Գագիկ Սարգսյան (վիմագրագետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գագիկ Սարգսյան
Ծնվել էհունվարի 20, 1950(1950-01-20) (74 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայկական ԽՍՀ և  Հայաստան
Մասնագիտությունհնագետ և վիմագրագետ

Գագիկ Գվիդոնի Սարգսյան (հունվարի 20, 1950(1950-01-20), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ վիմագրագետ, հնագետ, Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտական գծով քարտուղար (2001-2006), վիմագրության բաժնի վարիչ (2011) և նախկին փոխտնօրեն (2006-2019), պատմական գիտությունների թեկնածու (1986)[1][2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1950 թվականի հունվարի 20-ին Երևանում։ 1967 թվականին ավարտել է Երևանի Ստեփան Շահումյանի անվան թիվ 1 դպրոցը։ Նույն թվականին ընդունվել և 1972 թվականին ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետը՝ պաշտպանելով «Հավուց թառի վիմական արձանագրությունները» խորագրով ավարտական աշխատանքը (ղեկավար՝ Պարույր Մուրադյան)։ 1972 թվականից աշխատել է ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի վիմագրության բաժնում՝ որպես ավագ լաբորանտ, իսկ 1998 թվականից՝ ավագ գիտաշխատող[2]։ 1991-1992 թվականներին նա եղել է նորաստեղծ ՀՀ կառավարությանն առընթեր հուշարձանների պահպանության գլխավոր վարչության բաժնի պետը, 1992-1995 թվականներին՝ նույն վարչության պետի տեղակալը, 1995-1997 թվականներին եղել է ՀՀ հուշարձանների պահպանության բաժնի պետը, իսկ 1997-1998 թվականներին ՀՀ հուշարձանների պահպանության և վերականգնման վարչության պետը։

Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիմագրագետ Գագիկ Սարգսյանը 1977 թվականին հրատարակել է իր անդրանիկ հոդված՝ «Արձանագրություն Թեղենյաց վանքից», որում անրադարձել է միջնադարյան Հայաստանի նշանավոր հոգևոր ու մշակութային կենտրոն Թեղենյաց վանքի ուսումնասիրման խնդրին։ 1979 թվականից ղեկավարել է Թեղենյաց վանքի հնագիտական պեղումների աշխատանքները, որն իրականացվել է մինչև 1989 թվականը, ապա որոշ ընդհատումներով շարունակվել մինչև 2011 թվականը։ 1986 թվականին Բաբկեն Առաքելյանի ղեկավարությամբ պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը «Հայաստանի վիմական արձանագրությունները. Նիգ, Վարաժնունիք (սոցիալ-պատմական քննություն)» թեմայով, որը դառնում է հիմք «Դիվան հայ վիմագրության» մատենաշարի ներկա ՀՀ Կոտայքի մարզն ընդգրկող դեռևս անտիպ պրակի համար[2]։ 2009-2010 թվականներին դասավանդել է Երևանի պետական մանկավարժական ինստիոտուտում։ Չորս մենագրությունների հեղինակ է. 2003 թվականին համահեղինակությամբ լույս է տեսել «Վարդենիկ. Ս. Աստվածածին - Ս. Հրեշտակապետաց եկեղեցի», 2005 թվականին՝ «Գինին հայոց ավանդական մշակույթում» և «Պատմամշակությաին հուշարձանների պահպանության հիմունքները», իսկ 2021 թվականին «Նորահայտ վիմագիր Արտավազավանքից» մենագրությունները։ Մոտ վեց տասնյակ հոդվածների հեղինակ է, խմբագրել է տասից ավելի մենագրություններ։

