Սոցիալական իրավունքներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Սոցիալական իրավունքներ, մարդկանց սոցիալական պաշտպանության, պատշաճ կենսամակարդակի, կացարանի և սննդի, առողջության պահպանման, կրթության և սոցիալական ապահովություն հետապնդող իրավունքներ են[1]։

Սոցիալական պետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոցիալական պետության հիմնական նպատակներից է հաստատել սոցիալական արդարություն քաղաքացիների միջև և ապահովել նրանց սոցիալական պաշտպանվածությունը։

Սոցիալական պետությունը իր առջև խնդիր է դնում հոգ տանել սոցիալական արդարության , իր քաղաքացիների բարեկեցության և սոցիալական պաշտպանվածության մասին:Այն կոչված է երկրում ստեղծելու այնպիսի պայմաններ, որոնք կարող են ապահովել յուրաքանչյուր քաղաքացու համար արժանավայել կյանք, բավարար կենսապայմաններ:Այդ խնդրի իրագործման համար յուրաքանչյուր չափահաս մարդ պետք է ունենա հնարավորություն վաստակելու կենսաապահովման համար անհրաժեշտ միջոցներ[2]։

Սոցիալական պետության գաղափարը ամրագրված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության առաջին հոդվածի մեջ.


Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է։

ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված սոցիալական իրավունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտանիքի պաշտպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտանիքը, որպես հասարակության բնական և հիմնական բջիջ, բնակչության պահպանման և վերարտադրման հիմք, ինչպես նաև մայրությունը և մանկությունը պետության հատուկ պաշտպանության և հովանավորության ներքո են։

Երեխայի իրավունքներ|Երեխայի իրավունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրթության իրավունք[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք։ Պետական ուսումնական հաստատություններում միջնակարգ կրթությունն անվճար է, իսկ կրթության ծրագրերն ու տևողությունը սահմանվում է օրենքով։

Աշխատանքի ընտրության ազատությունը և աշխատանքային իրավունքները Յուրաքանչյուր ոք ունի աշխատանքի ազատ ընտրության իրավունք,աշխատանքից անհիմն ազատվելու դեպքում պաշտպանության իրավունք, որոնք սահմանվում են օրենքով ։

Գործադուլի իրավունք[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատողներն իրենց տնտեսական, սոցիալական կամ աշխատանքային շահերի պաշտպանության նպատակով ունեն գործադուլի իրավունք։ Գործադուլի իրականացման կարգը սահմանվում է օրենքով

Աշխատանքային պայմաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուրաքանչյուր աշխատող, օրենքին համապատասխան, ունի առողջ, անվտանգ և արժանապատիվ աշխատանքային պայմանների, առավելագույն աշխատաժամանակի սահմանափակման, ամենօրյա և շաբաթական հանգստի, ինչպես նաև ամենամյա վճարովի արձակուրդի իրավունք։

Սոցիալական ապահովություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուրաքանչյուր ոք, օրենքին համապատասխան, ունի մայրության, բազմազավակության, հիվանդության, հաշմանդամության, աշխատավայրում դժբախտ պատահարների, խնամքի կարիք ունենալու, կերակրողին կորցնելու, ծերության, գործազրկության, աշխատանքը կորցնելու և այլ դեպքերում սոցիալական ապահովության իրավունք։

Արժանապատիվ գոյությունը և նվազագույն աշխատավարձը

Յուրաքանչյուր կարիքավոր և տարեց մարդ, օրենքին համապատասխան, ունի արժանապատիվ գոյության իրավունք։ Նվազագույն աշխատավարձի չափը սահմանվում է օրենքով։

Առողջության պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուրաքանչյուր ոք, օրենքին համապատասխան, ունի առողջության պահպանման իրավունք։ Օրենքը սահմանում է անվճար հիմնական բժշկական ծառայությունների ցանկը և մատուցման կարգը։

Պետության քաղաքականության հիմնական նպատակները

Տնտեսական, սոցիալական և մշակութային ոլորտներում պետության քաղաքականության հիմնական նպատակներն են`

