Գիչին Ֆունակոշի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գիչին Ֆունակոշի
Ծնվել է10 նոյեմբերի, 1868
Սյուրի, Ռյուկյու
Մահացել էապրիլի 26, 1957(1957-04-26) (տարիքը 88)
Ճապոնիա Տոկիո, Ճապոնիա
Բնագիր անուն船越義珍, ふなこし ぎちん
Այլ անուններՇոտո (օրորվող սոճիներ)
Երկիր Ճապոնիա
Ոճսյորեյ-ռյու, սյորին-ռյու, շոտոկան կարատե
Ուսուցիչ(ներ)Անկո Ասատո,
Անկո Իտոսու,
Սոկոն Մացումուրա
Դաս5-րդ դան, 10-րդ դան (հետմահու)
ԵրեխաներԳիգո Ֆունակոշի
Նշմարելի աշակերտներՀիրոնորի Օցուկա, Գիգո Ֆունակոշի, Իսաո Օբատա, Շիգերու Էգամի, Տերույուկի Օկաձակի, Տեցուհիկո Ասաի, Մասատոշի Նակայամա, Յասուհիրո Կոնիշի, Հիդետակա Նիսիյամա,


Գիչին Ֆունակոշի (ճապ.՝ 船越義珍, ふなこし ぎちん, Funakoshi Gichin, նոյեմբերի 10, 1868(1868-11-10)[2], Shuri, Ռյուկյու - ապրիլի 26, 1957(1957-04-26)[1], Տոկիո, Տոկիո, Ճապոնիա), կարատեի ճապոնացի վարպետ Օկինավայից։ Աշակերտելով Անկո Իտոսուին ու Անկո Ասատոյին[3][4]՝ նա առաջինն է սկսել ճապոնացիներին ծանոթացնել օկինավյան այդ մարտարվեստին՝ սկսելով կարատեի տարածումը Ճապոնիայում 1922 թվականին։ Համարվում է կարատեի ամենատարածված ձևերից մեկի՝ շոտոկանի հիմնադիրը։ Համարվում է ճապոնական կարատեի հիմնադիրը, «ժամանակակից կարատեի հայրը»[5]։ Նա կարատե է դասավանդել Ճապոնիայի տարբեր համալսարաններում ու դարձել է Ճապոնական կարատեի ասոցիացիայի պատվավոր տնօրենը, երբ այն հիմնադրվել է 1949 թվականին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիչին Ֆունակոշին ծնվել է 1868 թվականի նոյեմբերի 10-ին (Մեյձի դարաշրջանի առաջին թվական՝ «Լուսավորություն», 1868-1912), Յամակավա Սյո շրջանի (Yamakawa-Shо, 1992 թվականից՝ Iwai) Սյուրի քաղաքում։ Յամակավա Սյոն գտնվում է Սյորի ամրոցից դեպի արևմուտք ընկած լեռների շրջանում։ Այն եղել է սովորական ամրոցային ապրելատեղ, որտեղ բնակվում էր մի քանի հարյուր մարդ։

Գիչին Ֆունակոշին սերում էր ազնվական ընտանիքից, որը պատկանում էր սիձոկու դասակարգին։

Հայրը՝ Տոմինոկոսի Գիսուն, և հորեղբայրը եղել են Բոձյուցուի վարպետներ։ Գիչին Ֆունակոշին «Կարատե Դո Նյումոն» («Կարատե Դո. կյանքի իմ ուղին») գրքում հոր մասին գրել է. «Իմ հայրը բարձրահասակ և գեղեցիկ մարդ էր։ Նա Բոձյուցուի վարպետ էր, լավ երգում և պարում էր (հայտնի է, որ Օկինավյան վարպետ Սոեյոսի Ձինոն (Sueyoshi Jino, 1846-1920 թթ.) Բոձյուցու է սովորել Գիչինի հորեղբոր մոտ)։ Նա ոչ մեծ պաշտոն էր զբաղեցնում, սակայն երբ զրկվեց աշխատանքից, հետզհետե ծախսեց իր հոր՝ իմ պապի՝ Գիֆուկուի ունեցվածքը։ Իմ պապ Գիֆուկուն շատ կրթված մարդ էր»։ Գիչինը դաստիարակվել է պապի՝ Տոմինոկոսի Գիֆուի մոտ, ով չինական և ճապոնական դասական գրականության գիտակ էր, գեղագրության ու տաղաչափության վարպետ, Կոնֆուցիուսի ուսմունքի ադեպտ (հետևորդ)։

Գիչինը փոքր ժամանակ լավ առողջությամբ այդքան էլ աչքի չէր ընկնում։ «Կարատե Դո Նյումոն» գրքում նա գրել է. «Ինչպես իմ հասակակիցները, ես նույնպես սիրում էի զբաղվել օկինավյան մարտարվեստ Տե-Գումիով (Te-Gumi): Սակայն քանի որ ես փոքր ժամանակ ֆիզիկապես շատ թույլ էի, հաճախ պարտվում էի և շատ էի հուսահատվում այդ պատճառով»։

