Միջինբրոնզեդարյան բնակատեղիները և ամրոցները Հայկական լեռնաշխարհում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Միջինբրոնզեդարյան բնակատեղիները և ամրոցները Հայաստանում, հայկական լեռնաշխարհը հարուստ է մեգալիթյան աչքի ընկնող հուշարձաններով։ Անասունների և արոտավայրերի համար մղվող միջցեղային անընդմեջ պայքարը հասցրել էր թշնամական հարաբերությունների և հանապազօրյա զինական բախումների։ Այդ պայմաններում Հայաստանի տեղաբնակ ցեղերի շատ ու շատ բնակավայրեր վերածվում են անառիկ ամրոցների, էնեոլիթի և վաղ բրոնզի դարաշրջանից պահպանված հին ամրոցները ընդլայնվում են, վերակառուցվում։

Ամրոցներ Արևելյան Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևելյան Հայաստանի տերիտորիայում այդպիսի ամրոցների թվին են պատկանում Շիրակի բարձրադիր Հոռոմ ամրոցը, Ոսկեվազի անդնդախոր ձորի շուրթին կանգնեցված հզոր ամրոցը, Հրազդանի ձորի եզրին, Քանաքեռի դիմաց բարձրացող Թազաքենդի բերդը և այլն, որոնց ամրացված են կանոնավոր, շատ լայն ու բարձր պարիսպներով, անկյունային աշտարակներով ու որմնախցերով, ունեն ճարտարապետական հասուն ձևեր ու մանրամասեր։ Երկրի լեռնային շրջանների համար բնորոշ են ամրոց-բնակատեղիները։ Դրանցից մեկը Երիվարաց դաշտի (Ղոշունդաշի) բնակավայրն է Սիսիանի արևելյան մասում, մի բարձրադիր հարթակի վրա։ Նրա ապառաժ ժայռաբեկորներից կազմված կրկնակի պարիսպները, համայնական, իրար կից տների քարակերտ պատերի հետքերը, ներմիջանցքներն ու փողոցները, բնակատեղին շրջապատող տարբեր տիպի կրոմլեխները, դամբանաթմբերը, մենհիրները, սալածածկ, հսկա «քարարկղային» դամբարաններն անջնջելի տպավորություն են թողնում։ Բնակավայրի ամբողջ տարածությունը ծածկված է կարմրափայլ գունազարդ խեցեղենի բեկորներով, որոնք մարդու երկարամյա կենսական գործունեության համեստ վկաներն են։

Լեռնային և դաշտային բնակատեղիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես լեռնային, այնպես էլ դաշտավայրային բնակատեղիները գրեթե չեն ուսումնասիրված։ Բացառություններ են կազմում Սուխաննաթ-թափայի բնակատեղին Արարատյան դաշտում և Ուզերլիկ-թափան Դաշտային Ղարաբաղում։ նշված բնակատեղիների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ տնտեսության, բնակարանաշինության, արտադրական ու ընտանեկան կենցաղում Հայաստանի միջին բրոնզեդարյան բնակիչը շարունակում էր ապրել մեր թվարկությունից առաջ III հազարամյակի մշակութային ավանդույթներով։

Ուզերլիկի բնակատեղի[խմբագրել | խմբագրել կոդը]

Համեմատաբար լավ է պահպանվել Ուզերլիկի բնակատեղին՝ Աղդամ քաղաքի մոտ գտնվող 3-3,5 մ բարձրությամբ բլրի վրա։ Բնակատեղին ունի երեք շերտ, մոտավորապես 3 մ միջին հզորությամբ, կավակերտ, հավանաբար, կլոր կացարաններ, հացահատիկի և այլ մթերքների բազմաթիվ հորեր, անասունների գետնափոր գոմեր և հում աղյուսից կառուցված շրջանաձև պարիսպ որմնասյուներով ու մի քանի մուտքով[1]։ Այստեղ Մուխաննաթ-թափայի նման, սև հասարակ ու փայլեցված կավանոթներ, նախորդում են կարմրափայլ գունազարդ խեցեղենին և բոլորը միասին համապատասխանում Լճաշենի XVII-XV դարերի հարուստ դամբարանաբլուրների նյութերին, Մուխաննաթ-թափայի և Ուզերլիկի մշակութային շերտերում հայտնաբերված բազմաթիվ այլ իրեր՝ ոսկորե հերուններն ու թեշիկների գլուխները, սանդերը, սանդակոթերն ու աղորիքները մանգաղի օբսիդիանն ներդիրները, բոլորն էլ բնորոշ են դաշտավայրերի երկրագործական մշակույթի համար և գրեթե ոչնչով չեն տարբերվում մեր թվարկությունից առաջ III հազարամյակի հնագիտական կոմպլեքսներից, ժամանակի նյութական արտադրության, տեխնիկայի, հասարակական կյանքի վերաբերյալ տեղեկությունները զգալի չափով լրացվում են Կիրովականից դեպի Դմանիս ու Թռեղք տարածվող դամբանաթմբերի պեղումներով, որոնք մեր թվարկությունից առաջ II հազարամյակի առաջին կեսի յուրովի գեղեցիկ «բարբարոսական» մշակույթի ընդհանուր կերպարը ներկայացնում են արհեստագործության և արվեստի տարբեր ճյուղերի արտադրանքի առաջնակարգ նմուշներով։

