Թեղենյաց վանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թեղենյաց վանք
Թեղենյաց համալիր.JPG
Թեղենյաց վանական համալիր
Հիմնական տվյալներ
Տեսակվանք
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունՀայաստան գ. Բուժական, Կոտայքի մարզ, Հայաստան
Հասցեգյուղից 3 կմ հս[1]
ԴավանանքՀայաստանեայց Առաքելական Եկեղեցի
ԹեմԿոտայքի
Կազմված էԳերեզմանոց, Տապանաքար` Յովհանն կրոնավոր Լոռեցու, Գերեզմանոց, Մատուռ, Եկեղեցի Կաթողիկե, Գավիթ, Գրատուն, Միաբանների կացարաններ, Սեղանատուն, Սյունասրահ (գավիթ), Խաչքար և Խաչքար
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում[1]
Ճարտարապետական ոճհայկական ճարտարապետություն
Կառուցման ավարտ6-7-րդ դար
ՇինանյութՏուֆ

Թեղենյաց վանք, վանական համալիր պատմական Նիգ գավառում /ներկայումս Կոտայքի մարզի Բուժական գյուղի հյուսիսարևելյան կողմում/` Թեղենիս լեռան լանջին` թեղիներով շրջապատված բացատում։

Ճարտարապետական կառույցները[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնավայրի հնագույն կառույցը եղել է 6-7-րդ դարերով թվագրվող փոքր խաչաձև, եռախորան կենտրոնագմբեթ Սուրբ Աստվածածին եկեղեցին, որի հիմնային մասերը հայտնաբերվել են պեղումներով։ Այդ շինությունից մոտ 30 մ արևելք գտնվող կենտրոնագմբեթ Կաթողիկե եկեղեցին կառուցվել է 11-րդ դարի առաջին կեսին։ Այն զույգ որմնամույթերով գմբեթավոր դահլիճ է, որի ճակատները մշակված են հայկական խորշերով։ Գեղեցկությամբ առանձնանում է Ավագ խորանի ճակատամասը, որի մակերեսին երկրաչափական, բուսական և կենդանական թեմաներով հարթաքանդակներ են։ Գեղարվեստական արժեք է ներկայացնում կենտրոնական սալաքարի վրա փորագրված սիրամարգի հարթաքանդակը՝ բացված պոչով, կիսաբաց թևերով, գլուխն աջ թեքած։ Պատկերը ներկալված է բազմաժապավեն շրջագծի մեջ։ 1207 թ.-ին իշխան Վահրամ Չավուշը Կաթողիկե եկեղեցուն կից կառուցել է քառասյուն, բրգաձև երդիկով գավիթ, որի շարվածքի սև և կարմիր տուֆի համադրությունը ներսում բազմագունություն է մտցրել։ Կաթողիկե եկեղեցուն հարավից կից է գրատունը՝ արևելյան կողմում գրիչների համար նախատեսված չորս խցերով, իսկ գավթին հյուսիսից կից է քառասյուն մի շինություն, որը ենթադրաբար ծառայել է որպես մատենադարան։ Վանական համալիրի հյուսիսարևմտյան կողմում առանձին կանգնած է ուղղանկյուն, թաղածածկ սեղանատան հյուսիսային պատը (13-րդ դար)։ Համալիրի արևմտյան կողմում գտնվում է վանքի գերեզմանատունը։ 1827 թ.-ին Թեղենյաց վանքը հիմնովին ավերվել է երկրաշարժից։ 1979 թ-ին հնագետ Գագիկ Սարգսյանի ղեկավարությամբ սկսվել ու հետագա տարիներին պեղվել է վանքի տարածքը։ Այդ պեղումներով են բացվել հողածածկ Կաթողիկե եկեղեցին, գրատունը, մատենադարանը, փոքր եկեղեցին։

Ժամանակակիցների բնորոշումը[խմբագրել | խմբագրել կոդը]

13-14-րդ դարերում Թեղենյաց վանքի հռչակը մեծ էր։ Գևորգ Սկևռացին /1267 թ./ վանքի մասին գրել է. «մեծահռչակ հրեշտակակրաւն աստուածաբնակ սուրբ ուխտս Թեղինեաց»։ Մկրտիչ Րաբունին /13-14-րդ դարեր/ այն կոչել է. «գերահռչակ սուրբ ուխտս»։

Գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեղենյաց վանքը առաջին անգամ հիշատակվել է 8-րդ դարի սկզբին՝ 727-728 թթ-ին՝ Վահան Գողթնացու այս վանքում ապաստանելու կապակցությամբ։ 11-14-րդ դարերում վանքը եղել է կրթական և գրչության կենտրոն։ Թեղենյաց և Մաքենացոց վանքերում պահպանված հայ եկեղեցու ժամասացության կանոնակարգերի հիման վրա, 1166 թ-ին Ներսես Շնորհալի կաթողիկոսը հայկական վանքերում ու եկեղեցիներում միասնական համակարգ է մշակել։ 1205-ին, Լոռի քաղաքում, 1207 թ-ին Անի քաղաքում Զաքարյան Հայաստանի արքա Զաքարե Բ Զաքարյանի հրավիրած դավանաբանական ժողովներին մասնակցել է Թեղենյաց վանքի առաջնորդ Տուրքիկ վարդապետը։ Պատմիչ Կիրակոս Գանձակեցին գրել է, որ Տուրքիկ վարդապետի վանահայրության օրոք, վանքի միաբանությունն ապրել է համայնակեցության սկզբունքով «զամենայն ինչ հասարակաց լինել և առանձին ոչ ինչ ստանալ»։ 13-րդ դարում վանքում գործել են պատմիչ Ստեփանոս Տարոնեցի Ասողիկի ընկեր Կիրակոս Գծծակերպ գիտնականը /10-րդ դար/, Վանական Վարդապետը /1246 թ./, Վարդան Արևելցին իր աշակերտի՝ Գևորգ Սկևռացու հետ /1267 թ/, Մկրտիչ Րաբունին /12-13-րդ դարեր/։ Վանքի վանահայրերից հիշվում են Երեմիա Ճգնավորը /10-րդ դար/, Տուրքիկ վարդապետը /13-րդ դարի սկիզբ/, Մխիթար վարդապետը /13-րդ դարի առաջին կես/, Գրիգոր վարդապետ Բջնեցին /13-րդ դարի վերջ/, Հակոբ վարդապետը /14-րդ դարի առաջին կես/։ Այստեղ բազմաթիվ գրիչներ են գործել։ Պահպանվել ու մեր օրերն են հասել գրիչներ Թադեոսի ու Վարդանի /1198 թ./, Գևորգ Սկևռացու /1267 թ/, Սարգիս դպիրի, Նահապետ քահանայի, եղբայրներ Քահանայի և Շմավոնի, Սարգիս քահանայի, Հովհաննեսի, Վրթանեսի, Դավթի, Մկրտիչ Րաբունու /13-դարի երկրորդ կես - 14-րդ դարի սկիզբ/ ընդօրինակած ձեռագրերը։ Քահանայի, Շմավոնի, Դավթի ընդօրինակած Ավետարանը գտնվում է Լոնդոնի Բրիտանական թանգարանում, մյուսները պահվում են Երևանի Մաշտոցի անվան Մատենադարան-ինստիտուտում /4645, 6558, 6273 թվահամարների տակ/։ Թեղենյաց վանքի համալսարանում է սովորել բանաստեղծ Տերտեր Երևանցին /14-րդ դար/։ 13-րդ դարի սկզբին ստեղծված Արարատյան կողմնակալության տերերի առաջին արձանագրությունը 1211 թ-ին Վասակաշեն գավթի պատին փորագրել է տվել կողմնակալ-հրամանատար, իշխանաց-իշխան Վաչե Ա-ի կին Հասանի դուստր Մամախաթուն իշխանուհին։ Գավթի պատերին նվիրատվական արձանագրություններ են թողել Քուրդ Ա Վաչուտյանն ու իր կինը՝ Խորիշահ իշխանուհին, Վեցիկ ճարտարապետը, Հովհաննես Խաչենցին, Սմբատի որդի Քուրդը ու իր կինը՝ Տիկնաց տիկինը և ուրիշներ։ Վանքում ապրել ու ստեղծագործել են Հայաստանի տարբեր վայրերից այստեղ հաստատված անձինք։ Վանքի գերեզմանոցում թաղված են Վարդան քահանան,, որ էր ի Կէսարացոց գավառեն,, /+1210 թ./, Էրկաթի որդի Հովհաննես կրոնավոր Լոռեցին, Գորգ քահանա Վարագեցին։ Այստեղ թաղված է նաև աշխարհիկ անձ։ Նրա տապանաքարին փորագրված է. «զՊատրիկ մեղապարտ ծառա Ք/րիստոս/ի յաշխարհիկ կարգե յիշեցէք ի Ք/րիստո/ս»։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Teghenyats vanq, St Katoghike church, cathedral, 13th century, 100 0876, Cropped.JPG

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 165 CC BY-SA icon 80x15.png