Խեցեգործությունը Հայաստանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Armenian Ceramics P1130717.JPG

Խեցեգործությունը Հայաստանում հայտնի է դեռևս վաղնջական ժամանակներից։ Քանի որ Հայաստանում առկա են խեցեգործության համար անհրաժեշտ բոլոր նյութերը (Հայաստանի բարձրորակ կավերը հայտնի են դեռ վաղ ժամանակներից), ապա դա հնարավորություն է ընձեռում լայնորեն ուսումնասիրել խեցեգործական տեխնիկան իր բոլոր տեսակներով։ Ներկայումս Հայաստանի տնային պայմաններում կատարվող խեցեգործության մեջ կիրառվում է երեք տեխնիկա՝ ձեռքով ծեփելու տեխնիկա, ձեռքի դուրգով ամանեղեն պատրաստելու տեխնիկա և ոտքի դուրգով պատրաստելու տեխնիկան։ Ամենավաղ տեխնիկան ձեռքով ծեփելու տեխնիկան է, որի դեպքում ամանը ձևավորվում է գլանված կավի երկար շերտերից, որոնք շարվում են միմյանց վրա և վերջում ձեռքով հարթեցվում։ Խեցեգործության այս եղանակը Հայաստանում հայտնի է էնեոլիթյան բնակավայրերից[1]:

Ուրարտական դարաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Խեցեգործության պատմության մեջ նշանակալից են հին հայկական սևապատկեր և կարմրապատկեր սկահակները և թրծակավե (ռուս.՝ терракота) արձանիկները։ Հայաստանի տարածքում հայտնաբերված ամենահին խեցեգործական իրերը վերագրվում են մ.թ.ա. VII հազարամյակին։ Մ.թ.ա. IV հազարամյակի սկիզբը հատկանշվում է իբրև «խեցեգործական նեոլիթի» նոր դարաշրջան, երբ հայտնի էր արդեն թրծումը և ամանների կոպիտ զարդանախշումը։ Մ.թ.ա. III հազարամյակում Հայաստանում (Մեծամոր), մետաղամշակման զարգացմանը զուգընթաց, տեխնիկապես անհրաժեշտություն դարձավ խեցե օջախների, հալոցների ձուլածո կաղապարների պատրաստումը։ Վաղ բրոնզի դարին անցումը խեցեգործության մեջ բնորոշվում է տարբեր ձևերի պատրաստման հնարների բազմազանությամբ, գունավոր կավի օգտագործմամբ, զարդանախշի բարդացմամբ, որոնց վկայությունն են պեղումներից հայտնաբերված նրբապատ բեկորները։

Armenian Ceramics P1130729.JPG

Մ.թ.ա. III հազարամյակում խեցեսափորների համար սահմանվում է ընդգծված եռամաս ձև՝ աննշան գոգավոր վզիկ, ուռուցիկ իրան, գոգավոր հատակ։

Խեցեղեն նյութը բաժանվում է երեք խմբի.

  1. Շրեշ բլուրի, գունավոր անգորներ և սևափայլ խեցի՝ իրանի կենտրոնում ակոսավոր նախշերով (հավանաբար բուսաէլատկերներ կամ խորհրդանշական-կոսմոգենիկ նշաններ)։
  2. Կառնուտ-Վանաձորի, սևափայլ խեցի՝ դեղնավուն անգոբներ և նրբագիծ նախշերով իրեր։
  3. Կարազ-Արծնի, սևափայլ, չոր կավի վրա քերծված գծանկարով և ճշգրիտ զոլավոր նախշերով իրեր, որոնք համատեղվում են կենդանակերպ ամանեղենի հետ։

Երևան է գալիս արդեն գունազարդ խեցեղենը, որի դերը այնքան մեծ է եղել միջին բրոնզի դարում (մ.թ.ա. III հազարամյակի I կես), որ այդ ժամանակահատվածը անվանվել է «գունազարդ խեցու» դարաշրջան։ Այստեղ գերիշխում է միագույն և երկգույն՝ սև-սպիտակ, սև-կարմիր, սև-դարչնագույն զարդերով խեցեղենը։ Միջին բրոնզի դարի կեսին գունազարդ խեցին զուգահեռաբար տեղ է գտնում սևափայլ անոթների կողքին, որոնք դաջված են կետանախշերով և ընդելուզված սպիտակ ու կարմիր մածուկով։ Միջին բրոնզի դարի շրջանում ծեփումը համադրվում է քանոնի և կարկինի միջոցով փորագրման տեխնիկային։

