Դոֆամին
Դոֆամին (դոպամին, 3,4-դիհիդրօքսիֆենեթիլամին), սիմպաթոադրենալային համակարգի հորմոն, միջնորդանյութ (մեդիատոր)։ Դոֆամինի նկատմամբ կան հինգ տեսակի ընկալիչներ (D1—D5)։ Փոքր չափաքանակներով դոֆամինը կարող է դրդել նաև α- և β-ադրենաընկալիչներին։ Վերջիններիս վրա դոֆամինի ազդեցությունն ավելի շատ կրում է միջնորդավորված, անուղղակի բնույթ, քանի որ այն նպաստում է նախասինապսային պահեստներից նորադրենալինի արտազատմանը։
Սինթեզը
[խմբագրել | խմբագրել կոդը]ԿՆՀ-ում գտնվող բոլոր բջիջներից մոտավորապես 400000-ն են սինթեզում դոֆամին[1]։ Հայտնի են դոֆամինային մի քանի կորիզներ՝ կամարաձև (nucleus arcuatum), սև նյութի դոֆամինային նեյրոներ[2][3][4]։ Արտաբրգային համակարգում դոֆամինը, որպես նեյրոմիջնորդանյութ բարձրացնում է շարժողական ակտիվությունը, վերացնում շարժողական արգելակումը և թուլացնում մկանների գերլարվածությունը։ Ենթատեսաթմբում և մակուղեղում դոֆամինն արգելակում է մի շարք հորմոնների հյութազատումը։ Այն իրականացվում է դոֆամինի տարբեր խտաստիճաններով, որն էլ պայմանավորում է կարգավորման բարձր յուրահատկությունը։ Դոֆամինի արգելակող ազդեցությունն առավելապես արտահայտվում է պրոլակտինի, համեմատաբար թույլ՝ սոմատոլիբերինի և սոմատոստատինի, առավել թույլ՝ կորտիկոլիբերինի, ադենոկորտիկոտրոպ հորմոնի, և ամենաթույլը՝ թիրեոլիբերինի և թիրեոտրոպ հորմոնի նկատմամբ։
Հայտնաբերումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին անգամ սինթեզվել է 1910 թվականին Ջորջ Բարգերի և Ջեյմս Էվենսի կողմից Լոնդոնի լաբորատորիաներից մեկում[5]։ Այն կոչվեդ դոֆանին (դոպամին), քանի որ մոնոամին էր, որի նախանյութը (պրեկուրսոր) Բերգեր-Էվենսի սինթեզում 3,4-դիհիդրոօքսիֆենիլալանինն է։ Որպես միջնորդանյութ դոֆաինի նշանակությունը առաջին անգամ հայտնաբերվել է 1958 թվականին Արվիդ Կառլսոնի և Նիլս-Ակե-Հիլլարփի կողմից Շվեդիայում[6]։ 2000 թվականին Կառլսոնը արժանացավ Նոբելյան մրցանակի բժշկության ոլորտում։
Նշանակությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Դոֆամինը բարձրացնում է արյունատար անոթների ծայրամասային դիմադրությունը, սակայն ավելի թույլ, քան նորադրենալինը, մեծացնում է զարկերակային արյան ճնշումը, խթանում սրտի կծկման ուժն ու հաճախությունը, մեծացնում սրտի սիստոլային ծավալը։ Երիկամներում առկա դոֆամինային ընկալիչների միջոցով այս հորմոնը մեծացնում է երիկամային արյունահոսքը և պատիճային քամումը, սակայն մեծ քանակներով դոֆամինը երիկամների վրա թողնում է հակառակ ազդեցություն։ Դոֆամինն ընկճում է ալդոստերոնի և ռենինի հյութազատությունը, սակայն խթանում է երիկամների կողմից պրոստագլանդինների հյութազատությունը։ Այս հորմոնն ընկճում է մարսողական ուղու շարժողական ակտիվությունը, իսկ կենտրոնական նյարդային համակարգում դրդում է փսխման քիմիաընկալիչներին։ Արյունաուղեղային պատնեշով դոֆամինը շատ քիչ է թափանցում։ Շոկի, վնասվածքների, այրվածքների, արյունահոսությունների, սթրեսի, ցավի, վտանգի և վախի ժամանակ արյան մեջ կտրուկ ավելանում է դոֆամինի քանակը։ Դոֆամինի քանակն ավելանում է նաև երիկամների արյան շրջանառության վատթարացման, արյան մեջ նատրիումի իոնների, անգիոթենզինի և ալդոստերոնի ավելացման դեպքում։
Գլխուղեղում դոֆամինէրգիական նեյրոնների ախտահարմամբ առաջանում է Պարկինսոնի հիվանդությունը։
Դոֆամին հայտնաբերվել է նաև բույսերում։ Այս նյութով հարուստ է բանանը, ավոկադոն, լոլիկը, բրյուսելյան կաղամբը[7]։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Допамин (Dopamine): инструкция, применение и формула
- Dopamine
- Dopamine Արխիվացված 2014-12-28 Wayback Machine
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Schultz W (2007). «Multiple dopamine functions at different time courses». Annu. Rev. Neurosci. 30: 259–88. doi:10.1146/annurev.neuro.28.061604.135722. PMID 17600522.
- ↑ Björklund A, Dunnett SB (May 2007). «Dopamine neuron systems in the brain: an update». Trends Neurosci. 30 (5): 194–202. doi:10.1016/j.tins.2007.03.006. PMID 17408759.
- ↑ DeLong M, Wichmann T (April 2010). «Changing views of basal ganglia circuits and circuit disorders». Clin EEG Neurosci. 41 (2): 61–7. doi:10.1177/155005941004100204. PMID 20521487.
- ↑ Ben-Jonathan N, Hnasko R (2001). «Dopamine as a Prolactin (PRL) Inhibitor» (PDF). Endocrine Reviews. 22 (6): 724–763. doi:10.1210/er.22.6.724. PMID 11739329. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2008 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 30-ին.
- ↑ «Fahn, Stanley, "The History of Levodopa as it Pertains to Parkinson's disease," Movement Disorder Society's 10th International Congress of Parkinson's Disease and Movement Disorders on November 1, 2006, in Kyoto, Japan» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 30-ին.
- ↑ Benes FM (2001). «Carlsson and the discovery of dopamine». Trends Pharmacol. Sci. 22 (1): 46–7. doi:10.1016/S0165-6147(00)01607-2. PMID 11165672.
- ↑ Kulma A, Szopa J (2007). «Catecholamines are active compounds in plants». Plant Science. 172 (3): 433–440. doi:10.1016/j.plantsci.2006.10.013.