Բժիշկը, ով տղային բուժում էր տարբեր խոտաբույսերի օգնությամբ, նրան խորհուրդ է տվել առողջությունն ամրապնդելու համար զբաղվել տոտեով, ինչպես առաջ անվանում էին կարատեն Օկինավայում։ Նա «Կարատե Դո Նյումոնում» գրել է. «Իմ դասընկերներից մեկից ես իմացա, որ նրա հայրը տոտեի վարպետ է։ Ես խնդրեցի իմ հայրիկին թույլ տալ պարապել նրա մոտ։ Հայրս համաձայնեց՝ հույս ունենալով, որ դա կամրապնդի իմ առողջությունը։ Այդպիսով ես 15 տարեկան հասակում եկա վարպետ Աձատոյի մոտ, ով այդ ժամանակ Սյորին ռյուի հայտնի վարպետներից մեկն էր»։

Այդպես Գիչին Ֆունակոշին սկսեց ուսումնասիրել այդ ժամանակ Օկինավայում մեծ ժողովրդականություն վայելող կարատեի Սյորին ռյու ոճը, իսկ ավելի ուշ՝ Սյորեյ ռյուն։

1916 թվականին վարպետ Ֆունակոշին այլ վարպետների հետ միասին Դայ Նիպպոն Բուտոկու Կայի կողմից հրավիրվեց մարտարվեստների Բու Ձյուցու Սենմոն Գակո փառատոնում ցուցադրելու տոտե։ Դա տոտեի առաջին պաշտոնական ցուցադրումն էր Ճապոնիայում։

1918 թվականի փետրվարի 13-ին ստեղծվել է Օկինավա Տոդե Կեն Կյու Կայ միությունը (Okinawa-Tode-Ken-Kyu-Kai, Օկինավայի տոտեի ուսումնասիրման միությունը), որը համախմբել էր վարպետներ Կիյան Տյոտոկուին, Սիմպան Սիրոմային, Մաբունի Կենվային, Մոտոբու Տյոկիին միասին աշխատեու և փորձի փոխանակման համար։

1921 թվականին Գիչի Ֆունակոշին թողնում է ուսուցչի աշխատանքը դպրոցում։ Հասարակական գրադարանի տնօրեն Սոկո Մակայնայի և «Օկինավա Տայմս» ամսագրի գլխավոր խմբագրի խորհրդով նա հիմնել է Ուսանողների աջակցելու օկինավյան միությունը։ Այդ նույն 1921 թվականին վարպետ Ֆունակոշին հիմնել է Օկինավա Սյոբու Կայը (Okinawa-Shobu-Kai, Մարտարվեստների ոգու օկինավյան միությունը) և դարձել նրա նախագահը։ Կազմակերպության մեջ ընդգրկվել են նաև վարպետներ Տյոսին Տիբանան, Տոկուդա Ամբուն, Օսիրո Տյոդոն, Մոկումուրա Սեյտյոն և Իսիկավա Հորոկուն։

1921 թվականին վարպետ Մոտոբու Տյոկին տեղափոխվեց Հոնսյու՝ Օսակու։ Նա դարձավ առաջին վարպետը, ով Ճապոնիա էր եկել տոտեի տարածման նպատակով։

Ֆունակոշի Գիչինը ցուցադրում էր կատայի վարժություններ և սովորեցնում կարատեի տեխնիկան։ Հիանալի մարտիկ Մոտոբու Տյոկին կարող էր կարատեի հմտությունները ցույց տալ ցանկացած մարտի ժամանակ։ Սակայն Մոտոբուն ճապոներեն չգիտեր, այդ պատճառով Ճապոնիայում օկինավյան մարտարվեստների հիմնական տարածողն ու պրոպագանդողը եղել է Գիչին Ֆունակոշին։

1936 թվականին Ֆունակոշին Տոկիոյում ստեղծում է առաջին դոջոն։ Ֆունակոշին է փոխել կարատեի անվանումը, որը առաջ նշանակում էր «չինական ձեռք» կամ ավելի ստույգ՝ «Տան դինաստիայի ձեռք». նա փոխարինեց «դատարկ ձեռք» անվանումով՝ օգտվելով այն հանգամանքից, որ այդ երկու բառերը նույն հնչողությունն ունեն, սակայն տարբեր կերպ են գրվում։

Գիչին Ֆունակոշին մեծ ուշադրություն էր դարձնում ծեսերին, սահմանված նորմերի և կանոնների պահպանմանը։ Դա օկինավյան տերմինները ճապոներեն թարգմանելու և չինական կարատեի արմատների ճնշման հետ նպատակ ուներ կարատեն դարձնել բուդոյի մի մասը, որը տոգորված էր Ճապոնիայի ազգային ոգով և հիմնված էր սամուրայների մշակույթի և ավանդույթների վրա։

