Մեսրոպ Սմբատյանց
Մեսրոպ Սմբատյանց | |
---|---|
![]() | |
Կառավարում | |
Տիտղոս | Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ |
Ժամանակամիջոց | 1888 թ- 1910 թ. |
Եկեղեցի | ![]() |
Անձնական տվյալներ | |
Կրթություն | Լիմ և Կտուց անապատների վանական դպրոցներ |
Գործունեություն | Հոգևոր-մշակութային գործիչ Մտավորական Գրող |
Անունը ծնվելիս | Տեր–Կարապետյան-Սմբատյանց Գրիգոր |
Ծնվել է | 1833 մարտի 10 |
Ծննդավայր | Փորադաշտ, ![]() |
Մահացել է | Փետրվարի 9, 1911 |
Մահվան վայր | Երուսաղեմ, Օսմանյան Թուրքիա |
Թաղված է | Երուսաղեմի Հայկական Առաքելական եկեղեցու եպիսկոպոսական հանգստարանում, Երուսաղեմ |
Հայր | Աբրահամ Սմբատյան |
Մայր | Ջավահիր |
Ձեռնադրում | 1856 թ. |
Մեսրոպ Աբրահամի Սմբատյանց (Տեր-Կարապետյան-Սմբատյանց Գրիգոր) (մարտի 10, 1833 - փետրվարի 9, 1911, Երուսաղեմ, Օսմանյան կայսրություն), հայ բանասեր, պատմաբան, հոգևորական, տեղագիր-ճանապարհորդ[1]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սմբատյանց տոհմը սերում է 16-րդ դարում Վայոց ձորում իշխող Սմբատ իշխանից, որի նստավայրն էր Նախիջևանը։ Թուրք-պարսկական պատերազմների պատճառով սերունդները ստիպված են եղել տեղափոխվել տարբեր բնակավայրեր և ի վերջո, 1828 թվականին հաստատվել Նախիջևանում։ Տոհմի ներկայացուցիչներից էր Փորադաշտի ավագ քահանա Աբրահամ Տեր-Կարապետյան Սմբատյանցը, ով ուներ ինը զավակ։ Հետագայում ընտանիքը տեղափոխվել է Նորս, որտեղ հայրը՝ Աբրահամը, քահանայական սպասավորություն է իրականացրել։
1833 թվականի մարտի 18-ին մկրտվել է անվանակոչվելով Գրիգոր։ Նախնական կրթությունը ստացել է հոր մոտ (1840-1845 թթ.), ապա Նախիջևանի գավառական ուսումնարանում՝ (1845 -1847 թթ.)։ 1847-1850 թթ. սովորել է Էջմիածնի ժառանգավորաց դպրոցում։1866 թվականին, դաոնալով Տաթևի վանքի վանահայր, կազմել է պատմիչ Ստեփանոս Օրբելյանի «Պատմություն նահանգին Սիսական» երկի անվանացանկը, վանքում պահվող գրչագրերի ձեռագրացուցակը և վանահայրեր համառոտ գավազանագիրքը։ Նախիջևանի թեմի փոխանորդ եղած ժամանակ (1867 թվական) կազմել է այդ գավառի 88 հայաբնակ գյուղերի ցուցակը։ 1868 թվականին կարգվելով Երևանի թեմի փոխանորդ, բարեկարգել տեղի Թեմական դպրոցը։ 1872 թվականին ձեռնադրվել է եպիսկոպոս, 1888 թվականին ստացել արքեպիսկոպոսի աստիճան։ 1870-1887 թթ. եղել է Էջմիածնի սինոդի անդամ։ 1886 թվականին վարել է Գևորգյան ճեմարանի վերատեսչի, 1887-1895 թթ.՝ Շամախիի, Բաքվի և Անդրկասպյան թեմի առաջնորդի, 1895 թ.-ին՝ Ամենայն Հայոց կաթողիկոսության տեղապահի պաշտոնները։ Երնջակի Սուրբ Կարապետ վանքի վանահայր եղած տարիներին (1897-1907 թթ.) գրել է «Նկարագիր Սուրբ Կարապետի վանից Երնջայայ և շրջակայից նորա» (1904) աշխատությունը։