Ուշ բրոնզի դարաշրջանը (մ.թ. ա. XI-X դդ.) հատկանշվում է «բրուտագործական օղակի» օգտագործմամբ։ Խեցեգործական իրերն ընկալվում են իբրև քանդակ, որոնք կոշկաձև անոթներ էին՝ զարդարված կենդանիների ծեփածո պատկերներով և խորաքանդակ ուղղահայաց ակոսներով։ Երկաթի յուրացման ժամանակաշրջանի (մ.թ.ա. X-VI դդ.) խեցեգործությանը բնորոշ է գնդաձև կամ էլիպսաձև՝ սևափայլ, սպիտակադաջ զարդանախշով, երբեմն թեմատիկ (որսի, պաշտամունքի) պատկերներով անոթների արտադրությունը։ Ուրարտական բնակավայրերում հայտնաբերված խեցեղենն աչքի է ընկնում անգորների օգտագործմամբ, զարդանախշի տեսակների (փոսիկավոր, փայլեցրած, ծեփածո, նկարազարդ) բազմազանությամբ, ստատիկ հանդիսավոր հորինվածքներով։

Հելլենիզմի դարաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հելլենիզմի դարաշրջանի (մ.թ.ա. III-I դդ.) Հին Հայաստանի խեցեգործությունը վկայում է «գունազարդ խեցու» վերածաղկումը։ Այս շրջանում տարածում են գտնում թրծված կավե փոքրածավալ արձանիկները, իսկ խեցե ամանները առանձնանում են ձևերի բազմազանությամբ։ Հատկապես մեծ նշանակություն է ստանում շինարարական խեցին, որի բեկորներից հայտնաբերվել է Արտաշատի և Գառնիի պեղումների ժամանակ։ I-III դդ. Հայաստանի նյութական մշակույթի մասին եղած տեղեկությունները սակավ են։

Վաղ միջնադար և միջնադար[խմբագրել | խմբագրել կոդը]

Armenian ceramics, Jerusalem House of Quality.JPG

Վաղ միջնադարի (IV-IX դդ.) խեցեգործությունը ներկայանում է հազվագյուտ բարձրարվեստ նմուշներով՝ հայտնաբերված Դվինի և Զվարթնոցի պեղումներից։ Բացի բարձրաքանդակ զարդանախշից, առկա է նաև հում անգոբի վրա երկրաչափական, երբեմն բուսական և կենդանակերպ ջնարակված նախշազարդը։ IX-XIII դդ. Հայաստանի քաղաքները (Դվին, Անի) դառնում են խեցեգործական խոշոր կենտրոններ, այդ են վկայում Դվինում բացված երեք արհեստանոցները, ինչպես նաև Հայաստանի զանազան վայրերում հայտնաբերված միջնադարյան խեցեղենը։ Դվինը, ի տարբերություն Անիի «կոպիտ» խեցեղենի, աչքի էր ընկնում իր փոքրահատիկ բեկորներով, ամուր, նուրբ իրերով։ Այս շրջանում հայտնի է նաև առավել «հասարակ» խեցեղենը, որը, սակայն, որակապես զիջում էր մյուս տեսակներին։ Դրանցից են դրվագված, կենդանակերպ, գոտեզարդ, կարմրափայլ կարասները և մետաղյա կաղապարով ձուլածո ձվաձև անոթները։ Ջնարակված ափսեների և թասերի հատակը, բացի գծանախշից, զարդարվում էր նաև մարդկային և առասպելական կենդանիների պատկերներով։

X-XIII դդ. է վերագրվում շողյունապատ, ինչպես նաև գունավոր, թափանցիկ, ջնարակապատ բարձրորակ հախճապակու արտադրությունը։ Դրանց մեջ կարելի է հանդիպել չինական ճենապակու և նմանվող հախճապակե իրերի։ Հատուկ տեղ ունեին նրբապատ, փորագրված ցանցկեն թասերը։ Ավելի ուշ շրջանում (XIII դար) արտադրվում են վերադիր դիմաքանդակներով երկնագույն և կապույտ հախճապակե սկահակներ։ Սկսած XIII դարից, թաթար-մոնղոլական, այնուհետև թուրք-սելջուկյան արշավանքների հետևանքով, Հայաստանի տնտեսական անկմանը զուգընթաց գրեթե դադարում է խեցեգործության հետագա զարգացումը, սկսում է գերակշռել չոր, ընդհանուր նախշը։ Չնայած դրան, XIII-XVIII դդ. Սպահանի, Իկոնիայի հայ խեցեգործ վարպետները պատրաստում էին շինարարական գեղատես սալիկներ, հախճապակե ջնարակապատ խեցե իրեր։ XVII դարում, երբ խեցեգործությունը Թուրքիայում անկում էր ապրում, միակ կենտրոնը մնում էր Քյոթահյան (Կուտինա), որտեղ կային հայկական բրուտագործության ամբողջ թաղամասեր։ Քյոթահյայի վարպետները իրենց աշխատանքներում թուրքական զարդանախշը լրացնում էին քրիստոնեական թեմատիկ և սիմվոլիկ պատկերներով, ինչպես նաև մակագրություններով, որոնք հավաստում էին հայ վարպետների ինքնությունը։ Այդ իրերը զարդարում էին եկեղեցիների ինտերիերներ, սուլթանի ապարանքը, արտահանվում Եվրոպա, որի շնորհիվ Քյոթահյան հռչակված էր իբրև «Արևելքի Սևր»։

