Jump to content

Կարատե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարատե
空手
պատկերանիշ
Այլ անվանումներKarate-dō (空手道)
Ծագման երկիրՌյուկյուի թագավորություն / Ճապոնիա Ճապոնիա (Ռյուկյու կղզիներիտեղական մարտարվեստներ և չինական կենպո և հետագա զարգացում Ճապոնիայում)
ՍտեղծողԿանգա Սակուկավա, Սոկոն Մացումարա, Անկո Յոցու, Սեյշո Արակակի, Հիգաոնա Կանրիո, Գիչին Ֆունակոշի, Մոտոբու Չոկի
Մարզիկներկարատեիստ
Օլիմպիական սպորտ2005-ին ընտրված չէ (2012-ի համար),
2009-ին ընտրված չէ (2016-ի համար)

Կարատե (ճապ.՝ 空手道, [ka'ɽate]; կարատե-դո՝ «դատարկ ձեռքի ճանապարհ»), ճապոնական մարտարվեստ։

Կարատեն ձևավորվել է Ճապոնիայի Օկինավա կղզում։ 2020 թվականին կարատեն օլիմպիական մարզաձև էր, իսկ 2024 թվականին այն չի ընդգրկվել Օլիմպիական խաղերի ծրագրում[1]։ Ի սզբանե կարատեն իրենից ներկայացնում էր ձեռնամարտի համակարգ, որը նախատեսված էր միայն ինքնապաշտպանության համար։ Այսօր կարատեն լայն տարածում է գտել ցուցադրական ելույթների, տամեշիվարիի ցուցադրությունների շնորհիվ։ Այսպես շատ փորձառու վարպետները կարող են բռունցքով կոտրել սառույցի հաստ շերտ, ոտքի հարվածով 15 սմ հաստությամբ սոճու գերանը վերածել փշրանքների, արմունկով կամ գլխով կոտրել տանիքի կղմինդրի մի քանի շերտ[2], ինչը պահանջում է ինչպես ֆիզիկական ուժ և հարվածային մակերեսների մարզում, այնպես էլ հարվածային տեխնիկայի որոշակի վարպետություն[2][3]։

Ի տարբերություն այլ ճապոնական մարտարվեստների (ջիու-ջիցսու, ձյուդո), որոնք ներառում են ըմբշամարտ, տարբեր նետումներ, բռնվածքներ և խեղդող հնարքներ, կարատեում մենամարտի մասնակիցների միջև անմիջական շփման աստիճանը նվազագույն է, իսկ հակառակորդին ջախջախելու համար օգտագործվում են ճշգրիտ ուղղված հզոր հարվածներ ոտքերով և ձեռքերով՝ հասցված նրա մարմնի կենսական կարևորության կետերին։

Մրցումներն անցկացվում են երկու մրցաձևերով՝ կումիտե (ազատ սպարինգ) և կատա (շարժումների ֆորմալացված հաջորդականություն, որը կապված է երևակայական հակառակորդի հետ մենամարտ վարելու սկզբունքների հետ)[4]:

«Կարատե» տերմինը շրջանառության մեջ է դրվել 18-րդ դարում Օկինավայի Ակատա բնակավայրից ոմն Սակուգավայի կողմից։ Չինաստանից վերադառնալուն պես, որտեղ Սակուգավան ուսուցանվում էր մարտարվեստի շաոլինի ոճը, նա հիմնադրել է Կարատե-նո Սակուգավա մասնավոր դպրոցը։ Հետագայում «կարա» հիերոգլիֆը, որը նշանակում էր «չինական», փոխարինվել է համահունչ, բայց այլ իմաստ ունեցող «կարա»՝ «դատարկ» բառով։ Գիչին Ֆունակոշին (1868–1957), հայտնի կարատեի վարպետ և ժողովրդականացնող, բացատրել է այս փոխարինման իմաստը. «Ինչպես հայելու հղկված մակերեսը արտացոլում է իր առջևում գտնվող ամեն ինչ, իսկ հանգիստ հովիտը տարածում է ամենափոքր ձայնը, այնպես էլ կարատե ուսուցանողը պետք է ազատվի եսասիրությունից և չարությունից՝ ձգտելով ողջամտորեն արձագանքել իրեն հանդիպած ամեն ինչին: Սա է «դատարկ» հիերոգլիֆի իմաստը»: «Դատարկ ձեռք» անվանումը (空手) հաստատվել է 1935 թվականի կոնֆեռանսի ժամանակ, որի ժամանակ հավաքվել են օկինավյան կարատեի տարբեր ոճերի վարպետներ։ Ավելի ուշ ի հայտ է եկել «դո» հասկացությունը, որը փիլիսոփայական հասկացության մեջ նշանակում է «մարտիկի ճանապարհ», ուղի, կյանքի դիրքորոշում, որի իմաստը կայանում է մարմնի և ոգու մշտական կատարելագործության մեջ։ «Կարատե-դո» անվանումը թարգմանվում է որպես «դատարկ ձեռքի ճանապարհ»։