  1. գործարար միջավայրի բարելավումը և ձեռնարկատիրության խթանումը
  2. բնակչության զբաղվածության խթանումը և աշխատանքի պայմանների բարելավումը
  3. բնակարանային շինարարության խթանումը
  4. կանանց և տղամարդկանց միջև փաստացի հավասարության խթանումը
  5. ծնելիության և բազմազավակության խթանումը
  6. երեխաների անհատականության լիակատար և բազմակողմանի զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծումը
  7. բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի իրականացումը, արդյունավետ և մատչելի բժշկական սպասարկման պայմանների ստեղծումը
  8. հաշմանդամության կանխարգելման, բուժման, հաշմանդամների առողջության վերականգնման ծրագրերի իրականացումը, հասարակական կյանքին հաշմանդամների մասնակցության խթանումը
  9. սպառողների շահերի պաշտպանությունը, ապրանքների, ծառայությունների և աշխատանքների որակի նկատմամբ վերահսկողությունը
  10. տարածքային համաչափ զարգացումը
  11. ֆիզկուլտուրայի և սպորտի զարգացումը
  12. քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքին երիտասարդության մասնակցության խթանումը
  13. անվճար բարձրագույն և այլ մասնագիտական կրթության զարգացումը
  14. հիմնարար և կիրառական գիտության զարգացումը
  15. ազգային և համամարդկային արժեքներին յուրաքանչյուրի ազատ հաղորդակցմանը նպաստելը
  16. բարեգործության խթանումը` մշակութային, կրթական, գիտական, առողջապահական, մարզական, սոցիալական և այլ հաստատությունների հիմնադրման, ֆինանսավորման, ինչպես նաև դրանց ֆինանսական անկախության ապահովման նպատակով[3]։

Սոցիալական աջակցության ներպետական իրավական կարգավորումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոցիալական աջակցությունը կյանքի դժվարին իրավիճակը հաղթահարելու նպատակով անձին կամ սոցիալական խմբին օրենքով սահմանված սոցիալական ծառայությունների տրամադրումն է Հայաստանի Հանրապետության կամ տեղական ինքնակառավարման մարմնի կողմից։ Սոցիալական աջակցության իրավունք ունի ՀՀ քաղաքացիները, Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ունեցող անձինք օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում։ Սոցիալական աջակցության մասին ՀՀ օրենքը կարգավորում է Սոցիալական աջակցության մասին ՀՀ օրենքը կարգավորում է կյանքի դժվարին իրավիճակում հայտված անձանց կամ սոցիալական խմբի հիմնական պահանջմունքների բավարարումը, այդ իրավիճակում հայտված անձանց հիմնախնդիրներն ինքնուրույն լուծելու ունակությունների զարգացումը , նրանց սոցիալական մեկուսացման կանխաարգելումը: ]][4]։

Կյանքի դժվարին իրավիճակում հայտված անձանց սոցիալական իրավունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՀ Սահմանադրության 83-րդ հոդվածը սահմանում է. Յուրաքանչյուր ոք, օրենքին համապատասխան, ունի մայրության, բազմազավակության, հիվանդության, հաշմանդամության, աշխատավայրում դժբախտ պատահարների, խնամքի կարիք ունենալու, կերակրողին կորցնելու, ծերության, գործազրկության, աշխատանքը կորցնելու և այլ դեպքերում սոցիալական ապահովության իրավունք[5]։

ՀՀ մի շարք օրենքներով կարգավորվում է դժվարին իրավիճակում հայտված անձանց հավասար մասնակցությունը տնտեսական, սոցիալական և մշակութային կյանքին և տրամարդվում օրենքով սահմանված որոշակի արտոնություննր։

Հաշմանդամություն ունեցող անձինք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին ՀՀ օրենքն ընդունվել է 1993 թվականի ապրիլի 14-ին ՀՀ Գերագույն խորհրդի կողմից, որը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության իրավական, տնտեսական ու կազմակերպական հիմունքները, հաշմանդամներին հանրապետության մյուս քաղաքացիների հետ համահավասար հնարավորություններ ապահովելու նպատակով նրանց իրավունքների և ընդունակությունների իրականացման համար առավել բարենպաստ պայմանների և արտոնությունների տրամադրման պետական քաղաքականության հիմնադրույթները[6]։

Հաշմանդամների սոցիալական պաշտպանությունը տնտեսական, սոցիալական և իրավական միջոցառումների համակարգ է, որը հաշմանդամների համար ապահովում է կենսագործունեության սահմանափակումները հաղթահարելու պայմաններ և ուղղված է հասարակական կյանքում նրանց մասնակցության համար մյուս քաղաքացիների հետ հավասար հնարավորությունների ապահովմանը։

Հայրենական Մեծ պատերազմի վետերաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդունվել է 1998 թվականի դեկտեմբերի 2-ին Ազգային ժողովի կողմից ։

Օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում Հայրենական Մեծ պատերազմի վետերանների սոցիալական պաշտպանության կազմակերպչական, տնտեսական և իրավական հիմքերը` բարենպաստ պայմաններ ստեղծելով նրանց ակտիվ գործունեությունն ու բարեկեցությունն ապահովելու համար։

