Հայաստանի անկախացման գործընթաց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հայաստանի անկախության գործընթացի սկիզբը դրվել է 1990 թվականի օգոստոսի 23-ին Հայաստանի Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանի ընդունած` Հայաստանի անկախության մասին հռչակագրով։

Հռչակագիրը, որ կարևոր իրավական փաստաթուղթ էր բաղկացած էր 12 կետից[1]։

  1. ՀԽՍՀ-ն վերանվանվում է Հայաստանի Հանրապետություն, կրճատ` Հայաստան։ Այն ունի իր զինաշանը, դրոշը և օրհներգը։
  2. Հայաստանը ինքնիշխան պետություն է, և այստեղ գործում են միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն և օրենքները։
  3. Հայաստանի ժողովրդի անունից հանդես գալու իրավունքը պատկանում է բացառապես Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդին։
  4. Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվող բոլոր քաղաքացիների համար սահմանվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը։ Այն ապահովում է իր քաղաքացիների ազատ ու իրավահավասար զարգացումը՝ անկախ ազգությունից, ռասայական պատկանելությունից և դավանանքից։
  5. Հայաստանի Հանրապետությունը ունի ԽՍՀՄ սպառազինության իր մասնաբաժնի իրավունքը։ Հայաստանի Հանրապետությունն ինքն է որոշում իր քաղաքացիների զինվորական ծառայության կարգը։
  6. Հայաստանի Հանրապետությունը, որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, վարում է անկախ արտաքին քաղաքականություն։
  7. Հայաստանի տարածքում հողը, նրա ընդերքը, ձեռնարկությունները համարվում են հայ ժողովրդի սեփականությունը։
  8. Հայաստանի Հանրապետությունը սեփականության բազմաձևության հիման վրա հիմնում է սեփական դրամ, ազգային բանկ, ֆինանսավարկային համակարգ, հարկային և մաքսային ծառայություններ։
  9. Արտոնում է մարդու իրավունքների հարգում, խղճի, կուսակցությունների, մամուլի ազատություն։
  10. Հայաստանի Հանրապետությունը ապահովում է հայերենի, որպես պետական լեզվի, գործառությունը հանրապետության կյանքի բոլոր ոլորտներում։
  11. Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին։ Այն հաստատում է Արցախն իր անբաժանելի մասը ճանաչելը։
  12. Սույն հռչակագիրը իբրև ծրագրային փաստաթուղթ հիմք է ծառայել մինչև նոր Սահմանադրության ընդունումը։

Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան պետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ԽՍՀՄ փլուզում[խմբագրել | խմբագրել կոդը]

1989-91 թվականներին Խորհրդային Միության ծայրամասերում առաջացան ազգամիջյան հակասությունների մի շարք օջախներ, որոնք գնալով վերածվեցին անկախության համար պայքարի կենտրոնների։ Դրանցից առաջիններից մեկը Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջացած հակասություններն էին` կապված Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հետ։ Սրա և մի շարք այլ պատճառներով 1991 թվականի գարնանը ԽՍՀՄ-ը գտնվում էր փլուզման եզրին։ Միությունը փրկելու նպատակով Միխայիլ Գորբաչովը որոշում է 1991 թվականի մարտի 17-ին Խորհրդային Միությունում անցկացնել հանրաքվե, որի մասնակիցների մեծ մասը կողմ արտահայտեց նորացված Խորհրդային Միության պահպանման օգտին` դիտելով այն որպես ինքնավար հանրապետությունների միություն։ Հանրաքվեին չմասնակցեցին և մերժեցին Մերձբալթյան պետությունները` Լիտվան, Լատվիան և Էստոնիան, ինչպես նաև` Վրաստանը, Հայաստանը և Մոլդովան։ 1991 թվականի ապրիլին Գորբաչովը բանակցային գործընթաց է սկսում խորհրդային ինքնիշխան Հանրապետությունների Միություն ստեղծելու համար։ Պայմանագրի ստորագրումը նշանակվեց օգոստոսի 20-ին։