Կարատեն Ճապոնիա է բերվել Օկինավայից 19-րդ դարի վերջին: Օկինավան մի ժամանակ անկախ Ռյուկյու թագավորության կենտրոնն էր, որը սերտ առևտրային կապեր ուներ Չինաստանի հետ: 17-րդ դարում Ռյուկյու թագավորության հյուսիսային մասը նվաճվեց Սացումա արքայության սամուրայների կողմից: 19-րդ դարում Ռյուկյու թագավորությունն ամբողջությամբ դարձավ Ճապոնիայի մաս: Ներկայումս արևմտյան գրականության մեջ տարածված կարծիք է, որ օկինավացիները անընդհատ պարտիզանական պատերազմ են մղել ճապոնացի զավթիչների դեմ և այդ նպատակով ստեղծել են կարատեի արվեստը: Այս տեսության քննադատները պնդում են, որ 300,000 բնակչության պարագայում կղզին ուներ ընդամենը մոտ 15 սամուրայից բաղկացած ճապոնական կայազոր, ինչը վկայում է օկինավացիների օրինապահության մասին։ Կղզում մարտարվեստները հիմնականում կիրառվել են չինացի ներգաղթյալների սերունդների շրջանում, իսկ նրանցից դրանք աստիճանաբար տարածվել են նաև այլ բնակիչների շրջանում:

19-րդ դարի վերջում, Ճապոնիայում վարչական բարեփոխումների ընթացքում, Ռյուկյու պետության կարգավիճակը վերացվեց, և Օկինավան դարձավ Ճապոնական կայսրության ևս մեկ պրեֆեկտուրա: Զինվորական զորակոչի ժամանակ բժիշկները նկատեցին, որ օկինավացի մի շարք զորակոչիկներ տարբերվում էին իրենց ֆիզիկական պատրաստվածությամբ։ Հայտնի էր դարձել, որ նրանք զբաղվում էին տեղական տոտե մարտարվեստով: Սա ծառայեց որպես փաստարկ՝ տոտեն Օկինավայի դպրոցների տարրական դասարանների ուսումնական ծրագրում որպես ֆիզիկական դաստիարակության ձև ներառելու համար, ինչը հանգեցրեց դրա լայն տարածմանը: Այս գործընթացի բացասական կողմն այն էր, որ կարատեն սկսեց կորցնել իր մարտարվեստի բնորոշ գծերը և սկսեց վերածվել ռազմականացված մարմնամարզության։

Կումիտե

20-րդ դարի սկզբին կարատեն արդեն ճապոնական բանակի անձնակազմի պատրաստության պարտադիր ծրագրի մաս էր կազմում, կարատեի արժեքը հաստատեց նաև ռուս-ճապոնական պատերազմը։ Դարի սկզբին Գիչին Ֆունակոշին մի խումբ համախոհների հետ սկսեցին տարածել կարատեն, նախ Օկինավայում, ապա ամբողջ Ճապոնիայում։ 1924 թվականին նա բացեց կարատեի առաջին հանրային ակումբը Տոկիոյի Կեյո համալսարանում[5] ։

Մարտարվեստը տարածվեց Օկինավայի տոհմային ընտանեկան դպրոցներից այն կողմ և արագորեն նվաճեց ամբողջ Ճապոնիան, հիմնականում Ֆունակոշիի ակտիվ գործունեության շնորհիվ, ով դասախոսություններ էր կարդում համալսարաններում, կազմակերպում կարատեի ուսումնական խմբեր և անձամբ ցուցադրում դրա տեխնիկան: 1936 թվականին Ֆունակոշին բացեց «Շոտոկան» («Սոճիների և ալիքների տուն») անունով դպրոց, որտեղ նա սկսեց դասավանդել դպրոցի անունը կրող ոճը: Ժամանակի ընթացքում Շոտոկանը դարձավ կարատեի դասական ոճը: Այն բնութագրվում է ցածր դիրքերով և կարճ, կտրուկ հարվածներով, որոնք արագ և ճշգրիտ են, այլ ոչ թե ուժեղ: Կոնքերի շարժումը բոլոր հնարքների ճիշտ կատարման բանալին է: Պաշտպանական շարժումը միաժամանակ ծառայում է որպես հակագրոհ[2]:

20-րդ դարի սկզբին Օկինավան բախվել էր շատ դժվար տնտեսական իրավիճակի, և օկինավացիները զանգվածաբար գաղթեցին դեպի ճապոնական հիմնական կղզիներ՝ աշխատանք փնտրելու համար: Կարատեն հետևեց նրանց: Սակայն ճապոնացիները մեծ ուշադրություն չէին դարձնում կարատեին մինչև 1920-ական թվականները, երբ օկինավացի վարպետ Մոտոբու Չոկին հրապարակային մենամարտում հաղթեց արևմտյան բռնցքամարտիկի, և «Քինգու» ամսագիրը հրապարակեց գունեղ հոդված այդ մասին: Սակայն, քանի որ օկինավյան բարբառը շատ էր տարբերվում դասական ճապոներենից, ճապոնացիներն ավելի էին նախընտրում դիմել նրանց, ովքեր կարող էին դասավանդել դասական ճապոներենով, և դրանք հիմնականում Օկինավայի դպրոցներից էին, ովքեր կարատե ուսումնասիրել են արդիականացված ուսումնական ծրագրով: Այսպիսով, կարատեն սկսեց տարածվել Ճապոնիայում հիմնականում «ֆիզիկական դաստիարակության» տարբերակով: 1920-ականներից մինչև 1940-ական թվականները օկինավացի վարպետների կողմից կան բազմաթիվ հայտարարություններ այն մասին, որ Ճապոնիայում կարատեն մեծապես աղավաղված է օկինավյան «ավանդական» տարբերակի համեմատ:

1945 թվականին Ճապոնիայի ռազմական պարտությունից հետո ամերիկյան օկուպացիոն իշխանությունները արգելեցին բոլոր ճապոնական մարտարվեստները, բացառությամբ կարատեի, որը համարվում էր պարզապես մարմնամարզության մի տեսակ: 1948 թվականին Ֆունակոշիի գլխավորությամբ հիմնադրվեց Ճապոնական կարատեի ասոցիացիան (JKA), որը միավորեց այս մարտարվեստի առաջատար մասնագետներին: Այդ ժամանակվանից ի վեր կարատեն զարգացել է և՛ որպես ինքնապաշտպանության համակարգ, և՛ որպես սպորտ[2]:

Ժամանակի ընթացքում կարատեն ամբողջ աշխարհում ավելի ու ավելի տարածված դարձավ, և դրա մարզական և ավանդական ճյուղերի միջև բաժանումն ավելի արտահայտված դարձավ։ Շոտոկանը նույնպես չխուսափեց այս բաժանումից։ Կարատեի զարգացման մարզական մոտեցման կողմնակիցները 1957 թվականին ստեղծեցին Ճապոնիայի կարատեի ասոցիացիան։ Նույն թվականին անցկացվեց առաջին համաճապոնական կարատեի առաջնությունը։ 1963 թվականին Չիկագոյում անցկացվեց կոնտակտային կարատեի աշխարհի ոչ պաշտոնական առաջնությունը[4]։

Կարատեն Հայաստանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավանդական կարատեն Հայաստանում գործում է 1990-ական թվականներից, սակայն որպես ֆեդերացիա պաշտոնապես հիմնադրվել է 2004 թվականին: Հայաստանի ավանդական կարատեի ֆեդերացիան իր տեսակի մեջ միակն է Հայաստանում, որը ճանաչվել է Միջազգային ավանդական կարատեի ֆեդերացիայի (ITKF) (այժմ՝ WTKF) կողմից: Ընդ որում՝ իր պաշտոնական հիմնադրումից ընդամենը երեք տարի անց: Բացի այդ, ֆեդերացիան անդամակցում է Համաշխարհային հայկական կոնգրեսի երիտասարդական կազմակերպությունների ասոցիացիային: Ազգային Ավանդական Կարատե-դո ֆեդերացիայի նախագահն է սև գոտի 6-րդ դան սենսեյ Սուրեն Մաթևոսյանը[6]։

