Թեղենյաց վանքի խեցեղեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թեղենյաց վանքային համալիր

Թեղենյաց վանքը միջնադարյան Հայաստանի հոգևոր, մշակութային ու գրչության կարևոր կենտրոն էր։ Այն գտնվում է Բուժական գյուղից 3 կմ հյուսիս՝ Թեղենիսի կամ Թեղենյաց լեռների անտառապատ լանջերին։ Վանքային համալիրը բաղկացած է զույգ որմնամույթերով «գմբեթավոր դահլիճ» տիպին պատկանող Կաթողիկե եկեղեցուց, գավթից, սեղանատնից, գրչատնից և գավթին հյուսիսից հարող կառույցից, հիմնական հուշահամալիրից 30 մ արևելք գտնվող 5–7-րդ դարերի քառախորան փոքր եկեղեցուց։ Պեղման աշխատանքները սկսվել են 1979 թվականին հնագետ-վիմագրագետ Գագիկ Սարգսյանի կողմից և որոշ ընդհատումներով շարունակվում են մինչ օրս։ Թեղենյաց վանքը գրավոր աղբյուրներում հիշատակվում է դեռևս 8-րդ դարից և իր բուռն ծաղկմանն է հասնում 11–13-րդ դարերում՝ Վաչուտյանների իշխանական տոհմի օրոք։ Այն շարունակում է գործել ընդհուպ մինչև 17-րդ դարը, որից հետո վանքը մատենագիտական և վիմագրական աղբյուրներում, որքանով հայտնի է, հիշատակվում է, սակայն ոչ որպես գործող վանք։

Թեղենյաց վանքի պատմության, վիմագրական և հնագիտական նյութի վերաբերյալ բազմաթիվ հրապարակումներով հանդես է եկել հուշարձանը պեղող Գագիկ Սարգսյանը[1]։

Գտածոները հայտնաբերվել են սեղանատան և գավթին հյուսիսից կից կառույցի պեղումներից։ Վերջինս 4 սյուներով կառույց է, որը կարծես գավթի պատճենը լինի։ Արևելյան մասում մուտքի բացակայությունը հուշում է, որ այն եկեղեցի չունի։ Հետագա շրջանում այն վերաշինվել է և կիրառվել իբրև տնտեսական նշանակության մի շինություն, որի մասին վկայում է հարավարևմտյան անկյունում բացված թոնիրը, ինչպես նաև տնտեսության մեջ օգտագործվող տարբեր գործիքներն ու առարկաները[2]։ Սկզբնական նշանակությամբ այն, ըստ հետազոտողի, եղել է ժողովասրահ, միաժամանակ՝ տապանատուն, նշխարատուն, մատենադարան, ճեմարան[3]։

Գտածոներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեղենյաց վանքի պեղումներով հայտնաբերված խեցեղենը հիմնականում բեկորային է։ Այն բաժանվում է 2 մեծ խմբի՝ տնտեսական-կենցաղային և շինարարական։ Իր հերթին, տնտեսական-կենցաղային խեցեղենի մեջ առանձնանում է 2 խումբ՝ հասարակ խեցեղենը, որը ճնշող մեծամասնություն է կազմում, և ջնարակապատը։

Հասարակ խեցեղենը ըստ կիրառության բաժանվում է հետևյալ խմբերի՝

Կարասներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարասները խոշոր չափերի անոթներ են, որոնք նախատեսված են հեղուկ և չոր նյութեր պահելու համար։ Դրանց հիմնական գործառույթը, սակայն, գինին խմորելն ու պահելն է[4]։ Ըստ դրա էլ՝ կարասները հիմնականում 2 տիպի են։ Գինու խմորման համար ծառայում էին չափերով շատ մեծ, երկարաձգված, նեղ բերանով, առանց կանթի կարասները, որոնք կիսով չափ թաղվում էին հողի մեջ։ Երկրորդ տիպը ներկայացնում են լայնափոր, լայնաբերան, ցածրադիր, հարթ նստուկով և կանթավոր կարասները։ Այս կարասների շուրթերը դեպի դուրս լայնանում են, պսակի ստորին մասում հանդիպում են ռելիեֆ ատամնավոր կամ սեպաձև խորաքանդակ զարդեր։ Սրանք կարմրափայլ են՝ զարդարված դրոշմազարդ գոտիով։ Երբեմն ձևավորվում են նաև այս կարասների կանթերը, որոնք լինում են 2–6-ը։ Այս կարասները գործածվել են հանդիսությունների ժամանակ որպես սեղանի սպասք[5][6]։

Կարասներն ունեին ևս մեկ գործառույթ։ Տեղադրվելով պաշտամունքային շինությունների ծածկի տակ՝ շաղախի մեջ՝ դրանք դատարկություններ էին առաջացնում՝ թեթևացնելով թաղի վրա ընկնող ծանրությունն ու ապահովելով ձայնի հնչեղությունը[7][8]։

