Արյան ճնշում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
1rightarrow blue.svg Անվան այլ գործածումների համար տես՝ Ճնշում (այլ կիրառումներ)
Արյան ճնշում
Blutdruck.jpg
Սֆիգմոմանոմետր, որի օգնությամբ չափում են զարկերակային ճնշումը
Blood pressure Վիքիպահեստում

Արյան ճնշում, արյունատար անոթներով շարժվող արյան գործադրած ճնշումը պատերին։ Տարբերում են զարկերակային, մազանոթային և երակային ճնշումներ։ Արյան ճնշումն ապահովում է արյան շարժումն արյունատար համակարգում և նյութափոխանակության իրականացումն օրգանիզմի հյուսվածքներում։

Ամենաբարձր ճնշումն աորտայում է։ Երբ արյունը շարժվում է անոթային համակարգով, ճնշումն աստիճանաբար նվազում է և ամենափոքր մեծության հասնում վերին ու ստորին երակներում։ Դա բացատրվում է նրանով, որ սրտի զարգացրած էներգիան ծախսվում է արյան հոսքի դիմադրությունը հաղթահարելու համար։

Արյունատար համակարգի տարբեր մասերում եղած ճնշումների տարբերությունն ապահովում է արյան անընդհատ հոսքն անոթներով՝ բարձր ճնշումից դեպի ցածր ճնշումը։

Բնականոն պայմաններում շրջանառու արյան քանակն ու ճնշումն աննշան են փոխվում։ Սակայն արյունահոսությունների ժամանակ, երբ քչանում է շրջանառու արյան ծավալը, պակասում է սիրտ ներհոսող և արտամղվող արյան քանակը, զարկերակային ճնշումը նվազում է։ Օրգանիզմը հակազդում է արյան ճնշման իջեցմանը։ Ռեֆլեքսային ճանապարհով սեղմվում են անոթները, շատանում է անոթասեղմիչ նյութերի (ադրենալին) արտազատումը, պահուստային օրգաններում (փայծաղ, լյարդ) կուտակված արյունն անցնում է արյունատար հուն։

Զարկերակային ճնշում[խմբագրել]

Զարկերակային ճնշման մեծությունը հիմնականում որոշվում է սրտի կծկումների ուժով, յուրաքանչյուր կծկման ժամանակ արտամղվող արյան քանակությամբ, արյունատար անոթների (առանձնապես՝ ծայրամասային) պատերի դիմադրությամբ արյան հոսքին։ Զարկերակային ճնշման մեծության վրա ազդում են նաև շրջանառվող արյան քանակությունը, մածուցիկությունը, որովայնի և կրծքի խոռոչներում ճնշումների տատանումները՝ կապված շնչառական շարժումների հետ և այլ գործոններ։

Զարկերակային ճնշումն առավելագույն մակարդակի է հասնում սրտի ձախ փորոքի կծկման (սիստոլա) ժամանակ, որի դեպքում արտամղվում է 60-70 մլ արյուն։ Վերջինս չի կարող անմիջապես անցնել մանր անոթներով (հատկապես մազանոթներով), ուստի առաձգական աորտան ձգվում է, և ճնշումը բարձրանում է (զարկերակային առավելագույն ճնշում, սիստոլային ճնշում)։ Բնականոն պայմաններում խոշոր զարկերակներում այն հասնում է 100-140 մմ ս.ս.։ Սրտի փորոքների կծկումների դադարի (դիաստոլա) ժամանակ արյունատար անոթների (աորտայի և խոշոր զարկերակների) պատերը, լինելով ձգված, սկսում են կծկվել և արյունը մղել մազանոթների մեջ։ Ճնշումն աստիճանաբար ընկնում է և դիաստոլայի վերջում հասնում է նվազագույն (զարկերակային նվազագույն ճնշում, դիաստոլային ճնշում) մեծության (խոշոր զարկերակներում՝ 70-80 մմ ս.ս.)։ Սիստոլային և դիաստոլային ճնշումների մեծությունների տարբերությունը (այդ մեծությունների տատանումները) ընկալվում է անոթազարկային ալիքի ձևով և կոչվում է անոթազարկ։

Արյունատար անոթներում եղած ճնշումը փոքրանում է սրտից հեռանալուն զուգընթաց։ Այսպես, աորտայում այն կազմում է 140/90 մմ ս.ս. (առաջին թիվը ցույց է տալիս սիստոլային կամ վերին, երկրորդը՝ դիաստոլային կամ ստորին ճնշումը)։ Խոշոր զարկերակներում արյան ճնշումը միջինը 120/75 մմ ս․ս. է։ Ջարկերակիկներում սիստոլային և դիաստոլային ճնշումների մեծությունների տարբերությունը գործնականում բացակայում է, իսկ արյան ճնշումը կազմում է մոտ 40 մմ ս.ս.։ Մազանոթներում նվազում է մինչև 10-15 մմ ս.ս.։ Արյունը երակային հուն անցնելիս ճնշումն ավելի է ընկնում և առավել խոշոր երակներում (վերին և ստորին սիներակներում) կարող է դառնալ բացասական։