Դամբարաններ Կիրովականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիրովականում ցեղապետերից մեկի համեմատաբար համեստ դամբարանը փորված էր հողի մեջ և գրավում էր 30 քմ տարածություն։ Դամբարանի կենտրոնում փայտե դիամահճի վրա գտնվեցին հանգուցյալի ոսկուց և սարդիոնից պատրաստված գեղեցիկ մանյակն ու անձնական այլ իրեր, որոնք շրջապատում էին աճյունասափորը։ Դամբարանի պատերին զուգահեռ շարված էին շքեղ, կարմրափայլ գունազարդ, սև փայլաներկով փորագիր նախշերով ու սպիտակ զանգվածով ծածկված մեծ ու փոքր անոթներ, գավաթներ, քրեղաններ, սափորների տասնյակ տարատեսակներ, որոնք իրենց կատարման տեխնիկայով, ձևերով ու զարդամոտիվներով միանգամայն նման էին Դմանիսի ու Թռեղքի դամբանաբլուրներում հայտնաբերածներին։ Զգալի քանակությամբ էին ներկայացված արծաթե, ոսկե, բրոնզե ամանեղենը, աշխատանքի գործիքներն ու զենքերը։ Հանգուցյալի աճյունասափորը գերեզման էին իջեցնում դիակառքով, որին լծում էին ուժեղ և գեղեցիկ եզներ։

Թաղումներ Ծալկայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Առավել շքեղ պատկեր էին ներկայացնում ցեղապետերի թաղումները Ծալկայի սարահարթում (պատմական Թռեղք գավառում)։ Թաղումները այստեղ կատարվել են 200-300 տարի ընդգրկող ժամանակահատվածում, որ պարզ երևում է ինչպես դամբարանային նյութերի, այնպես էլ դամբարանների կառուցվածքային առանձնահատկությունների համեմատական ուսումնասիրությունից։ Ավելի հին շրջանի դամբարանները գետնափոր էին, նոր շրջանինը՝ վերերկրյա-պատաշար, նրանք բոլորն էլ ընդարձակ սրահներ էին՝ 140-170 քմ ընդհանուր տարածությամբ, 6-9 մ խորությամբ կամ պատերի բարձրությամբ, պատերի աստիճանաձև շարվածքով, հզոր գերանե ծածկերով, լայն դրոմոսներով և այլն։ Կարելի է երևակայել, թե որքան մարդկային ուժ է գործադրվել այս տիպի դամբարաններ կառուցելու համար, նրանց որոշ մասը պարզապես հիշեցնում է եգիպտական հին թագավորության շրջանի փարավոնների հսկա բուրգերը։ Հանգուցյալին նախապես դիակիզում էին և աճյունասափորը դիակառքով տեղավորում թաղման ընդարձակ սրահի կենտրոնում, որի շուրջը սփռում էին մորթված անասունների մարմիններ, ուտելիքով լի տասնյակ ամաններ, հանգուցյալի սպառազինության, արդուզարդի, կենցաղի թանկարժեք առարկաներ և այլն։ Սակայն, հայտնի են միջին բրոնզե դարյան Ժամանակաշրջանի մեկ-երկու տասնյակ գերեզմաններ, որոնք ժամանակի նյութական արտադրության միջին մակարդակի անաչառ վկաները հանդիսանալուց բացի, մատնանշում են, որ մեր թվարկությունից առաջ II հազարամյակի կեսերին Արարատյան դաշտում, Շիրակում և այլուր նույնպես տարածվում էր տեղաբնակ ցեղերի այն մշակույթը, որին ծանոթացանք վերը բերված Գոլգարք-Թռեղքի հոյակապ հուշարձանների միջոցով։

Դամբարաններ էջմիածնում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տոհմացեղային հասարակության միջին խավերին պատկանող դամբարաններ են ուսումնասիրվել Էջմիածին քաղաքից հարավի Խաթունարխի ճանապարհի աջ եզրին[2]։ Սրանք կավահողի ամուր շերտերի մեջ փորված քառանկյունի կամ քառակուսի ոչ խոր (1 մ) փոսեր էին, առավելը 4-5 քմ տարածությամբ, առանց փայտե կամ քարե ծածկույթի, որոնց ամբողջ հատակը զբաղեցված էր հարուստ կուրգանների խեցեղենի տիպերը կրկնող կարմրափայլ սև դրվագա-նախշերով կամ պարզապես գորշ ու հասարակ «խոհանոցային» ամաններով։ Ի տարբերություն հարուստ դամբարանների, այս գերեզմանափոսերի կենտրոնական մասում ամենուրեք հանդիպում են կողքի վրա պառկեցրած մարդկային կմախքների մնացորդներ' զարդարանքի առարկաներով, սակավաթիվ փոքրիկ բրոնզե դաշույններով կաշեպատ փայտե պատյանների մնացորդներով։ Հաճախ դաշույնների հետ միասին հանդիպում են վանակատե կամ կայծքարե հիանայի մշակված, թափանցիկ նետասլացներ, որոնց փայտե կոթերն ու աղեղները, դժբախտաբար, չեն պահպանվել։ Այս դամբարանների ուսումնասիրությունն ակնհայտորեն ցույց է տալիս, որ տեղի տոհմական բնակչության հսկայական մեծամասնությունը չէր հետևում վերնախավի «խեթականացած» ծեսերին և արարողություններին, պահպանում էր հին բրոնզի դարից եկող թաղման ձևերն ու սովորույթները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. К. Х. Кушнарева, новые данные о поселении Узерлик-Тепе,около Агдама «МИА СССР»,125,М.-Л.
  2. А. А. Мартиросян,Армения в эпоху бронзы и раннего железа,Ереван