Իրենց ձևաբանական կերտվածքով խնդրո առարկա կարասներն ժամանակագրորեն բաժանվում են 12–13-րդ դարերին, անցումային 13–14-րդ դարերին և 14–16-րդ դարերին։ 12–13-րդ դարերի կարասների ձևաբանական կերտվածքում բնորոշ են երկու տիպ. առաջինը՝ քիչ երկարաձգված, նեղ նստուկով, ընդգծված վզով, ոչ շատ լայն բերանով, պսակով են, իսկ երկրորդը՝ կարմրափայլ, ավելի փոքր, հարթ նստուկով, կանթերով, դրոշմազարդ գոտիով, սեղանին դրվող կարասներն են։ 13–14-րդ դարերից սկսած կարասները թեև ձևաբանական հորինվածքում էական փոփոխություններ չեն կրում, սակայն ավելի զանգվածեղ են դառնում՝ հատկապես շուրթերի պսակները. դրանց արտաքին մասում տարածված է դառնում վերադիր գոտու վրա արված մատնեքազարդը։

Կարասների հիմնական զարդարանքն ուռուցիկ և փորագիր գծազարդերն էին, որոնք գոտևորում էին իրանի վերին հատվածը։ Կարասներն անգոբապատվում էին՝ անոթին ավելի հաճելի տեսք հաղորդելու և հեղուկ նյութի արտահոսքը կանխելու համար։ Դրանք երբեմն ներկվում էին կարմիր գույնով և, ի տարբերություն 12–13-րդ դարերի օրինակների, ավելի ուշ շրջանի կարասներն ունեին մուգ կարմրավուն երանգ։

Եղած նյութի մեջ ուշադրություն է գրավում կարմիր փայլեցված դրոշմազարդ կարասի մի բեկոր, որը թվագրվում է 12–13-րդ դարերին։ Նմանատիպ օրինակներ հայտնի են Դվինից[9][10][11], Անիից[12], Գառնիից[13][14][15], Լոռե բերդաքաղաքից[16], Արմավիրից[17][18], Մեծամորից, Խամշի վանքից, Գլաձորի վանքից[19], հարևան երկրներից[20][21]։ Դրոշմազարդ գոտին 3 սմ լայնությամբ զարդարել է կարասի իրանի գոտկամասը և երկու կողմից եզրափակվել զուգահեռ ուռուցիկ շրջագծերով։ Դրոշմազարդ գոտիները հարդարվել են կենդանիների, մասնավորապես, այծերի, եղնիկների, գայլերի, առյուծների, թռչունների, ուղտերի, երբեմն մարդկանց կամ բուսական ու երկրաչափական պատկերներով։ Նման հարդարում տարածված էր նաև մերձավորարևելյան և միջինասիական խեցեգործական կենտրոններում[22]։ Թեղենյացից հայտնի բեկորի վրա պատկերված է հանդիպակաց կանգնած կենդանիների, հավանաբար, այծերի սխեմատիկ հորինվածքի միայն մեկ բաղադրիչը։ Այս բեկորից կարելի է ենթադրել, որ ամբողջ կարասը կարմիրով ներկված է, բացի դրոշմազարդ գոտուց, որով այն ավելի է ընդգծվում։ Այս կերպ հարդարելու հնարքը բնորոշ է Դվինին, իսկ Անիում կարմիրով ներկվում էր ողջ կարասը[23]։

Ուշագրավ է մեկ այլ դրոշմազարդ գոտիով կարասը, որը, դատելով պահպանված բեկորից, ներկված չէ։ Խեցին դարչնագույն է՝ խոշոր ավազի խառնուրդով։ Գոտին ստեղծվել է կարասի իրանին վերադրման սկզբունքով լայն ժապավենի ագուցմամբ, որը գոտևորում է կարասի ուռուցիկ հատվածը։ Եթե կարմրափայլ դրոշմազարդ կարասների գոտին ընդգծվում է իրանի վրա ուռուցիկ շուրջանակի անցնող զուգահեռ շրջագծերով և տեսողական ընկալմամբ դրոշմազարդ հատվածը խորադիր է դիտվում, ապա սրա գոտին բարձրադիր է մակերեսից։ Վերադիր ժապավենաձև գոտու վրա դրոշմելու հնարանքի կիրառումն առայժմ այլ հուշարձաններից մեզ հայտնի չէ։ Հայաստանի տարբեր հնավայրերից հայտնի դրոշմազարդ կարասների դիտարկումը թույլ է տալիս ենթադրել նման եղանակով հարդարման համեմատաբար ավելի ուշ շրջանում ի հայտ գալը։ Այստեղ, ժապավենի վրա դրոշմիչը գլորելու միջոցով, ստացվել է այծի և թռչնի հաջորդական պատկերների շարք, որը ետնախորքի նկատմամբ ուռուցիկ է։ Թեղենյաց վանքի դրոշմազարդ կարասների բեկորների քննարկումից կարելի է եզրակացնել, որ դրանց կիրառությունը շարունակվել է մինչև 14-րդ դարի վերջը՝ ի հայտ բերելով նաև հարդարման նոր միջոցներ։

Թեղենյաց վանքից հայտնաբերված կարասների օրինակներն իրենց չափերով, ձևաբանական հորինվածքներով և հարդարման միջոցներով շատ զուգահեռներ ունեն 12–13-րդ դարերի և 14–16-րդ դարերի պատկանող հայկական հուշարձանների համանման կարասների հետ։