Գագիկ Սարգսյանը զբաղվել է հնագիտական ակտիվ գործունեությամբ։ 2001 թվականի հուլիսին Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղի բնակիչ Գառնիկ Միքայելյանի նախաձեռնությամբ և ֆինանսական աջակցությամբ Հնագիտության և ազգագարության ինստիտուտի մի խումբ հնագետների հետ իրականացրել են այդ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու պեղման և մաքրման աշխատանքները։ Պեղումների արդյունքում բացվել է եկեղեցու բոլոր սյուների խարիսխները, 27 վիմական արձանագրություն, որոնց մեջ է եկեղեցու շինարարակական արձանագրությունը։ Ըստ վիմագրի 1310-ական թվականներին Խուրտեր քահանան կառուցել է եկեղեցին և գավիթը, որոնք կանգուն են եղել մինչև 15-րդ դարի վերջերը։ 2001 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին իրականացվել է եկեղեցու ամրակայումը, իսկ 2002 թվականի ապրիլի 27-ին կատարվել է նոր եկեղեցու հիմնարկեքը (ճարտարապետ՝ Սամվել Դերձյան)։ 2007 թվականի ամռանը Հայ Առաքելական եկեղեցու Կոտայքի թեմի նախաձեռնությամբ Գագիկ Սարգսյանն ու Հուսիկ Մելքոնյանն իրականացրել են Եղվարդ քաղաքի Սուրբ Աստվածածին երկհարկանի դամբարան-եկեղեցու պեղման և մաքրման աշխատանքները, որի նպատակն էր հուշարձանը փրկել հնարավոր փլուզումից։ Եկեղեցին երկու մետր թաղված է եղել հողի մեջ, որի պատճառով պատերը խոնավությունից վնասվում էին։ 14-րդ դարի առաջին քառորդում կառուցված եկեղեցին իր ճարտարապետական հորինվածքով բացառիկ է, պեղումների ժամանակ հայտնաբերվել են միջնադարով թվագրվող հնագիտական հարուստ նյութ։ 2007-2008 թվականներին Հնագիտության և ազգագրության ինստիտուտի հնագիտական արշավախմբի կազմում Գագիկ Սարգսյանը մասնակցել է Լոռու մարզի Գոգարան գյուղի մի շարք հուշարձանների պեղումներին։ Պեղումների ընթացքում գյուղի արևմտյան մասում գտնվող «Սանգյառ» միջնադարյան ամրոցի տարածքում բացվել է բնակելի համալիր, գտնվել՝ խեցեղեն և բյուզանդական դրամ։ Գյուղի տարածքում կան դամբարանադաշտեր, որտեղից հայտնաբերված հնագիտական նյութը թվագրվում է մ.թ.ա. 11-9-րդ դարերով։ 2010 թվականին Գագիկ Սարգսյանը հնագիտական արշավախմբի կազմում մասնակցել է Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու պեղման և մաքրման աշխատանքներին, որի ընթացքում եկեղեցու արևելյան և հյուսիսային հատվածներում բացվել են արձանագիր խաչքարեր, տապանքարեր, խաչքարերի պատվանդաններ և ձեթ ստանալու համար նախատեսված բազալտե տառապան։ 2012-2013 թվականներին գլխավորել է Արագածոտնի մարզի Միրաք գյուղի միանավ եկեղեցու պեղման աշխատանքները, որի նպատակն էր եկեղեցու ամրակայումն ու վերականգնումը։ Ավելի քան երեք տասնամյակ ընդհատումներով հնագետ-վիմագրագետ Գագիկ Սարգսյանը գլխավորել է Կոտայքի մարզի Թեղենյաց վանքի հնագիտական արշավախումբը, որի արդյունքում հողաշերտից ամբողջապես բացվել է վանական համալիրը՝ Կաթողիկե եկեղեցին, գրատունը, մատենադարանը, փոքր եկեղեցին։

Գիտական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիտական հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Արձանագրություն Թեղենյաց վանքից», ԼՀԳ, 1977, Հմր 8, էջ 100-107։

Ատենախոսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Պատմական Նիգ և Վարաժնունիք գավառների վիմական արձանագրությունները», 1986, թեկնածուական (ղեկավար՝ Բաբկեն Առաքելյան)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]