Ավանդական կարատեն Վրաստանից Հայաստան է բերել Դմիտրի Օհանյանը՝ ֆուդոկան դպրոցի տեսքով։

Կարատեն և Օլիմպիական խաղերը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարատեն երկար ժամանակ Օլիմպիական խաղերում ընդգրկվելու թեկնածու մարզաձևերից մեկն է։ Օլիմպիական կարգավիճակի խոչընդոտներից մեկը մարզիկների շրջանում վնասվածքների բարձր մակարդակն էր։ Ավելին, օլիմպիական ծրագրում ընդգրկվելուն խոչընդոտում էր կարատեի ոճերի և ֆեդերացիաների մեծ թիվը, որոնք չէին հանձնառու օլիմպիական մարզաձև դառնալու համար անհրաժեշտ մարզական միավորմանը։ 2020 թվականին կարատեն, չորս այլ մարզաձևերի հետ միասին, դարձավ օլիմպիական մարզաձև։ Սակայն հետագայում կարատեն կրկին հանվեց օլիմպիական ծրագրից։ Այն չընդգրկվեց Փարիզում կայանալիք 2024 թվականի Օլիմպիական խաղերում[7]։

Կազմակերպություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուրաքանչյուր խոշոր կարատեի ոճ ունի իր միջազգային ֆեդերացիան (երբեմն մի քանի միջազգային ֆեդերացիաներ, օրինակ՝ Կյոկուշինկայ), որը միավորում է մեկ երկրի շրջանակներում գործող ազգային ֆեդերացիաները: Սովորաբար, յուրաքանչյուր ֆեդերացիա ունի իր սեփական պահանջները, աստիճանները, գոտիները և սպորտային մրցաշարեր անցկացնելու կանոնները։

1957 թվականին հիմնադրվեց Համաճապոնական կարատե-դո ֆեդերացիան, որին հաջորդեցին Եվրոպական կարատեի միությունը 1959 թվականին, իսկ Համաշխարհային միացյալ կարատեի կազմակերպությունը 1970 թվականին: 1990 թվականին մի քանի կազմակերպություններ միավորվեցին՝ ստեղծելով Համաշխարհային կարատեի ֆեդերացիան, որը ներկայացնում է կարատեի շահերը Միջազգային օլիմպիական կոմիտեում: Ներկայումս կարատեն ունի ավելի քան 20 միլիոն մարզիկ ամբողջ աշխարհում[5]: Աշխարհի առաջնություններն անցկացվում են 1970 թվականից, իսկ Եվրոպայի առաջնությունները՝ 1971 թվականից[8]:

Բազային տեխնիկաները և տարրերը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարզումներն հիմնվում են երեք հիմնական տեխնիկաների վրա․

  • Կիհոն (基本) - բազային տեխնիկայի էլեմենտների ուսումնասիրություն է առանց մեկ այլ մարտիկի: Դա վարպետության հիմքն է:
  • Կումիտե (組み手) - զույգերով մարզում։ Այն բաժանված է նախապես պայմանավորված խաղի (յակուսոկու կումիտե) և ազատ մարտի (ջիյու-կումիտե): Ջիյու-կումիտեն մրցակցային մարզաձև է: Այս տեսակի խաղում հարվածները չեն տրվում ամբողջ ուժով, այլ միայն ցույց են տալիս: Հարվածները կարող են կատարվել ձեռքերով կամ ոտքերով գլխին կամ մարմնին գոտկատեղից վերև: Մրցավարները գնահատում են հարվածի ծանրությունը, եթե այն իրականում հասցվել է: Կիրառվում է մեկից երեք միավորանոց գնահատման համակարգ՝ իպպոն, նիհոն, սամբոն (համապատասխանաբար՝ յուկո, վազա-արի, իպպոն օլիմպիական տարբերակում): Մրցումներն անցկացվում են մի քանի քաշային կատեգորիաներով:
  • Կատա (型) - ֆորմալ վարժություններ, մարտեր մեկ կամ մի քանի անտեսանելի հակառակորդների հետ, մարտ ստվերի հետ։ Վարժությունները կատարվում են մեկ հաջորդականությամբ՝ շարժումները բաժանված են հարձակողական և պաշտպանողականի։ Կատա մրցումներն անցկացվում են ինչպես անհատական, այնպես էլ խմբային կատեգորիաներով[4]։