Վանքի տնտեսության մեջ կիրառվել են կաթնամթերք մշակելու անոթներ, որոնց մեջ, մասնավորապես, առանձնանում է բավական խոշորաչափ կախովի խնոցու եզրային հատվածը (տրամագիծը՝ 26.5 սմ), որը ներքուստ և արտաքուստ պատված է կաթնագույն շփոթով։ Եզրից 4 սմ հեռավորությամբ ունի բավական լայն ելուստավոր գոտի՝ պարանի շարժումն արգելակելու համար։ Կախովի խնոցիներն ի հայտ են գալիս վաղ միջնադարում և գործածվում բռնակով խնոցիներին զուգահեռ՝ որպես խեցեգործական արտադրանքի նոր տեսակ[24]։ Կավե կախովի խնոցիների ձևաբանական հորինվածքն անփոփոխ շարունակվում է մինչև 19-րդ դար՝ աստիճանաբար տեղը զիջելով փայտե խնոցիներին[25]։ Սովորաբար կախովի խնոցիների եզրային հատվածներն ավարտվում են կոնաձև վերջավորությամբ, այս օրինակն ունի հարթ կողային հատված։

Ջրամաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հասարակ խեցեղենի մեջ առանձնանում են ջրամաններն իրենց տարատեսակներով՝ կժեր, սափորներ, փարչեր, որոնք մեծաքանակ չեն։ Ամբողջական սափորներ չեն հայտնաբերվել և դրանց ձևաբանական կերտվածքի մասին կարող ենք դատել գտնված կանթերի, նստուկների, պսակների, որոշ դեպքերում էլ ծորակների ձևերից։ Սափորները պատվում էին անգոբով, ավելի ուշ շրջանում կաթնագույն շփոթով՝ միաժամանակ լուծելով ֆունկցիոնալ և գեղագիտական խնդիրներ։ Հայտնաբերված նմուշները հիմնականում 12–13-րդ դարերում տարածված սլացիկ երկարավուն իրանով կժերն են՝ ոչ լայն, հարթ նստուկով։ Կանթերը սովորաբար սկսվում են վզից, երբեմն անմիջապես դուրս գալիս պսակից։ Դրանք կտրվածքում կլոր են կամ ժապավենաձև՝ երբեմն իրենց վրա կրելով վերադիր պայտաձև ելուստազարդ կամ կոճակազարդ։ Հարդարման միջոցները պարզունակ են. վզի կամ ծորակի եզրերին թույլ փորագիր գծաքաշ կամ քիչ ուռուցիկ գոտեզարդեր։ Հանդիպում են նաև 12–13-րդ դարերում տարածված կարմրափայլ նուրբ սափորներ, երբեմն՝ ծորակավոր։ Առկա նյութի մեջ հանդիպում են կժերի վերնամասի կերտվածքի տարբեր լուծումներ.

  • կարճ վզով՝ բերանի համեմատաբար լայն բացվածքով և ուղիղ պսակով,
  • երկար վզով՝ եռատերև պսակով,
  • երկար վզով՝ շեփորաձև պսակով,
  • երկար վզով՝ դեպի ներս նեղացող շուրթով։

Հայտնաբերված օրինակները պատկանում են առավելապես 12–13-րդ դարերին, սակայն կան նաև 14–15-րդ դարերին բնորոշ բեկորներ։ Այս ժամանակաշրջանում տարածում են գտնում կաթնագույն անգոբի վրա արված կարմիր ցայտքերով սափորները, որոնք կարմրաներկ անոթների հեռավոր արձագանքներն են։ Այս հարդարման միջոցը տարածվել է ոչ միայն սափորների, այլև խոհանոցային սպասքի վրա առհասարակ։

Ջրամանները ժամանակի ընթացքում ձևաբանական հորինվածքում էական փոփոխություններ չեն կրել՝ ի հայտ բերելով միայն մանրամասների և հարդարատարրերի նոր լուծումներ։

Կճուճներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեղենյաց վանքի խեցեղեն հավաքածուում մեծամասնություն են կազմում կճուճները։ Դրանք հիմնականում միանման են, տարբերվում են չափերով և մանրամասների հարդարման զանազան միջոցներով։ Դրանց թե՛ արտաքին, թե՛ ներքին մակերևույթը բաց դարչնագույն կամ աղյուսագույն է, երբեմն՝ ամբողջությամբ մրապատ կամ մրի հետքերով։ Կճուճները հիմնականում երկկանթ են, պատահում են նաև միականթ ու անկանթ օրինակներ։ Դրանք ունեն հաստ շրջանաձև նստուկ, գնդաձև իրան, կարճ և լայն վիզ, կլոր, ուղիղ կամ քիչ դուրս շեշտված պսակներ, որոնք հարդարվում էին ակոսազարդերով։

13–14-րդ դարերից սկսած՝ կճուճների պսակները դառնում են ավելի զանգվածեղ և արտաքուստ՝ անմիջապես պսակի տակ, վերադիր ժապավենաձև գոտու վրա արված խոշոր մատնեքազարդով։ Մինչ այդ կճուճները ձևաբանական և ոճական տեսանկյուններից էական փոփոխություններ չեն կրել, բացառությամբ կանթերի ձևերի և առանձին հարդարատարրերի։ Եթե 9–10-րդ դարերին բնորոշ էին ունկավոր կանթերը, ապա 11–13-րդ դարերին ի հայտ են գալիս ժապավենաձև կանթերը՝ վերադիր պայտաձև ելուստով։ Ժապավենաձև կանթերը շարունակում են գործածվել հետագա դարերում ևս՝ կտրվածքում կլոր կանթերի հետ զուգահեռաբար։ Եղած օրինակներում առանձնանում է հորիզոնական զանգվածեղ կանթը։