1991 թվականի օգոստոսին ԽՍՀՄ-ի հետադիմական ուժերը կազմակերպեցին խռովություն` երկիրը կանգնեցնելով ռազմական բռնապետություն հաստատելու սպառնալիքի առջև։ Օգոստոսի 19-ի առավոտյան օգտվելով այն հանգամանքից, որ երկրի նախագահը արձակուրդը անցկացնում էր Ղրիմում, հայտարարվում է, թե նա վատառողջ է և չի կարող կատարել երկրի նախագահի պարտականությունները և նրա լիազորությունները անցնում են փոխնախագահ Գեննադի Յանաևին։ Երկրի կառավարման համար ստեղծվեց Արտակարգ դրության պետական կոմիտե (ԱԴՊԿ)։ Օգոստոսի 19-ին զորքը մտավ Մոսկվա։ Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինը կատարվածը համարեց «հակասահմանադրական հեղաշրջում»։ Ձախողվեց պահպանողական ուժերի հեղաշրջման փորձը։ Օգոստոսի 21-ին խռովարարները ձերբակալվեցին իսկ Գորբաչովը վերադարձավ Մոսկվա։

Օգոստոսյան դեմքերից հետո ՌԽՍՖՀ նախագահ Բորիս Ելցինի հրամանագրով արգելվեց ԽՄԿԿ-ի գործունեությունը Ռուսաստանի տարածքում։ Իր գործունեությունը դադարեցրեց նաև ՀԿԿ-ն։ Ելնելով Հայաստանի անկախության մասին Հռչակագրի դրույթներից` Հայոց խորհրդարանը որոշում է 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հանրապետության տարածքում անցկացնել հանրաքվե` ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու և անկախանալու հարցով։ Հանրապետության 2 միլիոն 43 հազար մարդ «այո» ասաց անկախությանը։ Հանրաքվեի արդյունքների հիման վրա 1991 թվականի սեպտեմբերի 23-ին հանրապետության Գերագույն խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ պետություն։

Հայաստանում մտցվում է նախագահական կառավարման համակարգը։ 1991 թվականի հոկտեմբերի 16-ին առաջին անգամ անցկացվեցին նախագահական ընտրություններ` 6 թեկնածուների մասնակցությամբ, որի արդյունքում` 83% ձայնի մեծամասնությամբ երկրի նախագահ ընտրվեց Գերագույն խորհրդի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։

Հետխորհրդային երկրներ

Անկախության ուղին բռնած հանրապետությանը սպասվում էին ծանր փորձություններ։ 1991 թվականի նոյեմբերին փակվում է Ադրբեջանից եկող գազամուղը։ Կանգ են առնում հանրապետության գրեթե բոլոր ձեռնարկությունները, ընդհատվում է երթուղային կապը, ուսումնական հաստատություններում դադարում են պարապմունքները և բնակչությունը զրկվում է ջեռուցումից։ Հանրապետության համար այսպիսի ծանր պայմաններում, 1991 թվականի դեկտեմբերի 8-ին, Մինսկի մոտակայքի Բելովեժսկ բնակավայրում` Ռուսաստանի, Ուկրաինայի և Բելառուսի ղեկավարները ստորագրում են համաձայնագիր` ԽՍՀՄ-ի գոյությունը դադարեցնելու մասին, որով էլ իրականացավ ԽՍՀՄ-ի փլուզումը։ Միաժամանակ հայտարարվեց միջազգային համագործակցության նոր սուբյեկտի` Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) կազմավորման մասին։ 1991 թվականի դեկտեմբերի 21-ին Ղազախստանի մայրաքաղաք` Ալմա-Աթայում 11 ինքնիշխան պետություններ` Ռուսաստանը, Ուկրաինան, Բելառուսը, Ղազախստանը, Ուզբեկստանը, Տաջիկստանը, Ղրղզստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Մոլդովան և Հայաստանը ստորագրեցին համաձայնագիր ԱՊՀ ստեղծման մասին։ Այլևս գոյություն չունեցող երկրի նախագահ Միխայիլ Գորբաչովին մնում էր հրաժարական տալ։

Պետականության կայացման գործընթացի սկիզբը[խմբագրել | խմբագրել կոդը]

Անկախության հռչակումից կարճ ժամանակ անց Հայաստանը ստացավ համընդհանուր միջազգային ճանաչում։ ՀՀ սահմանադրական նոր օրենքով սահմանվում էր իշխանության պետական կարգը, ապահովվում էր օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների տարանջատումը։

Հայաստանի Սահմանադրության ընդունում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի դրոշ
Հայաստանի զինանշան

