Jump to content

Յուղաներկեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Յուղաներկեր (անգլ.՝ oil pain), անօրգանական գունանյութերի (պիգմենտների) և լցոնների կախույթները օլիֆներում։

Գեղարվեստական յուղաներկեր

Հաճախ օգտագործվող գունանյութերն են՝ տիտանի (IV) օքսիդը, օքրան, երկաթի սուսրը, քրոմի (III) օքսիդը, կապարի քրոմաներկը և այլն։ Լցոնները (տալկ, կաոլին, փայլար) ավելացվում են յուղաներկերին որոշակի մածուցիկություն հաղորդելու և գունանյութերի ծախսը փոքրացնելու նպատակով։ Յուղաներկերին խառնում են նաև մակերևութային ակտիվ նյութեր, որոնք հեշտացնում են կախույթի առաջացումը, և սիկատիվներ, որոնք յուղաներկերի չորացման արագացուցիչներ են (կոբալտի, մանգանի, կապարի օլիֆում լուծվող աղեր)։ Յուղաներկի չորացման արագությունը կախված է նրա տեսակից և չորացման պայմաններից։ Սենյակային պայմաններում չորացնելիս յուղաներկի շերտը քիչ ջրակայուն է, 250-300 °C-ում չորացրածը կայուն է անգամ ալկալիների նոսր լուծույթների նկատմամբ։

Արտադրվում են հեղուկ և մածուկային յուղաներկեր։ Կիրառվում են պատերը, տանիքները, փայտը և այլն ներկելու համար։

Գեղարվեստական յուղաներկեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեղարվեստական յուղաներկերը պատրաստում են գունանյութերը կտավատի ձեթի հետ տրորելով։ Երբեմն ավելացնում են նաև ընկույզի և արևածաղկի ձեթեր։ Այդպիսի յուղաներկերով նկարում են հիմնաներկով պատած կտավի, փայտի, մետաղի (հաստոցային գեղանկարչություն), ծեփված պատի (մոնումենտալ գեղանկարչություն) վրա։ Յուղաներկով նկարելիս, առավելապես քան գեղանկարչության որևէ այլ տեխնիկայով, հնարավոր է հարթ մակերեսի վրա ստանալ ծավալի և տարածության տեսողական պատրանք, գունային հարուստ էֆեկտներ, նկարին հաղորդել ավելի խոր արտահայտչականություն։

Յուղաներկերի ներկապնակ

Յուղաներկերի օգտագործման տեխնիկական եղանակները տարբեր են։ Գունաբծերը կարող են լինել ոչ թափանցիկ և հակառակը, կիպ քսված և ռելիեֆ (ֆակտուրային), նուրբ և հարթ։ Մինչև 19-րդ դարից յուղաներկերով նկարելիս կիրառել են բազմաշերտ քսվածքը՝ լաքերի օգտագործումով, վերջում լաքապատելով նկարի մակերեսը։

19-րդ դարի սկզբից հիմնականում կիրառվում է մաքուր աստառի կամ նուրբ նախաներկված, տոնայնացված հենքի վրա ներկերը քսելու «ալլա պրիմա» (մեկ սեանսով) եղանակը․ լաքեր օգտագործվում են սակավ։

Յուղաներկերի կիրառման մասին գրավոր սուղ տեղեկություններ պահպանվել են անտիկ և միջնադարյան ձեռագրերում։ Յուղաներկերով գեղանկարչությունը տարածվել է 15-րդ դարի 2-րդ կեսից Յան վան Էյքի կատարելագործումից հետո, 16-րդ դարից դարձել գեղանկարչության առաջատար տեխնիկա։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 131