Կճուճներն ունեն պարզ հարդարում. կարճ վզից իրանին անցումը շեշտվում է թույլ փորագիր գծաքաշ զարդերով, որոնք գոտևորում են ողջ անոթը։ Իրանին՝ զուգահեռ ակոսազարդերի միջև արվում են սանրաքաշ գծազարդեր, մանր ու խոշոր եղունգազարդեր, ելնդավոր գոտիներ, ալիքազարդեր։ Երբեմն իրանների վրա արվում էին խաչանշաններ։ Հանդիպում են նաև 12–13-րդ դարերի Հայաստանի ու հարևան երկրների բնակավայրերում լայնորեն տարածված կարմրափայլ կճուճների բեկորներ, որոնք ունեին նուրբ խեցի, լավ թրծում և նախատեսված չէին կրակի վրա դնելու և կերակուր պատրաստելու համար։ Երբեմն կճուճները թրծելուց առաջ թաց լաթի օգնությամբ ներկվում էին ոսկեգույն հատիկներ պարունակող փայլաներկով, որը հաճելի տեսք էր հաղորդում անոթներին։

Ըստ գործածության՝ կճուճները բաժանվում են երկու խմբի. կերակուր պատրաստելու, որոնք հիմնականում երկկանթ են ու մրապատ, և չոր կամ հեղուկ նյութեր պահելու համար։ Կճուճների լրացուցիչ տարրերից են խփերը, որոնք սկավառակաձև են՝ թեք կտրված եզրերով, բարձր կոնաձև՝ մանչ և փոսիկավոր՝ աղջիկ բռնակներով։ Գտնված խփերի հարդարանքում գերակշռող է եզրը շրջագծով սեղմելու միջոցով ստեղծված ակոսազարդը։ Հետաքրքիր են կճուճների խփերի երկու օրինակ, որոնք ունեն ուղիղ կտրած եզրեր և կազմված են երկու տարբեր տրամագծերով մասերից (9–5.5 սմ և 10–7 սմ)։ Մեկի՝ տրամագծով փոքր հատվածի կենտրոնում 2 անցք է արված։ Հավանաբար, խուփը անոթի մեջ էր մտել փոքր տրամագծով հատվածից՝ բերանի բացվածքը ավելի սեղմ փակելու համար, իսկ անցքերն էլ արված էին գոլորշու դուրս մղման համար։ Թվագրվում են 13–14-րդ դարերին։

Սպասք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հասարակ խեցեղենում կարևոր տեղ է զբաղեցնում սեղանի առօրյա սպասքը։ Դրանք տարբեր չափերի ու ձևերի նուրբ փիալաներ են, կոպտավուն քրեղաններ, պնակներ ու մատուցարաններ։ Հավաքածուում մեծ թիվ են կազմում կարմրափայլ- կարմրաներկ թասերը։ Անոթների հարդարման այս մոտեցումը ի հայտ եկավ 12–13-րդ դարերում[26]։ Դրանք պատրաստված են մանրահատիկ կավից։ Զարդարվում են հիմնականում փորագիր գծազարդերով։

Այս թասիկների հետ լայնորեն գործածվում էին մի փոքր կոպիտ քրեղանները, որոնց շուրթերի պսակները բավականին լայն էին՝ երբեմն զարդարված փորագիր ալիքազարդով։ Հանդիպում են թասերի և քրեղանների երկու հիմնական տիպ՝ խորը, հարթ հատակով, ուղիղ պսակով և օղակաձև բարձր նստուկով, կլոր պատերով, հարթ ու լայն պսակով։ Սեղանի սպասքը հիմնականում թվագրվում է 12–13-րդ դարերին, բացառությամբ մի քանի բեկորի, որոնք 14–15-րդ դարերի են։ Դրանց մեջ առանձնանում են ներքուստ կարմիր ցայտքերով և պսակի հատվածում կարմիր գծաներկով թասի բեկորը և կաթնագույն շփոթով պատված սաղր քրեղանի բեկորը։ Այս խմբում ուշադրության է արժանի արտաքուստ անհարթ, բայց ներքուստ հորիզոնական մանր ակոսազարդերի միջև փորագիր ալիքազարդով հարդարված մատուցարանը, որը թվագրվում է 14–15-րդ դարերին։

Ձիթաճրագներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հասարակ խեցեղենում ուրույն տեղ են զբաղեցնում լուսավորության միջոցները։ Գրչության կենտրոն Թեղենյաց վանքում ձիթաճրագների առկայությունն անհրաժեշտ էր վանական կիսախավար խցերում ձեռագիր ծաղկելու ժամանակ և ընդհանրապես կենցաղում։ Ամենագործածականն էին կավե ճրագները, հանդիպում են նաև ջնարակապատ օրինակներ։ Լինելով ամենուրեք գործածվող առարկաներ՝ դրանց մեջ հանդիպում են ինչպես ձեռածեփ պարզունակ օրինակներ, այնպես էլ բարձրորակ կավով նրբակերտ նմուշներ։