Հայաստանի տարբեր վայրերից (Արմավիր, Ցոլակերտ, Երվանդակերտ, Աբովյան, Փանիկ, Շահրիար և այլն) հավաքել է ուրարտական մի քանի տասնյակ արձանագրություններ, նմանահանել և հրապարակել «Ճռաքաղ», «Համբավաբեր Ռուսիո», «Բազմավեպ», Էջմիածնի «Արարատ» պարբերարկաններում։ Հետագայում Սմբատյանցը ուրարտական արձանագրությունների իր հայտնաբերումներն ամփոփել է «Բևեռաձև արձանագրութիւնք Արարատեան նահանգի, 1862-191)» ժողովածուում (Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադարան, ձեռ․ JNT* 4578)։ 1895 թ.-ին այն թարգմանվել և հրատարակվել է ռուսերեն։ Սմբատյանցը ընտրվել է Մոսկվայի կայսերական հնագիտական ընկերության անդամ (1892)*: Արժեքավոր են նաև Սմբատյանցի պատմատեղագրական բնույթի գործերը, որոնք առատ նյութ են պարունակում նրա նկարագրած բնակավայրերի վիճակի պատմության, աշխարհագրության, ազգագրության, եկեղեցիների, վանքերի, մատուռների, արձանագրությունների և ձեռագիր հիշատակարանների վերաբերյալ։ Կազմել է ПОО-ից մինչև իր օրերն ընդգրկող «Ժամանակագրութիուն», որն անտիպ է։
Մեսրոպ Սմբատյանցի շինարարական գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Մեսրոպ արքեպիսկոպոս Սմբատյանց վաթսունամյա հոգևոր գործունեությանը զուգահեռ ձեռնարկել է մի շարք բարեկարգումներ պատմական Գեղարքունիք, Նախիջևան, Երնջակ գավառներում, Աղվանքում[2]։ Գլխավորելով Մուղնու Ս. Գևորգ վանքի միաբանությունը՝ 1868 թվականին նրա նախաձեռնությամբ կառուցվել են վանական դպրոցի համար նախատեսված սենյակները, բարեկարգվել է պարտեզ, իսկ 1868-1870 թթ. վերանորոգվել է Երևանի Ս. Սարգիս եկեղեցու առաջնորդարանն ու դպրոցը։ 1870 թվականին նրա անմիջական մասնակցությամբ հայրը՝ Տեր Աբրահամը, և եղբայրները հիմնել են հայրենի Նորս գյուղի (պատմական Ճահուկ գավառ) դպրոցը, իսկ 1875թ. վերանորոգել են Ս. Երրորդություն բազիլիկ եկեղեցին, կառուցել են գյուղի աղբյուրը։
1875-1879 թթ. Մեսրոպ Սրբազանը կառուցել է Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցին 5-րդ դարի կառույցի տեղում։ Շինարարությանն օժանդակել է ամենայն հայոց Գևորգ Դ կաթողիկոսը (1866-1882) և Օշականի ազգաբնակչությունը։ Մինչ այդ 1860 թվականին եկեղեցուն կից բացվել է ծխական դպրոցը, իսկ 1884 թվականին ավարտում է եկեղեցու արևելյան մասում գտնվող կրկնահարկ զանգակատան կառուցումը։
1887-1894 թթ. զբաղեցնելով Շամախու, Անդրկասպյան և Բաքվի (Ատրպատականի թեմ) տարածքների թեմակալ առաջնորդի պաշտոնը՝ Մ. Սմբատյանցի նախաձեռնությամբ և օրհնությամբ վերակառուցվել կամ կառուցվել է եկեղեցիներ, դպրոցներ, այդ թվում՝ Ս. Սաղիանի վանքն ու վանական դպրոցը (բաքվաբնակ Բուդաղյան եղբայրների ֆինանսական աջակցությամբ), Բաքվի աղքատանոցը և Ս. Հարություն մատուռը, Գանձակ, Գիրք, Ղուլակա կամ Ղալակա, Քիլվար, Մեյսարի, Ավանաշեն գյուղերի եկեղեցական և Շամախի քաղաքի արական դպրոցները[3], Քեալբանդ, Բլիստան կամ Բիլիստան, Աղբուլաղ, Արփավուտ, Հնղար, Քովլուջ, Բզավանդ , Քարքանջ գյուղերի եկեղեցիները[4]։ Մ․ Սմբատյանցը վերանորոգել է նաև Բաքու քաղաքի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու գմբեթը, նախաձեռնել է հայկական դպրոցի շինարարությունը, ապա հայկական գերեզմանատանը կառուցել է եկեղեցի-մատուռ[5]։
Գնահատելով Սրբազանի աշխատասիրությունն ու նվիրվածությունը՝ Մակար կաթողիկոսը նշում է.
