Գագիկ Սարգսյան
Գագիկ Սարգսյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 6, 1926 Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | օգոստոսի 25, 1998 (72 տարեկան) Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | պատմաբան |
Հաստատություն(ներ) | Երևանի պետական համալսարան |
Գործունեության ոլորտ | պատմություն և արևելագիտություն |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան և Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի պատմության ինստիտուտ |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր և ակադեմիկոս |
Տիրապետում է լեզուներին | հայերեն[1] |
Գիտական ղեկավար | Իգոր Դյակոնով և Q4228076? |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Ամուսին(ներ) | Կարինե Խուդաբաշյան |
Երեխա(ներ) | Նազենիկ Սարգսյան |
Սարգսյան Գագիկ Խորենի (ապրիլի 6, 1926, Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 25, 1998, Երևան, Հայաստան), հայ խորհրդային պատմաբան, արևելագետ։ Պատմական գիտությունների դոկտոր (1967), պրոֆեսոր (1981), ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (թղթակից անդամ 1974)։ ԽՄԿԿ անդամ 1953 թվականից։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1950 թվականին ավարտել է Լենինգրադի համալսարանի պատմության ֆակուլտետը։ Այդ տարիներին տիրապետել է հունարեն, լատիներեն, աքքադերեն, գերմաներեն, անգլերեն լեզուներին։ 1954 թվականից աշխատել է ՀԽՍՀ ԳԱ պատմության ինստիտուտում։ Այդ թվականին էլ պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ «Հին Հայաստանի քաղաք» թեմայով։ 1956-1962 թվականներին՝ ավագ գիտաշխատող և ԳԱ հասարակական գիտությունների բաժանմունքի գիտական քարտուղար, 1962-1966 թվականներին՝ տնօրենի տեղակալ տնօրենի գիտական գծով, 1966-1971 թվականներին՝ Հին աշխարհի պատմության բաժնի վարիչ։ 1971 թվականից եղել է ՀԽՍՀ ԳԱ արևելագիտության ինստիտուտի տնօրենը։ Դասախոսել է Երևանի բուհերում (պատմական առարկաներ, հին հունարեն, աքքադերեն)։ Գագիկ Սարգսյանը 1984 թվականին ընտրվել է ԽՍՀՄ արևելագետների միության ՀԽՍՀ մասնաճյուղի նախագահ։ 1988-1990 թվականներին աշխատել է ՀԽՍՀ ԳԱԱ փոխնախագահ, իսկ 1994 թվականին վարել է հումանիտար գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղարի բաժինը։
Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գիտական ուսումնասիրությունները ընթացել են զատորոշված ուղղություններով։ Դա հելլենիստական ժամանակաշրջանի միջագետքյան հասարակության սոցիալ-տնտեսական կյանքն է, իսկ մյուսը՝ հայ ժողովրդի հին և վաղ միջնադարի պատմությունը։ Գիտական ուսումնասիրությունները հայագիտության բնագավառում վերաբերում են՝ հելլենիստական դարաշրջանի Հայաստանի սոցիալական և քաղաքական պատմությանը, հոգևոր մշակույթին, նախամեսրոպյան շրջանի պատմագրական մտքին և Մովսես Խորենացու «Հայոց պատմությանը», սովետահայ պատմագրությանը, ասորագիտության և սեպագրագիտության բնագավառում՝ ուշ, հելլենիստական շրջանի բաբելոնյան սեպագիր վավերագրերի հրատարակմանը, քաղաքների սոցիալ-տնտեսական, վարչաքաղաքական և մշակութային նկարագրին, հունական և բաբելոնական քաղաքակրթությունների փոխազդեցությանը։ Մասնակցել է Հայ ժողովրդի պատմության ակադեմիական հրատարակության ստեղծմանը։ 1980 թվականին լույս է տեսել «Տիգրանակերտ» աշխատությունը։ Ավելի քան 30 տարի հետազոտել է ասորա-բաբելական սեպագիր արձանագրությունները։ Նա հրատարակել է Պետական Էրմիտաժի սելևկյան ժամանակաշրջանի սեպագրերը, Բեռլինի առաջավորասիական թանգարանի ֆոնդերում պահվող, հելլենիստական ժամանակաշրջանին վերաբերող սեպագիր արձանագրությունների բնագրերը։ Գերմանիայի մասնագետների հետ տպագրության է պատրաստել «Հելլենիստական դարաշրջանի Միջագետքի սոցիալ-տնտեսական պատմության սեպագիր վավերագրերի դիվան» աշխատությունը։
Գագիկ Սարգսյանը բազմաթիվ հոդվածներ է նվիրել Հայաստանի սոցիալ-տնտեսական, քաղաքական և հոգևոր մշակույթի հարցերին։ Այդ ուսումնասիրությունները նա ի մի է բերել «Հին Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման ուղիների մասին» (Երևան, 1962) աշխատության մեջ։ Նա ընդհանրացրել է նախամեսրոպյան շրջանի հայ պատմագրությունը։ 1965 թվականի լույս է տեսել «Մովսես Խորենացու «Հայոց պատմության» ժամանակագրական համակարգը», իսկ 1966 թվականին՝ «Հելլենիստական դարաշրջանի Հայաստանը և Մովսես Խոևենացին» աշխատությունները։ Վերջին ուսումնասիրության համար նրան շնորհվել է պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։ Նրա հետազոտությունների արդյունքն էր Մովսես Խորենացու «Հայոց պատմության» հրատարակությունը ռուսերեն (1991), որին կցված է ընդարձակ ներածություն և ավելի քան 700 պատմաբանասիրական ծանոթագրություն։
Գագիկ Սարգսյանը հիմնադրել է պարբերական հրատարակություններ՝ տարեգրքեր, ղեկավար մասնակցություն ունեցել ընդհանրացնող աշխատությունների ստեղծմանը։ Նա հայ ժողովրդի պատմության ութհատորյակի ակադեմիական հրատարակության առաջին հատորի խմբագիրն է և հելլենիստական ժամանակաշրջանի բաժնի, ինչպես և հայ ժողովրդի պատմության 5-6-րդ դասարանների դպրոցական դասագրքի հին շրջանի հեղինակը, մասնակցել է բազմաթիվ միջազգային գիտաժողովների և հանդես եկել զեկուցումներով՝ ներկայաացնելով հայագիտության պրոբլեմները։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար, ակադեմիկոս Վ. Բ. Բարխուդարյան, Ա. Վ. Քոսյան «Գ. Խ. Սարգսյան», պատմաբանասիրական հանդես №1, 1996, էջ 269-272
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 221)։ ![]() |
- Ապրիլի 6 ծնունդներ
- 1926 ծնունդներ
- Երևան քաղաքում ծնվածներ
- Օգոստոսի 25 մահեր
- 1998 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- ԵՊՀ դասախոսներ
- ԵՊՀ շրջանավարտներ
- ԽՄԿԿ անդամներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Հայ պատմաբաններ
- Պատմական գիտությունների դոկտորներ
- ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ
- Հայ պրոֆեսորներ
- Հայ ակադեմիկոսներ
- Հայ արևելագետներ
- 20-րդ դարի պատմաբաններ
- Խորհրդային պատմաբաններ