Հայաստանում հայտնի են ճրագների բազմաթիվ տեսակներ. թասանման, նավակաձև, թեյնիկանման, տերևաձև։ Թեղենյաց վանքի պեղումներով հայտնի ճրագները տերևաձև են։ Դրանք պատրաստված են դուրգի վրա, ունեն հարթ, թեթևակի շեշտված շրջանաձև հատակ։ Քթիկի մասում սեղմումով ընդգծված է պատրույգի տեղը, որի այրումից ճրագներն ամբողջությամբ և հատկապես քթիկի հատվածում մրոտված են։ Հիմնականում օգտագործել են քունջութի և կտավատի ձեթ։ Հայտնի է, որ եկեղեցիներին արվող նվիրատվությունների թվում, բացի այգիներից, ձիթհաններից, գինուց ու այլ մթերքից, հիշատակվում է նաև ձեթը[27]։

Ծխամորճեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեղենյաց վանքի պեղումներից հայտնի են նաև ծխամորճերի օրինակներ։ Ծխամորճերը պատրաստվել են մանրահատիկ, առանց հավելումների բարձրորակ կավից, երկփեղկ կաղապարներում։ Կիրառվել է ծխամորճերի հարդարման երկու հիմնական եղանակ՝ զարդարուն կաղապարներում և կնքադրոշմների օգնությամբ։ Երբեմն էլ նկատվում է այդ երկու հարդարման միջոցների համատեղում։ Հայաստանի Հանրապետության տարածքից հայտնի ծխամորճերի ճնշող մեծամասնությունը գտնվել է Կյուրիկյանների թագավորության Լոռե մայրաքաղաքից, որտեղ եղել է կավե ծխամորճերի սեփական արտադրության արհեստանոց[28]։

Ըստ Լոռե բերդաքաղաքի և Հայաստանի թանգարաններում տարբեր վայրերից հավաքված ծխամորճերի քննության՝ դրանք դասակարգվել են 4 հիմնական խմբի։ Թեղենյաց վանքից հայտնաբերվել է 3 օրինակ, որոնցից մեկն է ամբողջական[29]։ Այն մուգ կարմրափայլ է՝ պատրաստված զարդարուն կաղապարի մեջ։ Կոթունն առանձին է պատրաստվել, ապա միացվել գլխիկին։ Գլխիկի (տրամագիծը՝ 2.3 սմ) կենտրոնից ելնող ճառագայթաձև խորը գծազարդերով առաջացած 8 սեգմենտների միջակայքում ստեղծվել է ավելի թույլ գծազարդերով V-աձև նախշ, որի վրա վարպետը լրացուցիչ կետազարդերով մշակում է ավելացրել՝ առանձնահատուկ շուք հաղորդելով ծխամորճին։ Սեգմենտների վերնամասում եռանկյունաձև զարդ է՝ լցված կետերով։ Եզրային հատվածը ավարտվում է ծաղկի թերթեր հիշեցնող պսակով։ Կոթունի եզրը զարդարված է զույգ փորագիր գծազարդով, իսկ պսակը լրացուցիչ նեղացող հատված ունի՝ ծխելու գլանակը հարմարեցնելու համար։ Ծխամորճն առանց մրի հետքերի է։ Այս ծխամորճը պատկանում է դասակարգման երկրորդ խմբին[30]։

Հաջորդ ծխամորճը թերի է. պատրաստված է մոխրագույն մանրահատիկ բարձրորակ կավից՝ լավ փայլեցված մակերեսով։ Դատելով պահպանված հատվածից՝ այն զուրկ է որևէ այլ հարդարատարրից, բացառությամբ գլխիկի և կոթունի միացման հատվածում արված մանր կետազարդերից։

Երրորդ ծխամորճից պահպանվել է միայն կոթունի գլխիկը։ Այն դարչնագույն է, կարմիր փայլեցումով, գլխիկը հարդարված է 8 նիստերով, որոնց մեջ արված են եղունգազարդեր։

Թեղենյաց վանքի ծխամորճերի զուգահեռները, համեմատելով վերջին տարիներին տարբեր հնավայրերից հայտնաբերված և հստակ շերտագրված ծխամորճերի հետ, դրանք կարելի է թվագրել 15–16-րդ դարերին։

Ջնարակապատ խեցեղեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեղենյաց վանքից հայտնաբերված ջնարակապատ խեցեղենը փոքրաթիվ խումբ է կազմում։ Ջնարակապատ խեցեղենը գերազանցապես ներկայացված է դեպի դուրս փռված կամ ներճկված պսակ ունեցող, օղակաձև նստուկներով տարբեր չափերի թասերի ու քրեղանների տեսակներով։

12-13-րդ դարերի ջնարակապատ խեցեղեն[խմբագրել | խմբագրել կոդը]

12–13-րդ դարերի ջնարակած խեցեղենի զանգվածային արտադրությունը հանգեցնում է ձևերի և հարդարատարրերի միօրինակացման՝ կախված շուկայի պահանջարկից։ Խոշոր քաղաքներում և գյուղաքաղաքներում հիմնվում են ջնարակած խեցեղենի արտադրամասեր, ինչի մասին վկայում են հնագիտական պեղումները[13][31][32][33]։ Ջնարակած խեցեղենն իր զանգվածային արտադրությամբ սկսում է մրցել հասարակ խեցեղենի հետ և սեղանի սպասքի ու ոչ մեծ տարողությամբ ամանեղենի արտադրության բնագավառում գերակշռություն է ստանում հասարակ խեցեղենի արտադրության նկատմամբ[34]։ Խոշոր վանքերում նույնպես ստեղծվում են արհեստանոցներ, որոնք բավարարում էին ներքին պահանջները, իսկ խեցեղենի ձևաբանական հորինվածքի և զարդանկարման հարցում հետևում էին խոշոր կենտրոնների թելադրանքին։ Թեղենյաց վանքի տարածքում տարբեր տարիների պեղումների ժամանակ հայտնաբերված խարամի մնացորդները փաստում են, որ վանքին կից գործել են մետաղագործական և խեցեգործական մի քանի արհեստանոցներ, որոնք բավարարել են թերևս ոչ միայն վանքի, այլև շրջակա գյուղերի բնակչության պահանջմունքները[35]։

