Ճահուկ գավառ (Սյունիք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ճահուկ (այլ կիրառումներ)

Ճահուկ, գավառ Մեծ Հայքի Սյունիք նահանգում, Նախճավան գետի Ճահուկ (այժմ՝ Ջահրի) և Շահապոնք (այժմ՝ Շահբուզ) վտակների ավազաններում։

Անվան ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գավառի անվան առաջին ստուգաբանողը եղել է ճահուկցի կաթողիկոս Ղազար Ա Ջահկեցին[1], որի մասին Ղևոնդ Ալիշանը գրում է[2].

Ղազար կաթողիկոս՝ բնիկ երկրին՝ ախորժե ստուգաբանել. «Վասն» պատուականութեան տեղեացն ճահ և ըմբոն, այսինքն գեղեցիկ հարկաւոր և կարի պատշաճ։

Անվանահիմքը «ճահ» կամ «ջահ» նշանակում է «ջոկ», «խումբ» կամ «առանձին»[3]։ Երևի գավառանունը Նախիջևանից անջատվելու կապակցությամբ է ստացել այդ անունը, որովհետև նրա մեջ մտնող մի շարք գյուղեր առաջներում եղել են Նախիջևան գավառում։ Շահապունիս քաղաքը հայտնի էր հնուց, որի մասին Ստեփանոս Օրբելյանը գրել է[4].

Երկուտասներորդ՝ Ճահուկ գաւառ, որ և ձորն որ Շահապաւնս կոչի։

Պատմիչի եկեղեցական հարկացուցակում նշված է նաև Ճահուկ գյուղ։ Իսկ միաբան Ա. Սեդրակյանը Ճահուկ գավառի բնակիչներին անվանվել է «ջահկեցիներ»։ Գավառը մինչև 18-րդ դարը ունեցել է 334 հայկական գյուղ[5]։ Ճահուկ գավառ կար նաև Կորճեքում[1]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուսիսից և հյուսիս-արևելքից և հարավից՝ Երնջակ և Նախճավան, արևմուտքից՝ Այրարատի Շարուր գավառներին։ Կազմված էր Ճահուկ և Շահապոնք վիճակներից՝ համանուն կենտրոններով։ Մակերևույթը լեռնադաշտային է, զգալիորեն անտառավետ, կլիման՝ ցամաքային, հողը՝ բերրի։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արշակունիների ժամանակ (1-5-րդ դարեր) Ճահուկը եղել է Շահապունի իշխանական տան ժառանգական տիրույթը։ 6-րդ դարում Ճահուկը հիշատակվում է որպես բյուզանդական և պարսկական նվաճողների դեմ պայքարող հայկական ուժերի զորաճամբար։ 10-րդ դարում Ճահուկը մտնում էր Սյունյաց գահերից իշխան Սմբատի տիրույթների մեջ։ Սյունյաց իշխանության քաղաքական դերի նվազումից հետո, 12-րդ դարում, Ճակուկը անցնում է Համտունյաց իշխանությանը, ապա՝ Օրբելյան իշխան Ելիկումին, այնուհետև՝ Պռոշյաններին։ Ճահուկ ավանի սուրբ Աստվածածին վանքը 14-18-րդ դարերում եղել է ունիթորների միաբանության կենտրոն։ 16-18-րդ դարերում Ճահուկը Նախիջևանի խանության կազմում էր և կոչվում էր Ջահրի։ 19-րդ դարի երկրորդ կեսից Ճահուկը մտնում էր Երևանի նահանգի Նախիջևանի գավառի մեջ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Կաղապար:Գիրք։Ումառյան։Սյունիքի դիցարանը
  2. Ղևոնդ Ալիշան // Սիսական, էջ 479
  3. Հյաչյան Աճառյան // Հայերենի արմատական բառարան, հ. 5, էջ 574
  4. Ստեփանոս Օրբելյան // Պատմ. նահ. Սիս., էջ 13
  5. Սեդրակյանց Ա. // Հնութիւնք հայրենեաց ի գաւառին Երնջակու, Վաղարշապատ, 1872, էջ 37-38
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 60