Գմբեթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գմբեթ (այլ կիրառումներ)
Գմբեթի կտրվածքը։
Էջմիածնի Մայր Տաճարի գմբեթը։

Գմբեթ, հիմնականում կիսագնդաձև կամ տարբեր ուռուցիկության տարածական սնամեջ ծածկ կամ ծածկը կրող կոնստրուկցիա:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիրառվելով հնագույն ժամանակներից հայկական ժողովրդական բնակելի տան ճարտարապետության մեջ՝ գմբեթը կատարելության է հասել միջնադարյան Հայաստանի եկեղեցական շենքերում (սրբագործված որպես երկնքի խորհրդանիշ, եկեղեցու հոգևոր իշխանության ընդհանրականության խորհրդապատկեր), որոնցից մեզ հայտնի վաղագույն օրինակներն են Էջմիածնի Մայր տաճարը (301–303, վերակառուցված 484 թվականին և 17-րդ դարում), պատմիչ Ստեփանոս արք. Օրբելյանի նկարագրած Շաղատի քառախորան, արտաքուստ ութանիստ, կենտրոնագմբեթ Ս. Ստեփանոս եկեղեցին (306–353) և Գյուտ Ա Արահեզացի կաթողիկոսի՝ 462 թվականին կառուցած Սրկղոնքի եռախորան, վերնահարկով, արտաքին սրահներով, երկգմբեթ Կաթողիկե եկեղեցին: Գմբեթի կիրառման անուղղակի վկայությունն է, ըստ պատմիչ Ագաթանգեղոսի, Գրիգոր Ա Լուսավորչի տեսիլքում 4 սյուների վրա բարձրացող խորանարդաձև գմբեթի նկարագրությունը. «Չորս սյուների խաչերի վրա զարմանատես կամարներ միմյանց կապվեցին և դրա վրա գմբեթաձև խորանարդ ու աստվածակերտ, զարմանալի ամպեղեն շինվածք տեսա»[1]:

Հայաստանում պահպանված հնագույն գմբեթը Տեկորի Ս.Սարգիս վկայարանինն է (478–490)[1]:

Հայկական գմբեթաշինությունն ունեցել է երկու զուգահեռ ուղղություն. մի կողմից՝ բազիլիկ եկեղեցիների գմբեթավորում, մյուս կողմից՝ կենտրոնագմբեթ կառույցների զարգացում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկական գմբեթները կառուցվել են թմբուկներով, որոնք վաղ միջնադարում բազմանիստ էին (խորանարդաձև, վեցանիստ, մեծ մասամբ՝ ութանիստ, սակավ՝ 12- և 16-նիստանի), կղմինդրե սաղավարտաձև կամ քարե բրգաձև ծածկով, իսկ 10-րդ դարից՝ նաև գլանաձև, հովանոցաձև կամ կոնաձև վեղարով: Հայաստանում կիրառվել է նաև կլոր հիմքի վրա առանց թմբուկի կիսագնդաձև գմբեթ (Բարձրյալ խաչ, 5–7-րդ դարեր): Սկզբնապես գմբեթատակ քառակուսուց անցումը թմբուկին կատարվել է տրոմպների միջոցով, իսկ 6-րդ դարի վերջից՝ նաև առագաստներով (Ավանի կաթողիկոսության Սուրբ Հովհաննես եկեղեցի): 7-րդ դարից հայկական ճարտարապետությունը, բացառապես գմբեթավոր դառնալով, ստեղծել է քառախորան կենտրոնագմբեթ եկեղեցիների մի շարք տիպեր, որոնք նորույթ էին քրիստոնեական ճարտարապետության մեջ[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Հայկական հանրագիտարանի գլխ. խմբ., Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան, Երևան, «Հայկական Հանրագիտարան հրատարակչություն ՊՈԱԿ», 2002, էջ 216 — 1072 էջ, ISBN 5-89700-016-6։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ագաթանգեղոս, Հայոց պատմություն, Երևան, 1986:
  • Ստեփանոս Օրբելյան, Սյունիքի պատմություն, Երևան, 1986:
  • Հովսեփյան Գ., Նյութեր և ուսումնասիրություններ հայ արվեստի և մշակույթի պատմության, պր. 3, Նյու Յորք, 1944:
  • Թորամանյան Թորոս, Նյութեր հայկական ճարտարապետության պատմության, [հ.] 1, 2, Երևան, 1942, 1948:
  • Հարությունյան Վ., Հայկական ճարտարապետության պատմություն, Երևան, 1993:
  • Токарский Н.М., Архитектура Армении Ⅳ— ⅩⅣ вв., Ереван, 1961.
  • Strzygowski J., Die Baukunst der Armenier und Europa, Wien, 1918.
  • Khatchaturian A., L'Architecture Arménienne de Ⅳe au Ⅵe siècle, Paris, 1971,
  • Hasratian M., La coupole dans l'architecture arménienne aux Ⅳe—Ⅴe siecle, "Atti de Quinto Simposio Internazionale di Arte Armena — 1988", V., 1992.