Կատայի չորս տարրերն են՝

  • Բունկայ (分解) – վերլուծություն, կատայի բացատրություն,
  • Օյո (応用) – կիրառում,
  • Հենկա (変化) – տարատեսակներ,
  • Կակուշի (隠し) – գաղտնիություն։

Կարատեում օգտագործվում է ընդհանուր ընդունված միջազգային կարատեի տերմինաբանությունը։

Կարատեի ուղղությունները, ոճերը և դպրոցները

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տամեշիվարի

Կարատեի համաշխարհային ֆեդերացիան (WKF) ճանաչում է 1930-ականներին ստեղծված կարատեի հետևյալ չորս ոճերը՝

Անընդհատ ի հայտ են գալիս ոճեր, քանի որ յուրաքանչյուր ականավոր վարպետ բերում է ինչ-որ յուրահատուկ բան, ինչը հաճախ հանգեցնում է նոր ոճի ստեղծմանը: Ավելին, եղել են դեպքեր, երբ վարպետը, ավարտելով մեկ դպրոցը, լքել է կազմակերպությունը և ստեղծել իր սեփական ոճը՝ գործնականում փոխելով միայն անունը: Այս և այլ պատճառներով կան ավելի քան երկու հարյուր տարբեր կարատեի ոճեր և դպրոցներ: Առավել հայտնիները, բացի արդեն նշված չորսից, ներկայացված են ստորև.

  • Կյոկուշինկայ (極真会)՝ հիմնադիր Մասուտացու Օյամա, հիմնադրվել է 1950-ական թվականներին։
  • Կարատենոմիչի (空手之道)՝ կոշտ շոտոկան, որը հիմնադրել է լեգենդար վարպետ Միկիո Յահարան, որպես անհպում սպորտային կարատեի այլընտրանք։
  • Աշիհարա-կարատե (芦原)՝ հիմնադիրը Հիդեյուկի Աշիհարան է։ Զարգացել է 1970-1980-ական թվականներին Կյոկուշինկայից՝ ավելացնելով նետողական հնարքներ և սաբակի։
  • Սեյդո-կարատե՝ Ֆուլ-կոնտակտ կարատեի ամենակոշտ ոճը, գործնական կարատեն՝ նետումներով, հարվածային ակրոբատիկայի և թայլանդական բռնցքամարտի տարրերով, ստեղծվել է 1980 թվականին կյոկուշինկայի վարպետ Կազույոշի Իշիիի կողմից, ով նաև ճապոնական պրոֆեսիոնալ քիքբոքսինգի՝ K-1-ի հիմնադիրն է: Սեյդո կարատեի ֆեդերացիայի միջազգային ասոցիացիայի (FIKA) գլխավոր գրասենյակը գտնվում է Օսակայում, Ճապոնիա:
  • Կոշիկի-կարատե (硬式空手)[9]՝ հիմնադիրը Կայսո Կորի Հիսատական է։
  • Ֆուդոկան (不動館)՝ հարավսլավացի վարպետ Իլյա Յորգայի կողմից 1980 թվականին ստեղծված ոճ։ Այն բժշկական տեսանկյունից գիտականորեն ամենահիմնավորված կարատեի ոճն է։
  • Շյորին-րյու (小林流)՝ Օկինավայի կարատեի հնագույն ոճերից մեկը։
  • Ջյոսինմոն Շյորին-րյու (Օպերատիվ կարատե)՝ հիմնադիրը Իկեդա Հոսյուն է։ Այս կարատեի ոճը կիրառվել է ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեում։ Կիրառական ուղղություն, որը ստեղծվել է 1970-ական թվականներին։ Ունի երեք հիմնական դպրոց։
  • Ուեչի-րյու (上地流)՝ ոճ, որը հիմնադրվել է Կամբուն Ուեչին Օկինավա կղզում։
  • Կյոկուշին Բուդոկայ (極真武道会)՝ հիմնադիրը Յոն Բլյումինգն է։
  • Կոննո-ջուկու՝ ինտելեկտուալ կարատե, զարգացել է 1999 թվականին, հիմնադիրը Կոննո Սատոսին է։
  • Կուդո՝ կարատեի, ձյուդոյի և թայլանդական բռնցքամարտի հնարքների համակցված ոճ։ Հիմնադրվել է Ազումա Տակաշիի կողմից։
  • Կարատե կոմբատ՝ խթանում է առաջին պրոֆեսիոնալ լիարժեք կոնտակտային կարատեի լիգան, որը միջոցառումներ է անցկացնում ամբողջ աշխարհում 2018 թվականի ապրիլից ի վեր: Հիմնադրվել է Մայքլ ԴեՊիետրոյի և Ռոբերտ Բրայանի կողմից:

Գոտիների և աստիճանների համակարգը

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարտարվեստի օբիների գույները 9-րդ կյուից մինչև 1-ինը

Կարատեն տարբերակում է ուսանողական աստիճանները, որոնք կոչվում են «կյու», և վարպետի աստիճանները, որոնք կոչվում են «դան»։ Սովորաբար կյու և դան աստիճանների քանակը տասն է, բայց այս թիվը կարող է տարբեր լինել տարբեր ոճերում և դպրոցներում։ Կյուի թիվը նվազում է հմտության աճին զուգընթաց, մինչդեռ դանինը մեծանում է։ Գոտին յուրաքանչյուր աստիճանի արտաքին որոշիչն է։

Կարատեի աստիճանները հիմնված չեն մրցումների ցուցանիշների վրա։ Ավելի բարձր աստիճանի հասնելու համար պետք է ցուցադրել որոշակի մակարդակի վարպետություն կատայում և ազատ մարտում։ Կարատեում գոտին կոչվում է օբի։ Բացի իր հիմնական նպատակից՝ գի բաճկոնը փակ պահելուց, գոտին ունի խորհրդանշական նշանակություն՝ գոտու գույնը ցույց է տալիս վարպետության մակարդակը։ Սովորաբար, ավելի մուգ գույնը նշանակում է ավելի բարձր աստիճան։ Դպրոցների մեծ մասում ամենացածր գոտին սպիտակն է, իսկ ամենաբարձրը՝ սև։ Գունավոր գոտիները համապատասխանում են աշակերտական աստիճանին, իսկ սև գոտիները՝ վարպետի աստիճանին։

Հաճախ (օրինակ՝ Շոտոկանում) գոտու գույնը աստիճանաբար մգանում է 10-րդ կյուից մինչև 1-ին դանը։ Սակայն որոշ ոճերում գոտու գույնն ունի հատուկ իմաստ, և բաց գույնի գոտին կարող է համարվել ավելի բարձր, քան ավելի մուգը։ Օրինակ՝ Աշիհարա կարատեում դեղին գոտին համարվում է ավելի բարձր, քան կապույտ գոտին։ Ընդհանուր առմամբ, Կյոկուշինկայում գոտիների գույների նշանակությունը հետևյալն է.

  • Սպիտակը խորհրդանշում է մաքրություն, անփորձություն, նորը սովորելու ու բացահայտելու ցանկություն (Սկսնակ):
  • Նարնջագույն գոտին արևի գույնն է արևածագի ժամանակ (10-րդ և 9-րդ կյու):
  • Կապույտ գոտին երկնքի գույնն է արևածագի ժամանակ (8-րդ և 7-րդ կյու):
  • Դեղին գոտին ծագող արևն է, հաստատման մակարդակը (6-րդ և 5-րդ կյու):
  • Կանաչ գոտին ծաղկող ծաղիկն է, հասունության մակարդակը (4-րդ և 3-րդ կյու):
  • Շագանակագույն գոտին հասունություն է, գործնական, ստեղծագործական մակարդակ (2-րդ և 1-ին կյու):
  • Սևը ամբողջականություն է, իմաստություն (Դաներ):

Կյոկուշինկայում ընդունված է համարել, որ սև գոտին, ժամանակի ընթացքում արևի տակ խամրելով, դառնում է սպիտակ։ Այսպիսով, տարիների ընթացքում իմաստությունը ձգտում է դեպի սկիզբը՝ այն, ինչ մարդը ձեռք է բերում տարիների ընթացքում, գտնվում է մարզումների հենց սկզբում։ Այդպես է ասել Կյոկուշինկայի հիմնադիր Մասուտացու Օյաման։ Սա, հավանաբար, գեղեցիկ լեգենդ է։

Հին օկինավյան դպրոցներն ունեին հինգ գոտիներից բաղկացած աստիճանական համակարգ՝ ավելի գործնական բացատրությամբ.