12–13-րդ դարերին լայն տարածում է ստանում միագույն ջնարակը՝ հիմնականում կանաչ և դեղին երանգներով։ Դրան զուգահեռ շարունակվում է բազմագույն ջնարակի կիրառումը, որի վրա արվում են գունային երանգներին համապատասխան փորագիր զարդեր։ Այս ժամանակաշրջանում, ինչպես նաև հաջորդ դարաշրջանում, լայնորեն տարածվում և զանգվածային կիրառություն է գտնում անգոբի ետնախորքի հեռացումով ստացվող զարդերով միագույն անոթները, որոնք մեծ մասամբ պատված են թույլ դեղնավուն թափանցիկ ջնարակով։

13-14-րդ դարերի ջնարակապատ խեղեցեն[խմբագրել | խմբագրել կոդը]

13-րդ դարի կեսերից ի հայտ է գալիս խեցանոթները հարդարելու նոր եղանակ. անգոբի վրա սև գծագիր նկարով և գունավոր, բայց թափանցիկ ջնարակով, որը շատ ողորկ էր և բարձրորակ։ 14-րդ դարում, նոր բաղադրությամբ ջնարակի (ալկալիական) ի հայտ գալով, խեցանոթները նախօրոք անգոբապատելը աստիճանաբար վերանում է, տեղը զիջելով խեցու վրա նկարազարդման սկզբունքով հարդարելուն։ Այս շրջանին բնորոշ են նկարազարդ գծագրի կիրառմամբ ավելի պարզ երկրաչափական մոտիվները։ Նոր որակի ջնարակով և նոր հարդարատարրերով զարդարված խեցանոթների հետ շարունակվում է կապարային ջնարակի կիրառումը, որով հարդարված անոթները դեպի պարզեցում են գնում։ Այս ավանդույթը շարունակվում է նաև հետագա դարերում։ Ալկալիական ջնարակի ընձեռած հնարավորություններն օգտագործելով՝ խեցեգործ վարպետները կիրառել են ջնարակապատ անոթների նկարազարդման հետևյալ եղանակները․ ենթաջնարակային նկարազարդում, փորագիր գծագրությամբ կամ անգոբով նկարազարդում՝ պատված միագույն և բազմագույն ջնարակով, և այս երկու եղանակների համադրում։ Անգոբով նկարազարդման տեխնիկայով և բազմագույն ջնարակի կիրառմամբ անոթները հայտնի են դեռ 10-րդ դարից[36]։ Նկարազարդման միջոցով անոթների հարդարման եղանակը վերածնվում է 14-րդ դարում՝ ի հայտ բերելով նոր մեկնաբանում՝ գունային նոր երանգների ներմուծում և բազմագույն ջնարակի փոխարինում թափանցիկով։ Գերիշխող է դառնում սպիտակ կամ երկնագույն ետնախորքի վրա մանուշակագույն, շագանակագույն, սև գույներով նկարազարդումը, որն անոթներին առանձին շուք է հաղորդում։

Շինարարական խեցեղեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շինարարական խեցեղենը սակավաթիվ է, սակայն հայտնաբերված նմուշներն աչքի են ընկնում գործառութային տարբեր նշանակությամբ։ Հանդիպում են շենքերի արտաքին և ներքին տարածությունների առանձին հատվածների հարդարման մեջ հաճախ կիրառվող շինարարական խեցեղեն. կղմինդր, շքաղյուս, լուսամուտի կավե պարակալ։

Առանձնահատուկ տեղ է գրավում քառակուսի հախճասալիկի բեկորը, որի նկարազարդումը արված է ենթաջնարակային և վերջնարակային տեխնիկաների համադրմամբ։ Սպիտակ ետնախորքի վրա կապույտով արված ենթաջնարակային նկարազարդմամբ ստեղծվել է շքաղյուսի շրջանակն ու մակերեսի հիմնական ուրվանկարը, որն էլ լրացվել է շողյունով արված բուսական ու երկրաչափական մոտիվներով։ Նկատվում են նաև փիրուզագույն ցայտքեր։ Եզրային գոտին զարդարված է արաբատառ մակագրությամբ։ Հայտնի է, որ հախճասալերի կենտրոնական տեսարանների բովանդակությունն սովորաբար աղերսվում է այդ ժամանակաշրջանի գրքարվեստի մանրանկարների հետ[37]։ Եզրային մակագրություններն էլ այդ շրջանի բանաստեղծների պոեմներից հատվածներ են և համապատասխանում են սյուժեին։ Շքաղյուսի կիրառումը շենքի հարդարանքում օտարամուտ երևույթ է Հայաստանում, հայտնվում է 12–13-րդ դարերում[38][39][40][41] և շարունակվում հետագա դարերում[42]։

