Ռեդկին-լագեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ռեդկին-լագեր, ուշ բրոնզի և վազ երկաթի դարերի (մ․թ․ա․ 13-8-րդ դարեր) դամբարանադաշտ Հայաստանում, Դիլիջան քաղաքից 6 կմ հյուսիս-արևելք, Աղստև գետի աջ ափին։

1850-ական թվականների մի քանի դամբարան հայտնաբերել է ռուս ճանապարհաշինարար Ռեդկինը (որտեղից էլ հուշարձանի անվանումը)։ Դամբարանադաշտը կրկին բացվել է 1878 թվականի շինարարության ժամանակ։ Հետագայում Ռեդկին-լագերը պեղել են Ֆ․ Բայերնը (1879 թվականին բացել է 75 դամբարան), ֆրանսիացի ճանապարհորդ Մուրյեն (1885-1886 թթ.), Բ․ Պիոտրովսկին (1942 թ.) և ուրիշներ։ Ռեդկին-լագերում միմյանցից մոտ 1,5-3 մ հեռավորությամբ գտնվող սալարկղային, կրոմլեխներով շրջապատված դամբարանները դասավորված են շարքերով։ Յուրաքանչյուր սալարկղում թաղվել է մեկ ննջեցյալ (որոշ դամբարաններում՝ փայտե կամ կաշվե մահիճների վրա)։ Ռեդկին-լագերից հայտնաբերվել են բրոնզե ու երկաթե զենքեր (նիզակի ծայրեր, դաշույններ, սուր և այլն), զարդեր (շքասեղներ, ապարանջաններ, վարսակալներ, կախիկներ, ուլունքներ և այլն), ձիու սանձ, բազմաթիվ կավանոթներ, այլ իրեր (այդ թվում՝ մ․թ․ա․ 3-րդ հազարամյակի 2-րդ կեսի և վաղ հելլենիստական ժամանակաշրջանի)։ Դամբարանադաշտի մոտ պահպանվել են հին բնակարանների հետքեր։ Ռեդկին-լագերի գտածոները պահպանվում են Պետական Էրմիտաժում, Հայաստանի, Ադրբեջանի և Մոսկվայի պատմության պետական թանգարաններում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։