Անոթազարկ[խմբագրել]

Անոթազարկի հաշվումը

Մարմնի այն տեղերում, որտեղ խոշոր զարկերակները գտնվում են մակերեսի մոտ, օրինակ քունքի, դաստակի, պարանոցի վրա, կարելի է շոշափել անոթների պատերի պարբերական տատանումներ։ Դա զարկերակային անոթազարկն է։ Նրա ալիքի տարածման արագությունը 6-10 մ/վրկ է։ Տարիքի մեծացմանը զուգընթաց, անոթների պատերի առաձգականության անկման հետևանքով, անոթազարկի տարածման արագությունը մեծանում է։ Հանգիստ պայմաններում չափահաս մարդու անոթազարկի հաճախականությունը մեկ րոպեում հավասար է 60-80 հարվածի։ Եթե սրտամկանը մարզված է և ուժեղ, ապա անոթազարկի հաճախականությունը կարող է ցածր լինել՝ 50-55 հարված մեկ րոպեում։ Դա բացատրվում է նրանով, որ մարզված մարդու սրտամկանը յուրաքանչյուր մեկ կծկման պահին ավելի շատ արյուն է մղում հյուսվածքներ, քան չմարզվածինը։ Ֆիզիկական աշխատանքի ժամանակ անոթազարկի հաճախականության չափից ավելի մեծացումը կարող է վկայել հիվանդագին վիճակի մասին։

Ձախ փորոքի յուրաքանչյուր կծկման ժամանակ ճնշումն աորտայում բարձրանում է, և նրա պատերի տատանումները տարածվում են մինչև ամենափոքր զարկերակները։ Անոթազարկն անհետանում է մազանոթներում։

Զարկերային անոթազարկը անոթների պատերի պարբերական տատանումներն են, որոնք առաջանում են արյան ճնշման փոփոխությունների հետևանքով, սրտի կծկումների ռիթմին համապատասխան։ Անոթազարկը համապատասխանում է սրտի յուրաքանչյուր կծկմանը։ Ուստի անոթազարկով կարելի է որոշել սրտի կծկումների հաճախությունը և անոթների վիճակը։ Այս մեթոդը լայն կիրառություն ունի բժշկության մեջ և առօրյա կյանքում։

Արյան վերաբաշխում[խմբագրել]

Այն օրգանները, որոնք ավելի շատ աշխատանք են կատարում, ստանում են ավելի մեծ քանակի արյուն։ Քանի որ տարբեր պայմաններում օրգանների գործունեությունը փոխվում է, տեղի է ունենում արյան վերաբաշխում։ Ընդ որում՝ աշխատող օրգանն ուժգնորեն մատակարարվում է արյամբ՝ ի հաշիվ մարմնի մյուս մասերում արյան մատակարարման քչացման։ Անոթներն օժտված են նեղանալու և լայնանալու հատկությամբ, որով իրականացվում է արյան վերաբաշխումը։ Արյան ընդհանուր կայուն լինելու դեպքում աշխատող օրգանն ավելի լավ է մատակարարվում արյամբ։ Այսպես, աշխատող մկանում արյան մատակարարումը 50 անգամ ավելանում է չաշխատող մկանների համեմատ։

Արյան ճնշման ինքնակարգավորում[խմբագրել]

Գծանկարը ցույց է տալիս արյան ճնշման կայուն բարձրացման հիմնական բարդությունները։

Առողջ մարդկանց արյան ճնշումը պահպանվում է համեմատաբար հաստատուն մակարդակի վրա։ Սակայն ֆիզիկական ծանրաբեռնվածության, լարված իրավիճակների, ուժեղ հուզմունքների դեպքում արյան ճնշումը բարձրանում է։ Արյան ճնշման վերականգնումը ելակետային մակարդակի իրականանում է ինքնակարգավորման մեխանիզմով։ Խոշոր զարկերակների պատերում գտնվող նշանկալիչներից ազդակները հաղորդվում են երկարավուն ուղեղ՝ սրտի և անոթների լուսանցքը կարգավորող նյարդային կենտրոններ։ Դեպի սիրտ եկող նյարդային ազդակները դանդաղեցնում են կծկումների հաճախությունը, իսկ դեպի անոթներ հաղորդող ազդակները լայնացնում են վերջիններին, և ճնշումը նվազում է։ Արյան ճնշման անկման դեպքում ինքնակարգավորող մեխանիզմներն ուժեղացնում են սրտի աշխատանքը և սեղմում անոթները։