![]() |
Գովանի նշանակք առաքելաշաւիղ եպիսկոպոսութեան, որովք զանձիդ ընծայեցուցանես յօրինակ բարի բանաւոր հօտին Քրիստոսի, յանաղարտ պահպանութիւն կարգաց և կանոնաց Հայաստանեայց սրբոյ եկեղեցւոյ | ![]() |
:
Մեսրոպ Սմբատյանցի բանասիրական վաստակը[խմբագրել | խմբագրել կոդը]
Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան Մեսրոպ արքեպիսկոպոս Սմբատյանցը մեծ ներդրում ունի հայագիտության մեջ։ Իբրև ժամանակի նշանավոր հոգևորական Մ. Սմբատյանցը ավելի քան հիսուն տարի հոգևոր, շինարարական, վիմագրական ակտիվ գործունեություն է ծավալել Արևելյան Հայաստանում, Աղվանքում, ինչպես նաև հարակից երկրներում։ Մեզ են հասել նրա տպագիր և անտիպ ուսումնասիրությունները, որտեղ կան պատմական, վիմագրագիտական, ազգագրական, ժողովրդագրական, բանասիրական նյութեր։
Ուսումնասիրության է արժանի հեղինակի նամականին՝ ժամանակաշրջանի անվանի հոգևոր և աշխարհիկ գործիչների՝ Վենետիկի Մխիթարյան միաբաններ Ղևոնդ Ալիշանի[6][7], Գաբրիել Այվազովսկու, Քերովբե Պատկանյանի, լեզվաբան, պատմաբան, հնագետ Լևոն Մսրյանցի (1867-1933 թթ.), գրող, մանկավարժ Պերճ Պռոշյանի, Սմբատ Շահազիզի[8], Երվանդ Լալայանի[9], Մկրտիչ Էմինի և այլ հոգևոր և մշակութային գործիչների հետ։
Արժեքավոր և ծավալուն տեղեկություններ կան Մեսրոպ Սմբատյանցի անտիպ գործերում. հայագիտությանը նվիրված բազմաբնույթ նյութեր, տեղագրական քարտեզներ, եկեղեցիների հատակագծեր, մեկ տասնյակի հասնող չափածո ստեղծագործություններ։ Այդ առումով հետաքրքրության է արժանի նրա բանասիրական ժառանգությունը, որում ընդգրկված են քնարական ժանրի այնպիսի ստեղծագործություններ, ինչպիսիք են ուղերձը, ներբողը[10], ողբերգը, էպիտաֆիան կամ դամբանական բանաստեղծությունը։ Մոտ մեկ տասնյակ բանաստեղծություններ կան նվիրված հայագետ Ղևոնդ Ալիշանին, մանկավարժ, հնագետ Մկրտիչ Էմինին[11], միջնադարյան Անի մայրաքաղաքին, Նախիջևան քաղաքին։
1887 թվականի հունիսին լինելով միջնադարյան Անի մայրաքաղաքում՝ Մ․ Սմբատյանցը երեք օր ճարտարապետ Թ. Թորամանյանի ուղեկցությամբ շրջել է Անիում, ծանոթացել պեղումների արդյունքներին։ Անի քաղաքից ստացած իր տպավորությունների մասին Մ. Սմբատյանցը գրում է՝
![]() |
Անին այսօր թէև վերջին ավերածութեան և աւերակութեան է հասել ամեն շինուածքներովը, բայց դարձեալ կանգուն կան մի քանի եկեղեցու շինուածքներ՝ կիսաքանդ, որոյ նկարները տարածուած են ամէն աշխարհ | ![]() |
.Անիին նվիրված իր ողբերգի առաջին մասում նա գովերգում է Անի մայրաքաղաքի երբեմնի փառքը, ճոխությունն ու հարստությունը՝ համեմատելով նրան պճնված նորահարսի հետ։ Սակայն կատարյալ և անկեղծ սիրո պակասության պատճառով քաղաքի շռայլ կյանքը դադարում է, բնակիչները ցիրուցան են լինում, Անին դառնում է ավերակ։ Լավատեսական հնչերանգով հեղինակն ավարտում է ողբերգը, հույս ու ցանկություն է հայտնում մի օր նորոգված կտեսնի Անին։ Սստեղծագործությունն ունի ակրոստիքոսի կառուցվածք։ Ակրոստիքոս[12] է նաև ասորի Պարսամ վարդապետին[13] նվիրված բանաստեղծությունը, որտեղ Պարսամ վարդապետը բնութագրվում է որպես դպրապետ, բանագետ, քարոզիչ, գիտնական, ով հեղինակել է բազմաթիվ գրքեր։