  • Սպիտակ՝ մաքուր սպիտակ գոտի սկսնակի համար։
  • Դեղին՝ ուսուցանողը երկար ժամանակ կատարելագործում է հիմնական տեխնիկան, և նրա գոտին դեղնել է քրտինքից։
  • Կարմիր՝ թույլատրվել է մասնակցել կումիտե մրցաձևին, և նրա գոտին ներկվել է արյան կարմիր գույնով բաց թողած հարվածներից։
  • Շագանակագույն՝ ուսանողը այնքան երկար է կիրառել կումիտեն, որ նրա գոտին շագանակագույն է դարձել չորացած արյան պատճառով։
  • Սև՝ ուսանողը այնքան երկար է զբաղվում կարատեով, որ նրա գոտին ժամանակի ընթացքում սևանում է։

Ներկայումս որոշ ոճերում գոտիների համակարգը հետևյալն է.

  • Սպիտակ՝ 9-րդ կյու։
  • Դեղին՝ 8-րդ կյու։
  • Նարնջագույն՝ 7-րդ կյու։
  • Կանաչ՝ 6-րդ կյու։
  • Բաց կապույտ՝ 5-րդ կյու։
  • Կապույտ՝ 4-րդ կյու։
  • Բաց շագանակագույն՝ 3-րդ կյու։
  • Շագանակագույն՝ 2-րդ կյու։
  • Մուգ շագանակագույն՝ 1-ին կյու։
  • Սև՝ 1-ին դանից 10-րդ դան։ Սովորաբար 10-րդ դանը շնորհվում է կարատեի զարգացման և կյանքի մեջ նշանակալի ներդրման համար։ Եզակի մարդիկ են հասնում այս պատվավոր, բարձր աստիճանին, հաճախ՝ մահից հետո։

Կոշիկի-կարատեում օգտագործվում են նաև երկգույն գոտիներ: Կոշիկիում ներկայիս գոտիների համակարգը հետևյալն է.

  • Սպիտակ և դեղին - 10-րդ կյու։
  • Դեղին - 9-րդ կյու։
  • Դեղին և նարնջագույն - 8-րդ կյու։
  • Նարնջագույն - 7-րդ կյու։
  • Նարնջագույն և կանաչ - 6-րդ կյու։
  • Կանաչ - 5-րդ կյու։
  • Կանաչ և կապույտ - 4-րդ կյու։
  • Կապույտ - 3-րդ կյու։
  • Կապույտ և շագանակագույն - 2-րդ կյու։
  • Դարչնագույն - 1-ին կյու։
  • Սև - 1-ին դանից 2-րդ դան։
  • Սև և սպիտակ - 3-րդ դանից 4-րդ դան։
  • Սև և կարմիր - 5-րդ դանից 6-րդ դան։
  • Կարմիր և սպիտակ - 7-րդ դանից 8-րդ դան։
  • Կարմիր - 9-րդ դանից 10-րդ դան։

Փիլիսոփայությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիչին Ֆունակոշին կարատե-դո բառի «կարա»-ին տալիս է այն մեկնաբանությունը, որ այն մաքրում է եսասիրությունից և չար մտքերից։ Միայն մաքուր խղճով և մտքերով կարող է պարապողը հասկանա իր ձեռք բերած գիտելիքի իմաստը, նա պետք է լինի ներսից համեստ և արտաքինից՝ հարգալից։ Միայն համեստություն ունենալով է հնարավոր ընկալել կարատեի դասերը։ Սրան կարելի է հասնել լսելով և ընդունելով քննադատությունը։ Ֆունակոշին համոզված էր, որ բարեկիրթ լինելն ամենակարևորն է։ Նա ասում էր, որ կարատե պարապողը երբեք չպետք է հեշտությամբ ներքաշվի կռվի մեջ։ Դրա տակ հասկացվում էր այն, որ իրական վարպետի մի հարվածը կարող է նշանակի դիմացինի մահը։ Պարզ է, որ նրանք, ովքեր ճիշտ չեն կիրառում իրենց սովորածը, զրկում են իրենց հարգանքից։

Կարատե-դոն ինքնակատարելագործման գնացող մարդու ճանապարհ է։ Այն ունիվերսալ արվեստ է, որը շատ կարևոր, էական դեր է կատարում ոչ միայն մարդու առողջության, ֆիզիկական կոփվածության, այլ նաև նրա հոգևոր ու կամային հատկանիշների ձևավորման գործում։ Ավանդական կարատեն օժտում է գնահատելու, հարգելու և տիրապետելու ունակությամբ այնպիսի լավագույն մարդկային արժեքների, ինչպիսիք են ազնվությունը, բարեկրթությունը, առողջ դատողությունը, ինքնավստահությունը, համեստությունը, աշխատասիրությունը, պարտքի ու պատասխանատվության զգացումը, քաղաքացիական արիությունը։