Վետերաններն իրավունք ունեն պետական պատվերի շրջանակներում ստանալ անվճար բժշկական օգնություն և բժշկական սպասարկում, ինչպես նաև արտոնյալ պայմաններով ստանալ առողջարանային բուժման ուղեգրեր` զինծառայողների համար օրենքով սահմանված կարգով։ Այս արտոնությունների իրականացման ծախսերը ֆինանսավորվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին[7]։

Վետերանն ստանում է նաև ամենամսյա պատվովճար` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով։ Վետերանների ամենամսյա պատվովճարի չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։ 2006 թվականի հունվարի 1-ից պատվովճարի չափը չի կարող պակաս լինել տասը հազար դրամից։

Առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրենքը սահմանում է առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության իրավական, տնտեսական, կազմակերպական հիմքերը, նպատակները, սկզբունքները և ձևերը։

Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է առանց ծնողական խնամքի մնացած երեխաների խնամքի և դաստիարակության համար անհրաժեշտ պետական սոցիալական նվազագույն չափորոշիչները, որոնք ընդգրկում են`

  1. հանրակրթական, մրցութային կարգով միջին մասնագիտական, բարձրագույն մասնագիտական կրթություն
  2. անվճար բժշկական օգնություն և սպասարկում, առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սննդի ապահովում` սննդի նվազագույն չափորոշիչներին համապատասխան
  3. երեխաների առողջության վերականգնման և հանգստի կազմակերպում
  4. 16 տարին լրացած առանց ծնողական խնամքի մնացած երեխաների համար մասնագիտական կողմնորոշում, գործունեության բնագավառի ընտրություն, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով աշխատանքի տեղավորում, աշխատանքի պաշտպանություն
  5. սոցիալական աջակցության` սոցիալական ադապտացման և սոցիալ-հոգեբանական վերականգնման միջոցառումներ` օրենքով սահմանված կարգով.
  6. բնակարանի իրավունքի ապահովում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով
  7. անվճար իրավաբանական օգնության ցուցաբերում[8]։

Փախստականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փախստականները` որպես բնակչության ծայրահեղ խոցելի խմբի ներկայացուցիչներ, ՀՀ քաղաքացի չհանդիսացող այն անձինք են, ովքեր ըստ ռասայական, կրոնական, ազգային պատկանելության, սոցիալական որևէ խմբի պատկանելության կամ անդամակցելու, կամ քաղաքական համոզմունքների համար հալածանքի ենթարկվելու, կամ հետապնդումների զոհ դառնալու հիմնավոր երկյուղի հետևանքով գտնվում են իրենց քաղաքացիական պատկանելության պետությունից դուրս և նույն երկյուղի պատճառով չեն կարող կամ չեն կամենում վերադառնալ այդ պետություն կամ ստանալ իրենց երկրի պաշտպանությունը։

ՀՀ տարածքում ապաստան ստացած փախստականներն իրավունք ունեն օգտվելու ՀՀ օրենսդրությամբ ՀՀ քաղաքա ցիների համար սահմանված սոցիալական ծառայություններից, ստանալու պետական նպաստներ և դրամական այլ օգնություններ, ժամանակավոր անաշխատունակության, արտադրությունում աշխատանքային խեղման, դժբախտ պատահարների և մասնագիտական հիվանդությունների համար տրվող նպաստներ, պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում, ինչպես նաև ունեն ՀՀ օրենսդրությամբ սահմանված կենսաթոշակային ապահովության, գործազրկության դեպքում` սոցիալական պաշտպանության իրավունք, եթե նրանք բավարարում են տվյալ ոլորտը կարգավորող ՀՀ օրենսդրությամբ սահմնաված պահանջները[9]։

ՀՀ-ում փախստականի կարգավիճակ հայցողներին տրամադրվում է միանվագ դրամական նպաստ, հատուկ կամ ժամանակավոր կացարաններ, անվճար բուժզննում և բուժսպասարկում, թարգմանչական և իրավաբանական անվճար ծառայություններ։

Սոցիալական իրավունքների միջազգային պաշտպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդու սոցիալական իրավունքները ամրագրված են միջազգային մի շարք փաստաթղթերով, մասնավորապես Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների միջազգային դաշնագիրը, որը ՄԱԿ-ի գլխավոր ասամբելիայի կողմից ընդունվել է 1966 թվականի դեկտեմբերի 16-ին և ուժի մեջ մտել 1976 թվականի հունվարի 3-ին։ Դաշնագրին մասնակցող պետությունները ճանաչում են սոցիալական ապահովության, այդ թվում նաև ապահովագրության յուրաքանչյուր մարդու իրավունքը[10]։

Այս դաշնագրով ամրագրված սոցիալական իրավունքներն են.