Մեսրոպ Սմբատյանցի ձեռագրերում կան նաև պատմագրական հարուստ նյութեր հայոց պատմության տարբեր դարաշրջանների վերաբերյալ։ Նա կազմել է 1800-1896 թվականների պատմական իրադարձությունների ժամանակագրությունը, իբրև ականատես գրառել է 20-րդ դարասկզբին Նախիջևանում և Վայոց ձորում հայ-թաթարական ընդհարումների պատմությունը[14]։ Ազդված լինելով Նախիջևանի հայկական բնակավայրերում տեղի ունեցած ոճրագործություններից՝ նա գրել է բանաստեղծություն[15], որում գովաբանվում է հայտնի Նախիջևան քաղաքը, ապա անդրադառնում է 705 թվականի իրադարձություններին, երբ թշնամին այրում է հայ իշխանական 800 հոգանոց զորագունդը։ Հեղինակը մեջ է բերում քաղաքի պատմական անցուդարձերը՝ թուրք-պարսկական հարձակումները, հայ ժողովրդի ընդվզումները, հերոսական դիմադրությունը և այլն։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ս. Ադամյան, Մեսրոպ արքեպիսկոպոս Սմբատյանցի վիմագրագիտական գործունեությունը, Էջմիածին, 2007, ԺԱ, հոկտեմբեր, էջ 103-110։
- ↑ Ս․Ադամյան, Մեսրոպ արքեպիսկոպոս Սմբատյանցի շինարարարական գործունեությունը, Էջմիածին, 2016, Դ։
- ↑ Գ. Ստեփանյան, Համառոտ ակնարկ Շամախու թեմական դպրոցի պատմությունից, Հայոց պատմության հարցեր, 2006, էջ 69-70։
- ↑ Ս. Կարապետյան, Բուն Աղվանքի հայերեն վիմագրերը, Երևան, 1997։
- ↑ Գ. Ստեփանյան, Համառոտ ակնարկ Բաքու քաղաքի հայկական եկեղեցիների պատմության, Հայոց պատմության հարցեր, Երևան, 2007։
- ↑ Ղևոնդ Ալիշան, Գրական ժառանգություն, Նամակներ, հատոր 5, Երևան, 1969։
- ↑ Ս. Ադամյան, Ղևոնդ Ալիշանի անտիպ նամակներից, Բանբեր Հայաստանի արխիվներից, 1965, թիվ 3, էջ 112-115։
- ↑ Հայաստանի ազգային արխիվ, ֆոնդ 429, Մեսրոպ Սմբատյանցի արխիվ, ցուցակ 1, գործ 144, Նամակներ։
- ↑ ՀԱԱ, գործ 146, Մ. Սմբատյանցի գրագրությունը Կարապետ և Երվանդ Լալայանների հետ։
- ↑ Էդ. Ջրբաշյան, Գրականության տեսություն, Երևան, 1980, էջ 363։
- ↑ ՀԱԱ, Մ․ Սմբատյանցի արխիվ, գործ 232, Հրավիրագիր՝ Մկրտիչ Էմինի գրական գործունեության հիսունամյակի առթիվ, 1886-1896 թթ.:
- ↑ Էդ. Ջրբաշյան, Հ. Մախչանյան, Գրականագիտական բառարան, Երևան, 1980, էջ 11։
- ↑ ՀԱԱ, Մ․ Սմբատյանցի արխիվ, գործ 92, Անհայտ հեղինակի <<Պատմութիւն և տեսիլ Պարսամ վարդապետի, 1443-1557 թթ.>>:
- ↑ Մատենադարան, թղթապանակ 217, Մ․ Սմբատյանցի ֆոնդ։
- ↑ ՀԱԱ, Մ․ Սմբատյանցի արխիվ, գործ 97, Նախիջևանի կտակը 705-1905 թթ.։
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հրավէր Շամախվո ժողովրդով, Բաքու, 1893։
- Տեղագիր Գեղարքունի ծովագարդ գավառի, Վաղարշապատ, 1895։
- Նկարագիր Շամախվո թեմի, Տփխիս, 1896։․
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 455)։ ![]() |