Արյան ճնշման կարգավորման մեխանիզմների խանգարումների հետևանքով առաջանում են արյան ճնշման տատանումներ։ Արյան ճնշման բարձրացումը կոչվում է հիպերտոնիա (գերճնշում), իջեցումը՝ հիպոտոնիա։

Թեպետ արյան ճնշման փոփոխությունը հաճախ ունի պաշտպանահարմարվողական նշանակություն, սակայն բնականոն վիճակից դրա շեղման դեպքում (իսկ դա կարող է պատահել յուրաքանչյուրի հետ) պետք է խորհրդակցել բժշկի հետ, քանի որ ճնշման մակարդակի վրա ազդում են բազմաթիվ գործոններ։ Օրինակ՝ թերճնշումն առաջանում է թունավորումների, վարակիչ, սիրտանոթային համակարգի հիվանդությունների, գերճնշումը՝ ներզատիչ խանգարումների, երիկամների ախտահարումների, հիպերտոնիկ հիվանդության և այլ դեպքերում, ինչպես նաև դեռահասների սեռական հասունացման շրջանում (պատանեկան գերճնշում

Արյան ճնշման չափում[խմբագրել]

Արյան ճնշման չափումը բազուկում

Զարկերակային արյան ճնշումը չափվում է ճնշաչափի (տոնոմետր) օգնությամբ։ Ավելի հարմար է չափել բազկի զարկերակի արյան ճնշումը։ Բազկին կապվում է ռետինե թևքածալ, որը միացված է ռետինե տանձակին և ճնշաչափին։ Թևքածալի մեջ ռետինե տանձիկով օդ է ներմղվում մինչև զարկերակային անոթը սեղմվի և արյան հոսքը դադարի։ Այնուհետև օդը դանդաղորեն բաց է թողնվում։ Այն պահին, երբ սիստոլային ճնշումը բազկային զարկերակում մի փոքր գերազանցում է թևքածալում եղած ճնշմանը, արյունը դուրս է հոսում սեղմված շրջանից և զարկերակի պատին հարվածելուց հետո առանձնահատուկ ձայն արձակում (Կորոտկովի հնչյուն), որը լավ լսելի է լսափողով (ֆոնենդոսկոպով)։ Վերջինս դրվում է արմնկային ծալքի շրջանում՝ բազկային զարկերակի վրա։ Այդ պահին թևքածալի ճնշումն ընդունվում է հավասար սիստոլայինին։ Շարունակելով օդը դուրս թողնել՝ արյան ավելի մեծ բաժիններ են անցնում արյունատար անոթներով, և ինչ-որ պահ թևքածալը դադարում է սեղմել զարկերակը նույնիսկ դիաստոլայի ժամանակ։ Կորոտկովի հնչյունները կտրուկ թուլանում են, իսկ բազկակապի ճնշումն ընդունվում է հավասար դիաստոլայինին։

Բնականոն պայմաններում Արյան ճնշման մեծությունը կախված է անձի առանձնահատկություններից, կենսակերպից, զբաղմունքից, տարիքից, բարձրանում է անսովոր ֆիզիկական ծանրաբեռնվածության, հուզական լարվածության և այլ դեպքերում։ Սակայն մշտապես ծանր ֆիզիկական աշխատանքով զբաղվող անձանց, ինչպես նաև մարզիկների սիստոլային ճնշման մեծությունը կարող է փոքրանալ և կազմել 100-90, դիաստոլայինը՝ 60 և նույնիսկ 50 մմ ս.ս.։

Երեխաների սիստոլային ճնշման մեծությունը կարելի է մոտավորապես հաշվել 80+2a բանաձևով, որտեղ a-ն երեխայի տարիքն է։

Զարկերակային ճնշման մեծության մոտավոր արժեքները տարբեր տարիքային շրջաններում
Տարիքը (տարիներով) Զարկերակային ճնշումը (մմ ս․ս․)
սիստոլային դիաստոլային
16-20 100-120 70-80
20-40 120-130 70-80
40-60 մինչև 140 մինչև 90
60-ից բարձր 150 90

Տես նաև[խմբագրել]

Գրականություն[խմբագրել]

  • Մարդու նորմալ անատոմիայի դասագիրք։ Ն. Կ. Լիսենկով, Վ. Խ. Բուշկովիչ, Մ. Գ. Պրիվես։ Լույս հրատարակչություն։ Երևան 1974
  • Մարդու ֆիզիոլոգիայի հիմունքներ։ Դասագիրք բարձրագույն ուսումնական հաստատությունների համար։ Դ. Ն. Խուդավերդյանի և Վ. Բ. Ֆանարջյանի խմբագրությամբ։ Երևան, 1998։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png