Հանրապետության պետական-քաղաքական կյանքի կարևոր իրադարձություններից էր պետության հիմնական օրենքի՝ Հայաստանի Սահմանադրության ընդունումը։ Քանի որ գործող սահմանադրությունը հակասում էր Անկախության մասին հռչակագրի սկզբունքներին, պետք է փոխվեր նախորդ սահմանադրությունը, ուստի անհրաժեշտ էր ունենալ նորը։ Այդ նպատակով 1990 թվականի նոյեմբերի 15-ին ստեղծվել էր սահմանադրական հանձնախումբ` նոր սահմանադրության նախագծի մշակման համար։ ՀՀ-ի Գերագույն խորհրդի հավանությանը արժանանալուց հետո, դրա մշակված տարբերակը 1995 թվականի հուլիսի 5-ին դրվեց համաժողովրդական հանրաքվեի։ Նոր Սահմանադրությունը թեև ուներ թերություններ, բայց կարևոր երևույթ էր, քանի որ այն դրեց ամբողջատիրական համակարգից դեպի ժողովրդավար պետության անցնելու իրավական հիմքը։

Սկսեցին ձևավորվել պետաիրավական նոր կառույցներ։ Բարձրագույն օրենսդիր մարմինը` Գերագույն խորհուրդը, վերանվանվեց Ազգային ժողով։ Այն հռչակում էր, որ Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական և իրավական պետություն է։ ՀՀ սահմանադրությամբ հաստատվեցին Հայաստանի երրորդ Հանրապետության խորհրդանիշները` դրոշը, զինանշանը և օրհներգը։ Պետական դրոշ ճանաչվեց եռագույնը` կարմիր, կապույտ, նարնջագույն` հորիզոնական հավասար շերտերով, որն առաջին հանրապետության դրոշն էր։ Այնուհետև ընդունվեց ՀՀ զինանշանը, որի կենտրոնում վահանը պահող արծիվն ու առյուծն են. պատկերված է Արարատ լեռը` Նոյյան տապանով և պատմական Հայաստանի չորս թագավորությունների զինանշաններով, սուր, ճյուղ, հասկերի խուրձ, շղթա և ժապավեն։ Որպես օրհներգ ընդունվեց առաջին հանրապետության պետական հիմնը` «Մեր Հայրենիքը»։

1995 թվականի դեկտեմբերին կատարվեց վարչատարածքային փոփոխություններ և տարածքային նոր միավորումների` մարզերի ու համայնքների հիմնում։ Ստեղծվեց 10 մարզ` Արագածոտնի, Շիրակի, Սյունիքի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Արարատի, Արմավիրի, Վայոց Ձորի, Տավուշի։ Մայրաքաղաք Երևանը նույնպես ստացավ մարզի կարգավիճակ։

Հայոց ազգային բանակի կազմավորումը[խմբագրել | խմբագրել կոդը]

1992-93 թվականներին երկրապահ կամավորական ջոկատների և բանակ զորակոչված զինակոչիկների միավորումով ստեղծվեց շարժունակ և կարգապահ բանակ։ 1992 թվականի հունվարի 28-ին ՀՀ կառավարությունն ընդունեց «ՀՀ պաշտպանության նախարարության մասին» որոշումը, որով ազդարարեց ազգային բանակի ստեղծման սկիզբը։ Նորաստեղծ նախարարության ենթակայությանը հանձնվեցին զինվորական 4 միավորներ` ՆԳՆ պարեկապահակային գունդը, հատուկ նշանակության օպերատիվ գունդը, քաղաքացիական պաշտպանության գունդը և հանրապետական զինկոմիսարիատը։ Դեռևս 1991 թվականի դեկտեմբերի 5-ին ՀՀ-ի պաշտպանության առաջին նախարար էր նշանակվել Վազգեն Սարգսյանը։ Նորաստեղծ հայկական բանակի սպառազինությունը և ռազմական տեխնիկան ժառանգություն էր մնացել խորհրդային բանակից։ Սակայն բանակը աստիճանաբար զինվեց նաև ժամանակակից ռազմական տեխնիկայով։ Հայոց բանակը կազմավորվեց անկախ պետականության վերականգնման գործընթացում և հանդիսացավ նրա ամենամեծ ձեռքբերումը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. [http։//www.parliament.am/legislation.php?sel=show&ID=2602 Հռչակագիր Հայաստանի անկախության մասին]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀՐ․ Ռ․ Սիմոնյան «Հայոց պատմություն», էջ 741-749