Կավակերտ բեկոր[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեղենյաց վանքի խեցեղեն գտածոներում հանդիպում է նաև երեսպատման համար նախատեսված կավակերտ մի բեկոր։ Այն ձեռածեփ է, մի կողմից ջնարակված։ Փիրուզագույն ետնախորքի վրա դեղին և կապույտ զուգահեռ գծերով անփութորեն նկարազարդված է։ Բեկորը ջնարակապատ կողմից մի փոքր գոգավորություն ունի, իսկ հակառակ կողմում նկատվում են խորը ակոսներ, հավանաբար, պատին ամուր ագուցելու համար։

Կղմինդրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեղենյաց վանքի պեղումներից հայտնի է հարթ կղմինդրի (սոլեն) մի նմուշ։ Կավե թրծված կղմինդրները եկեղեցաշինության մեջ լայնորեն տարածվել են 5–7-րդ դարերում[43]։ 9-րդ դարում կղմինդրե ծածկերն աստիճանաբար դուրս են գալիս գործածությունից՝ տեղը զիջելով քարե սալերին, որոնք ավելի դիմացկուն էին և, հետևաբար, երկարակյաց։ Հարթ կղմինդրի բեկորը, հավանաբար, պատկանել է քառախորան փոքր եկեղեցուն, որը Թեղենյաց վանքի վաղ կառույցն է ու թվագրվում է 6–7-րդ դարերին[44]։

Տանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնաբերվել են նաև ենթադրաբար տանիքի ծածկի բեկորներ, որոնց մեջ առանձնանում է երկթեք կառուցվածքով, ուղղահայաց վերադիր ելնդավոր գոտիներով մասը։ Այն ավարտվում է 1.6 սմ տրամագիծ ունեցող գամի համար նախատեսված անցքով, որով, հավանաբար, ամրացվել է տանիքին։ Նմանատիպ ծածկի մասեր հայտնի չեն և դրանց թվագրության հարցն առայժմ բաց է։

Պարակալ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուսամուտի բացվածքը շրջանցող պարակալը շինության արտաքին հարդարանքի գեղարվեստական արտահայտչամիջոցների շարքում հատուկ տեղ է գրավում։ Այն կավակերտ է, որը չի հանդիպում հայկական ճարտարապետական հուշարձանների լուսամուտների բացվածքների ձևավորման մեջ։ Բաղկացած է երկու բեկորից, որոնք թեև չեն միանում, սակայն լուսամուտի վերին շրջանագիծն ընդգրկող հատվածում ձևավորում են կիսաշրջան։ Այն ընդգծված է հյուսածո զարդագոտիով, որը, շրջանցելով բացվածքի կիսաշրջանաձև մասը, թեքվում է հորիզոնական ուղղությամբ աջ և ձախ՝ նմանակելով հայկական եկեղեցական ճարտարապետության մեջ տարածված լուսամուտների կամարունքերը։ Հակառակ կողմում խոշոր ելուստ է արված՝ պատի մեջ ամրացնելու համար։

Գործիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պեղումներով հայտնաբերվել են նաև քարե աշխատանքային գործիքներ և կենցաղային առարկաներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գագիկ Սարգսյան (1977). Արձանագրություն Թեղենյաց վանքից. ՀԽՍՀ ԳԱ «Լրաբեր հասարակական գիտությունների» (այսուհետև՝ ԼՀԳ). էջեր 100–107:.{{cite book}}: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  2. Գագիկ Սարգսյան. Թեղենյաց վանքի պեղումները (1979–1989 թվականների արդյունքները). էջեր 176–177:.{{cite book}}: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  3. Գագիկ Սարգսյան. Թեղենյաց վանքի պեղումները (1979–1989 թվականների արդյունքները). էջ 177.
  4. Բ․ Առաքելյան (1958). Քաղաքները և արհեստները Հայաստանում IX–XIII դդ., հատոր 1-ին. Երևան. էջեր 219:.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  5. Կարո Ղաֆադարյան (1952). Դվին քաղաքը և նրա պեղումները, հատոր 1-ին. Երևան. էջեր 188:.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  6. A. Kalantaryan, etc (2009). Armenia in the Cultural Context of East and West. Ceramics and Glass (the 4th–14th centuries). Yerevan. էջեր 132–133:.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  7. Արտաշես Քալանթարյան (1967). Որոտնավանքի խեցեղենը. Երևան: Լրաբեր հասարակական գիտությունների. էջեր 67–76:.{{cite book}}: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  8. Վ. Հարությունյան (1992). Հայկական ճարտարապետության պատմություն. Երևան. էջեր 107:.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  9. Կարեն Ղաֆադարյան (1952). Դվին քաղաքը և նրա պեղումները, հատոր 1-ին. Երևան. էջեր 186–194:.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  10. Б. Шелковников (1952). Керамика и стекло из раскопок города Двина.– Труды государственного исторического музея. Ереван. էջեր 26:.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  11. Двин IV. Город Двин и его раскопки (1981–1985 гг.). Ереван. 2008. էջեր 75:.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  12. Г. Чубинов (1916). Декоративное убранство анийских карасов․. Санкт-Петербург: «Христианский Восток». էջեր 22–39:.{{cite book}}: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  13. 13,0 13,1 Հ. Պետրոսյան (1988). Գառնին IX–XIV դարերում. Երևան. էջեր 53–58:.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  14. Բաբկեն Առաքելյան, Գ․ Կարախանյան (1962). Գառնի 3, 1949–1956 թվականների պեղումների արդյունքները (միջին դարեր). Երևան.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  15. Ֆ. Բաբայան (1981). Միջնադարյան Հայաստանի գեղարվեստական խեցեղենի զարդաձևերը. Երևան. էջեր 34–40:.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  16. Ի. Ղարիբյան (2009). Լոռե բերդաքաղաքը և նրա պեղումները. Երևան. էջեր 181–182:.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  17. A. Kalantaryan etc. (2009). Armenia in the Cultural Context of East and West. Ceramics and Glass (the 4th–14th centuries). Yerevan. էջ 38.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  18. Դ. Միրիջանյան (2008). Դրոշմազարդ կարասի բեկորներ Արմավիրից.– Հին Հայաստանի մշակույթը, -14, Նյութեր հանրապետական գիտական նստաշրջանի. Երևան. էջեր 307–311:.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  19. Ի. Ղարիբյան (1983). Գլաձոր. Երևան. էջեր 85-90:.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  20. Л. Мусхелишвили. Раскопки в Дманиси. 1940: «Советская археология». էջ 282.{{cite book}}: CS1 սպաս․ location (link)
  21. Г. Ахмедов (1959). Неполивная керамика Орен-кала IX–XIII вв․. Москва: Материалы и исследования по археологии СССР. էջեր 197–205:.{{cite book}}: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  22. Հ. Պետրոսյան (1988). Գառնին IX–XIV դարերում. Երևան. էջեր 53:.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  23. Բ․ Առաքելյան (1958). Քաղաքները և արհեստները Հայաստանում IX–XIII դդ., հատոր 1-ին. Երևան. էջեր 224:.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  24. Е. Асатрян (2005). Закари берд (результаты раскопок). Ереван. էջեր 51:.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  25. Е. Саркисян (1978). Гончарное искусство Армении. Ереван. էջեր 79–80:.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  26. Կ. Ղաֆադարյան, Ա. Քալանթարյան (2002). Դվին 2․ Դվին քաղաքը և նրա պեղումները 1973– 1980 թվականներին. Երևան. էջեր 82:.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  27. Կ. Ղաֆադարյան (1957). Սանահնի վանքը և նրա արձանագրությունները. Երևան. էջեր 189:.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  28. Ի․ Ղարիբյան (2009). Լոռե բերդաքաղաքը և նրա պեղումները. Երևան. էջեր 206:.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  29. Գ․ Սարգսյան. Թեղենյաց վանքի պեղումները (1979–1989 թվականների արդյունքները). էջեր 187:.{{cite book}}: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  30. Ի․ Ղարիբյան (2009). Լոռե բերդաքաղաքը և նրա պեղումները. Երևան. էջեր 205:.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  31. Կ. Ղաֆադարյան. Դվին քաղաքը և նրա պեղումները, հատոր 1-ին. էջեր 236:.{{cite book}}: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  32. Կ. Ղաֆադարյան, Ա. Քալանթարյան (2002). Դվին 2․ Դվին քաղաքը և նրա պեղումները 1973– 1980 թվականներին. Երևան. էջեր 93:.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  33. Բաբկեն Առաքելյան, Գ․ Կարախանյան (1962). Գառնի 3, 1949–1956 թվականների պեղումների արդյունքները (միջին դարեր). Երևան. էջեր 74-19:.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  34. Բ․ Առաքելյան (1958). Քաղաքները և արհեստները Հայաստանում IX–XIII դդ., հատոր 1-ին. Երևան. էջեր 239:.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  35. Գ․ Սարգսյան. Թեղենյաց վանքի պեղումները (1979–1989 թվականների արդյուները). էջեր 180:.{{cite book}}: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  36. Կ. Ղաֆադարյան, Ա. Քալանթարյան (2002). Դվին 2․ Դվին քաղաքը և նրա պեղումները 1973– 1980 թվականներին. Երևան. էջեր 91-92:.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  37. Э. Кверфельдт (1947). Керамика Ближнего Востока. Ленинград. էջեր 66:.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  38. Բ․ Առաքելյան (1958). Քաղաքները և արհեստները Հայաստանում IX–XIII դդ., հատոր 1-ին. Երևան. էջեր 256:.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  39. Հ. Պետրոսյան (1988). Գառնին IX–XIV դարերում. Երևան. էջեր 80–81:.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  40. Ա․ Ժամկոչյան (1990). Ճարտարապետական հարդարանքի նմուշներ Տիկնունի ամրոցից. էջեր 66-75:.{{cite book}}: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  41. Ա․ Քալանթարյան (1987). Դվինի արշավախմբի 1983–1984 թվականների աշխատանքների հիմնական արդյունքները. Պատմաբանասիրական հանդես. էջեր 145:.{{cite book}}: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  42. Ա․ Ժամկոչյան (1981). Միջնադարյան Հայաստանի հախճապակին 9–14-րդ դարերում. Երևան: Հայաստանի հնագիտական հուշարձանները. էջեր 129–133:.{{cite book}}: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  43. Վ. Հարությունյան (1992). Հայկական ճարտարապետության պատմություն. Երևան. էջեր 202:.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  44. Գ․ Սարգսյան. Թեղենյաց վանքի պեղումները (1979-1989 թվականների արդյունքները). էջեր 179:.{{cite book}}: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աստղիկ Բաբաջանյան, Դիաննա Միրիջանյան (2008–2011). Թեղենյաց վանքի խեցեղենը. Երևան.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]