Խորհրդային Հայաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

Armenian Ceramics IMG 5016.JPG

Չնայած Հայաստանի խեցեգործական արվեստի հարուստ ավանդույթներին, հայ խորհրդային խեցեգործությունը զարգացել է 1950-ական թթ. կեսից։ Մինչև այդ կարելի է միայն նշել գյուղի և քաղաքի շուկան մատակարարող ժողովրդական բրուտագործությունը, որը բացառապես կրկնում էր կժերի, ամանների, «պուլիկների»՝ դարերի ընթացքում մշակված ձևերը։ Խեցեգործության առաջնթացին նպաստեց Երևանի հախճապակու գործարանը (հիմնադրվել է 1954 թվականին), որը երկրի հախճապակու և ճենապակու մի շարք ձեռնարկությունների նմուշաձևերի կրկնօրինակմանը զուգընթաց իր տեսականին հարստացրեց ինքնուրույն արտադրանքով։ Այս գործարանում արտադրված կժերը, ջրամանները և ավանդական զարդերով դեկորատիվ ափսեները, մանրաքանդակը (Հ. Սիմոնյանի «Հայկական ժողովրդական պարեր» արձանաշարը) կիրառական արվեստի ուշագրավ երևույթերից են։ Հանրապետությունում խեցեգործության զարգացմանը նպաստել է նաև Հայկական ՍՍՀ ԳԱ արվեստի ինստիտուտին կից ստեղծված (1958) խեցեգործական փորձարարական արհեստանոցը։ Արվեստանոցի լաբորատորիաներում հետազոտական աշխատանքներ են տարվել տեղական կավի որակի ուսումնասիրման, ներկանյութերի փորձանմուշների ստուգման, թրծման կանոնների մշակման ուղղությամբ, ուսումնասիրվել են ազգային ձեռքբերումները։ Նոր կադրերի պատրաստման առումով խեցեգործության զարգացումը խթանեց Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում ստեղծված (1958) խեցեգործական բաժինը։ 1960-ական թթ. ստեղծվեցին Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի ինտերիերի սևաթույր անոթները (հեղ.՝ Հ. Բդեյան), Հայաստանի գեղարվեստական ֆոնդի դեկորատիվ սկուտեղները և հուշանվերները, փոքրաքանակ, զուսպ զարդապատումով ազգագրական բնույթի արձանիկները (հեղ.՝ Ռ. Շահվերդյան)։ Այդ տարիներին մեծ տարածում է գտել հրակավը, որի պլաստիկությունը, տեխնոլոգիական հատկությունները, կապտավուն մակերեսը զուգադրվել են ղեկորատիվ-կիրառական արվեստի առաջադրած խնդիրներին։ Այն մուտք է գործել ճարտարապետական միջավայր, հասարակական ինտերիերներ, պուրակներ, փողոցներ և հրապարակներ։ Առաջ են եկել կոմպլեքս նախագծման, արվեստի և ճարտարապետության համադրման խնդիրներ։ Այդ նոր միտումների վկայություններ են Գաբրիել Սունդուկյանի անվան հայկական դրամատիկական թատրոնի ձմեռային այգու, Աբովյան և Սայաթ-Նովա փողոցներում գտնվող ծաղկի խանութների (երկուսի հեղ.՝ Հ. Բդեյան), Երևանի շախմատի տան ձևավորումները (հեղ.՝ Հ. Բդեյան, Դ. Բաբայան)։ Սովետահայ խեցեգործությանը բնորոշ են մոնումենտալ ճարտարապետական ձևերը, ինչպես նաև կամերային բնույթի աշխատանքներ, որոնք ունեն առավել դեկորատիվ, քան կիրառական նշանակություն։

Ինչպես հայ, այնպես էլ խորհրդային խեցեգործների համար մի այլ դպրոց էին ԽՍՀՄ նկարիչների միության նախաձեռնությամբ ստեղծված խեցեգործական հատուկ բազաները (մասնավորապես Ձինտարին, Լատվիա), ուր աշխատելու էին մեկնում ստեղծագործական խմբեր։ Այստեղ արվեստագետները փորձի փոխանակում էին կատարում, փորձանմուշներն իրականացնում արտադրական բազաներում։ 1960-ական թթ. ԽՍՀՄ-ը ներգրավվում է Խեցեգործների միջազգային ակադեմիա (Ժնև)։ Խորհրդային խեցեգործ վարպետները ցուցադրվում էին նաև Ֆաենցայի (Իտալիա) ամենամյա ցուցահանդեսներում, որոնց մասնակցում էին նաև հայ ստեղծագործողները։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png