Հոդաբորբ
Հոդաբորբ | |
---|---|
![]() | |
Տեսակ | հոդախտ, հիվանդության կարգ և ախտանիշ կամ նշան |
Հիվանդության ախտանշաններ | վերջույթների բորբոքում[1] |
Բժշկական մասնագիտություն | ռևմատոլոգիա |
ՀՄԴ-9 | 710, 711, 712, 713, 714, 715, 716, 717, 718 և 719 |
![]() |



Հոդաբորբ կամ արթրիտ (լատին․՝ arthritis, հունարեն՝ άpvpov - հոդ), հոդերի բորբոքային հիվանդություն, որը կարող է առաջանալ տեղային կամ ընդհանուր վարակների, նյութափոխանակության խանգարումների, վնասվածքների և այլ պատճառներով։ Մի շարք ծանր հիվանդությունների (ռևմատոիդ հիվանդություն, անշարժացնող սպոնդիլոարթրիտ և այլն) առաջացման պատճառը դեռևս լրիվ պարզ չէ, սակայն հաստատված է, որ նպաստող գործոններ են համարվում օրգանիզմի սառեցումը, ֆիզիկական գերլարվածությունը և այլև։ Ըստ ռևմատոլոգների համամիութենական ընկերության համագումարի (1971) դասակարգման, հիվանդությունները բաժանվում են երկու հիմնական խմբի՝ որպես ինքնուրույն հիվանդություն և որևէ հիվանդության ախտանշան։ Մեկ հոդի բորբոքումը կոչվում է մոնոարթրիտ, մի քանիսինը՝ պոլիարթրիտ։ Ըստ ընթացքի հիվանդությունները լինում են՝ սուր, ենթասուր և քրոնիկական, չոր և էքսուդատիվ (շճային, թարախային, արյունային), ըստ ծագման՝ վարակիչ և սպեցիֆիկ, դիստրոֆիկ, վնասվածքային և այլ հիվանդությունների հետ կապված։
Վարակիչ և սպեցիֆիկ հիվանդություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս շարքին են դասվում բրուցելոզային, տուբերկուլոզային, վիրուսային, սիֆիլիտիկ, դիզենտերային, սնկային, գոնոռեային, էխինոկոկային, սեպտիկ, ռևմատիկ, վարակիչ, ոչ սպեցիֆիկ հիվանդությունները և այլն, որոնք օրգանիզմում վարակի վերացումից հետո կարող են ընթանալ որպես ինքնուրույն հիվանդություններ։ Վարակիչ հիվանդությունների յուրահատուկ ձև է անշարժացող սպոնդիլոարթրիտը (Բեխտերևի հիվանդություն)։
Դիստրոֆիկ հիվանդություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս շարքին են դասվում նյութափոխանակության խանգարումներով (պոդագրային հիվանդություն, Կաշին Բեկի հիվանդություն), վիտամինների անբավարարությամբ պայմանավորված, արյան հիվանդություններից առաջացած (հեմոֆիլիայի, լեյկոզների դեպքում), ֆիզիկական գերլարվածության, սառեցման և աշխատանքային հիգիենայի պայմանների խախտման հետ կապված հիվանդությունները (լեռնագործների, թունելագործների, տրանսպորտի աշխատողների մոտ) և այլն։
Վնասվածքային հիվանդություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հիվանդությունների պատճառ են հանդիսանում հոդերի Փակ ու բաց վնասվածքները և հաճախ կրկնվող թույլ վնասումները։ Հիվանդությունների ժամանակ կարող են ախտահարվել նաև հոդաճառները և ոսկրերը։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն ընդհանուր հաշմանդամության 3, 1%-ի պատճառը քրոնիկական հիվանդություններն են։ Ախտանշաններն են՝ հոդացավեր, հոդի այլաձևություն, ֆունկցիայի խանգարում, հոդի մաշկածածկույթների կարմրություն և ջերմաստիճանի բարձրացում։ Սուր հիվանդությունների ժամանակ ցավերը լինում են ուժեղ և մշտական, իսկ քրոնիկականի դեպքում՝ միայն հոդը շարժելիս։
Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]
Բուժումը հիմնական պատճառի կամ հիվանդության վերացումն է։ Ցավը հանգստացնող, հակաբորբոքային դեղամիջոցներ, հորմոնային սպեցիֆիկ պատրաստուկներ։ Այլաձևությունները կանխելու համար կիրառվում են օրթոպեդիական միջոցառումներ, ուղղիչ մարմնամարզություն, ֆիզիոթերապևտիկ, ջրաբուժական և ցեխաբուժական պրոցեդուրներ։ Կայուն այլաձևությունների դեպքերում՝ վիրահատություններ (մկանահատում, ջլահատում, ոսկրահատում, հոդահատում, հոդապլաստիկա և այլն)։ Առողջարանային բուժում (Արզնի, Դիլիջան, Ծղալտուբո, Պյատիգորսկ, Սակի, Եվպատորիա)։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Disease Ontology — 2016.
http://www.crosscenter.am/am/diseases/arthritis-arthrosis-coxarthrosis
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 507)։ ![]() |