Աշխատանքի իրավունք[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր մեջ ներառում է յուրաքանչյուր մարդու իրավունքը ազատորեն ընտրելու աշխատանքը և դրանով ապրուստ վաստակելու հնարավորությունը։ Իսկ դաշնագրին մասնակցող պետությունները պետք է ձեռնարկեն պրոֆեսիոնալ-տեխնիկական ուսուցման և պատրաստության ծրագրեր, տնտեսական, սոցիալական և մշակութային զարգացման և արտադրական լրիվ զբաղվածության ձեռքբերման ուղիներ և մեթոդներ այդ իրավունքի լիակատար իրականացման նպակատով։

Աշխատանքի արդար և նպաստավոր պայմաններ յուրաքանչյուրի իրավունքը, այդ թվում համապատասխան վարձատրությունը, անվտանգ և հիգիենայի պահանջներին համապատասխան աշխատանքային պայմանների ստեղծումը և աշխատանքային առաջընթացի հնարավորությունը, հանգիստը, ժամանցն ու աշխատանքային ժամանակի խելամիտ սահմանափակումը

Սոցիալական ապահովության, ներառյալ սոցիալական ապահովագրության յուրաքանչյուր մարդու իրավունքը։

Ընտանիքը սահմանվում է որպես հասարակության հիմնական և բնական բջիջ։ Ամուսնությունը պետք է կայանա երկու կողմերի ազատ ընտրության և համաձայնության արդյունքում ։ Հատուկ պաշտպանություն պետք է տրամադրվի մայրերին , ծննդաբերությունից առաջ և հետո աշխատող մայրերին պետք է տրվի վճարովի արձակուրդ։ Երեխաները և դեռահասները պետք է պաշտպանված լինեն տնտեսական և սոցիալական շահագործումից։ Նրանց կյանքի համար վտանգավոր կամ բարոյականության և առողջության համար վնասակար բնագավառում աշխատանքի օգտագործումը պետք է պատժելի լինի օրենքով։ Պետության կողմից պետք է սահմանվի որոշակի տարիք, որի դեպքում օրենքով արգելվի աշխատանքի ընդունումը։

Յուրաքանչյուր մարդու և նրա ընտանիքի համար բավարար կենսապայմաների իրավունքը, այդ թվում բավարար սնունդ, հագուստ ու բնակարան ու կյանքի պայմանների անընդհատ բարելավման իրավունքը, սովից ձերբազատված լինելու յուրաքանչյուր մարդու հիմնական իրավունքը, որի արդյունավետ իրականացման համար մասնակից պետությունները պետք է ձեռնարկեն անհրաժեշտ միջոցներ։

Յուրաքանչյուր մարդու ֆիզիկական և հոգեկան առողջության առավելագույնս հասանելի մակարդակի իրավունքը։

Պետութոյւնների կողմից պետք է իրականացվեն միջոցառումներ, որոնք անհրաժեշտ են հանուն երեխաների առողջ զարգացման և հիվանդությունների կանխարգեման և բուժման։

Յուրաքանչյուր մարդու կրթության իրավունքը, որը պետք է ուղղված լինի անհատի և նրա արժանապատվության գիտակցման լիակատար զարգացմանը , նպաստի բոլոր ազգերի և բոլոր ռասաների, էթնիկական խմբերի միջև փոխըմբռնմանը, հանդուրժողականությանն ու բարեկամությանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Centre for Welfare Reform»։ Centre for Welfare Reform (en-GB)։ Վերցված է 2020-07-25 
  2. KING JEFF։ «AN ACTIVIST’S MANUAL ON THE INTERNATIONAL COVENANT ON ECONOMIC, SOCIAL AND CULTURAL RIGHTS»։ www.cesr.org 
  3. ՀՀ Սահմանադրություն։ էջեր հոդված 16, 37–38, 57–58, 82–87 
  4. «ԻՐՏԵԿ - Իրավական տեղեկատվական կենտրոն»։ http://www.irtek.am (հայերեն)։ Վերցված է 2020-07-25 
  5. «DocumentView»։ www.arlis.am։ Վերցված է 2020-07-25 
  6. «ԻՐՏԵԿ - Իրավական տեղեկատվական կենտրոն»։ http://www.irtek.am (հայերեն)։ Վերցված է 2020-07-25 
  7. «ԻՐՏԵԿ - Իրավական տեղեկատվական կենտրոն»։ http://www.irtek.am (հայերեն)։ Վերցված է 2020-07-25 
  8. «ԻՐՏԵԿ - Իրավական տեղեկատվական կենտրոն»։ http://www.irtek.am (հայերեն)։ Վերցված է 2020-07-25 
  9. «DocumentView»։ www.arlis.am։ Վերցված է 2020-07-25 
  10. «DocumentView»։ www.arlis.am։ Վերցված է 2020-07-25