Ձյուդոի հիմնադիր վարպետի՝ Ձիգորո Կանոյի ազդեցությամբ Ֆունակոշին շրջանառության մեջ է դրել նոր անվանում՝ կարատե դո՝ «Կարատեի ուղի» և պահանջել, որ հետագայում իր ոճն այդպես անվանեն։ Այդ ամենով Գիչին Ֆունակոշին ընդգծում էր այն փաստը, որ կարատե դոն ոչ միայն մարտարվեստ է, այլ նաև ձյուդոյի նման ֆիզիկական և հոգևոր դաստիարակության մի ձև է։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Ֆունակոշին սովորեցնում էր աշակերտներին (որոնք մեծ մասամբ տարբեր համալսարանների ուսանողներ էին), շարունակում զարգացնել կարատե-դո ոճը։

Ֆունակոշիի ոճն անվանվել է Շոտոկան, որ կազմված է նրա գրական կեղծանունից՝ Շոտո («քամի սոճիների մեջ») և կան ձևույթից, որը թարգմանաբար նշանակում է «տուն»։ Կան նաև Շոտոկան անվան այլ թարգմանություններ՝ «օրորվող սոճիների տունը» կամ «սոճու և ծովի սրահը»։

Որոշ ժամանակ անց՝ 1955 թվականին, ստեղծվել է Ճապոնական կարատեի ասոցիացիան (JKA), որի պաշտոնական գլխավոր հրահանգիչն էր Գիչին Ֆունակոշին, սակայն Ֆունակոշին հեռացավ այդ կազմակերպությունից, քանի որ չէր սատարում կարատեի այն փոփոխությունները, որոնք մարտարվեստը վերածել էին սպորտային մենամարտության։ Կարատեի ժամանակակից դարձնելու հիմնական դերը կատարել է Գիչին Ֆունակոշիի որդին՝ Ֆունակոշի Յոսիտական, ով ներդրել է ոտքով հարվածները գոտկատեղից վերև՝ դրանով իսկ ավելցնելով հանդիսավորություն և մարզական ուղղվածություն։

Գիչին Ֆոնակոսին Տոկիոյում է մնացել մինչև իր մահը։ Նա մահացել է քաղցկեղից 1957 թվականին, 89 տարեկանում։

Ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիչին Ֆունակոշին հրատարակել է կարատեին նվիրված մի շարք գրքեր՝ ներառյալ իր ինքնակենսագրությունը՝ «Կարատե Դո. Իմ կյանքի ուղին»։ Նրա գրական ժառանգությունը ներառում է նաև մի փաստաթուղթ, որում նշված են կարատեի ուսուցման փիլիսոփայության քսան սկզբունքները, որոնք հրատարակվել են «Կարատեի քսան ուղղորդող սկզբունքները» աշխատության մեջ[6]։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

1968 թվականի դեկտեմբերի 1-ին Շոտոկայի կողմից կանգնեցվել է Գիչին Ֆունակոշիի հուշարձանը Ենգակու ջիում, որ տաճար է Կամակուրայում։ Կենջի Օգատայի կողմից ստեղծված հուշարձանին գրված են Ֆունակոշիի ու տաճարի գլխավոր վանական Սոգեն Ասահինայի (1891-1979) անունները։ «Karate ni sente nashi» գրությունը թարգմանաբար նշանակում է «Կարատեում առաջինը չեն հարձակվում». դա Ֆունակոշիի քսան սկզբունքներից երկրորդն է։ Դրանից աջ գրված է Ֆունակոշիի բանաստեղծությունը, որ նա գրել է 1922 թվականին Ճապոնիա գնալու ճանապարհին։

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆունակոշի Գիչին Կարատե դո. իմ կյանքի ուղին = Karate-Do, My Way of Life. — 2000.
  • Gichin Funakoshi Karate-Do Kyohan - The Master Text, Translated by Tsutomu Ohshima. — Kodansha International Ltd, 1973. — ISBN 0-87011-190-6
  • Gichin Funakoshi Karate-Do Nyumon - The Master Introductory Text, Translated by John Teramoto. — Kodansha International Ltd, 1994. — ISBN 4-7700-1891-6
  • Gichin Funakoshi Karate Jutsu - The Original Teachings of Master Funakoshi, Translated by John Teramoto. — Kodansha International Ltd, 2001. — ISBN 4-7700-2681-1
  • Gichin Funakoshi The Twenty Guiding Principles of Karate - The Spiritual Legacy of the Master, Translated by John Teramoto. — Kodansha International Ltd, 2004. — ISBN 4-7700-2796-6

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. Babelio (ֆր.) — 2007.
  3. Funakoshi, Gichin (1981). Karate-Do: My Way of Life, Kodansha International Ltd. ISBN 0-87011-463-8.
  4. «GichinFunakoshi.com». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 5-ին.
  5. Funakoshi, Gichin (2001). Karate Jutsu: The Original Teachings of Master Funakoshi, translated by John Teramoto. Kodansha International Ltd. ISBN 4-7700-2681-1
  6. Funakoshi, Gichin (1975). The Twenty Guiding Principles of Karate: The Spiritual Legacy of the Master, translated by John Teramoto. Kodansha International Ltd. ISBN 4-7700-2796-6.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]