Հասանի դուստր Մամախաթուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Մամախաթուն (ծննդյան և մահվան թվականներն անհայտ), Վաչուտյան իշխանատոհմի իշխանուհի 13-րդ դարի առաջին կեսում, Հասանի և Վախախի դուստր։

Գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մամախաթունը Վաչուտյան տոհմի հիմնադիր իշխանաց-իշխան Վաչե Ա-ի կինն է։ Նրա անունն առաջին անգամ հիշվում է Թեղենյաց վանքի գավթում 1211 թ-ին փորագրված նվիրատվական արձանագրության մեջ։ Վաչե Ա-ի հետ համատեղ կառուցել են Սաղմոսավանքի կենտրոնագմբեթ Սուրբ Սիոն եկեղեցին /1215-1217 թթ-ին/, Հովհաննավանքի կենտրոնագմբեթ եկեղեցին /1217-1221 թթ-ին/։ 1229 թ-ին հայրենի տարածքից դուրս, Անիի մոտ գտնվող Հոռոմոսի վանական համալիրում կառուցել է գրատուն-մատենադարանի շենք և դրան նվիրել մի այգի, որի եկամուտները պետք է օգտագործվեին սովորող աշակերտների և ձեռագրեր ընդօրինակող գրիչների ապրուստն ապահովելու համար։ Ամուսնու հետ և առանձին, բազում եկեղեցական նվերներից բացի, Հաղպատի, Սանահինի վանքերին նվիրել է ձիթհանքեր, Հառիճի վանքին՝ այգիներ։

Երախայրիքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մամախաթունի երախայրիքը իր իսկ մեկենասությամբ կառուցված Տեղերի եկեղեցական համալիրն է /1206-1232 թթ-ին/։ Այն կառուցված է ոչ մեծ բլրի վրա, մուգ մոխրագույն բազալտով։ Եկեղեցին, ըստ հորինվածքի, չորս անկյուններում երկհարկ ավանդատներով գմբեթավոր սրահ է։ Գմբեթային փոխանցման համակարգն առագաստային է, թմբուկը ներսից և դրսից բոլորաձև։ Շինությունն առանձնանում է իր խիստ ձևերով և դեկորատիվ հարդարանքի գրեթե իսպառ բացակայությամբ։ Եկեղեցուն արևմուտքից կից է գավիթը, որի շինարարությունը, արձանագրության համաձայն, տևել է 11 տարի և ավարտվել է 1232 թ-ին։ Գավիթը պատկանում է 13-րդ դարում լայն տարածում ստացած քառասյուն, 12 նիստ ունեցող վրանաձև ցածրադիր ծածկով պսակված գավիթների տիպին։ Այն իր չափերով գերազանցում է եկեղեցուն։ Սկզբունքային նորություն են գավթի ծածկի վրա, հյուսիսարևմտյան և հարավարևմտյան անկյուններում կառուցված գմբեթավոր մատուռները, որոնց մուտքերը բացվում են գավթի ծածկի վրա։ Ճարտարապետական այսօրինակ նորույթի երկրորդ օրինակը ևս առկա է Վաչուտյանների իշխանատիրույթում գտնվող Նիգ գավառի /Ապարան/ Եղիպատրուշ գյուղի համաժամանակ կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցու գավթում, որտեղ կտուրի մատուռները տեղադրված են գավթի և եկեղեցու միացման անկյուններում։ Տեղերի եկեղեցին, գավիթը, մատուռները կառուցվել են շուրջ քառորդ դարի ընթացքում։ 1232 թվականին Մամախաթունի անունից գավթի շքամուտքի բարավորին փորագրվել է., , Ես՝ Մամախաթունս, շինեցի զեկեղեցիքս զմեծ և զփոքր և զժամատունս յիշատակ ինձ և առն իմոյ Վաչէի..., , ։ Իր կառուցած այս նշանավոր եկեղեցու գավթում էլ շինարար իշխանուհին հանգչում է։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]