Քարագործություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Reichstag Steinmetze.jpg
Բավարիացի քարտաշը քար մշակելիս, 1505 թ․

Քարագործություն, քարարվեստ, քարի մշակման հինավուրց ու ավանդական արհեստը։ Վերին աստիճանի լայն կիրառություն է ունեցել Հայաստանում։ Քարն օգտագործվել է շինարարական, տնտեսական, կենցաղային բազմազան բնագավառներում, ինչպես և գեղարվեստական ստեղծագործության մեջ։ Քարի մշակմամբ տարբեր նպատակներով զբաղվել են տարբեր արհեստավորներ, չնայած դրան, քարի մշակման արհեստին տրվել է մի ընդհանուր անուն՝ քարագործություն, իսկ արհեստավորները կոչվել են քարգործ։ Մատենագրական աղբյուրներում և վիմագիր արձանագրություններում քարգործ են անվանվել քարհատները՝ քար կտրողները, տաշող մշակողները, որմնադիրները, քարից տնտեսական ու կենցաղային հարմարանքներ ու սարքեր պատրաստող քարկոփ արհեստավորները, քարի վրա գեղարվեստական քանդակ–փորագրություններ անող վարպետները, որոնք սքանչելի բարձրաքանդակներով ու հարթաքանդակներով շքեղորեն զարդարել են հայկական ճարտարապետական հուշարձանները, հազարավոր խաչքարեր: Քարգործ են անվանվել, անգամ, ականավոր ճարտարապետները։ Քարգործները կառուցել են ոչ միայն քաղաքներ, ամրոցներ, նշանավոր քաղաքացիական շենքեր, տաճարներ, կարավանատներ ու կամուրջներ, կանգնեցրել հուշարձանկոթողներ, այլև պատրաստել են ջրաղացի ու ձիթհանի քարեր, աղորիք-երկանքներ, սանդեր, տաշտ ու անոթներ և այլ իրեր, առարկաներ։ Քարագործությունը հայ ժողովրդի ավանդական ու սիրված արհեստն է և հաճախ է վերափոխվել իսկական արվեստի և այսօր էլ պահպանում է իր ավանդական ուժն ու զորությունը։ Այդ են նշանավորում մեր քաղաքների, ավանների, առողջարանների քարակերտ հոյակապ ճարտարապետությունը ամենուրեք կանգնեցված հուշարձանկոթողները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png