Սիմպաթոադրենալային համակարգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կատեխոլամինների կենսասինթեզը

Սիմպաթոադրենալային համակարգ, օրգանիզմի տարբեր հատվածներում քրոմաֆինային բջիջների ամբողջություն, որոնք արտադրում են ադրենալին, նորադրենալին և դոֆամին։ Քրոմաֆինային բջիջները այդ անունը ստացել են քրոմի միացություններով շագանակագույն գույնով ներկվելու պատճառով։ Քրոմաֆինային բջիջներ կան մակերիկամների միջուկում, սրտում, երիկամներում, աորտայում, քնային զարկերակների ճյուղավորման շրջանում և սիմպաթիկ հանգույցներում։ Խոշոր առումով այն ներառում է սիմպաթիկ նյարդային համակարգն ու մակերիկամների միջուկային մասը։

Օրգանիզմի տարբեր հատվածներում քրոմաֆինային բջիջների առկայությամբ է բացատրվում այն, որ մակերիկամների միջուկային մասի հեռացման դեպքում կենդանին չի մահանում, քանի որ նրա բացակայությունը փոխհատուցվում է արտամակերիկամային քրոմաֆինային հյուսվածքի գործունեությամբ։

Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիմպաթոադրենալային համակարգի հիմնական հորմոններն են՝ դոֆամինը, ադրենալինը, նորադրենալինը։ Դրանք սինթեզվում են թիրոզին ամինաթթվից և կոչվում են կատեխոլամիններ, քանի որ իրենց կառուցվածքում պարունակում են կատեխոլի (պիրոկատեխինի) կորիզ։ Դրանց առաջացումն ընթանում է հետևյալ փուլերով՝ թիրոզին, դիօքսիֆենիլալանին, ԴՕՖԱ, դոֆամին, նորադրենալին, ադրենալին։ Kատեխոլամինները միաժամանակ նեյրոմիջնորդանյութեր են։ Միջուկային մասում արտադրվող հիմնական կատեխոլամինը ադրենալինն է (շուրջ 80 %-ը), իսկ արտամիջուկային բջիջներում՝ նորադրենալինը։ Ադրենալինն ու նորադրենալինն ավելի հաճախ անվանվում են համապատասխանաբար՝ էպինեֆրին և նորէպինեֆրին։ Կատեխոլամինները հանդիպում են ողնաշարավոր և անողնաշարավոր կենդանիների մեծամասնության և, նույնիսկ, պարզագույնների մոտ։

Մակերիկամների միջուկում և սիմպաթիկ նյարդային վերջույթներում արտադրվող ադրենալինն ու նորադրենալինը վատ են թափանցում արյունաուղեղային պատնեշով։ Սակայն հսկայական քանակով կատեխոլամիններ արտադրվում են նաև ուղեղում, որոնք համակարգային արյան հուն չեն անցնում վերը նշված պատճառով։ Արյան մեջ անցած կատեխոլամինների կիսատրոհման պարբերությունը 2 րոպե է։ Դրանք քայքայվում են մոնոամինոօքսիդազով և կատեխոլ-Օ-մեթիլտրանսֆերազով, իսկ քայքայման արգասիքները հեռացվում են մեզով։ Երկրորդ ֆերմենտը հիմնականում արտադրվում է սինապսները շրջապատող նեյրոգլիայի բջիջների կողմից։ Բացի վերոհիշյալ կատեխոլամիններից մակերիկամների միջուկում սինթեզվում են նաև կենտրոնական նյարդային համակարգի և ստամոքսաաղիքային ուղու վրա ազդող այլ պեպտիդներ ևս. β-էնկեֆալին, P-նյութ, անոթաակտիվ աղիքային պեպտիդ, սոմատոստատին և այլն։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]