Ավանդական Կարատեն թույլ է տալիս մարդուն կողմնորոշվել կյանքում և ճիշտ որոշել իր անելիքը, իր ճշմարիտ ապրելաձևը։ Նա մշտապես ձգտում է իր անձը, իր կյանքը ավելի լավացնել, հասնել ավելի բարձր մակարդակի, կարողանում է իրեն նայել կողքից տեսնելու և շտկելու համար իր թերությունները, կարողանում է ճիշտ ընտրել նպատակին հասնելու միջոցներն ու ուղիները։

Ճշմարիտ կարատեիստն ուժեղ է, նա չի կռվում, նա պայքարում է ու հաղթում։

Կարատեն հոգու, մտքի ու մարմնի ստեղծագործության ճանապարհ է և դրանով է այն արվեստ, ինչը թույլ է տալիս մարդու հոգևոր և ֆիզիկական հատկանիշների դաստիարակումը, նրան առողջ, գեղեցիկ, ուժեղ, կիրթ, բարոյապես բարձր, ազատ կամքի և ոգու տեր ու իսկական մարդկային արժեքների համար պայքարելու պատրաստ դարձնելը։

Հրատարակություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարատեի մասին կան բազմաթիվ գրականություններ, սակայն հայալեզու շատ քիչ է: Առավել հայտնի հայալեզու գրականության ցանկը՝

  • Գևորգյան Վ. Ժ., Արևելյան մարտարվեստների աշխարհը, ուսումնական ձեռնարկ, Երևան, հեղինակային հրատարակություն, 2012
  • Գևորգյան Վ. Ժ., Ժամանակակից կարատե, մենագրություն, Երևան, հեղինակային հրատարակություն, 2007
  • Գևորգյան Վ. Ժ., Կարատե դո, Երևան, «Ոսկան Երևանցի», 2003
  • Դաշյան Վ. Ս., Կարատեի փիլիսոփայությունը, Ուսումնամեթոդական ձեռնարկ, Հեղինակային հրատարակություն, Երևան, 2025
  • Ղազարյան Հայկ, Ղազարյան Հարություն, Գիչին Ֆունակոշիի կյանքն ու գործունեությունը, ուսուցողական գրքույկ, Երևան, 2010
  • Ղազարյան Հայկ, Ղազարյան Հարություն, Կարատե-դո մարտարվեստի հիմնական ոճերը, ուսուցողական ձեռնարկ, Երևան, 2013
  • Ղազարյան Հայկ, Ղազարյան Հարություն, Կարատե-դո մարտարվեստի պատմությունը, ուսուցողական ձեռնարկ, Երևան, 2012
  • Ղազարյան Հայկ, Ղազարյան Հարություն, Կարատե-դո, ուսուցողական գրքույկ, Երևան, 2009
  • Ղարախանյան Ա. Ս., Կատայի դերը կարատեում, ուսումնական ձեռնարկ, Երևան, հեղինակային հրատարակություն, 2017

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Каратэ не будет включено в программу Олимпийских игр 2024 в Париже - Karate.ru | Новости» (ռուսերեն). karate.ru. Արխիվացված օրիգինալից 2020-08-14-ին. Վերցված է 2020-04-27-ին.
  2. 1 2 3 4 «Каратэ». Кругосвет. Արխիվացված է օրիգինալից 2013-05-24-ին.
  3. Encyclopædia Britannica Online, s. v. "karate Արխիվացված 2013-10-19 Wayback Machine", accessed May 17, 2013
  4. 1 2 3 Карате // Большая российская энциклопедия. — 2009. — Т. 13. ISBN 978-5-85270-344-6
  5. 1 2 EdwART Каратэ // Япония от А до Я. Энциклопедия. — 2009.
  6. https://sport.slaq.am/arm/news/161644/
  7. «Карате, софтбол и бейсбол исключены из программы Олимпийских игр-2024 в Париже, брейк-данс – включен». Sports.ru. Արխիվացված օրիգինալից 2021-08-19-ին. Վերցված է 2021-08-19-ին.
  8. Каратэ // Большой энциклопедический словарь.
  9. «World Koshiki Karate Union. WKKU.- Koshiki karate. Koshiki. Karate. WKKU». Արխիվացված օրիգինալից 2020-08-13-ին. Վերցված է 2020-03-19-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարատե» հոդվածին։