնների կարգավորման հարցում շատ ավելի կարևոր է։

Աղբյուր[խմբագրել | խմբագրել կոդը]

ՆՈՐՄԱԼ ՖԻԶԻՈԼՈԳԻԱ(գիրք)։ ԵՊԲՀ հրատարակչություն 2019թ։ Հեղինակներ՝ կ.գ.դ., պրոֆեսոր Հ.Ա. Հասրաթյան, կ.գ.դ., պրոֆեսոր Ա.Ս. Տեր-Մարկոսյան, բ.գ.թ., դոցենտ Հ.Կ. Ղամբարյան, կ.գ.թ., դոցենտ Ք.Ռ. Հարությունյան, ա.գ.թ., դոցենտ Գ.Ռ. Համբարձումյան, բ.գ.թ., դոցենտ Ա.Լ. Թորգոմյան, կ.գ.թ., ավագ դասախոս Կ.Վ. Մելքումյան։ ԵՊԲՀ Ֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ, բ.գ.դ պրոֆեսոր Դ.Ն. Խուդավերդյանի խմբագրությամբ