Հրակավ կամ շամոտ (ֆրանսերեն chamotte), մինչև պլաստիկության կորուստն ու քիմիապես կապված ջրի հեռացումը թրծած ու այս կամ այն չափով եռակալած հրակայուն կավ կամ կաոլին։ Երբեմն հրակավ են անվանում նաև փոշիների (հաճախ կավախառն) կտորագոյացման և նյութերի (բարձրկավահողային, կորունդային, ցիրկոնիումային հրակավ) հատկությունների կայունացման նպատակով թրծված, հրահեստների (տես Հրակայուն նյութեր) արտադրության համար նախատեսված որոշ այլ ելանյութերը։ Հրակավից ստանում են ժապավենավոր, գրտնակավոր և այլ մամլիչներով պատրաստված, բնական կտորների և բրիկետների ձև ունեցող հումքը պտտվող, հորանաձև և այլ վառարաններում թրծելով (առավելապես 1300 - 1500 °C-nuf)։ Հրակավի եռակալման աստիճանը բնորոշվում է ջրակլանումով, որը, սովորաբար, 2—3-ից մինչև 8 - 10% է («ցածր թրծված» կավի համար 20 - 25%)։ Ջարդումից և մանրումից հետո հրակավ կիրառում են որպես հրակավային զանգվածը վտիտացնող (պլաստիկության և կծկման փոքրացում՝ չորացման և թրծման դեպքում) բաղադրիչ՝ շինվածքների կաղապարման դեպքում, որպես հրահեստ բետոնի (տես Բետոն) լցանյութ և այլն։ XX դ. կեսերից հրակավ սկսել են կիրառել նաև քանդակագործության մեջ, հիմնականում՝ արձանիկներ ու ոչ մեծ արձաններ կերտելիս։ 1950-ական թվականներին մեծ կիրառում է գտել սովետահայ քանդակագործության և խեցեգործության մեջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 618)։