Տեմպերա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Տեմպերա

Տեմպերա, (իտալ․ tempera, temperare — ներկերը խառնել), գեղանկարչություն այնպիսի ներկերով, որոնցում կապակցանյութը ջրից ու ձվի դեղնուցից ստացված, ինչպես և յուղի (կամ յուղի ու լաքի) հետ խառնված, ջրի մեջ լուծված բուսական կամ կենդանական սոսնձից պատրաստված էմուլսիաներն են։ Տեմպերան, որ հայտնի էր դեռևս Հին Եգիպտոսում, միջին դարերում դարձել է հաստոցային գեղանկարչության հիմնական տեխնիկա, սակավ կիրառվել է նաև որմնանկարչության մեջ։ Միջնադարյան սրբանկարիչները տեմպերայով նկարել են հիմնաներկով պատած տախտակների վրա և ավարտված երփնագիրը ծածկել ձիթապտղի ձեթի կամ յուղալաքի բարակ շերտով։ XV դարից Արևմտյան Եվրոպայում (այլ երկրներում ավելի ուշ) տեմպերան փոխարինվել է յուղաներկերով գեղանկարչությամբ։ XIX դ․ վերջին —XX դ․ կրկին լայնորեն օգտագործվում է հաստոցային և դեկորատիվ կիրառական գործեր ստեղծելիս։ Տեմպերայով կատարված ժամանակակից նկարները չեն լաքապատվում, որի պատճառով ունենում են թավշյա, փայլատ մակատեսք։ Տեմպերայով նկարված աշխատանքներում գույնն ու տոնն արտաքին ներգործությունների հանդեպ ունեն մեծ կայունություն և յուղաներկ երփնագրերի համեմատ ավելի երկար են պահպանում սկզբնական թարմությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png