Վերին Նավեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ներքին ու Վերին Նավեր, 2015.JPG
Ներքին ու Վերին Նավեր, 2015 (3).JPG

Վերին Նավեր, բրոնզի և վաղ երկաթի դարերի (մ․թ․ա․ 23-10-րդ դարեր) դամբարանադաշտ (մոտ 100 հեկտար) Հայաստանում, Աշտարակից 3 կիլոմետր արևմուտք, Արագածի հարավային ստորոտում։ Բազմաթիվ դամբարաններ ավերվել են հողամշակման և շինարարական աշխատանքների հետևանքով։ Ներկայումս տեղանքի բարձրադիր վայրերում առանձին խմբերով պահպանվել են ավելի քան 300 դամբարանաբլուր, որոնցում բացվել են գետնափոր դամբարանախցեր (ծածկված են 2—5 տուֆե խոշոր սալաքարերով) և դրանք օղակող քարաշեն կրոմլեխներ։ Կավանոթ Միջին բրոնզի դարաշրջանի դամբարաններից հայտնաբերվել են գունազարդ, դարչնագույն և սև փայլեցված խեցանոթներ, բրոնզե զենքեր, պղնձե և բրոնզե զարդարանքի առարկաներ, ապակուց, հախճապակուց, գիշերասաթից, սարդիոնից, ծովային խխունջներից պատրաստված ուլունքներ և այլն։ Թաղումները հիմնականում անհատական են։ Տոհմային համայնքում դեռևս չէր խորացել գույքային շերտավորումը։ Ուշ բրոնզի դարաշրջանի դամբարաններից հայտնաբերվել են գորշ և սև փայլեցված զանազան խեցանոթներ (սափոր, թաս, կարաս, կճուճ, աղաման և այլն), բրոնզե զենքեր, զարդեր, գործիքներ, արձանիկներ, ձիու սանձ, սարդիոնե, ապակե և հախճապակե ուլունքներ, վանակատե նետասլաքներ։ Սև փայլեցված անոթները զարդարված են խորաքանդակ և հարթաքանդակ գոտիներով։ Առանձնապես շքեղ են պաշտամունքային անոթները (երկփող գավաթներ, հնգափող սափորներ, խորանարդաձև շարժական սրբարան և այլն)։ Արվեստի վայելչագեղ նմուշներ են արծվի և աղավնու բրոնզե արձանիկները, որոնք խարսխաձև պատվանդանի վրա պտտվում են առանցքի շուրջ։ Հայտնաբերվել են նաև ընտանի և վայրի կենդանիների (ցուլ, կով, ոչխար, ձի, մուֆլոն, այծ, վայրի էշ, նապաստակ, եղնիկ, ազնիվ եղջերու, ուղտ, այծյամ, վարազ, առյուծ, կզաքիս, աղվես և այլն), զանազան թռչունների ոսկորներ։ Ուշ բրոնզի դարի թաղումներն ուղեկցվել են նաև մարդկային զոհաբերություններով։ Հարուստ դամբարաններում հավանաբար դիակիզել-թաղել են քուրմ ցեղապետներին։ Պեղածոները հիմք են տալիս ենթադրելու, որ ուշ բրոնզի դարաշրջանում վերին նավերում արագորեն սկսել են քայքայվել տոհմատիրական կարգերը, խորացել է գույքային անհավասարությունը, կազմավորվել է ցեղային հզոր միություն։ Ավագանին, իր ձեռքում կենտրոնացնելով աշխարհիկ և հոգևոր իշխանությունը, միջցեղային անընդմեջ պատերազմների հետևանքով կուտակել է զգալի հարստություն։ Ուսումնասիրված բրոնզեդարյան դամբարանների մեծ մասը պատկանում են կարմիրբերդյան մշակույթին (տես Կարմիր բերդ)։ Մի շարք գտածոներ (բրոնզե արձանիկներ, խեցանոթներ և այլն) նման են Սևանա լճի ավազանի նույն ժամանակաշրջանի հուշարձաններից (Լճաշեն և այլն) հայտնաբերված նույնատիպ իրերին։ Վաղ երկաթի դարի (մեր թվարկությունից առաջ XI-X դարեր) դամբարաններից գտնվել են սև փայլեցված, ուղղահայաց ակոսներով զարդարված խեցանոթներ, սարդիոնից ու հախճապակուց ուլունքներ և այլն։ Դամբարանադաշտի տարածքում հայտնաբերվել են նաև վաղ միջնադարյան երկու քառակող տուֆե կոթողներ (ենթադրվում է, որ դրանք Աշտարակ, Օշական և Փարպի գյուղերի հողատարածությունները նշող սահմանաքարեր են)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 404 CC-BY-SA-icon-80x15.png