Կոլագեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կոլագեն

Կոլագեն (հունարեն՝ χόλλα — սոսինձ և... գեն), սկլերոպրոաեինների խմբի սպիտակուց, կենդանիների շարակցական հյուսվածքի կոլագենային թելիկների հիմնական մասն է։ Նրա երկարությունը մոտ 300mµ (նանոմետր) է, իսկ հաստությունը՝ 1.5mµ: Կոլագենի զանգվածը հասնում է 30000u (դալտոն): Գոյություն ունեն Կոլագենի քսանութ տեսակներ, որոնք կոդավորվում են ավելի քան քառասուն գեներով և տարբերվում են ամինաթթվային հաջորդականությամբ։ Կոլագենը առկա չէ վիրուսների, բույսերի, սնկերի, նախակենդանիների և բակտերիաների մոտ, քանի որ նրա սինթեզման համար անհրաժեշտ է մեծ քանակությամբ էներգիա և ազատ թթվածին։ Սպիտակուցի բնափոխման ժամանակ այն վերածվում է ժելատինի (դոնդողի)։[1][2]

Կոլագենը կենդանիների մոտ հայտնաբերված ամենատարածված սպիտակուցն է, կազմում է կաթնասունների ընդհանուր սպիտակուցի 25 - 40% -ը: Դա անլուծելի թելանման սպիտակուց է, որը հայտնաբերվել է մաշկում (կաշին պահպանված կոլագեն է), ջլերում, կապաններում, աճառում, ոսկրերում, ատամներում և արյունատար անոթների պատերում: Դա կարևոր կառուցվածքային սպիտակուց է ոչ միայն մարդկանց, այլ գրեթե բոլոր կենդանիների մոտ և հայտնաբերված է տարբեր կառույցներում`սկսած ծովային անեմոնների մարմնի պատից մինչև շնաձկների ձվի պատիճները: Կոլագենի մոլեկուլը բաղկացած է երեք պոլիպեպտիդային շղթաներից, յուրաքանչյուրը պարույրի ձևով: (Սա α-պարույրը չէ, այն այդքան խիտ չէ փաթեթավորված): Այս երեք պարուրաձև պոլիպեպտիդները փաթաթվում են միմյանց շուրջ, կազմելով եռաշղթա «պարան» կամ «եռակի պարույր»: Երեք թելիկները պահվում են միասին ջրածնական և որոշ կովալենտ կապերի շնորհիվ: Յուրաքանչյուր պոլիպեպտիդում գրեթե յուրաքանչյուր երրորդ ամինաթթուն գլիցինն է՝ ամենափոքր ամինաթթուն: Գլիցինը գտնվում է թելիկների ներսի կողմում և նրա փոքր չափերը թույլ են տալիս երեք թելիկներին միմյանց մոտ լինել և դրանցից ձևավորել ամուր պարույր: Ցանկացած այլ ամինաթթու չափազանց մեծ կլիներ դրա համար:[1][2]

Կոլլագենի յուրաքանչյուր լիարժեք, եռաշղթա մոլեկուլը փոխկապակցված է դրան զուգահեռ ձգվող այլ կոլագենի մոլեկուլների հետ: Կովալենտ կապերը ձևավորվում են միմյանց մոտ գտնվող ամինաթթուների R խմբերի միջև: Այս խաչաձև կապերը պահում են բազմաթիվ կոլագենի մոլեկուլներ կողք կողքի՝ ձևավորելով ֆիբրիլներ: Զուգահեռ մոլեկուլների ծայրերը դասավորված են “շախմատանման”. եթե այդպես չլիներ, կոլագենի ֆիբրիլում թույլ տեղեր կառաջանային: Վերջապես, շատ ֆիբրիլներ շարվում են կողք-կողքի՝ ձևավորելով թելեր կոչվող ամուր խրձեր : Կոլագենի առավելությունն այն է, որ ճկուն է, բայց այն ունի հսկայական ամրություն ձգվելու դեպքում, այսինքն այն կարող է դիմակայել մեծ ձգողական ուժերին, առանց ձգվելու կամ կտրվելու: Մարդու Աքիլեսյան ջիլը, որը գրեթե մաքուր կոլագենի թել է, կարող է դիմակայել լայնակի կտրվածքի մեկ մմ-ի վրա 300 Նյուտոն ուժի, որը մոտավորապես պողպատի ամրության մեկ քառորդն է: Կոլագենային թելերը դասավորվում են այն ուժերի ուղղությամբ, որոնց դրանք պետք է դիմակայեն: Ջլերում դրանք միմյանց զուգահեռ խրձերով դասավորվում են ջլի երկարությամբ, ձգման ուղղությամբ: Մաշկում դրանք կարող են ձևավորել շերտեր, որտեղ թելերը տարբեր շերտերում ձգվում են տարբեր ուղղություններով՝ ինչպես բջջապատերի մեջ գտնվող թաղանթանյութը: Այս կերպ դրանք դիմադրում են տարբեր ուղղություններով ազդող ձգման ուժերին:[1][2]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 508 CC-BY-SA-icon-80x15.png


  1. 1,0 1,1 1,2 Прохоров А.М.։ Большая Советская Энциклопедия։ СССР 
  2. 2,0 2,1 2,2 Jones Mary (2014)։ Cambridge International AS and A level Biology Coursebook։ UK