Սուրբ Աստվածածին եկեղեցի (ավերված, Դիլիջան)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Աստվածածին եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Աստվածածին եկեղեցի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | Դիլիջան, Տավուշի մարզ, ՀՀ |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Թեմ | Գուգարաց թեմ և Տավուշի թեմ |
Մասն է | Խաչքար տեր Վարդանի |
Կազմված է | Խաչքար Սանասարի |
Ժառանգության կարգավիճակ | մշակութային հուշարձան Հայաստանում[1] |
Անվանված | Մարիամ Աստվածածին |
Ճարտարապետական ոճ | հայկական ճարտարապետություն |
Սուրբ Աստվածածին եկեղեցի, Հայ Առաքելական եկեղեցու ավերված տաճար Հայաստանի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում։ Քանդվել է 1936 թվականին[2]։
Քաղաքում կա նաև համանուն մեկ այլ եկեղեցի, որը նախկինում Պողոսքիլիսա գյուղի տարածքում էր գտնվում[3]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1842 թվականին Սարգիս Հասան Ջալալյանը նշում է, որ քաղաքում կա ավերված մի եկեղեցի, որի հիմնադրման մասին տեղեկություններ չկան․
Դիլի է քաղաքագյուղ վկայեալ է ի հին նշանաց, և այժմ են ի սմա տունք 20 զետեղեալք ի մէջ երկուց ճանապարհաց Ծաղկաձորոյ և Բազկի ձորոյ, ունի ազնուահամ ջուր լի կարմրախայթ ձկամբք, գոն ի սմա տեղիք աւերեալ եկեղեցւոյ և բաղանեաց»[4]։
Եկեղեցու ավերակները պահպանվել են մինչև 1930-ականները՝ Շամլուղի գետամերձ ձախ տարածքում Դիլիջանի ավտոկայանի տեղում[5]։
Մեկ այլ եկեղեցի գործել է Դիլիջանի հեռագրատան մերձավորությամբ[6], որը խարխլված է եղել 1870-ականների դրությամբ, ինչի մասին վկայում է մի փաստաթուղթ՝ գավառի Հայոց վանքերի կալվածքների կառավարիչ և Հաղարծնի վանահայր Պողոս վարդապետ Տեր-Մարգարյանի 1870 թվականի էջմիածնին հղած խարխլված Նուրբ Աստվածածին եկեղեցու մասին գրությունը և այն քանդելու վերաբերյալ նահանգապետի առաջարկի 1872 թվականի էջմիւսծնի կողմից մերժումը։ Այս գրությունից մենք տեղեկանում ենք, որ դեռևս եկեղեցու պատերը կանգուն են, իսկ նրա չափսերն են՝ արևելքից արևմուտք՝ 7 սաժեն երկուս ու կես արշին կամ, ըստ էփրիկյանի տրված չափսերի՝ 14 մետր, լայնությունը՝ 3 սաժեն մեկ արշին կամ 7 մ տասնմեկ սանտիմետր[2]։
Նոր եկեղեցին կառուցվել է 1862 թվականին այլ վայրում՝ ներկայիս «Դիլիջան» կինոթատրոնի տեղում ու կրկին օծվում է որպես Սուրբ Աստվածածին։ Այն հասարակ քարով ու կրով կառուցված շինություն էր, որի միայն սեղանն էր սրբատաշ քարից։ Մի քանի տասնամյակ անց կրկին խախլվում է[2]։
Հինի կողքին նոր եկեղեցի է կառուցվում շուշեցի մեծահարուստ Հաբեթ Տեր-Հակոբյանի այրի Եվայի կողմից։ Նախագծերը պատրաստ են լինում 1896, կառուցումը մեկնարկում է 1899 թվականին ու օծվում է 1900 թվականի օգոստոսի 12-ին՝ որպես Սուրբ Աստվածածին։ Ընդհանուր առմամբ ծախսվում է շուրջ 20 000 ռուբլի[2]։
Այս եկեղեցին փակվեց խորհրդային իշխանությունների կողմից 1929 թվականին և արգելվեց այնտեղ կատարելու որևիցե հոգևոր միջոցառում, այնուհետև ինչ-որ ժամանակ վերածվեց պահեստի, իսկ 1935-1936 թվականներից եկեղեցին քանդվեց։ Տեղում կառուցվեց Շիրվանզադեի անվան մշակույթի տունը, որը տարիներ անց նույնպես քանդվեց ու նրա փոխարեն կառուցվեց ներկայիս «Դիլիջան» կինոթատրոնը[2]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռուբեն Սիմոնյան, Տավուշի մարզ, Երևան, ««Ոսկան Երևանցի»», 2003 — 254 էջ. — 500 հատ։
- Լավրենտի Միրզոյան, Տավուշ, Երևան, «Ասողիկ», 2010 — 856 էջ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Խառատյան, Հենրիկ. «Դիլիջանի Ս․ Աստվածածին և Ս․ Պողոս եկեղեցիները» (PDF). Էջմիածին առցանց գրադարան. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 04-07-2019-ին.
- ↑ Ռուբեն Սիմոնյան, Տավուշի մարզ, Երևան, ««Ոսկան Երևանցի»», 2003 — 254, էջեր 254 — 254 էջ. — 500 հատ։
- ↑ Ջալալյան, Հասան (1842). Ճանապարհորդություն ի Մեծն Հայաստան, Մասն Ա. Tbilisi. էջ 128.
- ↑ ՀՀՊՊԿ արխիվ, ֆ․ 56, գ․ 5851, ց․ 1, և ՀԽՍՀ պատմության և գրականության ինստիտուտի Խորհրդային Հայաստանի պատմական հուշարձանները, սերիա 1, էջ 23-24
- ↑ ՀՀՊՊԿ արխիվ, ֆ. 56, գ. 5851, ց. 1