Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)
Գլիցին, ամինաքացախաթթու, գլիկոկոլ, NH2CH2COOH, ալիֆատիկ շարքի պարզագույն ամինաթթու։ Անգույն բյուրեղներ են, հալման ջերմաստիճանը՝ 232-236 °C (քայքայվելով), խտությունը՝ 1595 կգ/մ3 (15 °C)։ Լուծվում է ջրում (100գ-ում՝ 25 գ Գլիցին, 15 °C-ում), սպիրտում, իսկ եթերում չի լուծվում։ Հիմքերի և թթուների հետ առաջացնում է աղեր, շատ կատիոնների հետ՝ կոմպլեքս միացություններ, N-տրիալկիլ տեղակալված Գլիցինի ներքին աղերը կոչվում են բետաիններ։ Բազմաթիվ բուսական և կենդանական սպիտակուցներ պարունակում են Գլիցին, որը մասնակցում է կենսասինթեզին։ Ստացվում է մետաքսի ֆիբրիոնի կամ կենդանական սոսնձիհիդրոլիզից, իսկ արհեստական ճանապարհով՝ քլորքացախաթթվի և ամոնիակի փոխազդմամբ։ Օգտագործվում է բուֆերային լուծույթներ պատրաստելու, արծաթը և պղինձը քանակապես որոշելու համար ն օրգանական սինթեզում։ Գլիցին են անվանում նաև լուսանկարչության մեջ որպես հայտածիչ օգտագործվող պարաօքսիֆենիլամինաքացախաթթուն (օքսիֆենիլգլիցին)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 96)։