Շումերը (նաև Շումերիա), Սումեր, հնագույն երկիր Հարավային Միջագետքում, Եփրատ և Տիգրիս գետերի միջև (այժմյան Իրաքի տարածքի հարավում)։ Շումերական քաղաքակրթության տարածքը համապատասխանում է ներկայիս հարավարևելյան Իրաքին, այնտեղ ուր Եփրատ ու Տիգրիս գետերը լցվում են Պարսից ծոց։
Մ․թ․ա․ V հազարամյակից մինչև մ․թ․ա․ II հազարամյակի սկիզբը այդ տարածքում բնակվել են շումերները, մասամբ այլ ժողովուրդներ, այդ թվում՝ աքքադացիները (մ․թ․ա․ III հազարամյակի սկզբից)։ Շումերի բնակիչները կոչվում էին շումերներ կամ շումերացիներ։ Իրենք՝ շումերներն իրենց երկիրը կոչում էին կի-էն-գիր («քաղաքակիրթ տիրակալների երկիր»)։ Շումերը կազմված էր քաղաք–պետություններից՝ Ուր, Ուրուկ, Քիշ, Շուրուպպակ, Լագաշ ևն, որոնք մերթ պատերազմել են միմյանց դեմ, մերթ միավորվել քաղաք–պետություններից մեկի գերիշխանության ներքո։ Յուրաքանչյուր քաղաք-պետություն կառավարվում էր տիրակալի՝ թագավորի կողմից, ով կոչվում էր լուգալ (շում. մեծ մարդ)։ Առավել հին հայտնի պետական միավորումները հիմնել են Քիշի I և Ուրուկի I թագավորական դինաստիաները՝ մ․թ․ա․ 2800–2700-ին։ Աքքադի թագավոր Սարգոն I մ․ թ․ ա․ III հազարամյակի 2-րդ կեսին Շումերի քաղաք–պետությունները միավորել է իր գերիշխանության ներքո և ստեղծել «աշխարհի չորս երկրների թագավորությունը»։ Աքքադի թագավորությունը կործանվել է կուտիների (գուտիներ) արշավանքի հետևանքով։ Մ․թ․ա․ XXII դ․ վերջին Ուրուկի թագավոր Ուտուխենգալեմը վտարել է կուտիներին, իսկ նրան հաջորդած Ուր Նամմուն հիմնել է Ուրի III դինաստիան և «Շումերի ու Աքքադի թագավորությունը»։
Մ․թ․ա․ մոտ 2000-ին Ուրի III դինաստիան տապալվել է արևմտասեմական անասնապահ ցեղերի՝ ամովրհացիների և լեռնական էլամցիների կողմից։ Շումերի բնակչությունը զբաղվել է հողագործությամբ, ձկնորսությամբ, արհեստներով, առևտրով։ Շումերը առևտրային հարաբերություններ էր հաստատել իր հյուսիսի հարևան Արատտա պետության հետ։ Արատտայից Շումեր էին գալիս արհեստավորներ տաճարներ կառուցելու համար։ Հողերը ոռոգվել են գետերի ջրերով, ինչպես և արհեստական ջրամբարների ու ջրանցքների միջոցով։ Մշակվող հողատարածությունների զգալի մասը պատկանել է տաճարներին և այլ կարգի համայնքներին, արտադրողները եղել են համայնքի անդամները և վարձակալները։ Շումերում եղել է քրմական և ազնվականական մեծաքանակ վերնախավ։
Ascalone, Enrico. 2007. Mesopotamia: Assyrians, Sumerians, Babylonians (Dictionaries of Civilizations; 1). Berkeley։ University of California Press. ISBN 0-520-25266-7 (paperback).
Bottéro, Jean, André Finet, Bertrand Lafont, and George Roux. 2001. Everyday Life in Ancient Mesopotamia. Edingurgh։ Edinburgh University Press, Baltimore։ Johns Hopkins University Press.
Crawford, Harriet E. W. 2004. Sumer and the Sumerians. Cambridge։ Cambridge University Press.
Leick, Gwendolyn. 2002. Mesopotamia: Invention of the City. London and New York։ Penguin.
Lloyd, Seton. 1978. The Archaeology of Mesopotamia: From the Old Stone Age to the Persian Conquest. London։ Thames and Hudson.
Nemet-Nejat, Karen Rhea. 1998. Daily Life in Ancient Mesopotamia. London and Westport, Conn.։ Greenwood Press.
Roux, Georges. 1992. Ancient Iraq, 560 pages. London։ Penguin (earlier printings may have different pagination։ 1966, 480 pages, Pelican; 1964, 431 pages, London։ Allen and Urwin).
Schomp, Virginia. Ancient Mesopotamia: The Sumerians, Babylonians, And Assyrians.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 597)։