Ափնագյուղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գյուղ
Ափնագյուղ
Կոորդինատներ: 40°26′22″ հս․ լ. 44°23′46″ ավ. ե. / 40.43944° հս․. լ. 44.39611° ավ. ե. / 40.43944; 44.39611
Երկիր Հայաստան Հայաստան
Մարզ Արագածոտնի մարզ
Պաշտոնական լեզու Հայերեն
Բնակչություն 636[1] մարդ (2008 հունվարի 1)
Ազգային կազմ Հայեր
Կրոնական կազմ Հայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտի UTC+4
##Ափնագյուղ (Հայաստան)
Red pog.png
##Ափնագյուղ (Արագածոտնի մարզ)
Red pog.png

Ափնագյուղ, գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզում։ Գտնվում է Քասաղ (գետ)ի աջ ափին, Ապարան-Երևան ավտոմայրուղու ձախ կողմում, շրջկենտրոնից 15 կիլոմետր հարավ, ծովի մակերևույթից 1801 մետր բարձրության եռանկյունաձև հարթ բարձունքի վրա։ Տները քարաշեն են և բարետես։ Խմելու ջուրը գյուղ է բերվել 6 կիլոմետրանոց խողովակաշարով՝ Վարդենուտ գյուղի մոտակայքից։

Նախկինում Աթմա անվան տակ ներառնված է եղել Երևանի նահանգի Երևանի գավառում[2]:

Բնակչյություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այժմյան բնակչության նախնիները 1828-1829 թթ.-ին եկել են Բայազեդից (60 ընտանիք) և Մուշից (1 ընտանիք)։ 1831 թ.-ի մարդահամարի համաձայն գյուղում եղել է 61 ընտանիք՝ 376 բնակչով (193 տղամարդ և 183 կին), 1859 թ.-ի մարդահամարի համաձայն եղել է 57 ընտանիք՝ 450 բնակչով (293 տղամարդ և 157 կին), 1873 թ.-ի մարդահամարի համաձայն գյուղում եղել է 100 ընտանիք՝ 841 բնակչով (439 տղամարդ և 402 կին), 1886 թ.-ի մարդահամարի համաձայն գյուղում եղել է 111 ընտանիք՝ 871 բնակչով (490 տղամարդ և 371 կին)։ 2008 թ.-ի հունվարի 1-ին՝ 695 բնակիչ (353 տղամարդ, 342 կին)։

Տարի 1831 1859 1873 1886 1897 1926 1939 1959 1970 1979 2008
Բնակիչ 376 450 841 871 907 725 629 358 435 444 695

Անվանի հայագետ Գարեգին Ա Հովսեփյանցը 1901 թ.-ին գյուղում մշո բարբառով գրի է առել «Սասնա ծռեր» էպոսի նոր տարբերակը։

Գյուղի 200-ից ավելի որդիներ 1918 թ.-ի մայիսի 22-29-ը մասնակցել են Ապարանի հերոսամարտին։ Երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցել են 147 ափնեցիներ։ Նրանցից 96-ը զոհվել են։ Արցախյան ազատամարտին մասնակցել են մոտ 30 ափնեցիներ։ Նրանցից 5-ը զոհվել են։ Մասնակիցներից վեցը արժանացել են ՀՀ «Արիության» մեդալի։ Գյուղի կենտրոնում կանգնեցվել է Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհված ափնեցիների հուշարձան կոթողը։ Համալիրի աջ կողմում կանգնեցվել են Արցախյան ազատամարտում զոհվածներին նվիրված խաչքարեր։

Գյուղի բնակիչները զբաղվում են անասնապահությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ, թռչնաբուծությամբ, մեղվաբուծությամբ։

Անվանումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի Ափնա անունը հիշատակվում է XIII դարից։ XIII-րդ դարի կեսերին Սաղմոսավանքի գրատան ներսի պատին փորագրված արձանագրության համաձայն՝ ափնագյուղացի Սասնե, Վաչե, Գրիգոր եղբայրները վանքին հող են նվիրել։ Սահակ գրչի 1644 թ.-ի հիշատակարանում ևս գյուղը Ափնա անունով է հիշվում և մինչև մեր օրերը փոփոխության չի ենթարկվել։ Գյուղի Ափնագեղ կամ Ափնագյուղ անունը Ղևոնդ Ալիշանի ենթադրությամբ առաջացել է «երևում է ինչպես ափի մեջ» արտահայտությունից։ Ավելի հավանական է Քասաղ (գետ)ի ափին գտնվող գյուղ = Ափի գյուղ = Ափն-ա-գյուղ տարբերակը։

Պատմական ակնարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի արևելյան կողմում գտնվող ձորի երկու ափերի բարձրադիր մասերում կան քարե դարի ժամանակներից մինչև միջնադար օգտագործված քարանձավներ, գյուղի արևելյան կողմում՝ մ.թ.ա. 3-րդ հազարամյակի բնակատեղի և դամբարանադաշտ, դրան մոտիկ միջնադարյան գյուղատեղ։ Գյուղի ներկա տարածքի արևելյան ձորաեզրին, իրարից մոտ 200 մետր հեռավորությամբ պահպանվել են 4-5-րդ դարերի երկու ոչ մեծ չափի միանավ բազիլիկ եկեղեցիներ, որոնց պատերի վրա փորագրված են հավասարաթև խաչեր, վաղ միջնադարյան քանդականախշեր, համանման Քասաղի բազիլիկի, Զովունիի, Աստվածընկալի նույն ժամանակաշրջանի կառույցների համապատասխան մանրամասներին։ Այստեղ պահպանվել է միջնադարյան վիմափոր մատուռ և միջնադարյան գերեզմանոց։ 20-րդ դարի առաջին կեսից սկսած, հատկապես 1930-ական թվականներից, գյուղից արտահոսք է սկսվել դեպի Երևան ու Արարատյան դաշտի այլ բնակավայրեր։ 1886 թ.-ին շուրջ 900 բնակիչ ունեցող գյուղը, որ այդ տարիներից սկսած տարեկան շուրջ 50 ծնունդ է ունեցել, և խորհրդային բռնակցումից առաջ ունեցել է շուրջ 2000 բնակիչ, խորհրդային իշխանությունների անհեռատես ու անիրատես քաղաքականության հետևանքով գրեթե չորս անգամ փոքրացել է։ Դրա հաշվին ափնեցիների հավաքական միավորումներ են առաջացել Երևանի Կիլիկիա, Նորագյուղ թաղամասերում, Աջափնյակ համայնքի Հասմիկի փողոցի ամբողջ պարագծում։ 1920 թվականի շուրջ 2000 բնակչի փոխարեն այսօր, գյուղն ունի 695 բնակիչ, իսկ դպրոցը միայն 84 աշակերտ։

Հայկական խոհանոցին ափնեցի կանայք տվել են յուրահատուկ ուտեստ՝ կանեփով տոլման (հետագայում այս ճաշատեսակից անցել են պասուց տոլմային)։

Պատմաբան Տիգրան Հայազնը տպագրության է պատրաստել "Ափնագյուղ" հանրագիտարանը, որի առաջաբանը և որոշ ափնեցիների մասին հոդվածներ տեղ են գտել սույն հրապարակման մեջ։

Հայտնի համագյուղացիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղում են ծնվել ՀԽՍՀ վաստակավոր շինարար Նշան Հարությունյանը, օպերատոր-դերասան Խաչատուր Աբրահամյանը, խորհրդային աշխատող Պարգև Ղազարյանը, մշակույթի համակարգի աշխատող Սիմոն Ղամբարյանը։ Գյուղից են սերում քիմիական գիտությունների թեկնածու Ռազմիկ Գրիգորյանը, քանդակագործ Յուրի Պետրոսյանը, ՀՀ բանակի գնդապետ Լյուդվիգ Հարությունյանը, վաստակավոր մարզիչ Լևոն Միսակյանը, դպրոցական դասագրքերի հեղինակ, դոցենտ Անահիտ Ղազարյանը, դպրոցի տնօրեն Աիդա Մնացականյանը, պատանի շախմատիստ Վահե Բաղդասարյանը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Արագածոտնի մարզի մարդահամար
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 53